2024
Հիսուս Քրիստոսի վարդապետությունը պարզ է
Նոյեմբեր 2024


16:6

Հիսուս Քրիստոսի վարդապետությունը պարզ է

Ես վկայում եմ Երկնային Հոր զավակներին Հիսուս Քրիստոսի պարզ վարդապետությունն ուսուցանելու սուրբ աշխատանքի մասին:

Բոլորս ունենք ընտանիքի սիրելի անդամներ, որոնք գայթակղվում և փորձվում են սատանայի՝ կործանիչի, թվացյալ մշտական ուժերի կողմից, որը կամենում է Աստծո բոլոր զավակներին թշվառ դարձնել: Մեզանից շատերը անքուն գիշերներ են անցկացրել: Մենք բարու համար փորձել ենք բոլոր ուժերով շրջապատել մարդկանց, որոնք վտանգի տակ են: Մենք աղոթքում աղերսել ենք նրանց համար: Մենք սիրել ենք նրանց: Մենք լավագույն օրինակն ենք ծառայել նրանց համար:

Ալման՝ հին ժամանակների մի իմաստուն մարգարե, նույնատիպ փորձ է ունեցել։ Ժողովուրդը, որին նա առաջնորդում ու սիրում էր, կատաղի թշնամու հաճախակի հարձակումների տակ էր, սակայն նրանք դեռ փորձում էին չարիքի աշխարհում արդարակյաց զավակներ մեծացնել։ Ալման զգաց, որ հաղթանակի իր միակ հույսը մի ուժ էր, որը մենք երբեմն թերագնահատում ենք և հաճախ շատ քիչ ենք օգտագործում։ Նա Աստծո օգնությունն աղերսեց։

Ալման գիտեր, որ որպեսզի Աստված օգնի, անհրաժեշտ էր ոչ միայն նրանց ապաշխարությունը, ում ինքն առաջնորդում էր, այլև իր հակառակորդների։ Այսպիսով, ճակատամարտելու համար նա այլ մոտեցում ընտրեց։

Մորմոնի Գիրքը դա այսպես է նկարագրում. «Եվ արդ, քանի որ խոսքի քարոզելն ուներ մեծ միտում՝ առաջնորդել ժողովրդին անելու այն, ինչն արդար էր, այո, այն ունենում էր ավելի զորավոր ազդեցություն մարդկանց մտքերի վրա, քան սուրը, կամ որևէ այլ բան, որ պատահել էր նրանց. հետևաբար, Ալման մտածեց, որ հարկ էր, որ նրանք փորձեին Աստծո խոսքի ուժը»:

Աստծո խոսքը Հիսուս Քրիստոսի և Նրա մարգարեների կողմից ուսուցանվող վարդապետությունն է: Ալման գիտեր, որ վարդապետության խոսքերը մեծ զորություն ունեին:

Վարդապետություն և Ուխտերի 18-րդ բաժնում Տերը հայտնի է դարձրել Իր վարդապետության հիմքը․

«Քանզի, ահա, ես պատվիրում եմ բոլոր մարդկանց, ամենուր, ապաշխարել։ …

«Քանզի, ահա, Տերը՝ քո Քավիչը, մարմնի մեջ մահ տարավ. ուստի նա տարավ բոլոր մարդկանց ցավը, որ բոլոր մարդիկ կարողանան ապաշխարել ու գալ իր մոտ:

«Եվ նա կրկին հարություն է առել մեռելներից, որ կարողանա բոլոր մարդկանց բերել իր մոտ՝ ապաշխարության պայմաններով»:

«Եվ դուք պետք է վայր ընկնեք ու երկրպագեք Հորը՝ իմ անունով»:

«․․․ Դուք պետք է ապաշխարեք և մկրտվեք Հիսուս Քրիստոսի անունով»։

«Խնդրեք Հորը՝ իմ անունով, հավատքով հավատալով, որ պիտի ստանաք, և դուք կունենաք Սուրբ Հոգին»:

«Եվ այժմ, երբ դուք ստացել եք այս, դուք պետք է պահեք իմ պատվիրանները բոլոր բաներում»։

«Ձեզ վրա վերցրեք անունը Քրիստոսի և խոսեք ճշմարտությունը լրջմտությամբ»:

«Եվ բոլոր նրանք, ովքեր ապաշխարում ու մկրտվում են իմ անունով, որն է՝ Հիսուս Քրիստոս, և համբերում են մինչև վերջ, պիտի փրկվեն»:

Այս մի քանի տողերում Տերը մեզ կատարյալ օրինակ է տալիս, թե ինչպես ուսուցանենք Իր վարդապետությունը։ Այդ վարդապետությունն այն է, որ հավատն առ Տեր Հիսուս Քրիստոս, ապաշխարությունը, մկրտությունը, Սուրբ Հոգու պարգև ստանալը և մինչև վերջ համբերելը օրհնում է Աստծո բոլոր զավակներին։

Մինչ մեր սիրելի մարդկանց սովորեցնում ենք այս սկզբունքները, Սուրբ Հոգին կօգնի մեզ իմանալ ճշմարտությունը։ Քանի որ Սուրբ Հոգու հուշումների կարիքն ունենք, մենք պետք է խուսափենք շահարկումից կամ անձնական մեկնաբանությունից, որը խախտում է ճշմարիտ վարդապետությունն ուսուցանելու սահմանը։

Դա դժվար կլինի անել, երբ սիրում եք այն անձին, որի վրա փորձում եք ազդեցություն թողնել: Նա, հնարավոր է, անտեսած լինի ուսուցանված վարդապետությունը: Գայթակղիչ է որևէ նոր կամ շշմեցուցիչ բան փորձելը: Բայց Սուրբ Հոգին կբացահայտի ճշմարտության ոգին միայն այն դեպքում, երբ մենք զգույշ և ուշադիր լինենք, որպեսզի չանցնենք ճշմարիտ վարդապետությունն ուսուցանելու սահմանը։ Կեղծ վարդապետությանը նույնիսկ մոտենալուց խուսափելու ամենահուսալի եղանակներից մեկը մեր ուսուցման մեջ պարզ լինելու ընտրությունն է։ Այդ պարզությամբ մենք ձեռք ենք բերում ապահովություն և քիչ բան կորցնում:

Չնայած պարզ ուսուցումը մեզ թույլ է տալիս վաղաժամ կիսվել փրկարար վարդապետությամբ, երեխաները անձեռնմխելի են մնում խաբեբաների գայթակղություններից, որոնք հետագայում կհանդիպեն նրանց շատ ավելի վաղ, քան այն ճշմարտությունները, որոնք նրանք պետք է սովորեն, կխեղդվեն սոցիալական ցանցերի, հասակակիցների և իրենց անձնական մաքառումների աղմուկի մեջ։ Մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները՝ Հիսուս Քրիստոսի ուսմունքները երեխաների հետ կիսվելու համար։ Ուսուցման այս պահերը թանկագին են և շատ քիչ՝ համեմատած հակառակ ուժերի անդադար ջանքերի հետ։ Երեխայի կյանքում վարդապետությունը սերմանելու համար ծախսված յուրաքանչյուր մեկ ժամին բաժին է ընկնում հակառակ ուժերի անհամար ժամեր՝ ուղերձներով և պատկերներով լեցուն, որոնք ուրանում կամ անտեսում են այս փրկագնող ճշմարտությունները։

Ձեզանից ոմանք գուցե ուզում են իմանալ՝ արդյոք ավելի լավ կլինի ուղղակի զվարճանքների միջոցով մտերմանալ երեխաների հետ, կամ կարող եք հարցնել՝ արդյոք երեխան ծանրաբեռնված չի զգա ձեր ուսուցումներից։ Փոխարենը մենք պետք է մտածենք․ «Ունենալով այսքան քիչ ժամանակ և այսքան քիչ հնարավորություններ, վարդապետության ինչպիսի՞ խոսքեր կարող եմ կիսվել, որոնք կամրացնեն նրանց՝ իրենց հավատքի անխուսափելի մարտահրավերների դեմ»: Խոսքերը, որոնք այսօր կկիսվեք, կարող են լինել այն խոսքերը, որոնք նրանք կտանեն իրենց հետ, իսկ այսօրը շուտով կանցնի։

Ես միշտ հիացել եմ Հիսուս Քրիստոսի վարդապետությունով կիսվելու իմ մեծ տատիկ Մերի Բոմելիի նվիրվածությամբ։ Նրա ընտանիքին միսիոներները ուսուցանել Շվեյցարիայում, երբ նա 24 տարեկան էր։

Մկրտվելուց հետո Մերին ցանկանում էր միանալ Ամերիկայի սրբերին, ուստի նա Շվեյցարիայից ճանապարհ ընկավ դեպի Բեռլին, և աշխատանք գտավ մի կնոջ մոտ, որն ընտանեկան հագուստի գործվածք պատրաստելու աշխատանքի վերցրեց նրան։ Մերին ծառայի սենյակում էր ապրում և իր հաստոցը դրել էր տան բնակելի մասում:

Այդ ժամանակ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու վարդապետությունն ուսուցանելը անօրինական էր Բեռլինում։ Բայց Մերին հասկացավ, որ չի կարող չկիսվել իր սովորածով: Տանտիկինը և նրա ընկերները հավաքվում էին հաստոցի շուրջը, որպեսզի լսեին Մերիի ուսուցումը։ Նա խոսում էր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի՝ Ջոզեֆ Սմիթին հայտնվելու, հրեշտակների այցելությունների և Մորմոնի Գրքի մասին: Հիշելով Ալմայի պատմությունները, նա ուսուցանեց Հարության վարդապետության մասին։ Նա վկայեց, որ ընտանիքները կարող են վերամիավորվել սելեստիալ արքայությունում։

Վերականգնված ավետարանով կիսվելու Մերիի խանդավառությունը շուտով փորձանք բերեց։ Շատ չանցած, ոստիկանները Մերիին բանտ տարան։ Ճանապարհին նա ոստիկանից հարցրեց դատավորի անունը, որը պիտի հաջորդ առավոտ քններ իրեն: Նա հարցրեց նաև նրա ընտանիքի մասին, և արդյոք նա լավ հայր ու ամուսին էր։ Ոստիկանը նկարագրեց դատավորին որպես աշխարհի մարդ:

Բանտում Մերին խնդրեց, որ իրեն մատիտ և թուղթ տան: Նա գիշերն անցկացրեց՝ դատավորին նամակ գրելով, վկայություն բերելով Հիսուս Քրիստոսի Հարության մասին, ինչպես նկարագրված է Մորմոնի Գրքում, նկարագրելով հոգիների աշխարհը և բացատրելով ապաշխարությունը։ Նա նշեց, որ դատավորին ժամանակ է հարկավոր խորհելու իր կյանքի մասին՝ նախքան վերջին դատաստանի առջև կանգնելը։ Նա գրեց, որ գիտի, որ դատավորը ապաշխարության շատ պատճառներ ունի, որոնցից շատերը խորապես կտխրեցնեին իր ընտանիքին, իսկ իրեն մեծ վիշտ կբերեին։ Առավոտյան, երբ նա ավարտել էր իր նամակը, խնդրեց ոստիկանին այն հանձնել դատավորին, և ոստիկանը համաձայնեց անել դա։

Ավելի ուշ դատավորը ոստիկանին կանչեց իր աշխատասենյակ: Մերիի գրած նամակն անհերքելի ապացույց էր, որ նա ուսուցանում էր վերականգնված ավետարանը, և այդպիսով խախտում էր օրենքը: Այնուամենայնիվ, շուտով ոստիկանը վերադարձավ Մերիի բանտախուցը: Նա ասաց, որ բոլոր մեղադրանքները նրա վրայից հանված են, և որ նա ազատ է ու կարող է գնալ: Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի վարդապետության ուսուցումը նրան բանտ նետեց։ Իսկ դատավորին ապաշխարության վարդապետությունը հայտարարելը նրան բանտից դուրս բերեց:

Մերի Բոմելիի ուսուցումը իր ազատումով չավարտվեց։ Նրա գրի առնված խոսքերը ճշմարիտ վարդապետությունը փոխանցեցին դեռևս չծնված սերունդներին: Նրա համոզմունքը, որ նույնիսկ նորադարձը կարող է ուսուցանել Հիսուս Քրիստոսի վարդապետությունը, ամրություն էին պարգևում նրա հետնորդներին իրենց իսկ մարտերում։

Երբ Հիսուս Քրիստոսի վարդապետությունը մեր սիրելի մարդկանց ուսուցանելու համար մենք գործադրում ենք մեր լավագույն ջանքերը, ոմանք գուցե չարձագանքեն։ Կասկածները կարող են թափանցել ձեր միտքը: Գուցե մտորեք, թե արդյոք բավականաչափ լավ գիտեք Փրկչի վարդապետությունը, որպեսզի այն արդյունավետությամբ ուսուցանեք: Եվ եթե արդեն այն ուսուցանելու փորձեր արել եք, հնարավոր է մտածեք, թե ինչու դրական ազդեցությունները ավելի տեսանելի չեն։ Մի տրվեք այդ կասկածներին։ Դարձեք դեպի Աստված օգնության համար։

«Այո, և կանչիր առ Աստված քո բոլոր գոյամիջոցների համար. ․․․ թող քո սրտի գորովանքը դրված լինի Տիրոջ վրա հավիտյան»։

«Եվ արդ, ես կկամենայի, որ դուք լինեիք խոնարհ, և լինեիք հլու ու մեղմ. մատչելի աղերսելու համար. լի համբերությամբ ու երկայնամտությամբ՝ լինելով ժուժկալ բոլոր բաներում. լինելով ջանասեր Աստծո պատվիրանները պահելիս բոլոր դեպքերում. խնդրելով ինչ բաների կարիք որ դուք ունեք՝ և հոգևոր և աշխարհիկ. միշտ վերադարձնելով գոհություն Աստծուն, ինչ բաների համար որ դուք ստանում եք»:

Եթե աղոթեք, եթե խոսեք Աստծո հետ, և, եթե ձեր սիրելիի համար օգնություն աղերսեք, և, եթե դուք շնորհակալություն հայտնեք Նրան, ոչ միայն օգնության, այլև համբերության և մեղմության համար, որոնք գալիս են անմիջապես, կամ գուցե երբևէ չստանալով այն բոլորը, որ դուք փափագում եք, ապա ես խոստանում եմ ձեզ, որ դուք ավելի կմոտենաք Նրան։ Դուք ջանասեր և երկայնամիտ կդառնաք։ Եվ ապա, ամեն բան, որ կարող էիք անել՝ օգնելու ձեր սիրելիին և նրանց, ում համար աղոթում էիք՝ առաջնորդվելու ճանապարհից շեղվելու սատանայի փորձերի միջով, դուք կարող եք իմանալ, որ ամեն բան արել եք։

«Բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի»:

Մենք կարող ենք հույս գտնել ընտանեկան սուրբգրային գրանցումներում։ Մենք կարդում ենք նրանց մասին, ովքեր հեռացան իրենց ուսուցանված բաներից, կամ ներման համար գոտեմարտում էին Աստծո հետ, ինչպես Ալմա Կրտսերը, Մոսիայի որդիները և Ենովսը։ Իրենց ճգնաժամային պահերին նրանք հիշեցին իրենց ծնողների խոսքերը՝ Հիսուս Քրիստոսի վարդապետության խոսքերը։ Հիշելը փրկեց նրանց։ Այդ սրբազան վարդապետության ձեր ուսուցումը կհիշվի:

Ես վկայություն եմ բերում Հիսուս Քրիստոսի պարզ վարդապետությունը Երկնային Հոր զավակներին ուսուցանելու սրբազան աշխատանքի մասին, վարդապետություն, որը թույլ է տալիս մեզ հոգեպես մաքրվելու և ի վերջո հրավիրվելու Աստծո ներկայություն՝ փառքով ապրելու Նրա և Նրա Որդու հետ, հավիտյան։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: