2024
Փնտրենք հոգևոր հարցերի պատասխանները
Նոյեմբեր 2024


12:27

Փնտրենք հոգևոր հարցերի պատասխանները

Սիրելի ընկերներ, ես վկայում եմ, որ ավետարանի վերաբերյալ մեր անկեղծ հարցերը կարող են Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին հնարավորություններ տալ՝ օգնելու մեզ աճել:

Ես գիտեմ, որ սա կարող է անակնկալ լինել, բայց ես բավական մեծ եմ հիշելու համար, որ դպրոցում մեզ սովորեցնում էին, որ մեր Արեգակնային համակարգում ինը մոլորակ կա: Այդ մոլորակներից մեկի` Պլուտոնի անունը տվել է 11-ամյա Վենետիա Բարնին Օքսֆորդից (Անգլիա), երբ այն հայտնաբերվեց 1930 թվականին: Եվ մինչև 1992 թվականը Պլուտոնը համարվում էր մեր Արեգակնային համակարգի ամենահեռավոր օբյեկտը: Այդ տարիներին դասարաններում և գիտական ցուցահանդեսներում սովորաբար կարելի էր գտնել հարևան մոլորակների մոդելներ, որոնցից յուրաքանչյուրը ցույց էր տալիս Պլուտոնի դիրքը հայտնի սահմաններում։ Շատ գիտնականներ կարծում էին, որ այդ եզրից այն կողմ արտաքին Արեգակնային համակարգը բաղկացած է դատարկ տարածությունից։

Այնուամենայնիվ, գիտնականների մոտ անպատասխան մնաց մի հարց՝ կապված որոշակի տեսակի գիսաստղի ծագման հետ, որին աստղագետները կանոնավոր կերպով հետևում էին։ Եվ այդ հարցը շարունակում էր անպատասխան մնալ տասնամյակներ, մինչև հայտնաբերվեց մեր Արեգակնային համակարգի մեկ այլ հեռավոր շրջան։ Իրենց սահմանափակ գիտելիքներով հանդերձ՝ գիտնականներն օգտագործեցին այդ միջանկյալ տասնամյակները՝ ձեռք բերելու զգալի տեխնոլոգիական առաջընթացներ, որոնք թույլ տվեցին հետագա ուսումնասիրությունն ու հետազոտությունը: Նրանց վերջին բացահայտումը վերակազմավորեց մեր մոլորակային գոտին և հանգեցրեց նրան, որ Պլուտոնը իր տեղը գտավ տիեզերքի այս նոր տարածաշրջանում, իսկ մեր Արեգակնային համակարգն ունեցավ ութ մոլորակ:

Առաջատար մոլորակագետներից մեկը և Նոր հորիզոններ տիեզերական առաքելության գլխավոր հետազոտողը, որին հանձնարարված էր մոտիկից ուսումնասիրել Պլուտոնը, այս փորձառության մասին ասել է. «Մենք կարծում էինք, որ հասկանում ենք մեր Արեգակնային համակարգի աշխարհագրությունը: Մենք չէինք հասկանում։ Մենք կարծում էինք, որ պատկերացում ունենք մեր Արեգակնային համակարգի մոլորակների բնակչության մասին: Եվ մենք սխալվեցինք»։

Տիեզերքն ուսումնասիրելու պատմության այս ժամանակաշրջանում ինձ զարմացնում են որոշ զուգահեռներ և հիմնական տարբերություններ գիտական հորիզոններն ընդլայնելու որոնումների և այն ճամփորդության միջև, որը մենք՝ որպես Աստծո զավակներ, ձեռնարկում ենք մեր հոգևոր հարցերի պատասխանները փնտրելու համար։ Մասնավորապես, թե ինչպես կարող ենք արձագանքել մեր հոգևոր ըմբռնման սահմաններին և նախապատրաստվել անձնական աճի հաջորդ փուլին, և որտեղ կարող ենք դիմել օգնության համար:

Տող առ տող

Հարցեր տալը և իմաստ փնտրելը մեր մահկանացու փորձառության բնական և նորմալ մասն է: Երբեմն ամբողջական պատասխաններ չունենալը կարող է մեզ հասցնել մեր հասկացողության եզրին, և այդ սահմանափակումները կարող են հիասթափեցնող կամ ճնշող թվալ: Զարմանալի է, որ բոլորիս համար ստեղծված Երկնային Հոր երջանկության ծրագիրը նախատեսված է օգնելու մեզ առաջադիմել, անկախ մեր սահմանափակումներից, և իրականացնել այն, ինչ մենք չենք կարող ինքնուրույն իրականացնել, նույնիսկ առանց բոլոր բաների կատարյալ իմացության։ Աստծո ծրագիրը ողորմած է մարդու սահմանափակումների նկատմամբ. տալիս է մեզ Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսին, որ լինի մեր Բարի Հովիվը, և ոգեշնչում է մեզ օգտագործել մեր ազատ կամքը՝ Նրան ընտրելու համար:

Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է. «Հարցեր տալը թուլության նշան չէ, այն նախորդում է աճին»: Խոսելով մեր անձնական ջանքերի մասին՝ որպես ճշմարտություն որոնողների, մեր մարգարե նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ուսուցանել է, որ մենք պետք է «մեծ ցանկություն» ունենանք և «խնդրենք մաքուր սրտով [և] անկեղծ միտումով, հավատք ունենալով առ [Հիսուս] Քրիստոս»։ Նա նաև ուսուցանել է, որ «անկեղծ միտումով» նշանակում է, որ մարդն իսկապես մտադիր է հետևել տրված աստվածային առաջնորդությանը»։

Իմաստությամբ զարգանալու մեր անձնական ջանքերը կարող են մեզ մղել դիտարկելու մեր բարդ կամ պարզ հարցերը պատճառի և հետևանքի ոսպնյակի միջոցով՝ փնտրելով և ճանաչելով օրինաչափությունները, ապա ամփոփելով այդ ամենը, ձևավորել մեր հասկացողությունը և լրացնել ընկալվող գիտելիքների բացերը: Երբ մենք մտածում ենք հոգևոր գիտելիքի մեր ձգտումների մասին, այս մտածված գործընթացները երբեմն կարող են օգտակար լինել, բայց ոչ լիարժեք, երբ մենք փնտրում ենք բացահայտել բաներ, որոնք վերաբերում են Երկնային Հորը և մեր Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին, Նրանց ավետարանին, Նրանց Եկեղեցուն և բոլորիս համար նախատեսված Նրանց ծրագրին։

Հայր Աստծո և Նրա Որդու Իրենց իմաստությունը մեզ փոխանցելու ուղին առաջնահերթություն է տալիս Սուրբ Հոգու զորությունը հրավիրելուն՝ դառնալու մեր անձնական ուսուցիչը, մինչ մենք կենտրոնացնում ենք մեր կյանքը Հիսուս Քրիստոսի և Նրանց պատասխաններն ու դրանց իմաստը հավատարմորեն փնտրելու վրա: Նրանք մեզ հրավիրում են բացահայտել ճշմարտությունը սուրբ գրություններն ուսումնասիրելուն հատկացված ժամանակի միջոցով և փնտրել մեր օրերի և մեր ժամանակների վերջին օրերում բացահայտված ճշմարտությունը, որը փոխանցվել է մեր օրերի մարգարեների և առաքյալների կողմից: Նրանք խրախուսում են մեզ կանոնավոր կերպով ժամանակ հատկացնել՝ երկրպագելու Տիրոջ տանը և ծնկի գալ աղոթքով՝ «երկնքից տեղեկություններ ստանալու համար»։ Հիսուսի խոստումը, տրված Իր Լեռան քարոզը լսողներին, նույնքան ճշմարիտ է մեզ համար մեր օրերում, որքան Նրա երկրային ծառայության ժամանակ էր. «Խնդրեք, և կտրվի ձեզ, փնտրեք և կգտնեք, բախեք, և ձեզ կբացվի»։ Մեր Փրկիչը վստահեցնում է՝ «ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն»։

Տիրոջ ուսուցանելու մեթոդն է՝ «տող առ տող, ցուցում առ ցուցում»։ Մեզանից գուցե պահանջվի ապավինել Տիրոջը՝ մեր ներկայիս ըմբռնման և հաջորդ ըմբռնման միջև ընկած ժամանակահատվածում։ Այդ սուրբ պահին մենք կարող ենք հասնել մեր մեծագույն հոգևոր վիճակին և «համբերությամբ տանել» մեր եռանդուն փնտրտուքը և վերագտնել մեր ուժը՝ շարունակելու պահել սուրբ խոստումները, որոնք տվել ենք Աստծուն ուխտի միջոցով:

Մեր ուխտի հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ազդանշում են մեր քաղաքացիությունը Աստծո արքայությունում: Եվ այնտեղ հասնելը պահանջում է մեր կյանքը համապատասխանեցնել աստվածային սկզբունքներին և ջանք գործադրել հոգևորապես աճելու համար:

Հնազանդություն

Մորմոնի գրքում ուսուցանվող հիմնական սկզբունքներից մեկն այն է, որ երբ Աստծո զավակները ընտրում են հնազանդություն դրսևորել և պահել իրենց ուխտերը, նրանք ստանում են շարունակական հոգևոր առաջնորդություն և ուղղորդում: Տերն ասել է մեզ, որ մեր հնազանդության և ջանասիրության միջոցով մենք կարող ենք ձեռք բերել գիտելիք և բանականություն։ Աստծո օրենքներն ու պատվիրանները նախատեսված չեն մեր կյանքում խոչընդոտ հանդիսանալու համար, այլ անձնական հայտնության և հոգևոր կրթության հզոր դարպասներ են: Նախագահ Նելսոնն ուսուցանել է հիմնարար ճշմարտություն, որ «Աստծուց ստացված հայտնությունը միշտ համատեղելի է Նրա հավերժական օրենքի հետ» և ավելին, որ «այն երբեք չի հակասում Նրա վարդապետությանը»: Ձեր պատրաստակամ հնազանդությունը Աստծո պատվիրաններին, եթե նույնիսկ Նրա պատճառների մասին լիարժեք իմացություն չունեք, ձեզ դարձնում է Նրա մարգարեների նման: Մովսեսի 5-ը մեզ ուսուցանում է Ադամի և Տիրոջ հրեշտակի միջև որոշակի փոխհարաբերության մասին:

Երբ Տերը Ադամին ու Եվային «պատվիրաններ տվեց, որ նրանք պետք է երկրպագեն Տիրոջը՝ իրենց Աստծուն, և իրենց հոտերի առաջնեկներին պետք է ընծա մատուցեն Տիրոջը,- սուրբ գրություններում ասվում է, որ,- Ադամը հնազանդ էր Տիրոջ պատվիրաններին»: Այնուհետև մենք կարդում ենք, որ «շատ օրեր անց Տիրոջ հրեշտակը հայտնվեց Ադամին՝ ասելով. Ինչո՞ւ ես դու զոհ մատուցում Տիրոջը: Եվ Ադամն ասաց նրան. Ես չգիտեմ, գիտեմ միայն, որ Տերն է պատվիրել ինձ»։

Ադամի հնազանդությունը նախորդեց նրա հասկացողությանը և նախապատրաստեց նրան ստանալու սրբազան գիտելիք, որ նա մասնակից էր դառնում սուրբ խորհրդանիշին՝ կապված Հիսուս Քրիստոսի Քավության հետ։ Մեր խոնարհ հնազանդությունը նույնպես ճանապարհ կհարթի, որ մենք հոգևոր խորաթափանցություն ունենանք հասկանալու Աստծո ուղիները և մեզանից յուրաքանչյուրի համար Նրա աստվածային նպատակը: Մեր հնազանդության մակարդակը բարձրացնելու ձգտումը մեզ ավելի է մոտեցնում մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին, քանի որ Նրա օրենքներին և պատվիրաններին հնազանդվելով ենք կապ հաստատում Նրա հետ։

Ավելին, մեր հավատարմությունը գիտելիքին և իմաստությանը, որը մենք արդեն ժառանգել ենք ավետարանի սկզբունքները և սուրբ ուխտերը հավատարմորեն պահելու միջոցով, էական նախապատրաստություն է Սուրբ Հոգուց պատգամներ ստանալու և տնտեսներ լինելու մեր պատրաստակամության համար:

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ողջ ճշմարտության աղբյուրն են և կիսում են Իրենց իմաստությունը առատությամբ։ Նաև, հասկանալը, որ մենք Աստծուց անկախ որևէ անձնական գիտելիք չունենք, կարող է օգնել մեզ իմանալ, թե ում դիմել և վստահել:

Մեծ վստահություն

Հին Կտակարանի պատմությունը զորապետ Նեեմանի մասին, որը բժշկվել էր բորոտությունից Եղիսե մարգարեի կողմից, իմ սիրելին է: Այս պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես «փոքրիկ աղջկա» ամուր հավատքը փոխեց մեկ մարդու կյանքի ընթացքը և բոլոր հավատացյալների համար բացահայտեց Աստծո ողորմության հասանելիությունը նրանց, ովքեր վստահում են Նրան և Նրա մարգարեին: Թեև անանուն, այս երիտասարդ աղջիկը նաև օգնում է մեզ մեծացնել մեր հասկացողությունը: Եվ Նեեմանը, հավատալով նրա վկայությանը, ոգեշնչվեց բժշկության իր խնդրանքով դիմել Աստծո ընտրյալ ծառային:

Նեեմանը Եղիսե մարգարեի հրահանգին՝ իրեն լվանալ Հորդանան գետում, սկզբում թերահավատորեն մոտեցավ և վրդովվեց: Բայց հրավերը, որ նա հնազանդվի մարգարեի խորհրդին, ճանապարհ բացեց նրա բժշկության և նրա ըմբռնման համար, որ իսկապես կա Աստված:

Մենք կարող ենք պարզել, որ մեր հոգևոր խնդրանքներից մի քանիսը ունեն ողջամտորեն հասկանալի պատասխաններ և կարող են առանձնապես չանհանգստացնել մեզ: Կամ, ինչպես Նեեմանը, մենք կարող ենք պարզել, որ այլ կարիքները ավելի դժվար են և կարող են բարդ և հակասական զգացումներ առաջացնել մեր մեջ: Կամ, ինչպես մեր Արեգակնային համակարգի մասին աստղագետների վաղ եզրակացությունների նկարագրությունը, հոգևոր ճշմարտության որոնման ժամանակ մենք կարող ենք հասնել ավելի քիչ ճշգրիտ մեկնաբանությունների, եթե ապավինենք բացառապես մեր սահմանափակ ըմբռնմանը, որի վշտալի և չնախատեսված հետևանքը կարող է հանգեցնել ուխտի ճանապարհից հեռանալուն: Եվ ավելին, որոշ հարցեր կարող են շարունակվել այնքան ժամանակ, մինչև Աստված, ով «ունի ողջ զորությունը» և «ողջ իմաստությունը և ողջ հասկացողությունը», ով «ըմբռնում է բոլոր բաները» Իր ողորմությամբ, լուսավորություն կտա Իր անվան հանդեպ մեր հավատքի միջոցով:

Նեեմանի պատմության մեջ կարևոր նախազգուշացումներից մեկն այն է, որ Աստծո օրենքներին և պատվիրաններին հնազանդվելու դիմադրությունը կարող է դանդաղեցնել մեր աճը կամ խանգարել դրան: Մենք օրհնված ենք ունենալու Հիսուս Քրիստոսին որպես մեր Բժշկող Տեր: Աստծո օրենքներին և պատվիրաններին հնազանդվելով՝ կարող ենք ճանապարհ բացել մեր Փրկչի համար՝ ապահովելու այն հասկացողությունը և բուժումը, որի կարիքն ըստ Նրա, մենք ունենք՝ համաձայն մեզ համար նախատեսված Նրա բուժման ծրագրի:

Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ուսուցանել է, որ «այս կյանքը մեծ վստահության մի փորձառություն է` վստահության առ Հիսուս Քրիստոս, Նրա ուսմունքները, մեր ունակությունները` ընդունելու այդ ուսմունքները Սուրբ Հոգու առաջնորդությամբ, մեր երկրային երջանկության և նպատակասլաց, ամենաերջանիկ հավերժական գոյության նպատակով: Վստահել նշանակում է պատրաստակամորեն հնազանդվել` առանց ի սկզբանե վերջն իմանալու (տես Առակաց 3.5-7): Արգասաբեր լինելու համար ձեր վստահությունը Տիրոջ նկատմամբ պիտի լինի ավելի ուժեղ և հարատև, քան ձեր համոզվածությունն անձնական զգացմունքների և փորձի հանդեպ:

Երեց Սքոթը շարունակում է. «Հավատք գործադրել նշանակում է վստահել, որ Տերը գիտի, թե ինչ է Նա անում ձեզ հետ, և որ Նա կարող է իրականացնել դա ձեր հավերժական բարիքի համար, չնայած դուք չեք կարող հասկանալ, թե Նա ինչպես կարող է դա անել»։

Վկայություն

Սիրելի ընկերներ, ես վկայում եմ, որ ավետարանի վերաբերյալ մեր անկեղծ հարցերը կարող են Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին հնարավորություններ տալ՝ օգնելու մեզ աճել: Իմ անձնական ջանքերը՝ Տիրոջից պատասխաններ փնտրելու իմ հոգևոր հարցերի՝ անցյալի և ներկայի վերաբերյալ, ինձ թույլ են տվել օգտագործել իմ և Աստծո հասկացողության միջև եղած բացը՝ հնազանդվել Նրան և հավատարիմ մնալ այն հոգևոր գիտելիքին, որին ես ներկայումս տիրապետում եմ:

Ես վկայում եմ, որ վստահելով Երկնային Հորը և Նրա ուղարկած մարգարեներին, կօգնի ձեզ հոգևորապես բարձրանալ և առաջ մղվել դեպի Աստծո ընդլայնված հորիզոնը: Ձեր դիտակետը կփոխվի, քանի որ դուք կփոխվեք: Աստված գիտի, որ որքան բարձր եք, այնքան հեռուն կարող եք տեսնել։ Մեր Փրկիչը հրավիրում է ձեզ հաղթահարել այդ վերելքը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: