2024
Փնտրեք Նրան ձեր ամբողջ սրտով
Նոյեմբեր 2024


12:4

Փնտրեք Նրան ձեր ամբողջ սրտով

Եթե Հիսուս Քրիստոսը խաղաղ ժամանակ գտավ Աստծո հետ հաղորդակցվելու և Նրանով զորանալու համար, խելամիտ կլինի, որ մենք էլ անենք նույնը:

Մի քանի տարի առաջ ես և կինս ծառայում էինք որպես միսիայի ղեկավարներ Տոկիոյում՝ Ճապոնիա: Այն ժամանակ երեց Ռասսել Մ. Նելսոնի՝ մեր միսիա այցելության ընթացքում միսիոներներից մեկը հարցրեց նրան, թե ո՞րն էր լավագույն պատասխանը, երբ մարդիկ ասում են, որ չափազանց զբաղված են իրենց լսելու համար: Մի փոքր վարանելով՝ նախագահ Նելսոնն ասաց. «Ես կհարցնեի, արդյոք նրանք շատ զբաղված են այդ օրը ճաշելու համար, իսկ հետո կսովորեցնեի, որ նրանք ունեն մարմին և հոգի, և ինչպես նրանց մարմինը կմեռնի, եթե չսնվի, այնպես էլ` նրանց հոգին, եթե չսնուցվի Աստծո բարի խոսքով»:

Հետաքրքիր է նշել, որ ճապոներեն «զբաղված» բառը՝ Isogashii, կազմված է երկու խորհրդանիշ ունեցող գրանշաններից ()։ Ձախ կողմում գտնվողը նշանակում է «սիրտ» կամ «հոգի», իսկ աջ կողմինը` «մահ». հավանաբար խորհուրդը նրանում է, որ ինչպես նախագահ Նելսոնն է սովորեցրել, չափազանց զբաղված լինելը՝ մեր հոգին սնուցելու համար, կարող է հանգեցնել հոգևոր մահվան:

Տերը գիտեր, որ այս արագընթաց աշխարհում, որը լի է շեղումներով և խառնաշփոթով, Իր համար նշանակալից ժամանակ հատկացնելը կլինի մեր օրերի հիմնական մարտահրավերներից մեկը: Խոսելով Եսայի մարգարեի միջոցով, Նա զգուշացրել է մեզ և տվել այս խորհուրդը, որը կարելի է նմանեցնել այն փոթորկոտ օրերին, որոնցում մենք ապրում ենք.

« Դարձի գալով և հանգիստ մնալով կփրկվեք, հանդարտությամբ և վստահելով կլինի ձեր զորությունը։ Բայց դուք չեք ուզում:

Դուք ասացիք. «Ո՛չ, մենք կփախչենք ձիով»։ Դրա համար էլ կփախչեք։ Դուք ասացիք. «Մենք արագընթաց ձիերի վրա կհեծնենք»։ Դրա համար էլ արագընթաց պիտի լինեն ձեզ հալածողները»։

Այլ կերպ ասած, թեև մեր փրկությունը կախված է դեպի Նա դարձի գալուց և աշխարհի հոգսերից հանգստանալուց, մենք դա չենք անում: Եվ թեև մեր վստահությունը բխում է այն ուժից, որը ձևավորվում է հանդարտ ժամանակներում, երբ նստում ենք Տիրոջ հետ՝ խորհրդածելու և մտորելու, մենք դա չենք անում: Ինչո՞ւ։ Որովհետև մենք ասում ենք՝ «Ոչ, մենք այլ գործերով ենք զբաղված», այսպես ասած՝ մեր ձիերի վրա փախչելով։ Հետևաբար, մենք ավելի ու ավելի ենք հեռանալու Աստծուց. մենք շարունակելու ենք գնալ ավելի ու ավելի արագ. և որքան արագ գնանք, այնքան ավելի արագ սատանան կհետապնդի:

Թերևս սա է պատճառը, որ նախագահ Նելսոնը բազմիցս աղերսել է մեզ, որ մեր կյանքում ժամանակ տրամադրենք Տիրոջը՝ «ամեն օր»: Նա հիշեցնում է մեզ, որ «խաղաղ ժամանակը սուրբ ժամանակ է. ժամանակ, որը կխթանի անձնական հայտնությունը և կսերմանի խաղաղություն: Բայց Տիրոջ հանդարտ ձայնը լսելու համար նա խորհուրդ է տվել. «դուք նույնպես պետք է հանդարտ մնաք»։

Այնուամենայնիվ, հանդարտ մնալը պահանջում է ավելին, քան պարզապես Տիրոջը ժամանակ տրամադրելը, դա պահանջում է թողնել մեր կասկածանքով և վախով լի մտքերը և կենտրոնացնել մեր սիրտն ու միտքը Նրա վրա: Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․ «Տիրոջ «հանդարտ մնացեք» հորդորը շատ ավելին է ենթադրում, քան պարզապես չխոսելը կամ չշարժվելը»: «Հանդարտ մնացեք» հորդորը,- նա ուսուցանել է,- կարող է միջոց լինել՝ հիշեցնելու մեզ, որ անշեղորեն կենտրոնանանք Փրկչի վրա»։

Հանդարտ մնալը հավատքի գործողություն է և ջանք է պահանջում: Lectures on Faith գրքում ասվում է. «Երբ մարդն աշխատում է հավատքով, նա աշխատում է մտավոր ջանքերով»: Նախագահ Նելսոնը հայտարարել է․ «Մեր ուշադրությունը պետք է կենտրոնանա Փրկչի և Նրա ավետարանի վրա։ Մտավոր կարգապահություն է պահանջվում բոլոր մտորումներում: Բայց երբ դա անում ենք, մեր կասկածներն ու վախերը ցրվում են»։ Խոսելով մեր մտքերը կենտրոնացնելու անհրաժեշտության մասին՝ նախագահ Դեյվիդ Օ. ՄակՔեյն ասել է. «Կարծում եմ՝ մենք չափազանց քիչ ուշադրություն ենք դարձնում խորհրդածության արժեքին՝ նվիրվածության սկզբունքին։ … Խորհրդածությունն … ամենասրբազան դռներից մեկն է, որի միջոցով մենք մտնում ենք Տիրոջ ներկայության մեջ»։

Ճապոներենում կա մի բառ՝ mui, որն իմ կարծիքով, արտահայտում է հանդարտ լինելու՝ ավելի հավատքով լցված, մտախոհ իմաստը: Այն բաղկացած է երկու գրանշաններից (無為)։ Ձախ կողմինը նշանակում է «ոչինչ» կամ «դատարկ բան», իսկ աջ կողմինը՝ «անել»։ Դրանք միասին նշանակում են «չանել»: Բառացիորեն, բառը կարող է սխալ մեկնաբանվել՝ նշանակելով «ոչինչ չանել» այնպես, ինչպես «հանդարտ մնալը» կարող է սխալ մեկնաբանվել որպես «չխոսել կամ չշարժվել»։ Այնուամենայնիվ, «հանդարտ լինել» արտահայտության նման, այն ավելի բարձր նշանակություն ունի. ինձ դա հիշեցնում է դանդաղելու և ավելի մեծ հոգևոր գիտակցությամբ ապրելու մասին:

Երեց Տակաշի Վադայի հետ Ասիայի հյուսիսային տարածաշրջանի նախագահությունում ծառայելիս ես իմացա, որ նրա կինը՝ քույր Նաոմի Վադան, ճապոներենի մասնագիտացված գեղագիր է: Ես խնդրեցի քույր Վադային ինձ համար նկարել mui բառի ճապոնական գրանշանները: Ես ուզում էի գեղագրությունը կախել իմ պատից՝ որպես հիշեցում, որ հանդարտ մնամ և կենտրոնանամ Փրկչի վրա: Ես զարմացա, երբ նա չհամաձայնեց այս պարզ թվացող խնդրանքին:

Հաջորդ օրը, իմանալով, որ ես հավանաբար թյուրըմբռնել էի նրա վարանումը, երեց Վադան բացատրեց, որ այդ գրանշանները գրելը զգալի ջանք կպահանջի: Նա պետք է խորհի և մտածի գաղափարի և գրանշանների շուրջ, մինչև հասկանա իմաստը իր հոգու խորքում և կարողանա արտահայտել այդ սրտառուչ տպավորությունները իր վրձնի յուրաքանչյուր հարվածով: Ես ամաչում էի, որ առանց այդ ամենը հասկանալու՝ խնդրել էի նրան անել մի բան, որն այդքան ջանք էր պահանջում: Ես խնդրեցի նրան փոխանցել իմ ներողությունը իմ անտեղյակության համար և տեղեկացնել նրան, որ ես չեղարկում եմ իմ խնդրանքը:

Ճապոնական գրանշաններ եպիսկոպոս Բադջի գրասենյակում:

Պատկերացրեք իմ զարմանքն ու երախտագիտությունը, երբ Ճապոնիայից հեռանալիս քույր Վադան, առանց իմ խնդրանքի, նվիրեց ինձ այս հիասքանչ գեղագրությունը, որտեղ ներկայացված են ճապոներեն mui բառի գրանշանները: Այն այժմ կախված է իմ աշխատասենյակի պատից՝ աչքի ընկնող տեղում՝ հիշեցնելով ինձ ամեն օր հանդարտ լինել և փնտրել Տիրոջը իմ ամբողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով: Այս անձնուրաց արարքով նա ավելի լավ էր արտահայտել mui կամ հանդարտություն, քան որևէ այլ բառ կարող էր դա անել: Գրանշաններն անխոհեմաբար և պարտավորությունից դրդված նկարելու փոխարեն, նա իր գեղագրությանը մոտեցավ սրտի ողջ նվիրվածությամբ և իրական վճռականությամբ:

Նմանապես, Աստված ցանկանում է, որ մենք Նրան ժամանակ տրամադրելուն մոտենանք նույն կերպ՝ սրտանց նվիրվածությամբ: Երբ մենք այդպես ենք անում, մեր երկրպագությունը դառնում է Նրա հանդեպ մեր սիրո արտահայտությունը:

Նա ցանկանում է, որ մենք հաղորդակցվենք Նրա հետ։ Մի անգամ, Առաջին Նախագահության հետ հանդիպման ժամանակ, երբ ասացի բացիչ աղոթքը, նախագահ Նելսոնը շրջվեց դեպի ինձ և ասաց. «Մինչ դու աղոթում էիր, ես մտածեցի, թե որքան է Աստված գնահատում, երբ մենք ժամանակ ենք հատկացնում մեր զբաղված օրակարգում՝ Նրան ճանաչելու համար»: Դա պարզ, բայց հզոր հիշեցում էր այն մասին, թե որքան մեծ նշանակություն ունի Տիրոջ համար, երբ մենք կանգ ենք առնում՝ Նրա հետ հաղորդակցվելու համար:

Որքան էլ Նա ցանկանում է մեր ուշադրությունը, Նա չի ստիպի մեզ գալ Իր մոտ: Հարություն առած Տերն ասաց նեփիացիներին․ «Որքա՜ն հաճախ հավաքած կլինեի ես ձեզ, ինչպես հավն է հավաքում իր ճտերին, և դուք չկամեցաք»։ Ապա Նա հնչեցրեց այս հուսադրող հրավերը, որը վերաբերում է նաև մեզ այսօր. «Որքա՜ն հաճախ ես ձեզ կհավաքեմ, ինչպես հավն է իր թևերի տակ հավաքում իր ճտերին, եթե դուք սրտի ողջ նվիրվածությամբ ապաշխարեք և վերադառնաք ինձ մոտ»:

Հիսուս Քրիստոսի ավետարանը մեզ հնարավորություն է տալիս հաճախակի վերադառնալ դեպի Նա: Այս հնարավորությունները ներառում են ամենօրյա աղոթքները, սուրբ գրությունների ուսումնասիրությունը, հաղորդության արարողությունը, հանգստության օրը և տաճարային երկրպագությունը: Ի՞նչ կլինի, եթե մենք հանենք այս սուրբ հնարավորությունները մեր «անելիքների» ցուցակից և դրանք դնենք մեր «չանելու» ցուցակում. նկատի ունեմ՝ դրանց մոտենանք նույն ուշադրությամբ և կենտրոնացումով, որով քույր Վադան վերաբերվում է իր գեղագրությանը:

Գուցե դուք մտածում եք. «Ես դրա համար ժամանակ չունեմ»: Ես հաճախ եմ նույնը զգացել։ Բայց թույլ տվեք առաջարկել, որ հնարավոր է՝ անհրաժեշտ չէ ավելի շատ ժամանակ, այլ՝ ավելի շատ գիտակցել և կենտրոնանալ Աստծո վրա՝ արդեն իսկ Նրան տրամադրված ժամանակահատվածում:

Օրինակ․ ի՞նչ կլիներ, եթե մենք աղոթելիս ավելի քիչ ժամանակ հատկացնեինք խոսելուն և ավելի շատ ժամանակ հատկացնեինք պարզապես Աստծու հետ լինելուն, իսկ խոսելիս՝ ավելի սրտանց ու հատուկ երախտագիտություն և սեր արտահայտեինք։

Նախագահ Նելսոնը խորհուրդ է տվել, որ մենք ոչ միայն կարդանք սուրբ գրությունները, այլ ճաշակենք դրանք: Ի՞նչ տարբերություն կլիներ, եթե մենք ավելի քիչ կարդայինք և ավելի շատ համտեսեինք:

Ի՞նչ կլիներ, եթե մենք անեինք ավելին, որպեսզի պատրաստեինք մեր միտքը ճաշակելու հաղորդությունը և ուրախությամբ խորհեինք Հիսուս Քրիստոսի Քավության օրհնությունների մասին այս սուրբ արարողության ժամանակ:

Ի՞նչ կլիներ, եթե Հանգստության օրը, որը եբրայերեն նշանակում է «հանգիստ», մենք հանգստանայինք այլ հոգսերից և ժամանակ հատկացնեինք՝ լուռ նստելու Տիրոջ հետ՝ մեր տուրքը մատուցելու Նրան:

Ի՞նչ կլիներ, եթե մեր տաճարային երկրպագության ժամանակ մենք ավելի կարգապահ և կենտրոնացված ջանքեր գործադրեինք ուշադրություն դարձնելու համար կամ մի փոքր երկար մնայինք սելեստիալ սենյակում՝ հանգիստ խորհրդածելով:

Երբ մենք ավելի քիչ ուշադրություն դարձնենք ընթացքին, և ավելի շատ՝ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ մեր ուխտի կապն ամրապնդելուն, ես վկայում եմ, որ այս սուրբ պահերից յուրաքանչյուրը կբարելավվի, և մենք կստանանք մեր անձնական կյանքում անհրաժեշտ առաջնորդությունը: Մենք, ինչպես Մարթան Ղուկասի գրքում, հաճախ հոգս ենք քաշում և շատ բաներով ենք զբաղված։ Այնուամենայնիվ, երբ մենք ամեն օր հաղորդակցվենք Տիրոջ հետ, Նա կօգնի մեզ իմանալ, թե ինչն է առավել անհրաժեշտ:

Նույնիսկ Փրկիչը ժամանակ է հատկացրել Իր ծառայությունից՝ հանդարտ մնալու համար։ Սուրբ գրությունները լի են օրինակներով, երբ Տերը գնում է ամայի մի տեղ՝ լեռ, անապատ կամ «մի քիչ հեռու»՝ աղոթելու Հորը: Եթե Հիսուս Քրիստոսը խաղաղ ժամանակ գտավ Աստծո հետ հաղորդակցվելու և Նրանով զորանալու համար, խելամիտ կլինի, որ մենք էլ անենք նույնը:

Երբ մենք կենտրոնացնենք մեր սիրտն ու միտքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վրա և լսենք Սուրբ Հոգու մեղմ, հանդարտ ձայնը, մեզ համար ավելի պարզ կլինի, թե ինչն է առավել անհաժեշտ, ավելի խոր կարեկցանք կզարգացնենք և հանգստություն և ուժ կգտնենք Նրանում: Թվում է անհասկանալի, բայց Իր փրկության և վեհացման գործն արագացնելու համար Աստծուն օգնելը կարող է պահանջել, որ մենք դանդաղենք: Միշտ «շարժման մեջ» լինելը կարող է ավելացնել մեր կյանքի «խառնաշփոթը» և խլել մեզնից այն խաղաղությունը, որը մենք փնտրում ենք:

Ես վկայում եմ, որ երբ մենք հաճախ դառնանք դեպի Տերը սրտի ողջ նվիրվածությամբ, մենք հանդարտությամբ և վստահությամբ կճանաչենք Նրան և կզգանք Նրա ուխտի անսահման սերը մեր հանդեպ:

Տերը խոստացել է.

«Մոտեցեք ինձ, և ես կմոտենամ ձեզ. փնտրեք ինձ ջանասիրաբար, և կգտնեք ինձ»:

«Դուք կփնտրեք ինձ ու կգտնեք, երբ ինձ ձեր ամբողջ սրտով կորոնեք»։

Ես վկայում եմ, որ այս խոստումը ճիշտ է: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես Եթեր 2․14-15։

  2. Եսայի 30․15-16, շեշտադրումն ավելացված է։

  3. 2 Նեփի 10․24 հատվածը հրավիրում է մեզ հաշտեցնել (re-con-cile) մեր կամքն Աստծո կամքի հետ։ Re նշանակում է կրկին, con նշանակում է հետ, և cile նշանակում է աթոռ կամ գահ։ Մեր կամքն Աստծո կամքի հետ հաշտեցնելը կարող է նշանակել բառացիորեն կրկին նստել Աստծո հետ:

  4. Ռասսել Մ. Նելսոն, «Ժամանակ տրամադրեք Տիրոջը», Լիահոնա, նոյ․ 2021, 120։

  5. Ռասսել Մ․ Նելսոն, «Այն, ինչ սովորում ենք, երբեք չենք մոռանա», Լիահոնա, մայիս 2021, 80։

  6. Ռասսել Մ․ Նելսոն, «Այն, ինչ սովորում ենք, երբեք չենք մոռանա», 80։

  7. Դեյվիդ Ա. Բեդնար, «Հանդարտ մնացեք և ճանաչեք, որ ես եմ Աստվածը», Լիահոնա, մայիս 2024, 28։

  8. Տես Եբրայեցիներին 11․6։

  9. Lectures on Faith (1985), 72.

  10. Ռասսել Մ. Նելսոն, «Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը», Լիահոնա, մայիս 2017, 41։

  11. David O. McKay, “Consciousness of God: Supreme Goal of Life,” Improvement Era, June 1967, 80.

  12. Տես Վարդապետություն և ուխտեր 4․2։

  13. Տես Մոսիա 7․33, Եթեր 2․14։

  14. «Առողջ, գործող սիրտը կարևոր է մեզանից յուրաքանչյուրի առողջության և բարեկեցության համար: Այնուամենայնիվ, այն, ինչ ես սովորել եմ որպես Հիսուս Քրիստոսի ծառա և վկա, այն է, որ առողջ ֆիզիկական սիրտը մեր մարտահրավերի միայն կեսն է: Ես լրջությամբ եմ մոտենում Աստծուն մեր ամբողջ սրտով սիրելու հրահանգին, որովհետև Նրան սիրելը մեզ կենսունակ է պահում» (Ռասսել Մ. Նելսոն, The Heart of the Matter: What 100 Years of Living Have Taught Me [2023], 8, շեշտադրումն ավելացված է)։

  15. Տես Սաղմոսներ 14․2, Հայտնություն 3․20։

  16. 3 Նեփի 10․5, շեշտադրումն ավելացված է:

  17. Երեց Դեյլ Գ. Ռենլանդն ուսուցանել է․ «Մեր վարքը փոխելը և վերադառնալը «ճիշտ ճանապարհին» ապաշխարության մասն է կազմում, բայց միայն մասը: Իսկական ապաշխարությունը նաև ներառում է մեր սիրտը և կամքը դեպի Աստված շրջելը և մեղքից հրաժարվելը» («Ապաշխարություն. ուրախալի ընտրություն», Լիահոնա, նոյեմբեր 2016, 121, շեշտադրումն ավելացված է)։

  18. 3 Նեփի 10․6, շեշտադրումն ավելացված է:

  19. Երեց Նիլ Ա. Մաքսվելն ուսուցանել է, «Ավելի շատ նվիրագործումը Եկեղեցում ավելի շատ ժամեր աշխատելու պահանջ չէ, այլ ավելի շատ իրազեկ լինելու, թե ում աշխատանքն է սա իրականում» (“Settle This in Your Hearts,” Ensign, Nov. 1992, 67)։

  20. Մեկնաբանելով, թե ինչպես են զարգացել իր աղոթքները ժամանակի ընթացքում՝ Դեսմոնդ Տուտուն ասել է. «Կարծում եմ, [ես] փորձում եմ աճել՝ պարզապես այնտեղ լինելով: Ինչպես ձմռանը կրակի առջև նստելիս, դուք պարզապես այնտեղ եք՝ կրակի առջև: Պարտադիր չէ, որ դուք լինեք խելացի կամ որևէ բան։ Կրակը ջերմացնում է ձեզ» (“Desmond Tutu, Insisting We Are ‘Made for Goodness’” [NPR հարցազրույց Ռենե Մոնտանյայի կողմից, մարտի 11, 2010], npr.org)։

  21. Տես Ռասսել Մ. Նելսոն, «Ունեցեք սելեստիալ մտածելակերպ», Լիահոնա, նոյ. 2023, 117-19։

  22. Տես Ռասսել Մ. Նելսոն, “Living by Scriptural Guidance”, Լիահոնա, նոյեմբեր 2001, 19-22, տես նաև Ռասսել Մ. Նելսոն, «Պատասխանն է՝ Հիսուս Քրիստոս», Լիահոնա, մայիս 2023, 127–28:

  23. Տես 3 Նեփի 17․3։ Նախագահ Դեյվիդ Օ․ ՄակՔեյը հայտարարել է․

    «Ես հավատում եմ, որ հաղորդությունը սպասավորելու կարճ ժամանակահատվածը լավագույն հնարավորություններից մեկն է, որը մենք ունենք նման խորհրդածության համար, և այդ սուրբ ժամանակահատվածում ոչինչ չպետք է շեղի մեր ուշադրությունը այդ արարողության նպատակից: …

    Ես խստորեն կոչ եմ անում, որ այս սուրբ արարողությունը շրջապատված լինի ավելի մեծ ակնածանքով, կատարյալ կարգով. որպեսզի յուրաքանչյուր ոք, ով գալիս է Աստծո տուն, կարողանա խորհել և լուռ ու աղոթքով արտահայտել երախտագիտությունը Աստծո բարության համար: … Թող հաղորդության ժամը լինի օրվա մի փորձառություն, երբ երկրպագուն փորձում է գոնե իր ներսում գիտակցել, որ հնարավոր է հաղորդակցվել իր Աստծո հետ» (“Consciousness of God: Supreme Goal of Life,” Improvement Era, հունիս 1967, 80–81)։

  24. Տես Վարդապետություն և ուխտեր 59․10:

  25. «Երբ Տիրոջ ուսուցման տուն բերեք ձեր տաճարային երաշխավորագիրը, ապաշխարող սիրտն ու որոնող միտքը, Նա կսովորեցնի ձեզ» (Ռասսել Մ. Նելսոն, «Տաճարը և ձեր հոգևոր հիմքը», Լիահոնա, նոյ․ 2021, 95)։

  26. «Նա կղեկավարի և կառաջնորդի ձեզ ձեր անձնական կյանքում, եթե դուք ամեն օր ժամանակ տրամադրեք Նրան ձեր կյանքում» (Ռասսել Մ. Նելսոն, «Ժամանակ տրամադրեք Տիրոջը», 121)։

  27. Տես Ղուկաս 10․40-42:

  28. 3 Նեփի 19․19, տես նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 4․1( Մատթեոս 4․1, ծանոթագրություն ա), Մատթեոս 5․1, 14․13, 23, Մարկոս 1․35, 6․46, Ղուկաս 5․16, 6․12։

  29. Տես 3 Նեփի 21․29։

  30. Վարդապետություն և Ուխտեր 88․63:

  31. Երեմիա 29․13, տես նաև Ողբ․ 3․25։