2024
Սրբություն Տիրոջը առօրյա կյանքում
Նոյեմբեր 2024


14:17

Սրբություն Տիրոջը առօրյա կյանքում

Սրբություն Տիրոջը առօրյա կյանքը դարձնում է սրբազան: Դա մեզ ավելի է երջանկացնում ու մոտեցնում Տիրոջը և միմյանց:

Գոնգերի ընտանիքի մեր վերջին վերամիավորումը ներառում էր զվարճալի տաղանդների ցուցադրում, որն ավարտվում էր լրացվում էր «հայրիկի կատակներ» մրցույթով։

Բայց այս մրցույթն անսովոր էր։ Մի թիմում պապիկն էր (ես) և թոռնուհիներից երկուսը` 12 և 11 տարեկան: Մյուս թիմում արհեստական բանականության ծրագիրն էր (ԱԲ), որին զարմիկ Պիտերը հրահանգում էր Գերիթ Վ․ Գոնգի ոճով կատակներ անել։ Պապիկ Գերիթ Գոնգը ընդդեմ ԱԲ Գերիթ Գոնգի։

Ես և թոռնուհիները առաջինը սկսեցինք։

Ի՞նչ եք անվանում այն դինոզավրին, որը վթարի է ենթարկում իր մեքենան: Տիրանոզավր ռեքս։

ԱԲ Գերիթ Գոնգը հրահանգ ստացավ՝ մտածիր Գերիթ Վ. Գոնգի նման: Խոսիր նրա նման։

ԱԲ Գերիթ Գոնգն ասաց․ «Ահա հայրիկի կատակը, ասես Գերիթ Վ. Գոնգն էր խոսում՝ նրա ջերմ, խոհուն և ոգևորող ոճով. Ինչո՞ւ խոնարհ ծառը ստիպեց մարդկանց ժպտալ: Որովհետև այն արմատացած էր սիրո մեջ և ձեռք էր մեկնում բարության ճյուղերով: Ինչպես այդ ծառը, մենք նույնպես կարող ենք ուժ գտնել մեր արմատներում և ուրախություն՝ ուրիշների հանդեպ բարություն ցուցաբերելով»։

Դե, ի՞նչ եք կարծում: Ահա, թե ինչու են դրանք կոչվում հայրիկի կատակներ։

Մեր շուրջբոլորը ծիծաղելու, ուրախանալու և երախտապարտ լինելու հնարավորություններ են։ Մերը ուրախության և սրբության ավետարան է առօրյա կյանքում: Սրբությունն առանձնացնում է այն բաները, որոնք սրբազան նպատակի համար են։ Բայց սրբությունը նաև հրավիրում է մեզ առօրյա կյանքը լցնել սրբությամբ՝ ուրախանալ հանապազօրյա հացով՝ այս աշխարհի տատասկների ու փշերի մեջ: Տիրոջ հետ քայլելու համար մենք պետք է սուրբ դառնանք, քանի որ Նա սուրբ է, և որպեսզի օգնի մեզ սուրբ դառնալ, Տերը հրավիրում է մեզ քայլել Իր հետ։

Յուրաքանչյուրս պատմություն ունի։ Երբ ես և քույր Գոնգը հանդիպում ենք ձեզ՝ Եկեղեցու անդամներին և ընկերներին շատ վայրերում և հանգամանքներում, առօրյա կյանքում սրբություն Տիրոջը ձեր պատմությունները ոգեշնչում են մեզ: Դուք ապրում եք չորս սկզբունքներով՝ հաղորդակցություն Աստծո հետ, համայնք և կարեկցանք միմյանց հանդեպ, պարտավորություն և ուխտ Աստծո, ընտանիքի և ընկերների հետ՝ կենտրոնացած Հիսուս Քրիստոսի վրա:

Աճող վկայություններն ընդգծում են այս ապշեցուցիչ փաստը. կրոնական հավատացյալները միջինում ավելի երջանիկ, առողջ և ավելի գոհ են, քան նրանք, ովքեր չունեն հոգևոր պարտավորություն կամ կապ: Երջանկություն և կյանքից բավարարվածություն, մտավոր և ֆիզիկական առողջություն, իմաստ ու նպատակ, բնավորություն ու առաքինություն, մտերիմ ընկերական հարաբերություններ, ֆինանսական և նյութական կայունություն․ յուրաքանչյուր չափանիշում կրոնական գործիչները բարգավաճում են:

Նրանք վայելում են ավելի լավ ֆիզիկական ու մտավոր առողջություն և ավելի գոհ են կյանքից՝ բոլոր տարիքային և ժողովրդագրական խմբերում:

Այն, ինչ հետազոտողներն անվանում են «կրոնական կառուցվածքային կայունություն», առաջարկում է պարզություն, նպատակ և ոգեշնչում՝ կյանքի անսպասելի իրադարձությունների ժամանակ: Հավատքի վրա հիմնված ընտանիքը և Սրբերի համայնքը պայքարում են մեկուսացման և միայնակների ամբոխի դեմ: Սրբություն Տիրոջը «ոչ» է ասում անիրավությանը, «ոչ»՝ ուրիշներին ծաղրելու հաշվին խելամիտ լինելուն, «ոչ»՝ նրանց, ովքեր գումար են վաստակում զայրույթ ու քաղաքական բևեռացում տարածող հրապարակումներով։ Սրբություն Տիրոջը ասում է «այո» այն ամենին, ինչը սրբազան և ակնածալից է, «այո»՝ մեր ամենից ազատ, երջանիկ, իրական, լավագույն եսը դառնալուն, երբ մենք հետևում ենք Նրան հավատքով:

Ինչպիսի՞ն է սրբություն Տիրոջը առօրյա կյանքում

Սրբություն Տիրոջը առօրյա կյանքում նման է երկու չափահաս երիտասարդների, որոնք ամուսնացած են մեկ տարի, և անպաշտպան կերպով իսկապես կիսում են ավետարանի ուխտերը, զոհաբերությունն ու ծառայությունը իրենց նորաբաց կյանքում:

Նա պատմում է. «Ավագ դպրոցում ես խավարի մեջ էի: Ես կարծում էի, որ Աստված իմ կողքին չէր: Մի երեկո, ընկերոջից հաղորդագրություն ստացա. «Լսիր, դու երբևէ կարդացե՞լ ես Ալմա 36 գլուխը»:

«Երբ սկսեցի կարդալ, ես խաղաղություն ու սեր զգացի: Ես զգացի, որ ինձ գրկում են։ Երբ ես կարդացի Ալմա 36.12 հատվածը, գիտեի, որ Երկնային Հայրը տեսնում էր ինձ և հստակ գիտեր, թե ինչ էի զգում»:

Նա շարունակում է. «Մինչ ամուսնանալը ես անկեղծ էի իմ փեսացուի հետ, որ տասանորդի մասին ամուր վկայություն չունեի: Ինչո՞ւ էր Աստված ցանկանում, որ մենք գումար տանք, երբ ուրիշներն այդքան շատ բան ունեին տալու: Իմ փեսացուն բացատրեց, որ գումարը կարևոր չէր, այլ՝ պատվիրանին հետևելը: Նա ինձ կոչ արեց սկսել տասանորդ վճարել:

«Ես իսկապես տեսա, որ իմ վկայությունն աճեց»,- ասում է նա: Երբեմն գումարը քիչ էր, բայց մենք տեսանք շատ օրհնություններ, և ինչ-որ կերպ վարձատրությունը բավարարում էր»:

Նաև. «Իմ բուժքույրական դասարանում,- ասում է նա,- ես Եկեղեցու միակ անդամն էի և միակ ամուսնացածը: Շատ անգամ ես դասից հեռանում էի հիասթափված կամ լաց լինելով, քանի որ զգում էի, որ դասընկերներս ինձ առանձնացնում են և բացասական մեկնաբանություններ անում իմ համոզմունքների, իմ տաճարային հագուստ կրելու կամ այդքան երիտասարդ ամուսնացած լինելու մասին»:

Ապա նա շարունակում է. «Այս անցած կիսամյակում ես սովորեցի, թե ինչպես ավելի լավ բարձրաձայնել իմ համոզմունքները և լինել ավետարանի լավ օրինակ: Իմ գիտելիքն ու վկայությունն աճեցին, քանի որ մենակ կանգնելու և հավատքում ուժեղ լինելու իմ կարողությունը փորձվեց»:

Երիտասարդ ամուսինն ավելացնում է. «Իմ միսիայից առաջ քոլեջի բեյսբոլ խաղալու առաջարկներ ունեի: Դժվար որոշումը կայացնելով՝ ես մի կողմ դրեցի այդ առաջարկները և գնացի Տիրոջը ծառայելու: Ես այդ երկու տարին ոչ մի բանի հետ չէի փոխի։

«Վերադառնալով տուն,- ասաց նա,- ես ակնկալում էի դժվար անցումային փուլ, բայց ես ավելի ուժեղ, արագաշարժ և առողջ էի: Ես ավելի լավ էի նետում գնդակը, քան գնալուց առաջ։ Ես խաղալու ավելի շատ առաջարկներ ունեի, քան երբ հեռանում էի, այդ թվում՝ իմ երազանքների դպրոցից: Եվ, ամենակարևորը,- ասաց նա,- ես ապավինում եմ Տիրոջն ավելի քան երբևէ»:

Նա եզրափակում է. «Որպես միսիոներ՝ ես ուսուցանում էի, որ Երկնային Հայրը մեզ զորություն է խոստանում մեր աղոթքներում, բայց երբեմն ես ինքս մոռանում եմ դա»:

Մեր «միսիոներական սրբություն-Տիրոջը» օրհնությունների գանձարանը հարուստ է և լի: Ֆինանսները, ժամկետները և այլ պայմանները հաճախ հեշտությամբ չեն տրվում։ Բայց երբ բոլոր տարիքի և ծագման միսիոներները սրբություն են նվիրաբերում Տիրոջը, ամեն ինչ կարող է ստացվել Տիրոջ ժամանակին և ձևով:

Այժմ՝ 48 տարի անց, տարեց միսիոները կիսվում է. «Հայրս ուզում էր, որ ես քոլեջում կրթություն ստանամ, այլ ոչ թե գնամ միսիա: Դրանից կարճ ժամանակ անց նա սրտի կաթված ստացավ և մահացավ 47 տարեկանում: Ես մեղավոր էի զգում։ Ինչպե՞ս կարող էի հաշտվել հորս հետ:

«Ավելի ուշ,- նա շարունակում է,- երբ որոշեցի ծառայել միսիայում, ես երազում տեսա հորս: Խաղաղ ու գոհ՝ նա ուրախ էր, որ ես կծառայեմ»։

Այս տարեց միսիոները շարունակում է. «Ինչպես Վարդապետություն և Ուխտեր 138 բաժինն է ուսուցանում, ես հավատում եմ, որ հայրս կարող է ծառայել որպես միսիոներ հոգիների աշխարհում: Ես պատկերացնում եմ, թե ինչպես է հայրս օգնում մեր նախապապին, որը 17 տարեկանում լքել էր Գերմանիան և կորսվել էր ընտանիքի համար, որպեսզի նորից գտնվեր»:

Նրա կինն ավելացնում է. «Ամուսնուս ընտանիքում հինգ եղբայրներից չորսը, որոնք ծառայել են միսիայում, համալսարանական կրթություն են ստացել»:

Սրբություն Տիրոջը առօրյա կյանքում նման է երիտասարդ վերադարձող միսիոների, որը սովորել է թույլ տալ, որ Աստված տնօրինի իր կյանքը: Ավելի վաղ, երբ նրան խնդրեցին օրհնել մեկին, ով շատ հիվանդ էր, այս միսիոներն ասաց. «Ես հավատք ունեմ. ես կօրհնեմ նրան, որ ապաքինվի: Այնուամենայնիվ,- ասում է վերադարձող միսիոները,- ես սովորեցի այդ պահին խնդրել ոչ թե այն, ինչ ուզում էի, այլ այն, ինչ Տերը գիտեր, որ այդ մարդուն անհրաժեշտ էր: Ես օրհնեցի այդ եղբորը խաղաղությամբ և մխիթարությամբ: Հետագայում նա կյանքից հեռացավ խաղաղությամբ»։

Սրբություն Տիրոջը առօրյա կյանքում կարծես մի կայծ լինի վարագույրի մյուս կողմից` կապելու, մխիթարելու, ամրացնելու համար: Խոշոր համալսարաններից մեկի ադմինիստրատորն ասում է, որ զգում է, որ մարդիկ, որոնց մասին ինքը միայն լսել է, աղոթում են իր համար: Այդ անհատներն իրենց կյանքը նվիրել են համալսարանին և շարունակում են հոգ տանել դրա առաքելության և ուսանողների մասին:

Մի քույր գործադրում է լավագույն ջանքերն ամեն օր, երբ նրա անհավատարիմ ամուսինը լքում է իրեն և երեխաներին: Ես խորապես հիանում եմ նրանով և նրա նման ուրիշներով: Մի օր լվացքը ծալելիս նա ձեռքը դրեց տաճարային հագուստի կույտի վրա, և հառաչելով ասաց ինքն իրեն. «Ի՞նչ իմաստ ունի»: Նա զգաց, որ մի մեղմ ձայն վստահեցրեց իրեն. «Քո ուխտերն ինձ հետ են»:

50 տարի շարունակ մեկ այլ քույր փափագում էր հարաբերություններ հաստատել իր հոր հետ։ «Մեծանալիս,- ասում է նա,- եղբայրներս ու հայրս էին, և առանձին ես՝ միակ դուստրը։ Այն ամենը, ինչ ես երբևէ ցանկանում էի, հայրիկիս համար «բավականաչափ լավը» լինելն էր:

«Հետո, մայրս մահացավ։ Նա իմ միակ կապն էր իմ և հորս միջև:

«Մի օր,- ասաց քույրը,- ես լսեցի մի ձայն, որն ասում էր. «Հրավիրիր քո հորը և տար նրան քեզ հետ տաճար»: Ես և հայրիկս սկսեցինք հանդիպել ամսական երկու անգամ Տիրոջ տանը: Ես հայրիկիս ասացի, որ սիրում եմ նրան: Նա ինձ ասաց, որ ինձ նույնպես սիրում է:

«Տիրոջ տանը ժամանակ անցկացնելը մեզ բժշկեց: Մայրս չէր կարող մեզ օգնել երկրի վրա: Հարկավոր էր, որ նա վարագույրի մյուս կողմում լիներ, որպեսզի օգներ շտկել կոտրվածը: Տաճարը ավարտեց մեր ճանապարհորդությունը դեպի ամբողջականություն՝ որպես հավերժական ընտանիք»:

Հայրն ասում է. «Տաճարի նվիրագործումը մեծ հոգևոր փորձառություն էր ինձ և իմ միակ դստեր համար: Հիմա մենք միասին ենք հաճախում և զգում ենք, որ մեր սերն ուժեղանում է»։

Սրբություն Տիրոջը առօրյա կյանքում ներառում է քնքուշ պահեր, երբ սիրելի մարդիկ մահանում են: Այս տարվա սկզբին իմ սիրելի մայրը՝ Ջին Գոնգը, իր 98-ամյակից մի քանի օր առաջ հանգիստ ու խաղաղ մահացավ:

Եթե մայրիկիս հարցնեիք․ «Ցանկանո՞ւմ ես ռոքի ռոուդ պաղպաղակ՝ սպիտակ շոկոլադով ու կոճապղպեղի համով, թե՞ ելակի համով պաղպաղակ»: Մայրս կասեր. «Այո, խնդրում եմ, կարո՞ղ եմ համտեսել յուրաքանչյուրը»: Ո՞վ կարող էր «ոչ» ասել իր մորը, հատկապես, երբ նա սիրում էր կյանքի բոլոր համերը:

Մի անգամ մայրիկիս հարցրի, թե որ որոշումներն են ամենից շատ ձևավորել նրա կյանքը:

Նա ասաց. «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում մկրտվելը և Հավայան կղզիներից մայրցամաք տեղափոխվելը, որտեղ ես հանդիպեցի քո հորը»:

Մկրտվելով 15 տարեկանում և լինելով իր մեծ ընտանիքի միակ անդամը, որը միացավ մեր Եկեղեցուն, մայրս ուներ ուխտի հավատք և վստահություն առ Տերը, որն օրհնեց նրա կյանքը և մեր ընտանիքի բոլոր սերունդներին: Ես կարոտում եմ մորս, ինչպես դուք կարոտում եք ձեր ընտանիքի անդամներին: Բայց ես գիտեմ, որ մայրս գոյություն ունի: Նա պարզապես հիմա այստեղ չէ: Ես հարգում եմ նրան և բոլոր նրանց, ովքեր մահանում են որպես առօրյա կյանքում սրբություն Տիրոջը ցուցաբերելու քաջ օրինակներ:

Անշուշտ, առօրյա կյանքում սրբություն Տիրոջը ներառում է ավելի հաճախ Տիրոջ մոտ գալը՝ Նրա սուրբ տանը: Սա ճիշտ է, անկախ նրանից՝ մենք Եկեղեցու անդամներ ենք, թե ընկերներ:

Երեք ընկերներ եկան Բանգկոկի (Թաիլանդ) տաճարի բաց դռների միջոցառմանը:

«Սա հրաշալի բուժման վայր է»,- ասաց մեկը:

Մկրտության ժամանակ մեկ ուրիշն ասաց. «Երբ ես այստեղ եմ, ուզում եմ մաքրվել և այլևս երբեք չմեղանչել»։

Երրորդն ասաց. «Զգո՞ւմ եք հոգևոր ուժը»:

Չորս սուրբ բառերով մեր տաճարները հրավիրում և հռչակում են.

«Սրբություն Տիրոջը:

«Տիրոջ Տունը»:

Սրբություն Տիրոջը առօրյա կյանքը դարձնում է սրբազան: Այն մեզ ավելի է մոտեցնում և ուրախացնում Տիրոջը և միմյանց և նախապատրաստում մեզ ապրելու մեր Հոր Աստծո՝ Հիսուս Քրիստոսի և մեր սիրելիների հետ:

Ինչպես իմ ընկերոջը, հնարավոր է, որ ձեզ էլ հետաքրքրի, թե արդյո՞ք ձեր Երկնային Հայրը սիրում է ձեզ: Պատասխանը միանշանակ, բացարձակ այո է: Մենք կարող ենք զգալ Նրա սերը, երբ մեր ամեն օրը դարձնում ենք սրբություն Տիրոջը՝ երջանիկ և հավիտյան: Թող որ այդպես լինի, ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն:

Հղումներ

  1. Հին Կտակարանի ժամանակներից մեզ սովորեցնում են. «Ուրեմն սրբացրեք ձեր անձերը և սուրբ եղեք. որովհետև ես սուրբ եմ» (Ղևտական 11․44)։ Մենք պետք է սրբությամբ քայլենք Տիրոջ առաջ (տես Վարդապետություն և Ուխտեր 20․69), կանգնենք սուրբ տեղերում (տես Վարդապետություն և Ուխտեր 45․32), սուրբ պահենք հանգստի օրը (տես Ելք 20․8), հագնենք սուրբ զգեստները (տես Ելք 29․29), օգտագործենք սուրբ օծության յուղ (տես Ելք 30․25), օրհնվենք սուրբ մարգարեների կողմից (տես Վարդապետություն և Ուխտեր 10․46), և ապավինենք սուրբ գրքերին (տես Վարդապետություն և Ուխտեր 20․11), սուրբ օրենքներին (տես Վարդապետություն և Ուխտեր 20․20), սուրբ հրեշտակներին (տես Վարդապետություն և Ուխտեր 20․6)։ Սրբություն Տիրոջը նախատեսված է օրհնելու մեր առօրյա կյանքի բոլոր կողմերը:

  2. Տես Մովսես 6.34:

  3. See “Religion and Spirituality: Tools for Better Wellbeing?,” Gallup Blog, Oct. 10, 2023, news.gallup.com. «Ամբողջ աշխարհում, հոգևորությանը կամ կրոնին ավելի մեծ նվիրվածություն ունեցող մարդիկ ավելի շատ բարեկեցություն ունեն բազմաթիվ առումներով, ներառյալ դրական զգացմունքները, նպատակ ունենալու զգացումը, համայնքում ներգրավվածությունը և սոցիալական կապերը» (Faith and Wellness: The Worldwide Connection between Spirituality and Wellbeing [2023], 4, faithandmedia.com/research/gallup):

  4. Իմ հիացմունքով և գնահատանքով,մեջբերված յուրաքանչյուր փորձառությունը վերցվել է ներգրավված անհատների խոսքերից՝ նրանց թույլտվությամբ:

  5. Այսօր Եկեղեցում 18–35 տարեկան չափահաս երիտասարդները (ներառյալ երիտասարդ ամուրիները և երիտասարդ ամուսնացած չափահասները) և ամուրի չափահասները (36–45 տարեկան) կազմում են Եկեղեցու ընդհանուր անդամների մեկ երրորդը (32,5 տոկոսը): Եկեղեցու այդ 5,623 միլիոն անդամներից 18–35 տարեկան չափահաս երիտասարդների ընդհանուր թիվը կազմում է 3,625 միլիոն (որից 694,000-ը ամուսնացած են), իսկ 36–45 տարեկան միայնակ չափահասները՝ ընդհանուր թվով 1,998 միլիոն: Մեր երիտասարդ ամուրիները աչքի ընկնող են, յուրաքանչյուրը թանկ է: Յուրաքանչյուրն ունի հավատքի, փնտրտուքների, տոկունության և կարեկցանքի իր պատմությունը։ Այստեղ բերված օրինակը ներկայացնում է այն ուշագրավ շարքի պատմությունները և փորձառությունները, որոնցով երիտասարդ և չափահաս ամուրիները կիսվում են, երբ ես հանդիպում եմ նրանց Եկեղեցու բազմաթիվ միջավայրերում և հանգամանքներում:

  6. Ներկայումս շուրջ 77,500 միսիոներներ ծառայում են 450 միսիաներում՝ ամբողջ աշխարհում: Սա ներառում է երիտասարդ ուսուցանող միսիոներներին, երիտասարդ ծառայության միսիոներներին և տարեց զույգերին, բայց ոչ 27,800 ավագ ծառայության միսիոներներին և երկարաժամկետ կամավորներին: Յուրաքանչյուր միսիոներական պատմություն՝ սկսած նախապատրաստությունից մինչև ծառայություն և վերադարձ, անհատական է և լի սրբություն Տիրոջը նվիրաբերելու անձնական փորձառությամբ։

    Շատ միսիոներական փորձառություններ արտացոլում են հոգևոր օրինակներ: Սա ներառում է անհատական վկայություն ուրիշներին Հիսուս Քրիստոսի մոտ անձնուրաց հրավիրելու և օգնելու մասին, ինչպես նաև դառնալու Հիսուս Քրիստոսի աշակերտը և Քարոզիր Իմ ավետարանը գրքով առաջնորդվող միսիոներ։ Քարոզիր Իմ ավետարանը գրքով առաջնորդվող միսիոներները փոխվում են, նույնիսկ փոխակերպվում իրենց վկայության փորձառությունների շնորհիվ: Նրանք սովորում են սիրել անհատներին, վայրերը, լեզուները և մշակույթները: Նրանք իրագործում են մարգարեությունը՝ բերելով Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի լրիվության ուրախ ավետիսը շատ երկրների ազգերին, ցեղերին և ժողովուրդներին: Նրանք սովորում են ապրել յուրաքանչյուր զուգընկերոջ հետ և լավն են տեսնում նրանց մեջ։ Նրանք աշխատում են անդամների, առաջնորդների և ընկերների հետ տարբեր հանգամանքներում ու իրավիճակներում, և ավելին:

    Քարոզիր Իմ ավետարանը գրքով առաջնորդվող միսիոներները սնուցում են հավատք և վստահություն։ Նրանք կառուցում են նվիրաբերված զուգընկերութուններ: Նրանք սովորում են, որ հնազանդությունը բերում է օրհնություններ և հրաշքներ: Բազմաթիվ այլ անհատական ձևերով նրանք իսկապես դառնում են և գիտեն ուխտով. «Ես Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու աշակերտն եմ» (3 Նեփի 5․13

  7. Եկեղեցու մեր ամենահավատարիմ և խիզախ անդամներից ոմանք՝ քույրեր և եղբայրներ, հայտնվում են այնպիսի իրավիճակներում, որոնք երբեք չէին ակնկալում և չէին ընտրի: Այս իրական Սրբերը օրեցօր շարունակում են՝ հաճախ սպասելով Տիրոջը: Տերը տեղյակ է յուրաքանչյուրից, և ինչպես այս օրինակը մեղմ կերպով ցույց է տալիս, Նա ցանկանում է քաջալերել և զորացնել մեզանից յուրաքանչյուրին Իր ժամանակին և ձևով:

  8. Ծնողների և երեխաների միջև փոխհարաբերություններ ստեղծելու մեծ ցանկություն կա: Ես խորապես երախտապարտ եմ յուրաքանչյուր իրավիճակի համար, երբ նույնիսկ երկար տարիներ անց ստեղծվում կամ վերականգնվում է հաշտեցումը, ներողամտությունը և ուխտի պատկանելությունը: Այս լավ քույրը չի ցանկանում, որ որևէ մեկը վատ մտածի իր հոր մասին: Նա ասում է. «Նա հիանալի և հավատարիմ առաջնորդ է և լավ հայր»:

  9. Ծնողավարության պարադոքսն այն է, որ երեխաները խորապես ձևավորվում են իրենց դաստիարակությամբ, սակայն նրանք սովորաբար քիչ են հիշում այն առաջին տարիները, երբ իրենց մայրերը անխոնջ և անձնուրաց մայր են եղել: Բառերով հնարավոր չէ արտահայտել այն ճշմարտացիությունը, որ իմ հասկացողությունը, սերը և գնահատանքը հորս և մորս հանդեպ ընդլայնվեցին և խորացան, երբ ես դարձա ամուսին, ծնող և պապիկ: Արտացոլելով երջանկության ծրագրի սերնդային բնույթը՝ մենք կարող ենք հավերժության տաճարային հայելիների մեջ տեսնել մեզ որպես մայր, տատիկ, նախատատ՝ մի ուղղությամբ և որպես դուստր, թոռնուհի, ծոռ՝ մյուս ուղղությամբ:

  10. Այսօր աշխարհի Եկեղեցու անդամների մոտավորապես 60 տոկոսն ապրում է Տիրոջ տնից 50 մղոն հեռավորության սահմաններում (80 կմ կամ շատ վայրերում մոտ մեկ ժամ ճանապարհորդության ժամանակ): Առաջիկա տարիներին, երբ հայտարարված տաճարների կառուցումն ավարտված լինի, Եկեղեցու անդամների մոտավորապես երեք չորրորդը կապրի Տիրոջ տնից մեկ ժամ հեռավորության սահմաններում: Կախված հանգամանքներից՝ հուսով ենք, որ դա բավականին մոտ է, որպեսզի հաճախակի գնանք Տիրոջ մոտ` Նրա սուրբ տանը օրհնելով մեր ընտանիքի թանկագին անդամների սերունդները և մեզ:

  11. Մեր տաճարների վրա գրված է՝ «Սրբություն Տիրոջը․ Տիրոջ տունը»: Տաճարներից մի քանիսի վրա ավելացված է նաև Եկեղեցու անվանումը։ Մի քանի տաճարների վրա գրված է հակառակը՝ «Տիրոջ տունը․ սրբություն Տիրոջը» (օրինակ՝ Ատլանտայում, Լոս Անջելեսում, Սան Դիեգոյում): Լոգանի (Յուտա) տաճարի արձանագրությունը պարզապես նշում է. «Սրբություն Տիրոջը»։