Մաքրվիր
Ամենօրյա ապաշխարությունը մեզ թույլ է տալիս ճանաչել Տիրոջ առաջնորդությունը Սուրբ Հոգու միջոցով:
Երբ մոտ հինգ տարեկան էի, ընկերներիս հետ ֆուտբոլ էի խաղում մեր փոքրիկ գյուղի եկեղեցու հետևում՝ Կոտ դ’Իվուարում։ Ես վառ հիշում եմ քարոզչի կոչը ներկաներին` մաքրել իրենց հագուստները` նախապատրաստվելով Փրկչի գալուստին: Որպես մանուկ՝ ես բառացիորեն ընդունեցի այդ կոչը։ Ես վազեցի տուն այնքան արագ, որքան իմ փոքրիկ ոտքերը կարող էին տանել ինձ և աղաչեցի մորս մաքրել իմ մի քանի շորերը, որպեսզի ես անբիծ լինեի և պատրաստ՝ հաջորդ օրը Փրկչի գալուն: Թեև մայրս թերահավատորեն էր վերաբերում Փրկչի մոտալուտ վերադարձին, նա միևնույն է լվաց իմ լավագույն հագուստը:
Հաջորդ առավոտ ես հագա դեռ մի փոքր խոնավ շորերս և անհամբեր սպասեցի Փրկչի գալուստի մասին հայտարարությանը: Երբ օրն անցավ և ոչինչ չպատահեց, ես որոշեցի գնալ հավաքատուն։ Ես խորապես հիասթափվեցի, երբ տեսա, որ եկեղեցին դատարկ էր, իսկ Փրկիչը չէր եկել: Կարող եք պատկերացնել իմ զգացումները, երբ դանդաղ քայլում էի տուն:
Տարիներ անց, երբ անցնում էի միսիոներական դասերը՝ պատրաստվելով միանալու Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն, ես կարդացի հետևյալը. «Եվ ոչ մի անմաքուր բան չի կարող մտնել նրա արքայությունը․ ուստի, ոչինչ չի մտնում նրա հանգիստը, բացի նրանցից, ովքեր լվացել են իրենց հանդերձներն իմ արյունով՝ իրենց հավատքի, և բոլոր իրենց մեղքերից ապաշխարության, և մինչև վերջ իրենց հավատարմության շնորհիվ»։
Պարզաբանումը, որը ես ստացա այն ժամանակ, օգնեց ինձ հասկանալ այն կարևոր ճշմարտությունը, որը տարիներ առաջ վրիպել էր իմ մանկական մտքից: Քարոզչի ուղերձը կենտրոնացած էր հոգևոր մաքրության կարևորության վրա: Նա հորդորել էր ներկաներին փնտրել ապաշխարություն, փոփոխություններ կատարել իրենց կյանքում և դառնալ դեպի Փրկիչը՝ փրկագնման համար:
Մեր Երկնային Հայրը հասկանում է մեր մահկանացու ճամփորդությունը և մեղք գործելու անխուսափելիությունը մեր կյանքում: Ես խորապես շնորհակալ եմ, որ Նա տվել է Փրկիչ՝ քավելու մեր օրինազանցությունները: Փրկչի փրկագնող զոհաբերության միջոցով մեզանից յուրաքանչյուրը կարող է ապաշխարել, ներում խնդրել և դառնալ մաքուր։ Ապաշխարությունը՝ ավետարանի հիմնարար սկզբունքը, էական նշանակություն ունի մեր հոգևոր զարգացման և դիմացկունության համար, երբ մենք առաջ ենք ընթանում կյանքի դժվարությունների միջով:
2022 թվականի ապրիլի գերագույն համաժողովի ժամանակ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հրավիրել է Եկեղեցու յուրաքանչյուր անդամի զգալ ամենօրյա ապաշխարության ուրախությունը։ Նա ասել է.
«Խնդրում եմ, մի վախեցեք և մի հետաձգեք ապաշխարությունը: ․․․ Սատանան հրճվում է ձեր թշվառությունից: Ընդհատեք նրան։ Հեռացրեք նրա ազդեցությունը ձեր կյանքից: Այսօրվանից սկսեք զգալ բնական մարդուն հանելու ուրախությունը: Փրկիչը միշտ սիրում է մեզ, բայց հատկապես, երբ մենք ապաշխարում ենք: …
Եթե դուք զգում եք, որ ուխտի ճանապարհից մոլորվել եք հեռուներում կամ մոլորվել եք երկար ժամանակ և չունեք հետդարձի ճանապարհ, դա պարզապես ճիշտ չէ»:
Եթե կա մի բան, որի համար դուք լիովին չեք ապաշխարել, ես քաջալերում եմ ձեզ ականջ դնել նախագահ Նելսոնի կոչին և չհետաձգել ձեր ապաշխարության օրը: Այս գործընթացում ներգրավվելու համար կարող է պահանջվել որոշակի քաջություն. այնուամենայնիվ, ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ անկեղծ ապաշխարությունից բխող ուրախությունն ամեն հասկացողությունից վեր է: Ապաշխարության միջոցով մեր մեղքի բեռը թեթևանում է և փոխարինվում խաղաղության և հանգստության զգացումով: Երբ մենք անկեղծորեն ապաշխարում ենք, սրբագործվում ենք Փրկչի արյան միջոցով՝ ավելի զգայուն դառնալով Սուրբ Հոգու հուշումների և ազդեցության հանդեպ։
Իմ հավերժական զուգընկերը ծնվել է լսողության խնդրով, ինչի արդյունքում պետք է լսողական սարք կրի: Փոշին և քրտինքը կարող են ազդել այդ սարքի աշխատանքի վրա, ուստի, ամեն առավոտ ես դիտում եմ, թե ինչպես է նա ջանասիրաբար մաքրում կապող խողովակները՝ նախքան սարքը կրելը: Այս պարզ, բայց հետևողական ռեժիմը վերացնում է ցանկացած կեղտ, խոնավություն կամ խցանում՝ բարելավելով նրա լսելու և արդյունավետ հաղորդակցվելու կարողությունը: Երբ նա անտեսում է այս ամենօրյա ռեժիմը, նրա լսողությունը տուժում է օրվա ընթացքում. hնչող բառերն աստիճանաբար աղավաղվում են և, ի վերջո՝ դառնում անլսելի։ Ինչպես լսողական սարքն ամեն օր մաքրելը նրան թույլ է տալիս հստակ լսել, այնպես էլ ամենօրյա ապաշխարությունը մեզ թույլ է տալիս ճանաչել Տիրոջ առաջնորդությունը Սուրբ Հոգու միջոցով:
Տիրոջ մահկանացու ծառայության ավարտին, նախքան Գեթսեմանի պարտեզ գնալը, Նա պատրաստեց Իր աշակերտներին գալիք փորձություններին դիմակայելուն։ Նա հավաստիացրեց նրանց ասելով. «Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրն ուղարկելու է իմ անունով, նա ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի»։
Սուրբ Հոգու հիմնական գործառույթներից մեկը զգուշացնելն է, առաջնորդելը և ուղղություն տալը յուրաքանչյուր անհատի, ով լսում է մեղմ, ներքին ձայնը: Ճիշտ ինչպես լսողական սարքի խցանված խողովակները կարող են խանգարել պատշաճ աշխատանքին, հոգևոր կապը մեր Երկնային Հոր հետ նույնպես կարող է խաթարվել՝ հանգեցնելով վտանգավոր թյուրըմբռնման կամ նրա խորհուրդներին ականջ չդնելուն։ Համացանցի ի հայտ գալը տեղեկատվությունն ավելի հասանելի է դարձրել, քան երբևէ: Սա կարող է մղել մեզ դիմել աշխարհին առաջնորդության համար, այլ ոչ թե՝ Աստծուն: Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ուսուցանել է. «Գալիք օրերում, հնարավոր չի լինի հոգևորապես գոյատևել առանց Սուրբ Հոգու առաջնորդության, ուղղորդման, մխիթարող և մշտական ազդեցության»:
Ես երախտապարտ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է ստանալ Սուրբ Հոգու պարգևը` մեր հաստատման ժամանակ: Այնուամենայնիվ, նախագահ Դալլին Հ. Օուքսը զգուշացրել է, որ «Սուրբ Հոգու պարգևի միջոցով հասանելի օրհնությունները պայմանավորված են արժանավորությամբ [և] «Տիրոջ Հոգին չի բնակվում անսուրբ տաճարներում» [Հելաման 4․24]»։
Երբ մենք գիտակցաբար ընտրում ենք հետևել մարգարեների և առաքյալների առաջնորդությանը, Սուրբ Հոգին որպես մշտական ընկերակից ունենալու մեր կարողությունը մեծանում է: Սուրբ Հոգին պարզություն է տալիս որոշումներ կայացնելիս՝ մտքեր և զգացումներ առաջացնելով, որոնք համահունչ են մեր Երկնային Հոր կամքին: Սուրբ Հոգին որպես մշտական ընկերակից ունենալը շատ կարևոր է մեր հոգևոր աճի համար։
Վերջերս ինձ հանձնարարվեց նախագահել Յուտայի Սոլթ Լեյք Գրեյնջեր Վեստ ցցի համաժողովը: Այս իրադարձության ընթացքում ես հանդիպեցի մի ցցի նախագահի, ով ջանասիրաբար զարգացրել էր Սուրբ Հոգու հուշումները զանազանելու իր կարողությունը՝ արդար ապրելու և ամենօրյա ապաշխարության միջոցով: Որպես ծառայության մեր ջանքերի մի մաս, մենք այցելեցինք երեք ընտանիքների։ Ավարտելով մեր վերջին այցը՝ մենք հասկացանք, որ դեռ 30 րոպե ունենք մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Մինչ մենք վերադառնում էինք ցցի կենտրոն, նախագահ Չեսնաթը ոգեշնչվեց այցելել ևս մեկ ընտանիքի։ Մենք որոշեցինք հետևել այս հուշմանը։
Մենք այցելեցինք Ջոնսների ընտանիքին, որտեղ հայտնաբերեցինք, որ քույր Ջոնսը հիվանդության պատճառով գամված է անկողնուն: Ակնհայտ էր, որ նա քահանայության օրհնության կարիք ուներ: Նրա թույլտվությամբ մենք սպասավորեցինք իրեն։ Երբ պատրաստվում էինք դուրս գալ, քույր Ջոնսը հարցրեց, թե որտեղից մենք գիտեինք, որ նա հրատապ օրհնության կարիք ուներ: Ճշմարտությունն այն էր, որ մենք չգիտեինք: Այնուամենայնիվ, մեր Երկնային Հայրը, ով տեղյակ էր իր կարիքների մասին, գիտեր և ոգեշնչեց նախագահ Չեսնաթին այցելել նրան: Երբ ընկալում ենք մեղմ, հանդարտ ձայնի առաջնորդությունը, մենք ավելի պատրաստ ենք՝ կարիքավորներին արդյունավետ ծառայելու:
Ես վկայում եմ բարի և սիրող Երկնային Հոր մասին։ Հիսուս Քրիստոսը մարդկության Փրկիչն ու Քավիչն է։ Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսի քավությունը իրական է, և երբ սովորենք հետևել Սուրբ Հոգու առաջնորդությանը, Նա կուղղորդի մեզ ապաշխարել և օգտագործել Փրկչի քավիչ զորությունը մեր կյանքում։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Տիրոջ ճշմարիտ և կենդանի մարգարեն է և կրում է այսօր երկրի վրա գտնվող քահանայության բոլոր բանալիները: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: