Տեր Հիսուս Քրիստոսը կրկին կգա
Հիմա է ժամանակը, որ ես և դուք պատրաստվենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին:
Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ես երախտապարտ եմ, որ Տերն օրհնել է ինձ՝ ձեզ հետ խոսելու հնարավորությամբ:
Այս համաժողովի ժամանակ Տերը խոսել է մեզ հետ Իր ծառաների միջոցով: Ես կոչ եմ անում ձեզ ուսումնասիրել նրանց ուղերձները։ Օգտագործեք դրանք որպես լակմուսի թուղթ՝ պարզելու, թե ինչն է ճիշտ, իսկ ինչը՝ սխալ, հաջորդ վեց ամիսների ընթացքում:
Շուրջ հինգ տարի է, ինչ իրականացվում է Սոլթ Լեյքի տաճարի և տաճարային հրապարակի մյուս տարածքների պահպանումն ու վերանորոգումը։ Ներկայիս կանխատեսումները ցույց են տալիս, որ այդ աշխատանքը կավարտվի 2026 թվականի վերջում։ Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր աշխատում են այս հսկայական նախագծի վրա:
Վերջին վեց ամիսների ընթացքում մենք նվիրագործել և վերանվիրագործել ենք ինը տաճար՝ հինգ երկրներում: Մինչև տարեվերջ մենք կնվիրագործենք ևս հինգը։
Այսօր մենք ուրախ ենք հայտարարելու 17 նոր տաճարների կառուցման ծրագրերի մասին։ Խնդրում եմ, ակնածանքով լսեք, երբ ես կհայտարարեմ դրանց վայրերը:
-
Յուչիտան դե Սարագոսա (Մեքսիկա)
-
Սանտա Անա (Սալվադոր)
-
Մեդելին (Կոլումբիա)
-
Սանտյագո (Դոմինիկյան Հանրապետություն)
-
Պուերտո Մոնտ (Չիլի)
-
Դուբլին, Իռլանդիա
-
Միլան (Իտալիա)
-
Աբուջա (Նիգերիա)
-
Կամպալա (Ուգանդա)
-
Մապուտու (Մոզամբիկ)
-
Քյոր դ’Ալեն (Այդահո)
-
Քվին Քրիկ (Արիզոնա)
-
Էլ Պասո (Տեխաս)
-
Հանթսվիլ (Ալաբամա)
-
Միլուոքի (Վիսկոնսին)
-
Սամմիտ (Նյու Ջերսի)
-
Պրայս (Յուտա)
Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, տեսնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում մեր աչքի առաջ։ Ես աղոթում եմ, որ մենք բաց չթողնենք այս պահի վեհությունը: Տերն իսկապես արագացնում է Իր աշխատանքը:
Ինչո՞ւ ենք մենք տաճարներ կառուցում նման աննախադեպ արագությամբ: Ինչո՞ւ: Որովհետև Տերը մեզ պատվիրել է դա անել: Տաճարի օրհնությունները օգնում են հավաքել Իսրայելը վարագույրի երկու կողմերում: Այս օրհնությունները նաև օգնում են պատրաստել մի ժողովուրդ, որը կօգնի նախապատրաստել աշխարհը Տիրոջ Երկրորդ Գալուստին:
Ինչպես մարգարեացել է Եսայի մարգարեն, և ինչպես հնչում է Հենդելի Մեսիայում, երբ Հիսուս Քրիստոսը վերադառնա, «պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մարմին միասին պիտի տեսնեն այն»։
Այդ օրը «իշխանությունն իր ուսերի վրա կլինի, և կկոչվի Սքանչելի Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենական Հայր և Խաղաղության Իշխան»։
Հիսուս Քրիստոսը կկառավարի և հին Երուսաղեմից, և Նոր Երուսաղեմից, որը «կկառուցվի Ամերիկյան աշխարհամասում»։ Այս երկու կենտրոններից Նա կղեկավարի Իր Եկեղեցու գործերը:
Այդ օրը Տերը հայտնի կլինի որպես «թագավորների Թագավոր ու տերերի Տեր»։ Նրանք, ովքեր Նրա հետ են, կլինեն «կանչվածներ, ընտրյալներ ու հավատարիմներ»։
Եղբայրներ և քույրեր, հիմա է ժամանակը, որ ես և դուք պատրաստվենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին: Հիմա է ժամանակը, որ մենք մեր աշակերտությունը դարձնենք մեր ամենաբարձր առաջնահերթությունը: Ինչպե՞ս կարող ենք դա անել մի աշխարհում, որը լցված է շփոթեցնող շեղումներով։
Տաճարում կանոնավոր երկրպագությունը կօգնի մեզ: Տիրոջ տանը մենք կենտրոնանում ենք Հիսուս Քրիստոսի վրա: Մենք սովորում ենք Նրա մասին: Մենք ուխտեր ենք կապում՝ հետևելու Նրան: Մենք աստիճանաբար ավելի լավ ենք ճանաչում Նրան: Երբ պահում ենք մեր տաճարային ուխտերը, Տիրոջ զորացնող զորությունն ավելի հասանելի է դառնում մեզ։ Տաճարում մենք պաշտպանություն ենք ստանում աշխարհի հարվածներից: Մենք առատորեն զգում ենք Հիսուս Քրիստոսի և մեր Երկնային Հոր մաքուր սերը: Մենք խաղաղություն և հոգևոր հանգստություն ենք զգում՝ հակառակ աշխարհի խառնաշփոթին:
Ահա իմ խոստումը ձեզ. յուրաքանչյուր մարդ, ով սրտանց կփնտրի Հիսուս Քրիստոսին, կգտնի Նրան տաճարում: Դուք կզգաք Նրա ողորմությունը: Դուք կգտնեք ձեր ամենատանջող հարցերի պատասխանները: Դուք ավելի լավ կհասկանաք Նրա ավետարանի ուրախությունը:
Ես հասկացել եմ, որ ամենակարևոր հարցը, որին մենք յուրաքանչյուրս պետք է պատասխանենք, սա է. Ո՞ւմ կամ ինչի՞ համար ես կտամ իմ կյանքը։
Հիսուս Քրիստոսին հետևելու իմ որոշումը ամենակարևոր որոշումն է, որ ես երբևէ կայացրել եմ: Բժշկական համալսարանում սովորելու ժամանակ ես վկայություն ձեռք բերեցի Հայր Աստծո և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի աստվածայնության մասին: Այդ ժամանակից ի վեր մեր Փրկիչը եղել է այն վեմը, որի վրա ես կառուցել եմ իմ կյանքը: Այդ ընտրությունը փոխեց ամեն բան։ Այդ որոշումը հեշտացրել է շատ այլ որոշումներ: Այդ որոշումն ինձ նպատակ և ուղղություն է տվել։ Այն նաև օգնել է ինձ դիմակայել կյանքի փոթորիկներին: Թույլ տվեք կիսվել երկու օրինակով.
Առաջին, երբ կինս՝ Դանցելը անսպասելիորեն մահացավ, ես չկարողացա կապվել մեր երեխաներից ոչ մեկի հետ։ Այդ պահին ես մենակ էի, լքված և օգնություն էի աղերսում: Բարեբախտաբար, Իր Հոգու միջոցով Տերը լուսաբանեց ինձ, թե ինչու իմ սիրելի Դանցելը տուն տարվեց: Այդ հասկացողությամբ ես մխիթարվեցի։ Ժամանակի ընթացքում ես ավելի լավ էի կարողանում հաղթահարել վիշտս։ Ավելի ուշ ես ամուսնացա իմ սիրելի կնոջ՝ Վենդիի հետ։ Իմ երկրորդ օրինակը նրա մասին է։
Երբ ես ու Վենդին հանձնարարություն էինք կատարում հեռավոր երկրում, զինված ավազակները ատրճանակ պահեցին գլխիս և քաշեցին ձգանը։ Բայց ատրճանակը չկրակեց։ Այդ փորձառության ընթացքում մեր երկուսի կյանքին էլ վտանգ էր սպառնում: Այնուամենայնիվ, ես ու Վենդին մի անհերքելի խաղաղություն էինք զգում: Դա այն խաղաղությունն էր, որն «ամեն մտքից վեր է»:
Եղբայրներ և քույրեր, Տերը ձեզ ևս կմխիթարի։ Նա կամրապնդի ձեզ։ Նա կօրհնի ձեզ խաղաղությամբ, նույնիսկ քաոսի ժամանակ:
Խնդրում եմ, լսեք Հիսուս Քրիստոսի այս խոստումը ձեզ. «Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր սրտերում, և իմ հրեշտակները՝ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ»։
Ձեզ օգնելու Փրկչի կարողությունը սահմանափակում չունի։ Նրա անըմբռնելի տառապանքը Գեթսեմանիում և Գողգոթայում ձեզ համար էր: Նրա անսահման Քավությունը ձեզ համար է:
Ես հորդորում եմ ձեզ ամեն շաբաթ ժամանակ հատկացնել՝ ձեր մնացած կյանքի համար, որպեսզի մեծացնեք ձեր հասկացողությունը Հիսուս Քրիստոսի Քավության մասին: Սիրտս ցավում է նրանց համար, ովքեր խրված են մեղքի մեջ և չգիտեն ինչպես դուրս գալ: Ես արտասվում եմ նրանց համար, ովքեր հոգևորապես տառապում են, կամ միայնակ են կրում իրենց ծանր բեռը, որովհետև նրանք չեն հասկանում, թե ինչ է արել Հիսուս Քրիստոսն իրենց համար:
Հիսուս Քրիստոսն Իր վրա է վերցրել ձեր մեղքերը, ձեր ցավերը, ձեր խոր վշտերը և ձեր թուլությունները։ Պետք չէ, որ դուք միայնակ կրեք դրանք։ Նա կների ձեզ, երբ դուք ապաշխարեք: Նա կօրհնի ձեզ այն ամենով, ինչի կարիքը դուք ունեք: Նա կբուժի ձեր վիրավոր հոգին: Երբ դուք լծվեք Նրա հետ, ձեր բեռները կթեթևանան: Եթե դուք Հիսուս Քրիստոսին հետևելու համար ուխտեր կապեք և պահեք, ապա կտեսնեք, որ ձեր կյանքի ցավալի պահերը ժամանակավոր են։ Ձեր չարչարանքները «կուլ [կգնան] Քրիստոսի ուրախության մեջ»։
Այժմ ոչ վաղ է, ոչ էլ ուշ, որ դուք դառնաք Հիսուս Քրիստոսի բարեպաշտ աշակերտը: Այդ ժամանակ դուք լիովին կզգաք Նրա Քավության օրհնությունները: Դուք նաև ավելի արդյունավետ կլինեք Իսրայելը հավաքելու գործում:
Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, գալիք մի օր Հիսուս Քրիստոսը կվերադառնա երկիր՝ որպես հազարամյակի Մեսիա: Ուստի, այսօր ես ձեզ կոչ եմ անում վերանվիրաբերել ձեր կյանքը Հիսուս Քրիստոսին: Ես ձեզ կոչ եմ անում օգնել ցրված Իսրայելի հավաքման գործին և պատրաստել աշխարհը Տիրոջ Երկրորդ Գալուստին: Ես ձեզ կոչ եմ անում խոսել Քրիստոսի մասին, վկայել Քրիստոսի մասին, հավատալ Քրիստոսին և հրճվել Քրիստոսով:
Եկեք Քրիստոսի մոտ և «մատուցեք ձեր ողջ [հոգին]» Նրան: Սա է ուրախ կյանքի գաղտնիքը:
Լավագույնը դեռ առջևում է, իմ սիրելի եղբայրներ և քույրեր, քանի որ Փրկիչը կրկին գալիս է։ Լավագույնը դեռ առջևում է, քանի որ Տերն արագացնում է Իր աշխատանքը: Լավագույնը դեռ առջևում է, քանի որ մեր սիրտն ու կյանքը մենք ամբողջովին դարձնում ենք դեպի Հիսուս Քրիստոսը:
Ես բերում եմ իմ հանդիսավոր վկայությունը, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է: Ես Նրա աշակերտն եմ: Ինձ համար պատիվ է լինել Նրա ծառան: Նրա Երկրորդ Գալուստի ժամանակ «պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մարմին միասին պիտի տեսնեն այն»: Այդ օրը ուրախությամբ լցված կլինի արդարների համար:
Քահանայության սուրբ բանալիների զորությամբ, որ ես կրում եմ, ես այս ճշմարտությունը հայտարարում եմ ձեզ և ողջ աշխարհին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: