2024
Անմոռանալի օրեր
Նոյեմբեր 2024


14:19

Անմոռանալի օրեր

Գալիք ժամանակները Եկեղեցու անդամներին ամենուրեք ավելի մեծ հնարավորություններ կտան՝ կիսելու Հիսուս Քրիստոսի ավետարանի բարի լուրը խոսքով և գործով։

Նախաբան

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, այս տնտեսության մեջ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու պատմությունը լեցուն է աստվածային փորձառություններով, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Տերն առաջնորդել Իր Եկեղեցին: Այնուամենայնիվ, մեր պատմության մեջ կա մի տասնամյակ, որն ապշեցուցիչ կերպով գերազանցում է մյուսներին՝ 1820-1830 թթ․ տասնամյակը: Սկսած Մարգարե Ջոզեֆ Սմիթի փորձառությունից Սրբազան պուրակում 1820 թ․ գարնանը, երբ նա տեսավ Հայր Աստծուն և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, և մինչև 1830 թ․ ապրիլի 6-ը` այդ տասնամյակը տարբերվում է մյուսներից:

Մորոնին հանձնում է ոսկե թիթեղները։
Մելքիսեդեկյան քահանայության վերականգնումը։
Օլիվեր Քաուդերի։

Խորհեք այս ուշագրավ իրադարձությունների շուրջ։ Երիտասարդ մարգարեն հաղորդակցվեց Մորոնի հրեշտակի հետ, թարգմանեց ոսկե թիթեղները և հրատարակեց Մորմոնի Գիրքը: Նա այն գործիքն էր, որի միջոցով վերականգնվեցին Ահարոնյան և Մելքիսեդեկյան քահանայությունները, իսկ հետո նա կազմավորեց Եկեղեցին: Օլիվեր Քաուդերին լավ է նկարագրել այդ դարաշրջանը․ «Դրանք անմոռանալի օրեր էին»: Հրաշք իրադարձությունները շարունակվում են մինչ օրս։

Թույլ տվեք լինել շատ համարձակ և ակնարկել, որ այս տարի մենք սկսել ենք մի տասնամյակ, որը կարող է լինել նույնքան կարևոր, որքան մյուսները՝ սկսած այդ հիմնադրման տասնամյակից՝ գրեթե երկու դար առաջ:

Մեր տասնամյակը

Թույլ տվեք բացատրել։ Այս պահից՝ 2024 թ․ մինչև 2034 թ․ մենք կունենանք կարևոր իրադարձություններ, որոնք կհանգեցնեն աննախադեպ հնարավորությունների՝ ծառայելու, միավորվելու անդամների և ընկերների հետ և ներկայացնելու Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ավելի շատ մարդկանց, քան երբևէ:

Նախագահ Նելսոնի 100-րդ ծննդյան տարեդարձը։

Մենք վերջերս ականատես եղանք իսկապես պատմական պահի, երբ տասնյակ միլիոնավոր մարդկանց հետ տոնեցինք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ծննդյան 100-ամյակը:

Զեկուցելով նախագահ Նելսոնի ծննդյան օրվա մասին՝ Newsweek-ը վերնագիր է գրել, որտեղ կարդում ենք. «Աշխարհի ամենատարեց կրոնական առաջնորդը դառնում է 100 տարեկան»: Այնուհետև, նրանք թվարկել են աշխարհի 10 ամենատարեց հավատքի առաջնորդներին․ ցանկում առաջինը նախագահ Նելսոնն էր, ընդգրկված էին նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Դալայ Լաման:

New York Times-ի հոդվածի այս հայտարարությունը ներկայացնում է աշխարհի մարդկության մեծ մասի կարծիքը․ «[Միացյալ Նահանգներում] նախագահական ընտրությունների շրջանում մարդիկ սկսել են խորապես մտածել ծերության և առաջնորդության մասին, սակայն պարոն Նելսոնի կյանքի պատմությունը հուշում է, որ առնվազն նրա եկեղեցում, եռանիշ տարիքը մեծ անհանգստության պատճառ չէ: Նա մնում է հանրաճանաչ մարդ եկեղեցու անդամների շրջանում, ովքեր իրենց նախագահին համարում են ոչ միայն ղեկավար, այլ «մարգարե, տեսանող և հայտնող»:

Մենք երախտապարտ ենք, որ նախագահ Նելսոնի նշանակալից ծննդյան օրը մեզ հնարավորություն տրվեց համաշխարհային լսարանին ծանոթացնել Աստծո մարգարեի հետ․ դա մի անմոռանալի տոն էր:

Եկեղեցու վարչական շենքի վերանորոգված տարածքը։

Այս գարնան սկզբին բացվեց տաճարային հրապարակում գտնվող վերանորոգված մի հրապարակ, որտեղ ցուցադրվում են Եկեղեցին ընդունող երկրների միջազգային դրոշները։ Հրապարակի մուտքը նշանավորվում է գրանիտե հուշարձանով, որի վրա գրված են հետևյալ մարգարեական խոսքերը. «Այնպես պիտի լինի վերջին օրերին, որ Տիրոջ տան լեռը պիտի հաստատվի լեռների գագաթին, պիտի բարձրանա բլուրներից վեր, և բոլոր ազգերը պիտի փութան դեպի այն»:

Անշուշտ, սքանչելի իրադարձությունները, որոնք տեղի կունենան հաջորդ 10 տարիների ընթացքում, հանդիսանում են Եսայիի այս մարգարեության կատարման դրսևորումներից մեկը:

Սոլթ Լեյքի տաճարը։

Մտածեք տաճարների բաց դռների և նվիրագործումների աննախադեպ քանակի մասին, որոնք նախատեսված են հաջորդ տասնամյակի ընթացքում, ինչպես նաև 164 և ավելի տաճարների ներուժի մասին: Պատկերացրեք, որ տասնյակ միլիոնավոր մարդիկ՝ դուք և ձեր ընկերները, քայլում եք Տիրոջ տան միջով: Այս իրադարձությունների խորհրդանշական կենտրոնը կլինի Սոլթ Լեյքի տաճարի վերանվիրագործումը և դրա հետ կապված միջոցառումները: Անշուշտ դրանք անմոռանալի օրեր կլինեն:

Եկեղեցու կազմավորումը։

2030 թվականը հնարավորություններ կբերի ամբողջ աշխարհում՝ ոգեկոչելու Եկեղեցու կազմավորման երկուհարյուրամյակը: Թեև դեռ վաղ է ասել, թե Եկեղեցին ինչպես կնշի այս կարևոր իրադարձությունը, այն, անշուշտ, թույլ կտա մեզ հրավիրել ընտանիքի անդամներին, ընկերներին, գործընկերներին և հարգարժան հյուրերին «գալ և տեսնել», և ավելի լավ հասկանալ այն հզոր ազդեցությունը, որ Եկեղեցին ունի Եկեղեցու անդամների կյանքում:

2002 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը Սոլթ Լեյք Սիթիում։

2034 թ․ հազարավոր բարձրաստիճան անձինք, այցելուներ և մարզիկներ ամբողջ աշխարհից ողողելու են Սոլթ Լեյք Սիթիի փողոցները, ձմեռային օլիմպիական խաղերի բեմը: Համաշխարհային միասնության ավելի մեծ դրսևորում, քան օլիմպիական խաղերը, թերևս չկա: Աշխարհի աչքերը ուղղված կլինեն Եկեղեցու և նրա անդամների վրա՝ բազմաթիվ հնարավորություններ տալով կամավոր լինելու, ծառայելու և բարի գործերի միջոցով բարի լուրով կիսվելու․ մի անմոռանալի իրադարձություն։

Այս գալիք ժամանակները Եկեղեցու անդամներին ամենուրեք ավելի մեծ հնարավորություններ կտան՝ կիսվելու Հիսուս Քրիստոսի ավետարանի բարի լուրով՝ թե խոսքով և թե գործով․ կլինի մի անմոռանալի տասնամյակ:

Ավետիս

Իր ծննդյան տարեդարձից ընդամենը շաբաթներ առաջ՝ մի հանդիպման ժամանակ, նախագահ Նելսոնը պատմել է, թե ինչու է նա փայփայում «ավետիս» արտահայտությունը: Ակնհայտ կերպով, նա նշեց, որ արտահայտությունը խոսում է ուրախության և երջանկության մասին: Բայց «ավետիսը» դրանից շատ ավելին է հաղորդում։ Նա բացատրեց, որ այս արտահայտությունը գալիս է հունարեն euangelion բառից, որը բառացիորեն նշանակում է «բարի լուր» կամ «ավետարան»: Երջանկությունն ու ուրախությունը այս և հաջորդ կյանքում միշտ կապված են Հիսուս Քրիստոսի ավետարանի հետ: Այսպիսով, «բարի լուր» արտահայտությունը հրաշալի կերպով արտահայտում է այս երկակի իմաստը։

«Մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»։ Երկնային Հայրը տվել է երջանկության ծրագիր, որը ուրախություն է բերում՝ Նրա օրհնությունների միջոցով: Դրանք ներառում են Նրա ներկայությամբ հավերժական ընտանիքներով ապրելը: Հիսուս Քրիստոսի Քավությունը առանցքային է Աստծո ծրագրում մեզ փրկագնելու համար: Հավիտենական կյանք ստանալու համար մենք պետք է գանք Քրիստոսի մոտ: Երբ մենք անում ենք դա «և օգնում ուրիշներին անել նույնը, մենք մասնակցում ենք Աստծո փրկության և վեհացման աշխատանքին»:

Հիսուս Քրիստոսի ավետարանի ավետիսը ամենակարևոր ուղերձն է երկրի վրա: Եկեղեցու երիտասարդներն ու չափահաս երիտասարդները կարևոր դեր ունեն այստեղ։

Երիտասարդներին զորացնելու համար

Թեպետ այս գալիք տասնամյակը կարող է լեցուն լինել Եկեղեցու յուրաքանչյուր անդամի համար անմոռանալի օրերով, դա հատկապես կարող է ճշմարիտ լինել աճող սերնդի համար: Դուք այժմ այստեղ եք երկրի վրա, որովհետև ընտրվել եք հիմա այստեղ լինելու համար: Դուք ուժ և կարողություն ունեք՝ աննախադեպ ձևով Քրիստոսի աշակերտները լինելու:

Նախագահ Ջորջ Ք. Քենոնն ուսուցանել է. «Աստված հոգիներ է պահպանել արդի տնտեսության համար, ովքեր քաջություն և վճռականություն ունեն դիմակայելու աշխարհին և չարի բոլոր զորություններին [և] … կառուցելու մեր Աստծո Սիոնը՝ չվախենալով հետևանքներից»:

Այդ նպատակով ես ցանկանում եմ խոսել ձեզ հետ, ովքեր աճող սերնդից են, հրավիրել ձեզ պատկերացնել, թե որքան ուրախալի կարող է լինել ձեզ համարայս հաջորդ անմոռանալի տասնամյակը: Ես նաև առաջարկում եմ մի քանի պարզ խորհուրդ և խրախուսական խոսքեր, որոնք կարող են ձեզ զորացնել այս գալիք տասնամյակի ընթացքում:

Ինչպես ձեզանից շատերը, ես էլ ունեմ խելացի հեռախոս, որը երբեմն, առանց որևէ հրահանգի, հավաքում է լուսանկարների մի խումբ, որոնք պատկերում են, թե ինչ էի ես անում որոշակի մի օր: Միշտ զարմանալի է տեսնել, թե ինչքան բան է փոխվել իմ և իմ ընտանիքի համար ընդամենը մի քանի տարվա ընթացքում:

Պատկերացրեք, թե ինչ լուսանկարներ կցուցադրվեն ձեր հեռախոսով 10 տարի անց: Դուք կարող եք տեսնել, թե ինչպես եք ավարտում ավագ դպրոցը կամ քոլեջը, ստանում եք ձեր օժտումը, գնում եք միսիա, ամուսնանում և ունենում եք ձեր առաջին երեխան: Անձամբ ձեզ համար սա կլինի անմոռանալի տասնամյակ։ Բայց դա կրկնակի անմոռանալի կլինի, եթե դուք ակտիվորեն ձգտեք լույս դառնալ աշխարհի համար, նպաստելով, որ Հիսուս Քրիստոսի ավետարանի ավետիսը հարստացնի և բարելավի ոչ միայն ձեր, այլև ձեր ընտանիքի, ընկերների և սոցիալական ցանցերի հետևորդների կյանքը:

Միգուցե մտածում եք, թե ինչպե՞ս դա անել:

Աստծո մարգարեներն ուսուցանել են մեզ, որ դա արվում է չորս պարզ գործողությունների միջոցով, որոնք կոչվում են աստվածայնորեն նշանակված պարտականություններ. առաջին՝ ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով, երկրորդ՝ հոգ տանել կարիքավորների մասին, երրորդ՝ հրավիրել բոլորին ընդունել ավետարանը, և չորրորդ՝ միավորել ընտանիքները հավերժության համար: Հատկանշական է, որ յուրաքանչյուրը կարելի է անել ամենասովորական և բնական եղանակներով:

Աստվածայնորեն նշանակված պարտականություններ

Ես խոստանում եմ ձեզ, որ սա կլինի անմոռանալի տասնամյակ ձեզ համար, եթե դուք ընդունեք այս չորս աստվածային պարտականությունները: Եկեք քննարկենք, թե ինչի կարող է դա հանգեցնել։

Աստվածայնորեն նշանակված չորս պարտականություններ։
Աղոթող երիտասարդ աղջիկը։

Առաջին, ապրեք Հիսուս Քրիստոսի ավետարանով։ Ուսումնասիրեք մարգարեների խոսքերը և սովորեք սիրել ձեր Երկնային Հորը: Դարձրեք ձեր սրտերը դեպի Նա և ձգտեք քայլել Նրա ճանապարհով: Բարձրացեք «ուխտյալ վստահությամբ», որը նկարագրել է երեց Ուլիսես Սոարեսը: Այս վստահությունը գալիս է Հիսուս Քրիստոսին հետևելու ուխտեր կապելուց՝ իմանալով, որ Փրկիչն Իր հերթին կզորացնի և կաջակցի ձեզ:

Թող ձեր ընկերները տեսնեն այն ուրախությունը, որը դուք զգում եք ավետարանով ապրելով, և դուք կլինեք ավետարանի լավագույն ուղերձը, որը նրանք երբևէ կստանան:

Երկրորդ, կարեկցանքով ձգտեք հոգ տանել կարիքավորների մասին: Ձեր սերունդը յուրահատուկ ուշադրություն է դարձնում անբարենպաստ իրավիճակում հայտնվածներին։ Ամեն անգամ, երբ աղետ է տեղի ունենում, և Եկեղեցու անդամները շտապում են մաքրել ավերակները և մխիթարել տուժածներին, թվում է, որ «Օգնության ձեռքեր» շապիկներ կրողների մեծամասնությունը դեռահասներ և 20-30 տարեկաններ են: Ձեր բնույթն է այդպիսին՝ պատրաստ «կրելու մեկդ մյուսի բեռը» և «մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության»: Դրանով մենք «կատարում ենք Քրիստոսի օրենքը»:

Երեխաները մուրաբա են հավաքում կարիքավորների համար։

Էվանը՝ Երեխաների միության տղաներից մեկը, որոշեց իր ամառային արձակուրդին հավաքել գետնանուշի կարագով և ջեմով սենդվիչների համար անհրաժեշտ բաղադրիչներ՝ նվիրաբերելու իր տեղական սննդի կետին: Այդ նախագիծը նա գտել էր JustServe կայքում։ Երիտասարդ Էվանը ներգրավել էր դպրոցի իր ողջ դասարանը, որպեսզի օգնեին հավաքել ավելի քան 700 տարա ջեմ: Թող մարդիկ, ում ծառայում եք, իմանան, որ ձեր մտահոգությունն իրենց հանդեպ բխում է Աստծո հանդեպ ձեր սիրուց և ձեր մերձավորին ձեր անձի պես վերաբերվելու ցանկությունից:

Միսիոներները Բրազիլիայում։

Երրորդ, հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Այս տարի մենք բացեցինք 36 նոր միսիա ամբողջ աշխարհում՝ տեղավորելու բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ծառայել լիաժամկետ միսիաներում: Մի դարաշրջանում, երբ շատ երիտասարդներ ընդհանրապես հրաժարվում են պաշտոնական կրոնական գործունեությունից, սա ուշագրավ է և խոսում է ձեր վկայությունների հոյակապ բնույթի մասին: Անկախ նրանից՝ ծառայում եք լիաժամկետ, թե ոչ, խնդրում եմ, գիտակցեք ձեր հասակակիցների վրա ազդելու ձեր հսկայական կարողությունը, մինչ կսիրեք, կկիսվեք և կհրավիրեք նրանց ուսումնասիրել Հիսուս Քրիստոսի ավետարանը:

Երիտասարդները Պրեստոնի (Անգլիա) տաճարում։

Չորրորդ՝ միավորեք ընտանիքները հավերժության համար։ Երբ ես այցելում եմ տաճարներ ամբողջ աշխարհում, ես հիանում եմ մկրտարաններում սպասող երիտասարդների ամբոխով և որպես արարողությունների աշխատողներ ծառայող չափահաս երիտասարդների աճող թվով: Վերջերս Շոտլանդիայից և Իռլանդիայից ավելի քան 600 երիտասարդներից բաղկացած խումբ մեկնեց Պրեստոնի (Անգլիա) տաճար։ Նրանք կատարեցին ավելի քան 4000 արարողություններ, որոնցից շատերը իրենց մահացած նախնիների համար էին: Ես հորդորում եմ ձեզ զբաղվել ընտանեկան պատմությամբ, ժամանակ անցկացնել տաճարում և պատշաճ պատրաստվել՝ լինելու այնպիսի տղամարդ կամ կին, որը պատրաստ է ամուսնանալ տաճարում նույնքան արժանի ուղեկցի հետ: Այժմ ձեր կյանքում մի օրինաչափություն մշակեք՝ տաճարը ձեր կյանքի կանոնավոր մասը դարձնելու համար:

Եզրափակում

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, իմ սիրելի երիտասարդ ընկերներ, առաջիկա օրերին, հավանաբար, դժվարություններ կլինեն մեզանից յուրաքանչյուրի համար: Այնուամենայնիվ, երբ մենք մտնում ենք աննախադեպ ժամանակների այս գալիք տասնամյակը, եկեք կիսվենք ավետիսով՝ ապրելու, հոգալու, հրավիրելու և միավորվելու պարզ գործողությունների միջոցով: Երբ դա անենք, Տերը կօրհնի մեզ անմոռանալի փորձառություններով:

Ես վկայում եմ, որ նրանք, ովքեր մոտենում են Տիրոջը մաքուր սրտով և անկեղծ միտումով, նրանք, ովքեր ունեն Փրկչի անունը իրենց շուրթերին և Սուրբ Հոգին իրենց հոգիներում, նրանք, ովքեր մասնակցում են այս մեծ ու փառավոր ուխտագնացությանը, կհայտնաբերեն և կզգան առատ սելեստիալ օրհնություններ և վկայություն կստանան, որ Աստված լսում է ձեզ, ճանաչում և սիրում է ձեզ: Դուք կապրեք անմոռանալի օրեր։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: