2024
Վստահենք մեր Հորը
Նոյեմբեր 2024


10:20

Վստահենք մեր Հորը

Աստված վստահում է մեզ շատ կարևոր որոշումներ կայացնելու հարցում և բոլոր հարցերում խնդրում է մեզ վստահել Իրեն:

1843 թվականի հունիսի 1-ին Ադիսոն Պրատը հեռացավ Նավուից (Իլինոյս)` քարոզելու ավետարանը Հավայան կղզիներում, և թողեց իր կնոջը՝ Լուիզա Բարնս Պրատին, որպեսզի հոգ տաներ իրենց երիտասարդ ընտանիքի մասին:

Երբ Նավուում հալածանքները սաստկացան՝ ստիպելով սրբերին հեռանալ, իսկ ավելի ուշ Վինթեր Քվորթերսում, երբ նրանք պատրաստվում էին գաղթել Սոլթ Լեյքի հովիտ, Լուիզան պիտի ճամփորդելու վերաբերյալ որոշում կայացներ: Ավելի հեշտ կլիներ մնալ և սպասել Ադիսոնի վերադարձին, քան միայնակ ճամփա ընկնել։

Երկու դեպքում էլ նա առաջնորդություն փնտրեց մարգարե Բրիգամ Յանգից, որը խրախուսեց նրան գնալ: Չնայած մեծ դժվարություններին և իր անձնական դժկամությանը, նա ամեն անգամ հաջողությամբ անցավ ճանապարհը:

Սկզբում Լուիզան գրեթե ուրախություն չէր գտնում ճանապարհին։ Այնուամենայնիվ, նրան շուտով սկսեցին գոհացնել կանաչ տափաստանային խոտը, գունագեղ վայրի ծաղիկները և գետի ափի երկայնքով ձգվող հողամասերը: «Մռայլ մտքերս աստիճանաբար ցրվեցին,- արձանագրել է նա,- և մեր ողջ խմբում ավելի ուրախ կին չկար»:

Լուիզայի պատմությունը խորապես ոգեշնչել է ինձ։ Ես հիանում եմ իր անձնական նախասիրությունները մի կողմ թողնելու նրա պատրաստակամությամբ, Աստծուն վստահելու կարողությամբ, և թե ինչպես հավատք գործադրելն օգնեց նրան այլ կերպ տեսնել իրավիճակը:

Նա հիշեցրել է ինձ, որ մենք ունենք սիրող Հայր Երկնքում, ով հոգ է տանում մեր մասին՝ որտեղ էլ որ լինենք, և մենք կարող ենք վստահել Նրան ավելի շատ, քան որևէ մեկին կամ որևէ այլ բանի։

Ճշմարտության աղբյուրը

Աստված վստահում է մեզ շատ կարևոր որոշումներ կայացնելու հարցում և բոլոր հարցերում խնդրում է մեզ վստահել Իրեն: Սա հատկապես դժվար է, երբ մեր դատողությունը կամ հասարակական կարծիքը տարբերվում է Նրա կամքից՝ կապված Իր զավակների հետ:

Ոմանք առաջարկում են, որ մենք պետք է վերանայենք ճիշտն ու սխալը, քանի որ նրանք ասում են, որ ճշմարտությունը հարաբերական է, իրականությունն ինքնորոշված է, կամ Աստված այնքան բարի է, որ իրականում չի հետաքրքրվում մեր արարքներով։

Երբ մենք ձգտում ենք հասկանալ և ընդունել Աստծո կամքը, օգտակար է հիշել, որ ճիշտի և սխալի միջև սահմանները մենք չպետք է սահմանենք: Աստված Ինքն է հաստատել այս սահմանները՝ հիմնված հավերժական ճշմարտությունների վրա՝ մեր օգտի և օրհնության համար:

Աստծո հավերժական ճշմարտությունը փոխելու ցանկությունը երկար պատմություն ունի: Դա տեղի էր ունեցել նախքան աշխարհի ստեղծումը, երբ սատանան ապստամբեց Աստծո ծրագրի դեմ՝ եսասիրաբար ձգտելով ոչնչացնել մարդու կամքի ազատությունը: Հետևելով այս օրինակին՝ մարդիկ, ինչպիսիք են Սերեմը, Նեորը և Կորիհորը, պնդում էին, որ հավատքը հիմարություն է, հայտնությունն անտեղի է, և այն, ինչ մենք ենք ուզում անել, ճիշտ է: Ցավոք, շատ հաճախ, Աստծո ճշմարտությունից այս շեղումները մեծ վշտի են հանգեցրել:

Թեև որոշ բաներ կարող են կախված լինել իրադրությունից, բայց ոչ ամեն ինչ։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հետևողականորեն ուսուցանել է, որ Աստծո փրկարար ճշմարտությունները բացարձակ են, անկախ և սահմանվում են հենց Աստծո կողմից:

Մեր ընտրությունը

Կյանքի կարևոր որոշումներից մեկն այն է, թե ում ենք մենք ընտրում վստահել: Բենիամին թագավորը հրահանգել էր իր ժողովրդին․ «Հավատացեք Աստծուն. հավատացեք, որ նա կա … , հավատացեք, որ նա ունի բոլոր իմաստությունը, … հավատացեք, որ մարդ չի ըմբռնում այն բոլոր բաները, որոնք Տերը կարող է ըմբռնել»:

Բարեբախտաբար, մենք ունենք սուրբ գրություններ և առաջնորդություն կենդանի մարգարեներից, որոնք կօգնեն մեզ հասկանալ Աստծո ճշմարտությունը: Եթե մեր ունեցածից ավելի պարզաբանման կարիք կա, Աստված դա տալիս է Իր մարգարեների միջոցով։ Եվ Նա կպատասխանի մեր անկեղծ աղոթքներին Սուրբ Հոգու միջոցով, երբ մենք ձգտենք հասկանալ ճշմարտությունները, որոնք դեռ լիովին չենք գիտակցում:

Երեց Նիլ Լ. Անդերսենը մի անգամ ուսուցանել է, որ մենք չպետք է զարմանանք, «եթե [մեր] անձնական տեսակետը սկզբում չի համընկնում Տիրոջ մարգարեի ուսմունքների հետ: Դրանք սովորելու, խոնարհվելու պահեր են, երբ մենք ծնկի ենք իջնում՝ աղոթելու: Մենք առաջ ենք գնում հավատքով, վստահելով Աստծուն, իմանալով, որ ժամանակի ընթացքում ավելի շատ հոգևոր հստակություն կստանանք մեր Երկնային Հորից»:

Բոլոր ժամանակներում օգտակար է հիշել Ալմայի ուսմունքն այն մասին, որ Աստված տալիս է Իր խոսքը՝ համաձայն այն ուշադրության և ջանասիրության, որ մենք նվիրում ենք նրան: Եթե մենք ականջալուր լինենք Աստծո խոսքին, մենք ավելին կստանանք․ եթե մենք անտեսենք Նրա խորհուրդը, մենք ավելի ու ավելի քիչ կստանանք, նույնիսկ իսպառ կզրկվենք: Գիտելիքի այս կորուստը չի նշանակում, որ ճշմարտությունը սխալ էր. ավելի շուտ, դա ցույց է տալիս, որ մենք կորցրել ենք այն հասկանալու կարողությունը:

Նայեք Փրկչին

Կափառնաումում Փրկիչը ուսուցանեց Իր ինքնության և առաքելության մասին: Շատերը համարեցին, որ դժվար էր լսել Նրա խոսքերը, և արդյունքում նրանք հետ քաշվեցին և «նրան այլևս չհետևեցին»:

Նրանք ինչո՞ւ հեռացան:

Քանի որ նրանց դուր չեկավ Նրա ասածը: Այսպիսով, վստահելով իրենց սեփական դատողությանը, նրանք հեռացան՝ հրաժարվելով իրենց օրհնություններից, որոնք կտրվեին իրենց, եթե մնային:

Մեր հպարտությունը հեշտությամբ կարող է հայտնվել մեր և հավերժական ճշմարտության միջև: Երբ մենք չենք հասկանում, կարող ենք դադար տալ, թույլ տալ, որ մեր զգացմունքները հանդարտվեն, իսկ հետո ընտրել, թե ինչպես արձագանքել: Տերը hորդորել է մեզ․ «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք»։ Երբ մենք կենտրոնանանք Փրկչի վրա, մեր հավատքը կարող է սկսել հաղթահարել մեր մտահոգությունները:

Ինչպես նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն է խրախուսել մեզ անել՝ «խնդրում եմ, առաջին հերթին ձեր կասկածները կասկածի տակ դրեք, հետո նոր ձեր հավատքը։ Մենք երբեք չպետք է թույլ տանք, որ կասկածը մեզ գերի դարձնի և մեզ հետ պահի աստվածային սիրուց, խաղաղությունից և պարգևներից, որոնք ստանում ենք Տեր Հիսուս Քրիստոսի հավատքով»:

Օրհնությունները տրվում են նրանց, ովքեր մնում են

Երբ այդ օրը աշակերտները հեռացան Փրկչից, Նա այնուհետև հարցրեց Տասներկուսին. ««Գուցե դուք է՞լ եք ուզում գնալ»։

Պետրոսը պատասխանեց.

«Տեր, ո՞ւմ մոտ գնանք. դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։

Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»։

Առաքյալներն ապրում էին նույն աշխարհում և բախվում էին նույն սոցիալական ճնշումներին, որոնց հանդիպում էին հեռացող աշակերտները։ Սակայն այդ պահին նրանք ընտրեցին իրենց հավատքը և վստահեցին Աստծուն՝ այդպիսով պահպանելով օրհնությունները, որ Աստված տալիս է նրանց, ովքեր մնում են:

Գուցե դուք, ինչպես և ես, երբեմն հայտնվում եք այս որոշման երկու կողմերում: Երբ մենք դժվարանում ենք հասկանալ կամ ընդունել Աստծո կամքը, մխիթարական է հիշելը, որ Նա սիրում է մեզ այնպիսին, ինչպիսին կանք, որտեղ էլ որ լինենք: Եվ Նա մեզ համար ավելի լավն է նախատեսել։ Եթե մենք դիմենք Նրան, Նա մեզ կօգնի։

Թեև Նրան դիմելը կարող է դժվար լինել, բայց ինչպես իր որդու համար բժշկություն փնտրող հորն ասաց Փրկիչը՝ «հավատացողի համար ամեն ինչ հնարավոր է»: Մեր պայքարի պահերին մենք նույնպես կարող ենք բացականչել. «Օգնիր [իմ] անհավատությանը»:

Ենթարկենք մեր կամքը Նրան

Երեց Նիլ Ա. Մաքսվելը մի անգամ ուսուցանել է․ «Աստծո կամքին ենթարկվելը իրականում միակ անձնական բանն է, որը մենք կարող ենք դնել Նրա զոհասեղանին»։ Զարմանալի չէ, որ Բենիամին թագավորն այնքան մեծ ցանկություն ուներ, որ իր ժողովուրդը դառնա «ինչպես մի երեխա՝ ենթարկվող, հեզ, խոնարհ, համբերատար, սիրով լի, հոժար՝ ենթարկվելու բոլոր բաներին, որոնք Տերը հարմար է տեսնում բերել նրա վրա, ճիշտ ինչպես երեխան է ենթարկվում իր հորը»:

Ինչպես միշտ, Փրկիչը կատարյալ օրինակ է ծառայել մեզ համար։ Ծանր սրտով և գիտակցելով տառապալից գործը, որը Նա պետք է աներ, Նա ենթարկվեց Հոր կամքին՝ կատարելով Իր առաքելությունը և բացելով հավերժության խոստումը ձեզ և ինձ համար:

Մեր կամքը Աստծուն ենթարկելու ընտրությունը հավատքի գործողություն է, որը գտնվում է մեր աշակերտության հիմքում: Այդ ընտրությունը կատարելիս մենք բացահայտում ենք, որ մեր ազատությունը չի նվազում. ավելի շուտ, այն մեծանում և պարգևատրվում է Սուրբ Հոգու ներկայությամբ, որ բերում է նպատակ, ուրախություն, խաղաղություն և հույս, որը մենք այլ տեղ չենք կարող գտնել:

Մի քանի ամիս առաջ մի ցցի նախագահի հետ ես այցելեցի նրա ցցի քույրերից մեկին և նրա չափահաս երիտասարդ որդուն: Եկեղեցուց տարիներ շարունակ հեռու մնալով՝ դժվար ու անբարյացակամ ճանապարհներով շրջելուց հետո նա վերադարձել էր: Մեր այցելության ժամանակ հարցրինք նրան, թե ինչու վերադարձավ։

«Իմ կյանքը ես խառնաշփոթի էի վերածել,- ասաց նա,- բայց ես գիտեի, թե որտեղ պետք է լինեմ»:

Հետո ես հարցրի նրան, թե ինչ է սովորել այդ ընթացքում։

Նա հուզված պատասխանեց, որ հասկացել է, որ պետք է բավական երկար հաճախի եկեղեցի, որպեսզի ազատվի չգալու սովորությունից, և որ նա պետք է մնա այնքան ժամանակ, մինչև հասնի այնտեղ, որտեղ ցանկանում է լինել: Նրա վերադարձը հեշտ չէր, բայց երբ նա հավատք գործադրեց Հոր ծրագրի հանդեպ, զգաց, որ Հոգին վերադարձավ:

Այնուհետև նա ավելացրեց. «Ես անձամբ հասկացա, որ Աստված բարի է, և որ Նրա ճանապարհներն ավելի լավն են, քան իմը»:

Ես վկայում եմ Աստծո՝ մեր Հավերժական Հոր մասին, ով սիրում է մեզ, Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին, ով փրկել է մեզ: Նրանք գիտեն մեր ցավերն ու մարտահրավերները: Նրանք երբեք չեն լքի մեզ և կատարելապես գիտեն, թե ինչպես աջակցել մեզ: Մենք կարող ենք քաջալերվել, քանի որ վստահում ենք Նրանց ավելի, քան որևէ մեկին կամ որևէ այլ բանի: Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն։