Թաղենք մեր ապստամբության զենքերը
Թող որ մենք շատ, շատ խորը թաղենք Աստծո դեմ ապստամբության ցանկացած տարր մեր կյանքում և փոխարինենք այն պատրաստակամ սրտով ու պատրաստակամ մտքով:
Մորմոնի Գիրքը արձանագրում է, որ Քրիստոսի ծնունդից մոտ 90 տարի առաջ Մոսիա թագավորի որդիները սկսեցին իրենց 14-ամյա միսիան լամանացիների մոտ։ Շատ սերունդների ընթացքում անհաջող ջանքեր էին գործադրվել լամանացի ժողովրդին բերելու Քրիստոսի վարդապետության հավատքի: Այս անգամ, սակայն, Սուրբ Հոգու հրաշագործ միջամտությունների շնորհիվ հազարավոր լամանացիներ դարձի եկան և Հիսուս Քրիստոսի աշակերտներ դարձան:
Կարդում ենք․ «Եվ հաստատ, ինչպես կենդանի է Տերը, նույնքան հաստատ է, որ բոլոր նրանք, ովքեր հավատացին, կամ բոլոր նրանք, ովքեր բերվեցին ճշմարտության իմացությանը՝ Ամմոնի և նրա եղբայրների քարոզելու միջոցով, համաձայն հայտնության և մարգարեության ոգու և Աստծո զորության, գործելով հրաշքներ նրանց մեջ, այո, ես ասում եմ ձեզ, ինչպես կենդանի է Տերը, Լամանացիներից բոլոր նրանք, որ հավատացին նրանց քարոզելուն և դարձի եկան առ Տերը, երբեք չհեռացան»:
Այս ժողովրդի երկարատև դարձի բանալին տրված է մյուս հատվածում․ «Քանզի նրանք դարձան մի արդար ժողովուրդ. նրանք վայր դրեցին իրենց ապստամբության զենքերը, այնպես որ այլևս չկռվեցին Աստծո դեմ, ոչ էլ իրենց եղբայրներից որևէ մեկի դեմ»:
Այս արտահայտությունը՝ «ապստամբության զենքերը», և բառացի, և փոխաբերական էր: Դա նշանակում էր՝ ոչ միայն նրանց սրերը և պատերազմի այլ զենքերը, այլև իրենց անհնազանդությունը Աստծուն և Նրա պատվիրաններին:
Այս դարձի եկած լամանացիների թագավորն այսպես է արտահայտել դա․ «Եվ այժմ ահա, իմ եղբայրներ, … այն ամենը, ինչ մենք կարող էինք անել` … ապաշխարել բոլոր մեր մեղքերից և բազմաթիվ սպանություններից, որոնք մենք գործել ենք, և համոզել Աստծուն վերցնել դրանք մեր սրտերից, քանզի այն ամենը, ինչ մենք կարող էինք անել՝ բավականաչափ ապաշխարել Աստծո առաջ, որպեսզի նա վերացնի մեր արատը»։
Նկատի ունեցեք թագավորի խոսքերը. նրանց անկեղծ ապաշխարությունը հանգեցրել էր ոչ միայն իրենց մեղքերի ներման, այլև Աստված նրանց սրտից վերացրեց այդ մեղքերի արատը և նույնիսկ մեղք գործելու ցանկությունը: Ինչպես գիտեք, Աստծո դեմ ապստամբության իրենց նախկին վիճակին վերադառնալու վտանգին գնալու փոխարեն նրանք թաղեցին իրենց սրերը: Եվ երբ նրանք թաղեցին իրենց ֆիզիկական զենքերը փոխված սրտերով, նրանք թաղեցին նաև մեղք գործելու իրենց ցանկությունը:
Մենք կարող ենք հարցնել ինքներս մեզ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի հետևենք այս օրինակին, «վայր դնելու մեր ապստամբության զենքերը», ինչ էլ որ դրանք լինեն, և դառնանք այնքան «դարձի եկած առ Տերը», որ մեղքի արատը և մեղքի ցանկությունը վերացվեն մեր սրտերից, և մենք երբեք չհեռանանք:
Ապստամբությունը կարող է լինել ակտիվ կամ պասիվ: Կանխամտածված ապստամբության դասական օրինակը Լյուցիֆերն է, որը նախաերկրային աշխարհում հակադրվեց Հոր փրկագնման ծրագրին և համախմբեց այլոց նույնպես ընդդիմանալ դրան, «և այդ օրը շատերը հետևեցին նրան»: Դժվար չէ տարբերել նրա շարունակական ապստամբության ազդեցությունը մեր ժամանակներում:
Մորմոնի Գրքի հակաքրիստոսների՝ Սերեմի, Նեորի և Կորիհորի անսուրբ եռյակը տրամադրում է Աստծո դեմ ակտիվ ապստամբության դասական ուսումնասիրություն: Նեորի և Կորիհորի հիմնական դրույթն այն էր, որ չկա մեղք, հետևաբար, ապաշխարության կարիք չկա, և Փրկիչ չկա: «Ամեն մարդ առաջադիմ[ում] է՝ համաձայն իր հանճարի, և … ամեն մարդ հաղթ[ում] է՝ համաձայն իր ուժի. և ինչ որ մարդ [անում է], հանցագործություն չէ»։ Հակաքրիստոսը մերժում է կրոնական իշխանությունը՝ բնորոշելով արարողություններն ու ուխտերը որպես ծիսակատարություններ, «որոնք հիմնադրված են հնադարյան քահանաների կողմից, զավթելու զորություն[ը] և իշխանություն[ը]»:
Ավելի երջանիկ ավարտով ակտիվ ապստամբության վերջին օրերի օրինակը Ուիլյամ Վ. Ֆելփսի պատմությունն է: Ֆելփսը միացավ Եկեղեցուն 1831 թվականին և նշանակվեց Եկեղեցու տպագրիչ: Նա խմբագրել է վաղ Եկեղեցու որոշ հրատարակված գործեր, գրել է բազմաթիվ օրհներգեր և ծառայել է որպես Ջոզեֆ Սմիթի գրագիր: Դժբախտաբար, նա դեմ կանգնեց Եկեղեցուն և մարգարեին, նույնիսկ Միսսուրիի դատարանում կեղծ վկայություն տվեց Ջոզեֆ Սմիթի դեմ, ինչը նպաստեց մարգարեի բանտարկությանն այնտեղ:
Ավելի ուշ Ֆելփսը գրեց Ջոզեֆին՝ ներում խնդրելով։ «Ես գիտեմ իմ իրավիճակը, դու դա գիտես, և Աստված դա գիտի, և ես ուզում եմ փրկվել, եթե իմ ընկերները օգնեն ինձ»։
Իր պատասխան նամակում Մարգարեն հայտարարեց․ «Ճշմարիտ է, որ մենք շատ ենք տառապել քո վարքի հետևանքով։ Ինչևէ, բաժակն արդեն խմվել է, մեր Երկնային Հոր կամքը կատարվել է, և մենք դեռևս կենդանի ենք։ … Արի, սիրելի եղբայր, որովհետև պատերազմն անցյալում է, քանզի նախկին ընկերները, ի վերջո, ընկերներ են կրկին»։
Անկեղծ ապաշխարությամբ Ուիլյամ Ֆելփսը թաղեց իր «ապստամբության զենքերը», ևս մեկ անգամ ընդունվեց լիակատար ընկերակցությամբ և այլևս երբեք չհեռացավ:
Աստծո դեմ ապստամբության ավելի նենգ ձևը, թերևս, պասիվ տարբերակն է՝ անտեսել Նրա կամքը մեր կյանքում։ Շատերը, ովքեր երբեք դա չեն համարի ակտիվ ապստամբություն, կարող են դեռևս հակադրվել Աստծո կամքին և խոսքին, հետամուտ լինելով իրենց սեփական ուղուն՝ առանց հաշվի առնելու աստվածային առաջնորդությունը: Հիշում եմ երգիչ Ֆրենկ Սինատրայի տարիներ առաջ հայտնի դարձած երգը՝ ամբագոռգոռ տողով. «Ես դա արեցի իմ ձևով»։ Անշուշտ, կյանքում շատ տեղ կա անձնական նախապատվության և անհատական ընտրության համար, բայց երբ խոսքը վերաբերում է փրկության և հավերժական կյանքի հարցերին, մեր թեմատիկ երգը պետք է լինի «Ես դա արել եմ Աստծո ձևով», քանի որ իսկապես այլ ճանապարհ չկա:
Վերցրեք, օրինակ, մկրտվելու վերաբերյալ Փրկչի օրինակը։ Նա ներկայացավ մկրտության՝ որպես Հոր հանդեպ հավատարմության դրսևորում և մեզ՝ որպես օրինակ․
«Նա ցույց է տալիս մարդկանց զավակներին, որ ըստ մարմնի նա իրեն խոնարհեցնում է Հոր առաջ, և վկայում է Հորը, որ նա հնազանդ կլինի նրան՝ նրա պատվիրանները պահելիս:…
«Եվ նա ասել է մարդկանց զավակներին. Հետևիր ինձ: Ուստի, իմ սիրելի եղբայրներ, կարո՞ղ ենք մենք հետևել Հիսուսին, եթե մենք հոժար չլինենք՝ պահելու Հոր պատվիրանները»։
Չկա «իմ ձևը», եթե մենք պետք է հետևենք Քրիստոսի օրինակին: Դեպի երկինք այլ ընթացք գտնելու փորձը նման է Բաբելոնի աշտարակի վրա աշխատելու ապարդյունությանը, այլ ոչ թե Քրիստոսին և Նրա փրկությունն ընդունելուն:
Սրերը և այլ զենքերը, որոնք թաղեցին դարձի եկած լամանացիները, ապստամբության զենքեր էին՝ դրանց օգտագործման նպատակի պատճառով: Այդ նույն զենքերը, որոնք նրանց որդիների ձեռքում էին և օգտագործվում էին ընտանիքի և ազատության պաշտպանության համար, ամենևին էլ ապստամբության զենքեր չէին Աստծո դեմ: Նույնը ճշմարիտ էր նեփիացիների զենքերի վերաբերյալ․ «Նրանք չէին կռվում միապետության, ոչ էլ իշխանության համար, այլ նրանք կռվում էին իրենց տների և իրենց ազատության, իրենց կանանց և իրենց երեխաների և իրենց ամեն ինչի համար, այո, իրենց պաշտամունքի ծեսերի և իրենց եկեղեցու համար»։
Նմանապես, մեր կյանքում կան բաներ, որոնք կարող են լինել չեզոք կամ նույնիսկ բնականորեն լավ, բայց օգտագործվելով սխալ ձևով, դառնում են «ապստամբության զենքեր»: Օրինակ՝ մեր խոսքը կարող է բարձրացնել կամ նսեմացնել: Ինչպես Հակոբոսն է ասել․
«Բայց մարդկանց լեզուն ոչ ոք չի կարող հնազանդեցնել. նա անզուսպ ու չար է՝ մահաբեր թույնով լցված»:
«Նրանով օրհնում ենք Տիրոջը և Հորը, նրանով նաև անիծում ենք մարդկանց, որ Աստծու նմանությամբ են ստեղծված»։
«Միևնույն բերանից դուրս են գալիս օրհնություն և անեծք»։ «Պետք չէ, եղբայրներ, որ դա այդպես լինի»։
Այսօր հանրային և անձնական խոսույթում շատ բան կա, որը չարամիտ է և արատավոր: Խոսքը շատ պղծություն և հայհոյանք է պարունակում, նույնիսկ երիտասարդների մոտ։ Այդպիսի խոսքը «ապստամբության զենք» է Աստծո դեմ ՝ «մահաբեր թույնով լի»:
Մտորեք մեկ այլ օրինակի շուրջ, որն ըստ էության, լավն է, բայց կարող է շրջվել աստվածային ուղղորդումների դեմ. դա մարդու կարիերան է: Մարդը կարող է իրական բավարարվածություն գտնել մասնագիտության, կոչման կամ ծառայության մեջ, և մենք բոլորս շահում ենք այն ամենից, ինչին նվիրված ու տաղանդավոր մարդիկ հասնում և ստեղծում են շատ բնագավառներում։
Այնուհանդերձ, հնարավոր է, որ նվիրվածությունը կարիերային դառնա մարդու կյանքի գլխավոր կենտրոնացումը: Այնուհետև մնացած ամեն ինչ դառնում է երկրորդական, ներառյալ ցանկացած պահանջ, որը Փրկիչը կարող է ներկայացնել անձի ժամանակի և տաղանդի հանդեպ։ Թե տղամարդկանց և թե կանանց համար ամուսնության վերոհիշյալ օրինական հնարավորություններից հրաժարվելը, կողակցին հարելու և աջակցելու հարցում թերանալը, ձախողումը երեխաներին դաստիարակելիս, կամ նույնիսկ երեխայի դաստիարակության օրհնությունից և պատասխանատվությունից միտումնավոր խուսափելը՝ բացառապես կարիերայի առաջխաղացման համար, կարող է գովելի ձեռքբերումը վերածել ապստամբության ձևի։
Մեկ այլ օրինակ վերաբերում է մեր ֆիզիկական էությանը: Պողոսը հիշեցնում է մեզ, որ մենք պետք է փառաբանենք Աստծուն մարմնով և հոգով, և որ այս մարմինը Սուրբ Հոգու տաճարն է, «որն Աստծուց ունեք, և դուք ձերը չեք»: Այսպիսով, մենք օրինական հետաքրքրություն ունենք մեր մարմնի մասին լավագույնս հոգ տանելու նպատակով ժամանակ ծախսելու համար: Մեզանից քչերը կհասնեն կատարման այն գագաթնակետին, որը մենք տեսել ենք վերջերս՝ օլիմպիական և պարաօլիմպիկ մարզիկների նվաճումներում, մինչդեռ մեզանից ոմանք զգում են տարիքի ազդեցությունը, կամ այն, ինչ նախագահ Մ․ Ռասսել Բալլարդն անվանել է՝ «ամրակապիչները արձակվում են»։
Այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ հաճո է մեր Արարչին, երբ մենք գործադրում ենք լավագույն ջանքերը, որպեսզի հոգ տանենք ֆիզիկական մարմնի Նրա հրաշալի պարգևի մասին: Ապստամբության նշան կլինի մարդու մարմինը պղծելը կամ չարաշահելը, կամ թերանալը անելու այն, ինչ մարդը կարող է անել՝ առողջ ապրելակերպին հետևելու համար: Միևնույն ժամանակ, մյուս ծայրահեղությամբ, սնափառությունը և մարդու կազմվածքով, արտաքինով կամ զգեստով տարվելը կարող են լինել ապստամբության մի ձև, ինչը հանգեցնում է մարդու երկրպագությանը Աստծո պարգևին՝ Աստծո փոխարեն:
Ի վերջո, Աստծո դեմ մեր ապստամբության զենքերը թաղելը ուղղակի նշանակում է ենթարկվել Սուրբ Հոգու հորդորներին և հանել բնական մարդուն ու դառնալ «սուրբ, Տեր Քրիստոսի քավությամբ»։ Դա նշանակում է առաջին պատվիրանը մեր կյանքում դնել առաջին տեղում։ Դա նշանակում է թույլ տալ, որ Աստված տնօրինի: Եթե Աստծո հանդեպ մեր սերը և Նրան մեր ողջ զորությամբ, մտքով և ուժով ծառայելու վճռականությունը դառնա այն ոսկե միջոցը, որով մենք դատում ենք ամեն ինչ և կայացնում մեր բոլոր որոշումները, մենք թաղած կլինենք մեր ապստամբության զենքերը: Քրիստոսի շնորհով Աստված կների մեր մեղքերն ու անցյալի ապստամբությունները և կվերացնի այդ մեղքերի ու ապստամբությունների արատը մեր հոգիներից: Ժամանակի ընթացքում Նա նույնիսկ չարության ցանկացած ցանկություն կվերացնի մեր սրտերից, ինչպես Նա արեց անցյալի լամանացի նորադարձներին: Այնուհետև մենք նույնպես «երբեք չենք հեռանա»:
Մեր ապստամբության զենքերը թաղելը տանում է դեպի յուրահատուկ երջանկություն։ Բոլոր նրանց հետ, ովքեր դարձի են եկել առ Տերը, մենք «բերվել ենք՝ երգելու քավիչ սիրո երգը»: Մեր Երկնային Հայրը և Նրա Որդին՝ մեր Քավիչը, հաստատել են իրենց անվերջանալի նվիրվածությունը մեր վերջնական երջանկությանը՝ ամենախոր սիրո և զոհաբերության միջոցով: Մենք ամեն օր զգում ենք նրանց սերը: Անշուշտ, մենք կարող ենք փոխադարձաբար պատասխանել մեր սիրով և հավատարմությամբ: Թող որ մենք շատ, շատ խորը թաղենք Աստծո դեմ ապստամբության ցանկացած տարր մեր կյանքում և այն փոխարինենք պատրաստակամ սրտով և պատրաստակամ մտքով: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: