Մեր փրկագնման ուրախությունը
Հիսուս Քրիստոսի սերն ու զորությունը կարող է մեզանից յուրաքանչյուրին փրկել մեր սխալներից, թուլություններից և մեղքերից և օգնել մեզ առաջընթաց ապրել:
Մոտ 10 տարի առաջ ես ոգեշնչվեցի նկարել Փրկչի դիմանկարը։ Թեև ես նկարիչ եմ, դա մի փոքր ծանր էր ինձ համար։ Ինչպե՞ս ես կարող էի նկարել Հիսուս Քրիստոսի դիմանկարը, որը կամփոփեր Նրա ոգին։ Որտեղի՞ց պետք է սկսեի: Եվ որտեղի՞ց ժամանակ գտնեի։
Չնայած որ հարցեր ունեի, ես որոշեցի սկսել և վստահել, որ Տերը կօգնի ինձ։ Իսկ ինձ մնում էր շարունակել, քանի որ ամեն բան հնարավոր է Նրա հետ։ Ես աղոթեցի, խորհեցի, ուսումնասիրեցի, ուրվագծեցի և օրհնվեցի՝ գտնելով օգնություն և միջոցներ։ Եվ այն, ինչ մի ժամանակ սպիտակ կտավ էր, սկսեց ավելին դառնալ։
Գործընթացը հեշտ չէր: Երբեմն չէր ստացվում այն տեսքը, որի հույսը ես ունեի։ Երբեմն ես ունենում էի վրձնի ոգեշնչված հարվածներ և մտահաղացումներ։ Իսկ հաճախ ես պարզապես ստիպված էի կրկին ու կրկին փորձել։
Երբ մտածեցի, որ յուղանկարը վերջապես ավարտված է և չոր, սկսեցի թափանցիկ լաքով պատել այն, որպեսզի պաշտպանեմ կեղտից և փոշուց։ Ավարտելիս ես նկատեցի, որ նկարի վրա մազերը սկսեցին փոխվել, կեղտոտվել և լուծվել։ Ես արագ հասկացա, որ շատ շուտ եմ քսել լաքը, որովհետև նկարի այդ հատվածը դեռ չէր չորացել։
Ես բառացիորեն ջնջել էի իմ նկարի մի մասը լաքով։ Ախ, որքան հիասթափված էի։ Ինձ թվում էր, որ ես հենց նոր ոչնչացրել էի այն, ինչ Աստված օգնել էր ինձ ստեղծել։ Ես լաց եղա և սիրտս կտոր-կտոր եղավ։ Հուսահատված ես արեցի այն, ինչ յուրաքանչյուրը նման իրավիճակում կաներ՝ զանգահարեցի մորս։ Նա իմաստությամբ և հանդարտորեն ասաց. «Դու չես վերադարձնի այն, ինչ ունեիր, բայց քո ունեցածով արա առավելագույնը, ինչ կարող ես»:
Ուստի ես աղոթեցի, օգնություն խնդրեցի և ամբողջ գիշեր նկարեցի ամեն ինչ ուղղելու համար։ Հիշում եմ, երբ առավոտյան նայեցի նկարին, հասկացա, որ այն ավելի գեղեցիկ էր, քան առաջ։ Ինչպե՞ս էր դա հնարավոր։ Այն, ինչ ես համարում էի անուղղելի սխալ, հնարավորություն տվեց, որ Նա դրսևորի Իր ողորմած ձեռքն իմ կյանքում: Նա չէր ավարտել նկարը և Նա չէր վերջացրել ինձ հետ։ Հոգիս լցվեց մեծ ուրախությամբ և սփոփանքով։ Ես փառք տվեցի Տիրոջը Իր ողորմածության համար, այդ հրաշքի համար, որը ոչ միայն փրկեց նկարը, այլ նաև ավելին սովորեցրեց ինձ Իր սիրո և զորության մասին, որպեսզի փրկի մեզանից յուրաքանչյուրին մեր սխալներից, թուլություններից և մեղքերից։ Այն կարող է օգնել մեզ հասնել մեր լավագույն ներուժին։
Ինչպես իմ երախտագիտության խորությունն աճեց Փրկչի հանդեպ՝ «անուղղելի» նկարն ուղղելու Իր ողորմած օգնության շնորհիվ, այնպես էլ Փրկչի հանդեպ իմ անձնական սերն ու երախտագիտությունն է աճել, երբ ես ձգտել եմ Նրա հետ աշխատել իմ թուլությունների վրա և ներում ստանալ իմ սխալների համար: Ես հավիտյան երախտապարտ կլինեմ իմ Փրկչին, որ կարող եմ փոխվել և մաքրվել։ Նա իմ սրտում է, և ես հույս ունեմ, որ կանեմ այն, ինչ Նա կամենա, որ ես անեմ և դառնամ:
Ապաշխարությունը թույլ է տալիս մեզ զգալ Աստծո սերը և ճանաչել ու սիրել Նրան այնպես, ինչպես այլապես չէինք կարող։ Այն կնոջ մասին, որն օծեց Փրկչի ոտքերը, Նա ասել է․ «սրա բազում մեղքերը ներված կլինեն, որովհետև շատ սիրեց. բայց ում որ քիչ ներվի, նա քիչ կսիրի»: Նա շատ սիրեց Հիսուսին, քանի որ նա շատ ներվեց Նրա կողմից։
Մեծ սփոփանք և հույս կա այն իմացության մեջ, որ մենք կարող ենք կրկին փորձել, որ, ինչպես Երեց Բեդնարն է ուսուցանել, մենք կարող ենք ստանալ մեր մեղքերի շարունակական թողությունը Սուրբ Հոգու սրբագործող զորության միջոցով, երբ իրապես ու անկեղծորեն ապաշխարենք։
Հիսուս Քրիստոսի փրկագնող զորությունը մեր ուխտերի ամենամեծ խոստացված օրհնություններից է։ Մտածեք դրա մասին, երբ մասնակցում եք սրբազան արարողություններին։ Առանց դրա մենք չենք կարող վերադառնալ մեր Երկնային Հոր ներկայություն և դառնալ Նրա նման։
Ես գիտեմ, որ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսը հզոր է փրկելիս։ Որպես Աստծո Որդի, ով քավեց աշխարհի մեղքերը և տվեց Իր կյանքը, որպեսզի վերստին ստանա այն, Նա կրում է փրկագնման և հարության զորությունը։ Նա հասանելի է դարձրել անմահությունը բոլորի համար և հավերժական կյանքը նրանց համար, ովքեր ընտրում են Իրեն։ Ես գիտեմ, որ Նրա քավիչ զոհաբերության միջոցով, մենք կարող ենք ապաշխարել, իսկապես մաքրվել և փրկագնվել։ Դա հրաշք է, որ Նա այսպես սիրում է ձեզ և ինձ։
Նա ասել է․ «Այժմ չե՞ք վերադառնա ինձ մոտ և ապաշխարեք ձեր մեղքերից, և դարձի չե՞ք գա, որպեսզի ես կարողանամ բուժել ձեզ»։ Նա կարող է բուժել ձեր հոգու «ավերակները»՝ որոնք չոր են, կոպիտ, ամայացած մեղքից և վշտից, և «[ձեր] անապատը դրախտի նման դարձնել»։
Ճիշտ այնպես, ինչպես մենք չենք կարող հասկանալ Քրիստոսի տառապանքների հոգեվարքը և խորությունը Գեթսեմանիում և խաչի վրա, այնպես էլ «չենք կարող չափել սահմանները, ոչ էլ պատկերացնել խորությունը [Նրա] աստվածային ներման» ողորմության և սիրո։
Երբեմն դուք կարող եք զգալ, որ անհնար է փրկագնվել, որ գուցե դուք բացառություն եք Աստծո սիրո և Փրկչի քավիչ զորության համար, ձեր արարքների կամ այն բանի պատճառով, ինչի դեմ պայքարում եք։ Ես վկայում եմ, որ դուք Վարդապետի հասանելիությունից հեռու չեք։ Փրկիչն «իջավ բոլոր բաներից ցած» և աստվածային դիրքում է ձեզ բարձրացնելու և փրկելու ամենամութ անդունդից դեպի «իր սքանչելի լույսը»։ Իր տառապանքի միջոցով Նա պատրաստել է ճանապարհ մեզանից յուրաքանչյուրի համար, որպեսզի մենք հաղթահարենք մեր անձնական թուլություններն ու մեղքերը։ «Նա ունի ողջ զորությունը փրկելու ամեն մի մարդու, ով հավատում է նրա անունին ու առաջ բերում ապաշխարությանը վայել պտուղ»:
Ճիշտ այնպես, ինչպես հարկավոր էր աշխատանք և երկնային օգնություն նկարն ուղղելու համար, այնպես էլ աշխատանք, սրտի անկեղծություն և խոնարհություն է անհրաժեշտ «ապաշխարությանը վայել պտուղ» առաջ բերելու համար։ Այդ պտուղներից են վստահության և հավատքի գործադրումը Հիսուս Քրիստոսի և Իր քավող զոհաբերության հանդեպ՝ մատուցելով Աստծուն կոտրված սիրտ և փշրված հոգի, խոստովանելով և թողնելով մեղքը, հնարավորինս փոխհատուցելով վնասը և ձգտելով արդար ապրել։
Իսկապես ապաշխարելու և փոխվելու համար մենք նախ պետք է «համոզվ[ենք] մեր մեղքերում»: Մարդը չի տեսնում դեղամիջոց օգտագործելու անհրաժեշտությունը, մինչև չհասկանա, որ հիվանդ է։ Երբեմն մենք չենք ցանկանա փնտրել և տեսնել, թե ինչն ունի բուժման կամ նորոգման կարիք մեր ներսում։
Ք․ Ս․ Լյուիսի գրվածքներում Ասլանը հետևյալ խոսքերն է ասում մի մարդու, որը խճճվել էր իր սեփական գաղափարախոսության մեջ․ «Ով [մարդկություն], ինչ խելամտորեն եք պաշտպանում ձեզ այն ամենից, ինչը կարող է ձեզ օգուտ տալ»։
Որտե՞ղ կարող ենք ես և դուք պաշտպանել մեզ այն ամենից, ինչը կարող է մեզ օգուտ տալ։
Եկեք չպաշտպանենք մեզ այն օգուտից, որով Աստված ցանկանում է օրհնել մեզ։ Եկեք չպաշտպանենք մեզ այն սիրուց և ողորմությունից, որը Նա ցանկանում է, որ մենք զգանք։ Չպաշտպանենք մեզ լույսից և գիտելիքից, որը Նա ցանկանում է շնորհել մեզ։ Բժշկումից, որը Նա այնքան պատրաստակամորեն առաջարկում է մեզ՝ իմանալով, որ մենք դրա կարիքը ունենք։ Եկեք չպաշտպանենք մեզ այն խոր ուխտի հարաբերություններից, որը Նա նախատեսում է Իր բոլոր որդիների և դուստրերի համար։
Ես աղոթում եմ, որ մենք մի կողմ դնենք «պատերազմի [բոլոր] զենքերը», որոնք գիտակցաբար կամ անգիտակցաբար վերցրել ենք՝ պաշտպանելու համար մեզ Աստծո սիրո օրհնություններից։ Հպարտության զենքերը՝ եսասիրություն, վախ, ատելություն, վիրավորանք, ինքնագոհություն, անարդար դատողություն, նախանձ, այն ամենը, ինչը կխանգարի մեզ սիրել Աստծուն մեր ամբողջ սրտով և պահել Նրա հետ կապած մեր բոլոր ուխտերը։
Երբ մենք ապրում ենք մեր ուխտերով, Տերը կարող է մեզ տալ անհրաժեշտ օգնությունն ու զորությունը՝ ճանաչելու և հաղթահարելու մեր թուլությունները, այդ թվում՝ հպարտության հոգևոր մակաբույծը: Մեր մարգարեն ասել է․
Ապաշխարությունը մաքրության ուղին է, իսկ մաքրությունը ուժ է բերում»։
«Օ, իսկ գալիք օրերին որքան ենք ունենալու Նրա զորության կարիքը»:
Ինչպես իմ նկարի օրինակում, Տերը մեզ չի թողնում, երբ մենք սխալվում ենք, և Նա խույս չի տալիս, երբ մենք տատանվում ենք: Բուժման և օգնության մեր կարիքը բեռ չէ Նրա համար, այլ հենց Նրա գալու պատճառը: Ինքը՝ Փրկիչն է ասել․
«Ահա, ես եկել եմ աշխարհ՝ փրկագնում բերելու աշխարհին, փրկելու աշխարհը մեղքից»:
«Ահա, իմ ողորմության բազուկը մեկնված է դեպի ձեզ, և ով որ գա, նրան ես կընդունեմ. և օրհնված են նրանք, ովքեր գալիս են ինձ մոտ»:
Ուրեմն, եկեք, ով հոգնածներ, բեռնավորվածներ և տխուրներ, եկեք, թողեք ձեր բեռը և հանգիստ գտեք Նրանում, ով ձեզ ամենաշատն է սիրում: Իր լուծը ձեզ վրա վերցրեք, որովհետև Նա հեզ է ու սրտով խոնարհ։
Մեր Երկնային Հայրը և Փրկիչը տեսնում են ձեզ: Նրանք գիտեն ձեր սիրտը: Նրանք հոգ են տանում այն ամենի մասին, ինչը թանկ է ձեզ համար, այդ թվում՝ ձեր սիրելի մարդկանց մասին:
Փրկիչը կարող է փրկագնել կորցրածը՝ ներառելով կոտրված և խզված հարաբերությունները: Նա ճանապարհ է բացել, որպեսզի բոլորը, ովքեր ընկել են, փրկագնվեն։ Նա շունչ է փչում այն ամենի մեջ, ինչը մեռած է և անհույս։
Եթե պայքարում եք մի իրավիճակի դեմ, որը կարծում եք, որ մինչ այժմ պետք է հաղթահարեիք, մի հանձնվեք։ Համբերատար եղեք ձեր հանդեպ, պահեք ձեր ուխտերը, հաճախ ապաշխարեք, անհրաժեշտության դեպքում փնտրեք ձեր ղեկավարների օգնությունը և հնարավորինս կանոնավոր կերպով գնացեք Տիրոջ տուն: Լսեք և ուշադրություն դարձրեք հուշումներին, որոնք Նա ուղարկում է ձեզ: Նա չի հրաժարվի ձեզ հետ ունեցած Իր ուխտի հարաբերություններից:
Իմ կյանքում եղել են դժվար և բարդ հարաբերություններ, որոնց համար ես պայքարել եմ և անկեղծորեն փորձել եմ բարելավել: Երբեմն զգում էի, որ ավելի շատ ձախողվում եմ։ Ես զարմանում էի. «Մի՞թե ես չէի շտկել ամեն ինչ նախորդ անգամ: Մի՞թե իսկապես չէի հաղթահարել իմ թուլությունը»։ Ժամանակի ընթացքում ես հասկացել եմ, որ ես ոչ թե անուղղելի եմ, այլ ավելի շուտ, կան բաներ, որոնց վրա պետք է ավելի շատ աշխատել, և կա ապաքինվելու անհրաժեշտություն։
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է․ «Անշուշտ, Տերը ժպտում է, երբ մեկը ցանկանում է դատաստանի գալ արժանի լինելով, ով վճռականորեն աշխատում է օրեցօր` թուլությունները զորությամբ փոխարինելու համար: Իրական ապաշխարությունը, իրական փոփոխությունը կարող են պահանջել բազմակի փորձեր, սակայն այդ աշխատանքի մեջ կա մի կատարելագործող և սուրբ տարր: Աստվածային ներումը և բուժումը այդպիսի հոգու վրա բնականորեն են իջնում»։
Հիսուս Քրիստոսի շնորհիվ ամեն օրը հույսով և հնարավորություններով լի նոր օր է։ Ամեն օր ես և դուք կարող ենք զգալ, ինչպես մայր Եվան հայտարարեց, «մեր փրկագնման ուրախությունը», բժշկվելու ուրախությունը, ձեր հանդեպ Աստծո անմնացորդ սերը զգալու ուրախությունը:
Ես վկայում եմ, որ մեր Երկնային Հայրը և Փրկիչը սիրում են ձեզ։ Հիսուս Քրիստոսը մարդկության Փրկիչն ու Քավիչն է։ Նա ապրում է: Նրա քավող զոհաբերության միջոցով մեղքի և մահվան կապանքները ընդմիշտ կոտրվեցին, որպեսզի մենք ազատ լինենք ընտրելու բժշկություն, փրկագնում և հավերժական կյանք նրանց հետ, ում սիրում ենք: Եվ ես վկայում եմ այս ամենի մասին Նրա անունով՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: