Սուրբ գրություններ` հավատքի հիմքը
Մենք չենք կարող թերագնահատել սուրբ գրությունների նշանակությունը` ինչպես դարձի գալու, այնպես էլ ավետարանում հավատարիմ մնալու գործում։
Ես և կինս` Մարին, վերջերս մի վերնաշապիկ տեսանք, որի վրա կային մի գրքի պատկեր և մի հաղորդագրություն, որն ասում էր. «Գիրք. բնօրինակ ձեռքի սարք»:
Ես մտածեցի այս հետաքրքիր ուղերձի մասին և թե որքան նշանակալից են դարձել բոլոր տեսակի ձեռքի սարքերը: Ավելի շատ խորհելով, ես հասկացա, որ ցանկացած սարք, նույնիսկ արհեստական բանականությամբ հագեցած սարքը, երբեք չի լինի այնքան կարևոր կամ նշանակալից, որքան հոգևոր առաջնորդությունը, որը բխում է աստվածային հայտնությունից:
Լինի ձեռքի, թե թվայնացված, հետևյալ սուրբ գրությունները՝ Սուրբ Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը. Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին, հաղորդում են հոգևոր առաջնորդություն և ուսուցում Հիսուս Քրիստոսի` աշխարհի Փրկչի կողմից: Մենք արժևորում ենք այս գրքերը` Աստծո ուղղորդումը հնադարյան մարգարեներին և ժողովրդին, փաստագրելու դրանց խորիմաստ դերի համար և այն առաջնորդության, որ դրանք տրամադրում են մեզ` մեր անձնական կյանքում:
Համակցված կենդանի մարգարեների ուսմունքների հետ, այս սուրբ գրությունները վարդապետական ուղղություն են տալիս մեզ այսօրվա աշխարհում: Այս սուրբ գրությունները ամենազորավորն են, երբ հրահանգում, ուղղում են, հանգստություն և մխիթարություն են տալիս անհատներին և ընտանիքներին, որոնք առաջնորդություն են փնտրում Տիրոջից:
Սուրբ գրությունները, համակցված Սուրբ Հոգու կողմից հոգևոր ոգեշնչման հետ, շարունակում են հանդիսանալ հիմնական աղբյուր, հեշտացնելով այն մարդկանց դարձը, որոնք ունեն կոտրված սրտեր և ապաշխարող հոգիներ և ցանկանում են հետևել Հիսուս Քրիստոսին: Սուրբ գրություններն օգնում են կառուցել հիմք, որը կարող է դիմակայել հավատքը խարխլելու հակառակորդի մշտական ջանքերին։
Նորադարձներն օրհնել են և եղել Եկեղեցու կենսատու արյունը նրա պատմության ողջ ընթացքում: Մի օրինակ հատկապես թանկ է ինձ համար: Երբ ես երիտասարդ եպիսկոպոս էի, երկու հրաշալի քույր միսիոներներ ուսուցանում էին Վիլյամ Էդուարդ Մուսմանի ընտանիքին: Հայրը, որը շատ հմուտ իրավաբան էր, խոշոր կորպորացիայի գլխավոր խորհրդականն էր: Նրա նվիրյալ կինը՝ Ջանեթը, օգնում էր ընտանիքին ապրել ավելի քրիստոսանման կյանքով։
Նրանց բացառիկ որդին ու դուստրը, երկուսն էլ 20-ն անց, նույնպես ուսուցանվում էին: Ընտանիքի բոլոր չորս անդամները ստացել էին դասերը և հաճախում էին եկեղեցի: Քույր միսիոներները հորդորել էին ընթերցել Մորմոնի Գիրքը և աղոթել այդ սուրբ գրության վերաբերյալ վկայություն ստանալու համար: Զարմանալիորեն, ընտանիքը կարճ ժամանակում աղոթքով կարդաց ամբողջ Մորմոնի Գիրքը:
Ցցի միսիոներները, որոնք երկուսն էլ նախկինում եղել էին ծխի Սփոփող միության նախագահներ, ուղեկցում էին նրանց հաղորդության ժողովներին:
Երբ այդ ընտանիքի մկրտությունը մոտ էր, նրանք ստացան Եկեղեցուն քննադատող գրականության մի տարափ: Սա համացանցից առաջ էր, բայց նյութը լցրեց մի մեծ ստվարաթղթե տուփ:
Քույր միսիոներները հրավիրեցին ինձ՝ որպես վերջերս կանչված 34-ամյա եպիսկոպոսի, օգնելու պատասխանել բարձրացված հարցերին: Երբ մենք հավաքվեցինք նրանց հյուրասենյակում, Եկեղեցուն քննադատող բրոշյուրների մեծ տուփը սենյակի մեջտեղում էր: Ես աղոթքով էի մոտեցել այդ հանձնարարությանը: Բացիչ աղոթքի ընթացքում Հոգին շշնջաց ինձ. «Նա արդեն գիտի, որ այն ճշմարիտ է»: Սա շատ կարևոր էր։ Քույրերը հավատում էին, որ ընտանիքի մնացած մասը ուներ վկայություն: Նրանք համոզված չէին հոր վերաբերյալ:
Ես անմիջապես հաղորդեցի նրան, որ Հոգին հուշել էր ինձ, որ նա արդեն վկայություն ունի: «Դա ճի՞շտ էր»: Նա ուշադիր նայեց ինձ և ասաց, որ Հոգին հաստատել է Մորմոնի Գրքի և Եկեղեցու ճշմարտացիությունը իրեն:
Այնուհետև ես հարցրի, թե արդյոք անհրաժեշտ կլինի վերանայել բրոշյուրները, եթե իրենք արդեն իսկ ունեն հոգևոր հաստատում:
Հայրը պատասխանեց, որ դրա կարիքը չկա։ Ընտանիքի մնացած մասը համաձայնվեց նրա պատասխանի հետ:
Նա ասաց, որ իսկապես կարևոր հարց ուներ. Եկեղեցու դեմ այդքան գրականություն ստանալու պատճառներից մեկն այն էր, որ նրանք այլ հավատքի անդամներ էին: Բացի այդ, նա մեծ գրավ էր տվել, որ այդ հավատքի մարդկանց համար նոր ժողովատուն կառուցվեր: Նա տեղեկացրեց ինձ, որ քույր միսիոներներն ուսուցանել էին իրեն տասանորդի կարևորության մասին, որը նա երախտագիտությամբ ընդունել էր, բայց նա մտածում էր, թե արդյո՞ք սխալ կլիներ հարգել նաև նախկինում տված գրավը: Ես վստահեցրի նրան, որ գրավի վճարումը կլինի և պատվաբեր, և տեղին։
Ողջ ընտանիքը մկրտվեց։ Մեկ տարի անց նրանք կնքվեցին որպես ընտանիք Օուքլենդի (Կալիֆորնիա) տաճարում: Ես արտոնություն ունեցա ներկա գտնվել։ Որդին ավարտեց իրավաբանական դպրոցը, հանձնեց Կալիֆորնիայի իրավաբանի քննությունը և անմիջապես հավատարիմ միսիա ծառայեց Ճապոնիայում: Տարիների ընթացքում ես հետևել եմ, թե ինչպես հաջորդող սերունդները հավատարիմ մնացին ավետարանին: Ես պատիվ ունեցա սպասավորելու թոռնուհիներից մեկի կնքումը։
Դարձերը, որոնք տեղի են ունենում մեր օրերում, նույնքան ուշագրավ են: Անցյալ հունիսին ես, մարզիչ Էնդի Ռեյդը՝ Կանզաս Սիթի Չիֆսի գլխավոր ֆուտբոլային մարզիչը ու մի շարք ուրիշ մարդիկ, ներկայացնելով մեր հավատքը և այլ հավատքներ, ելույթ ունեցանք Նյու Յորքի Ռիվերսայդի եկեղեցում տեղի ունեցած բազմադավան միջոցառման ժամանակ: Մարզիչ Ռեյդը շեշտեց երկրորդ հնարավորություններին և հրավերներին արձագանքելու կարևորությունը, ինչի մասին է ողջ Հիսուս Քրիստոսի ավետարանը: Հաջորդ առավոտ մեր կանանց` Թամի Ռեյդի և Մարիի հետ մենք գնացինք հաղորդության ժողովին Մանհեթենի Երկրորդ Ծխում։ Դա հոգևոր ծառայություն էր: Հավաքվածների մեջ կային շատ նորադարձներ։ Վերջերս մկրտված հինգ անդամներ՝ չորս տղամարդ և մեկ երիտասարդ, Ահարոնյան Քահանայության անդամների թվում էին, որոնք բաժանում էին հաղորդությունը: Ես ուրախ եմ հայտնել, որ նոր անդամների նման հոսք է տեղի ունենում ամբողջ Եկեղեցում:
Մենք երախտապարտ ենք նրանց նկատելի աճի համար, ովքեր արձագանքում են սուրբ հրավերներին, փոխում են իրենց կյանքը և ընդունում Հիսուս Քրիստոսին հետևելու հնարավորությունը: Նրանք մտնում են ուխտի ուղի՝ հավատքի, ապաշխարության, մկրտության և հաստատման միջոցով, ինչպես ուսուցանվում է Սուրբ Աստվածաշնչում և Մորմոնի Գրքում:
Մենք չենք կարող թերագնահատել սուրբ գրությունների նշանակությունը` ինչպես դարձի գալու, այնպես էլ ավետարանում հավատարիմ մնալու գործում։ Մորմոնի Գրքի մարգարեները գիտեին Հիսուս Քրիստոսի առաքելության մասին և ուսուցանում էին Նրա ավետարանը: Մորմոնի Գիրքն օգնում է մեզ ավելի մոտենալ Աստծուն, երբ մենք սովորում, հասկանում և կիրառում ենք դրա ուսմունքները: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է, որ «ապրելով ըստ [այս գրքի] ցուցումների, մարդ ավելի շատ կմոտենա Աստծուն, քան ըստ որևէ այլ գրքի ցուցումների»:
Որպեսզի իմանանք, որ Մորմոնի Գիրքն Աստծո խոսքն է, մենք պետք է կարդանք այն, խորհենք և աղոթենք նրա մասին և ապա գործենք համաձայն նրա ցուցումների: Մորոնի մարգարեն խոստացել է, որ Աստված մեզ կհայտնի գրքի մասին ճշմարտությունը, երբ մենք աղոթենք մաքուր սրտով, անկեղծ միտումով և հավատք ունենալով առ Քրիստոս: Մորմոնի Գրքի ուսումնասիրությունը կարևոր է հարատև դարձի համար:
Եթե դիտարկենք Աստվածաշնչի և Մորմոնի Գրքի միջև փոխհարաբերությունը որպես ձեռքի սարքեր, այսպիսի հարց կարող են տալ։ Ի՞նչ եք կարծում, որքան օգտակար և իրար լրացնող կլինեն երկու գրքերը, եթե Տերը հայտարարել է, որ դրանք կմիավորվեն միասին և «մեկ կդառնան քո ձեռքում»: Դա այն է, ինչ Տերը հայտարարել է «Հուդայի փայտի» մասին՝ Աստվածաշնչում և «Հովսեփի փայտի» մասին՝ Մորմոնի Գրքում:
Շատ նշանակալի ուղիներով Մորմոնի Գիրքը տալիս է հիմնարար վարդապետություն, որը լրացնում է և հիմնվում Աստվածաշնչի վրա: Հիսուս Քրիստոսի Քավության վարդապետությունը խորիմաստ օրինակ է:
Աստվածաշունչը ճշգրիտ պատմություն է տալիս Հիսուս Քրիստոսի մահկանացու ծառայության, ներառյալ Նրա մահվան և Հարության մասին: Մորմոնի Գիրքը ավելի հստակ է Հիսուս Քրիստոսի Քավության վերաբերյալ. մի բան, որ մարգարեները մանրամասնորեն բացատրել են Նրա մահից առաջ:
Ալմա գլուխ 42-ի վերնագիրը արտահայտում է Հիսուս Քրիստոսի Քավության վարդապետության կարևորությունը:
Այնտեղ կարդում ենք․ «Մահկանացու վիճակը մի փորձնական ժամանակ է՝ հնարավորություն տալու մարդուն ապաշխարել և ծառայել Աստծուն – Անկումը ողջ մարդկության վրա բերեց մարմնական ու հոգևոր մահ – Փրկագնումը գալիս է ապաշխարության միջոցով – Աստված Ինքն է քավում աշխարհի մեղքերի համար – Ողորմությունը նրանց համար է, ովքեր ապաշխարում են – Մնացած բոլորը ենթակա են Աստծո արդարադատությանը – Ողորմությունը գալիս է Քավության շնորհիվ – Միայն ճշմարիտ զղջացողներն են փրկվում»:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է. «Երբ դուք աղոթքով ամեն օր, ուսումնասիրեք Մորմոնի Գիրքը, դուք ավելի լավ որոշումներ կկայացնեքամեն օր»: Նա նաև խոստանում է, որ եթե «դուք ամեն օր խորասուզվեք Մորմոնի Գրքի ընթերցանության մեջ, դուք կարող եք պաշտպանված լինել օրվա չարիքից»:
Ինչպես նշեցի, տպավորված էի բնօրինակ ձեռքի սարքի` գրքի գաղափարով: Այնուամենայնիվ, ես գիտակցում եմ համացանցի աներևակայելի նշանակությունն այսօրվա աշխարհում: Մեկ ժամանակակից ձեռքի սարքը կարող է ապահովել տեղեկություններ, որոնք անցյալում լցրել են մի մեծ գրադարան: Մենք երախտապարտ ենք՝ ապրելով այսպիսի ժամանակաշրջանում: Ես հատկապես երախտապարտ եմ, որ այն թույլ է տալիս թվայնացված տարբերակով ունենալ սուրբ գրքերը և Եկեղեցու նյութերը։ Համացանցը հզոր գործիք է ավետարանն ուսումնասիրելու համար: Բազմաթիվ մարդիկ աշխարհում այսօր ընկերների հետ կիսվում են սուրբ գրություններով`օգտագործելով տեխնոլոգիաները: Մորմոնի Գիրք հավելվածը, օրինակ, հրաշալի միջոց է ընկերներին Մորմոնի Գրքի հետ ծանոթացնելու համար և կարող եք հեշտությամբ կիսվել սովորական եղանակով, որտեղ էլ որ լինեք:
Չնայած համացանցը շատ օրհնություններ է տալիս, դժբախտաբար, Եկեղեցու մասին գրված քննադատական բրոշյուրների նման, որոնց մասին ես խոսեցի ավելի վաղ, այն նաև օգտագործվում է կասկած հարուցելու համար և խաթարելու հավատքը՝ ավետարանի թանկարժեք սկզբունքների հանդեպ: Այն կարող է լինել «օրվա չարիք», որի մասին նշել է նախագահ Նելսոնը:
Հակառակորդը և նրանք, ովքեր օգնում են նրան, գիտակցաբար կամ ակամա, համացանցում ստեղծել են Եկեղեցու մասին այն գրավոր նյութերով լի տուփի համարժեքը, որը ես նկարագրեցի ավելի վաղ, նպատակ ունենալով ձեզ հեռացնել Աստծո ճշմարտությունից:
Տարիների ընթացքում բարձրացված խնդիրները կասկած առաջացնելու համար զարմանալիորեն նույնանման են եղել: Սա հատկապես ճշմարիտ է, երբ համեմատեք մեր օրերը 1960-ականների հետ, երբ ես 20 տարեկան էի:
Սուրբ գրություններն ուսուցանում են մեզ օգտագործել դատողություն և լինել իմաստուն բոլոր բաներում: Համացանցը կարող է օգտագործվել ինչպես դրական ձևով, այնպես էլ՝ կործանարար:
Ինչպես հին անդամները, այնպես էլ նրանք, ովքեր նոր են ուսումնասիրում ավետարանը, պետք է խորամիտ լինեն, թե ինչ են դիտում: Մի դիտեք անբարոյական, անազնիվ կամ անարդար նյութեր: Եթե այդպես վարվեք, ալգորիթմները կարող են ձեզ վար տանել դեպի մի ուղի, որը կործանում է հավատքը և խաթարում ձեր հավերժական առաջընթացը: Դուք կարող եք ներգործվել թե դրական, թե բացասական ազդեցությունից: Ձգտեք արդարակեցության և խուսափեք համացանցում նապաստակի մութ բներից և բացասական կործանարար նյութեր որոնելուց: Լցրեք ձեր կյանքը դրական, արդարակյաց գաղափարներով, եղեք ուրախ, զվարճացեք, բայց խուսափեք հիմարությունից: Կա տարբերություն: Հավատո 13-րդ հանգանակը հիանալի ուղեցույց է: Ամենից առաջ, կանոնավոր կերպով ընկղմվեք Մորմոնի Գրքի մեջ, որը Հոգին կբերի ձեր կյանք և կօգնի ձեզ տարբերել ճշմարիտը սխալից:
Իմ խորհուրդն է նրանց, ովքեր ինչ-որ ձևով հեռացել են ուխտի արահետից, որ վերադառնան դեպի սուրբ գրությունները, մարգարեական առաջնորդությունը, տանն ավետարանի սկզբունքներին հետևելը և դեպի հոգևոր երաժշտությունը: Յուրաքանչյուր հոգի թանկ է Տիրոջ համար: Մենք ունենք ձեր կարիքը: Տերը ձեր կարիքն ունի, իսկ դուք ունեք Նրա կարիքը: Դուք միշտ ողջունելի կլինեք: Եկեղեցական իմ ծառայության բազում տարիների ընթացքում ես փայփայել եմ այն հիանալի մարդկանց, ովքեր վերադարձան ուխտի արահետ, իսկ հետո ծառայեցին ու օրհնեցին բոլորին, ում սիրում էին կամ ում հետ շփում էին ունեցել:
Սուրբ գրությունները և կենդանի մարգարեները հիմնական միջոցն են, որոնցով սիրառատ Երկնային Հայրը Իր երջանկության ծրագիրը հասանելի է դարձնում իր բոլոր զավակներին:
Ես բերում եմ իմ ամուր վկայությունը Հիսուս Քրիստոսի աստվածայնության և Նրա Քավության իրականության մասին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: