2024
Սնուցեք արմատները, և ճյուղերը կաճեն
Նոյեմբեր 2024


14:32

Սնուցեք արմատները, և ճյուղերը կաճեն

Ձեր վկայության ճյուղերն ուժ կստանան Երկնային Հոր և Նրա Սիրելի Որդու հանդեպ ձեր խորացող հավատքից:

Հին հավաքատուն Ցվիկաուում

2024 թվականն ինձ համար կարևոր տարի է: Լրանում է 75 տարին, ինչ ես մկրտվեցի և հաստատվեցի որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ Ցվիկաուում (Գերմանիա):

Հիսուս Քրիստոսի Եկեղեցում իմ անդամակցությունը թանկ է ինձ համար: Ձեզ հետ, իմ եղբայրներ և քույրեր, Աստծո ուխտի ժողովրդի մեջ համարվելն իմ կյանքի մեծագույն պատիվներից մեկն է:

Երբ մտածում եմ աշակերտության իմ անձնական ճամփորդության մասին, հաճախ հիշում եմ Ցվիկաուում գտնվող այն հին ամառանոցը, որտեղ ես մանուկ հասակում Հիսուս Քրիստոսի Եկեղեցու հաղորդության ժողովներին հաճախելու սիրելի հիշողություններ ունեմ: Իմ վկայության սածիլն այնտեղ է ստացել իր ամենավաղ սնուցումը:

Այս հավաքատունն ուներ օդով աշխատող հին երգեհոն։ Ամեն կիրակի մի երիտասարդի հանձնարարություն էր տրվում աշխատացնելու ամուր լծակներով փուքսը, որպեսզի երգեհոնը նվագեր: Ես երբեմն մեծ արտոնություն եմ ունեցել օգնելու այս կարևոր գործին:

Մինչ հավաքվածները երգում էին մեր սիրելի օրհներգերը, ես իմ ամբողջ ուժով աշխատացնում էի փուքսը, որպեսզի երգեհոնի մեջ փչող օդը չպակասեր: Փուքսն աշխատացնողի նստատեղից ես հոյակապ ապակենկարով պատուհանների հիանալի տեսարան ունեի, որոնցից մեկը պատկերում էր Փրկիչ Հիսուս Քրիստոսին, իսկ մյուսը՝ Ջոզեֆ Սմիթին Սրբազան պուրակում:

Ես դեռ հիշում եմ այն սուրբ զգացմունքները, որոնք ունեցա, երբ նայում էի այդ արևով լուսավորված պատուհաններին՝ լսելով սրբերի վկայությունները և երգելով Սիոնի օրհներգերը:

Այդ սուրբ վայրում Աստծո Հոգին վկայեց իմ մտքին և սրտին, որ դա ճշմարիտ էր. Հիսուս Քրիստոսն աշխարհի Փրկիչն է: Սա Նրա Եկեղեցին է: Մարգարե Ջոզեֆ Սմիթը տեսավ Հայր Աստծուն ու Հիսուս Քրիստոսին և լսեց Նրանց ձայները։

Այս տարվա սկզբին, երբ հանձնարարություն էի կատարում Եվրոպայում, ես հնարավորություն ունեցա վերադառնալ Ցվիկաու։ Ցավոք սրտի, այդ սիրելի հին հավաքատունն այլևս չկա: Այն քանդվել է շատ տարիներ առաջ՝ մեծ բազմաբնակարան շենքի կառուցման համար։

Ի՞նչն է հավերժական, իսկ ի՞նչը՝ ոչ

Ես ընդունում եմ, որ տխուր է իմանալ, որ իմ մանկության այս սիրելի շենքն այժմ պարզապես հիշողություն է: Դա ինձ համար սուրբ շենք էր: Բայց դա ընդամենը շենք էր։

Ի տարբերություն դրա՝ այն հոգևոր վկայությունը, որը ես ստացա Սուրբ Հոգուց շատ տարիներ առաջ, չի վերացել: Իրականում, այն ավելի է ուժեղացել։ Այն բաները, որոնք ես սովորեցի իմ պատանեկության տարիներին Հիսուս Քրիստոսի ավետարանի հիմնարար սկզբունքների մասին, եղել են իմ ամուր հիմքն իմ ողջ կյանքի ընթացքում: Իմ Երկնային Հոր և Նրա Սիրելի Որդու հետ ստեղծած կապը մնացել է ինձ հետ՝ Ցվիկաուի հավաքատան քանդվելուց և ապակենկարով պատուհանները կորցնելուց հետո:

«Երկինքն ու երկիրը կանցնեն,- ասաց Հիսուսը,- բայց իմ խոսքերը չեն անցնի»:

«Թեև լեռները գնան, բլուրները վերցվեն, իմ գթությունը քեզանից չի հեռանա, իմ խաղաղության ուխտը չի խախտվի»,- ասում է Տերը»։

Ամենակարևոր բաներից մեկը, որ մենք կարող ենք սովորել այս կյանքում, տարբերությունն է հավիտենական և ոչ հավիտենական բաների միջև: Երբ մենք հասկանում ենք դա, ամեն ինչ փոխվում է՝ մեր հարաբերությունները, մեր կատարած ընտրությունները, մարդկանց հետ վարվելու ձևը:

Իմանալը, թե ինչն է հավերժական, և ինչը` ոչ, կարևոր է Հիսուս Քրիստոսի և Նրա Եկեղեցու մասին վկայությունը խորացնելու համար:

Մի՛ շփոթեք ճյուղերն արմատների հետ

Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը, ինչպես ուսուցանել է Մարգարե Ջոզեֆ Սմիթը, «ընդգրկում է ողջ ճշմարտությունը»: Բայց դա չի նշանակում, որ բոլոր ճշմարտությունները նույնչափ արժեքավոր են: Որոշ առանցքային, էական ճշմարտություններ ընկած են մեր հավատքի հիմքում: Մյուսները հավելումներ կամ ճյուղեր են՝ արժեքավոր, բայց միայն այն դեպքում, երբ դրանք կապված են հիմունքների հետ:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը նաև ասել է. «Մեր կրոնի հիմնական սկզբունքներն Առաքյալների և Մարգարեների վկայություններն են Հիսուս Քրիստոսի մասին՝ որ Նա մահացել է, թաղվել է և կրկին, երրորդ օրը, հարություն է առել և համբարձվել է երկինք. բոլոր մյուս բաները, որոնք վերաբերում են մեր կրոնին, միայն դրա հավելումներն են»:

Այլ կերպ ասած, Հիսուս Քրիստոսը և Նրա քավող զոհաբերությունը մեր վկայության արմատն են: Մնացած բոլոր բաները ճյուղեր են:

Սա չի նշանակում, որ ճյուղերը կարևոր չեն: Ծառին ճյուղեր են պետք։ Բայց ինչպես Փրկիչն ասաց Իր աշակերտներին. «Որթաճյուղն ինքն իրենից չի կարող պտղաբերել, եթե որթատունկի հետ միավորված չլինի»: Առանց Փրկչի հետ կապի՝ արմատներից եկող սնուցման, ճյուղը չորանում է և մեռնում:

Երբ խոսքը վերաբերում է Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայությունները սնուցելուն, արդյո՞ք մենք երբեմն շփոթում ենք ճյուղերն արմատների հետ: Սա այն սխալն էր, որ Հիսուսը նկատեց Իր օրերի փարիսեցիների մեջ: Նրանք այնքան մեծ ուշադրություն էին դարձնում օրենքի համեմատաբար երկրորդական մանրամասներին, որ ի վերջո, անտեսեցին այն, ինչը Փրկիչն անվանել է «ամենից ծանրակշիռ կետերը»՝ այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են «արդարությունը, ողորմությունն ու հավատը»:

Եթե ցանկանում եք սնուցել ծառը, ապա ճյուղերի վրա ջուր չեք ցողում։ Դուք արմատներն եք ջրում։ Նմանապես, եթե ցանկանում եք, որ ձեր վկայության ճյուղերն աճեն և պտուղ բերեն, սնուցեք արմատները: Եթե դուք անվստահ եք որոշակի վարդապետության, գործելակերպի կամ Եկեղեցու պատմության ինչ-որ մասի վերաբերյալ, պարզաբանում փնտրեք առ Հիսուս Քրիստոս հավատքով։ Ձգտեք հասկանալ Նրա զոհաբերությունը ձեզ համար, Նրա սերը ձեր հանդեպ, Նրա կամքը ձեզ համար: Հետևեք Նրան խոնարհությամբ։ Ձեր վկայության ճյուղերն ուժ կստանան Երկնային Հոր և Նրա Սիրելի Որդու հանդեպ ձեր խորացող հավատքից:

Օրինակ, եթե ցանկանում եք ավելի ուժեղ վկայություն ունենալ Մորմոնի Գրքի մասին, կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի մասին դրա վկայության վրա: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Մորմոնի Գիրքը վկայում Նրա մասին, ինչ է ուսուցանում Նրա մասին և ինչպես է այն հրավիրում և ոգեշնչում ձեզ գալ դեպի Նա:

Եթե դուք ավելի իմաստալից փորձառություն եք փնտրում Եկեղեցու ժողովներում կամ տաճարում, փորձեք փնտրել Փրկչին սուրբ արարողություններում, որոնք մենք ստանում ենք այնտեղ: Գտեք Տիրոջը Նրա սուրբ տանը:

Եթե դուք երբևէ հոգնած կամ ծանրաբեռնված զգաք ձեր Եկեղեցու կոչումից, փորձեք կենտրոնացնել ձեր ծառայությունը Հիսուս Քրիստոսի վրա: Դարձրեք դա Նրա հանդեպ ձեր սիրո արտահայտությունը:

Սնուցեք արմատները, և ճյուղերը կաճեն։ Եվ ժամանակի ընթացքում դրանք պտուղ կտան։

Արմատավորված և նրանով շինված

Հիսուս Քրիստոսի հանդեպ ամուր հավատքը ձեռք չի բերվում մեկ գիշերվա ընթացքում։ Ոչ, այս մահկանացու աշխարհում կասկածի փշերն ու տատասկերն են, որ աճում են ինքնաբերաբար: Հավատքի առողջ, պտղաբեր ծառը կանխամտածված ջանք է պահանջում: Եվ այդ ջանքերի կարևոր մասն այն է, որ վստահ լինենք, որ մենք ամուր արմատավորված ենք Քրիստոսում:

Օրինակ, սկզբում մեզ կարող է գրավել Փրկչի ավետարանը և Եկեղեցին, քանի որ տպավորված ենք ընկերասեր անդամներով կամ բարի եպիսկոպոսով կամ հավաքատան մաքուր տեսքով: Այս հանգամանքները, անշուշտ, կարևոր են Եկեղեցու աճի համար:

Այնուամենայնիվ, եթե մեր վկայության արմատները դրանից ավելի չխորանան, ի՞նչ կլինի, երբ տեղափոխվենք մի ծուխ, որը հանդիպում է ոչ այնքան տպավորիչ շենքում, անդամների հետ, ովքեր այնքան էլ ընկերասեր չեն, և եպիսկոպոսը մեզ վիրավորող բան է ասում:

Մեկ այլ օրինակ․ խելամիտ չի՞ թվում հուսալ, որ եթե մենք պահենք պատվիրանները և կնքվենք տաճարում, ապա կօրհնվենք մեծ, երջանիկ ընտանիքով՝ խելացի, հնազանդ երեխաներով, որոնք բոլորն էլ ակտիվ են մնում Եկեղեցում, ծառայում են միսիաներում, երգում են ծխի երգչախմբում և կամավոր օգնում են մաքրել ժողովատունը ամեն շաբաթ առավոտյան:

Ես, իհարկե, հույս ունեմ, որ բոլորս կտեսնենք դա մեր կյանքում։ Իսկ եթե այդպես չլինի՞: Կմնա՞նք կապված Փրկչի հետ՝ անկախ հանգամանքներից՝ վստահելով Նրան և Նրա ժամանակին:

Մենք պետք է ինքներս մեզ հարցնենք. արդյո՞ք իմ վկայությունը հիմնված է այն ամենի վրա, ինչ ես հույս ունեմ, որ տեղի կունենա իմ կյանքում: Արդյո՞ք դա կախված է ուրիշների գործողություններից կամ վերաբերմունքից: Թե՞ այն ամուր հիմնված է Հիսուս Քրիստոսի վրա՝ «արմատավորված և նրանով շինված», անկախ կյանքի փոփոխվող հանգամանքներից:

Ավանդույթներ, սովորույթներ և հավատք

Մորմոնի Գիրքը պատմում է մի ժողովրդի մասին, որը «խիստ էր Աստծո արարողություններին հետևելիս»: Բայց հետո եկավ Կորիհոր անունով մի թերահավատ՝ ծաղրելով Փրկչի ավետարանը՝ անվանելով այն իրենց հայրերի «հիմար» և «անհեթեթ ավանդություններ»: Կորիհորը մոլորեցրեց «շատերի սրտերը, պատճառ լինելով, որ նրանք բարձրացնեն իրենց գլուխներն իրենց ամբարշտության մեջ»: Բայց մյուսներին նա չէր կարող խաբել, քանի որ նրանց համար Հիսուս Քրիստոսի ավետարանը շատ ավելին էր, քան ավանդույթ:

Հավատքն ամուր է, երբ խորը արմատներ ունի անձնական փորձառության մեջ, առ Հիսուս Քրիստոսն անձնական նվիրվածության մեջ, անկախ նրանից, թե ինչ ավանդույթներ ունենք կամ ինչ կարող են ասել կամ անել ուրիշները:

Մեր վկայությունը կստուգվի և կփորձվի: Հավատքը հավատք չէ, եթե երբեք չի փորձվել: Հավատքը ամուր չէ, եթե երբեք չի հակադրվում: Այսպիսով, մի հուսահատվեք, եթե ունեք հավատքի փորձություններ կամ անպատասխան հարցեր:

Գործելուց առաջ մենք չպետք է ակնկալենք, որ ամեն ինչ կհասկանանք: Դա հավատք չէ։ Ինչպես Ալման ուսուցանել է․ «Հավատքը բաների մասին կատարյալ գիտելիք ունենալը չէ»: Եթե մենք չենք գործում, մինչև մեր բոլոր հարցերի պատասխանները ստանալը, մենք խիստ սահմանափակում ենք այն բարին, որը կարող ենք իրականացնել, և մենք սահմանափակում ենք մեր հավատքի զորությունը:

Հավատքը գեղեցիկ է, քանի որ այն պահպանվում է նույնիսկ այն ժամանակ, երբ ակնկալվող օրհնությունները չեն գալիս: Մենք չենք կարող տեսնել ապագան, մենք չգիտենք բոլոր պատասխանները, բայց մենք կարող ենք վստահել Հիսուս Քրիստոսին, երբ շարունակում ենք զարգանալ, քանի որ Նա մեր Փրկիչն ու Քավիչն է:

Հավատքը դիմանում է կյանքի փորձություններին և անորոշություններին, քանի որ այն ամուր արմատավորված է Քրիստոսում և Նրա վարդապետության մեջ: Հիսուս Քրիստոսը և մեր Երկնային Հայրը, ով ուղարկեց Նրան, միասին մեր վստահության միակ անշեղ, կատարյալ, վստահելի հիմքն են։

Վկայությունը մի բան չէ, որը դուք կառուցում եք մեկ անգամ և այն մնում է հավիտյան: Դա ավելի շատ նման է ծառի, որը դուք անընդհատ սնուցում եք: Աստծո խոսքը ձեր սրտում տնկելը միայն առաջին քայլն է: Երբ ձեր վկայությունը սկսում է աճել, այդ ժամանակ է սկսվում իսկական աշխատանքը: Այդ ժամանակ դուք «սնուցում եք այն մեծ խնամքով, որպեսզի այն արմատ գցի, կարողանա աճել և պտուղ բերել»։ Անհրաժեշտ է «մեծ ջանասիրություն» և «համբերություն խոսքի հանդեպ»։ Բայց Տիրոջ խոստումները հաստատ են. «Դուք պիտի հնձեք ձեր հավատքի, ձեր ջանասիրության և համբերության և երկայնամտության վարձքը, սպասելով ծառին, որ պտուղ տա ձեզ համար»:

Իմ թանկագին եղբայրներ և քույրեր, իմ թանկագին ընկերներ, իմ հոգու խորքում ես կարոտում եմ Ցվիկաուի հին հավաքատունը և դրա ապակենկարով պատուհանները: Սակայն վերջին 75 տարիների ընթացքում Հիսուս Քրիստոսն ինձ առաջնորդել է կյանքի ճամփորդության մեջ, որն ավելի ցնցող է, քան ես երբևէ կարող էի պատկերացնել: Նա մխիթարել է ինձ իմ տառապանքների մեջ, օգնել է ինձ ճանաչել իմ թուլությունները, բժշկել է իմ հոգևոր վերքերը և սնուցել է ինձ իմ աճող հավատքի մեջ:

Իմ անկեղծ աղոթքն ու օրհնությունն է, որ մենք մշտապես սնուցենք մեր հավատքի արմատները Փրկչի, Նրա վարդապետության և Նրա Եկեղեցու օգնությամբ: Սրա մասին ես վկայում եմ մեր Փրկչի, մեր Քավչի, մեր Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։

Հղումներ

  1. 2024 թվականին լրանում է նաև իմ՝ որպես Բարձրագույն իշխանավոր կոչման 30 տարին, և 25 տարի այն պահից, երբ այդ կոչման արդյունքում մեր ընտանիքը ստիպված եղավ տեղափոխվել Գերմանիայից Միացյալ Նահանգներ: Եվ գրեթե ուղիղ 20 տարի առաջ՝ 2004 թ. հոկտեմբերի 2-ին, ես հաստատվեցի որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ և «Քրիստոսի անվան հատուկ վկա ողջ աշխարհում» (Վարդապետություն և Ուխտեր 107.23):

  2. Ինչ-որ առումներով, իմ զգացումներն այդ շենքի վերաբերյալ նման են այն բանին, ինչ Ալմայի ժողովուրդը զգաց Մորմոնի ջրերի մասին. դա նրանց համար գեղեցիկ վայր էր, քանի որ «այնտեղ [նրանք] եկան իրենց Քավչի իմացությանը» (Մոսիա 18.30):

  3. Մատթեոս 24․35, տես նաև Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս 1.35:

  4. Եսայի 54․10, տես նաև 3 Նեփի 22․10։

  5. Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է այս նույն ճշմարտությունը հետևյալ խոսքերով. «Ես հավատում եմ, որ ամենամեծ դասերից, որոնք մենք պետք է սովորենք երկրի վրա այս կարճատև այցի ընթացքում, այն դասերն են, որոնք օգնում են մեզ տարբերել, թե ինչն է կարևոր և ինչը՝ ոչ: Ես խնդրում եմ ձեզ, թույլ մի տվեք, որ այդ ամենակարևոր բաները ձեր կողքով անցնեն» («Ուրախություն գտնենք ճանապարհին», Լիահոնա, նոյեմբեր 2008, 85). Նմանապես, երբ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը վերջերս խրախուսեց մեզ «ունենալ սելեստիալ մտածելակերպ», նա ասաց. «Մահկանացու կյանքը վարպետության դաս է, որից սովորում ենք ընտրել հավերժական նշանակություն ունեցող մեծագույն բաները» («Ունեցեք սելեստիալ մտածելակերպ», Լիահոնա, նոյեմբեր 2023, 118):

  6. Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Զոզեֆ Սմիթ (2007), 264, տես նաև Teachings of Presidents of the Church: Brigham Young (1997), 16–18։

  7. Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ, 49:

  8. Հովհաննես 15․4:

  9. Մատթեոս 23․23։

  10. Հետաքրքի՞ր է նշել ամերիկյան մշակույթների և Մորմոնի Գրքի ժողովուրդների միջև հնագիտական նմանությունները։ Միգուցե հետաքրքիր է։ Արդյո՞ք օգտակար է դպիրների և այլոց պատմություններից սովորել այն մանրամասների մասին, թե ինչպես է Ջոզեֆ Սմիթը թարգմանել Մորմոնի Գիրքը: Ոմանց համար օգտակար է։ Բայց սրանցից ոչ մեկը մնայուն վկայություն չէ, որ Մորմոնի Գիրքն Աստծո խոսքն է: Դրա համար դուք պետք է գտնեք Փրկչին Մորմոնի Գրքում, որպեսզի լսեք Նրա ձայնը, որը խոսում է ձեզ հետ: Երբ դա տեղի ունենա, ձեզ համար նշանակություն չի ունենա, թե իրականում որտեղ է գտնվել հնագույն Զարահեմլա քաղաքը կամ ինչպիսի տեսք են ունեցել Ուրիմն ու Թումիմը: Դրանք ճյուղեր են, որոնք անհրաժեշտության դեպքում կարելի է էտել ձեր ծառից, բայց ծառը կմնա:

  11. Տես Վարդապետություն և Ուխտեր 84․19–20։

  12. Տես Ջոյ Դ․ Ջոնս, «Նրա համար», Լիահոնա, նոյեմբեր 2018, 50-52։

  13. Տես Ծնունդ 3.18։

  14. Նախագահ Նելսոնը հրավիրել է մեզ բոլորիս «պատասխանատու լինել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին [մեր] վկայության համար: Աշխատեք դրա համար: Զարգացրեք, որ այն աճի» («Հաղթել աշխարհին և հանգստություն գտնել», Լիահոնա, նոյեմբեր 2022, 97):

  15. Կողոսացիներին 2․7։

  16. Ալմա 30․3:

  17. Տես Ալմա 30․12-16, 31:

  18. Ալմա 30․18:

  19. Հետաքրքիր է, որ Կորիհորի փաստարկները լիովին անհամոզիչ էին նորադարձ լամանացիների՝ Ամմոնի ժողովրդի համար (տես Ալմա 30.19–20), ովքեր հետևում էին Քրիստոսին ոչ իրենց հայրերի ավանդույթի պատճառով:

    Ի հակադրություն՝ Մորմոնի Գիրքը պատմում է նաև երիտասարդների մի սերնդի մասին, ովքեր առանձնացրեցին իրենց Տիրոջ Եկեղեցուց, քանի որ «նրանք չէին հավատում իրենց հայրերի ավանդությանը» (տես Մոսիա 26.1–4): Ընտանիքների համար լավ է արդար ավանդույթներ հաստատել: Բայց ընտանիքների համար նույնքան կարևոր է հստակ հասկանալ այդ ավանդույթների նպատակը : Ինչո՞ւ ենք մենք աղոթում ամեն առավոտ և գիշեր: Ինչո՞ւ ենք մենք սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրություն անում: Ինչո՞ւ ենք մենք ամեն շաբաթ անց կացնում ընտանեկան երեկոներ, ընտանեկան միջոցառումներ, ծառայելու ծրագրեր և այլն: Եթե մեր երեխաները հասկանան, թե ինչպես են այս ավանդույթները մեզ ավելի մոտեցնում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, ավելի հավանական է, որ նրանք կշարունակեն դրանք և կզարգացնեն դրանք իրենց ընտանիքներում:

  20. Ալմա 32․21: Հավատքը զորեղ է ոչ թե իր իմացածով, այլ այն բանի շնորհիվ, ինչ անում է:

  21. Տես Եբրայեցիներին 10․23:

  22. Ալմա 32․37, 41-43։