2024
«Ես եմ»
Նոյեմբեր 2024


15:23

«Ես եմ»

Քրիստոսի սերը, որն ակնհայտ էր աստվածային կամքին լիակատար հավատարմության մեջ, պահպանվեց և շարունակում է պահպանվել:

Հանգստության օր է, և մենք հավաքվել ենք խոսելու Քրիստոսի՝ խաչվածի մասին: Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ:

Մտաբերենք Հիսուսի մահկանացու կյանքի վերջին շաբաթվա այս տեսարանը: Բազմություն էր հավաքվել, այդ թվում՝ հռոմեացի զինվորներ՝ զինված մահակներով ու սրերով։ Նրանց առաջնորդում էին ավագ քահանաներից կազմված սպաները՝ ջահերը ձեռքերին։ Այս եռանդուն խումբը չէր հավաքվել քաղաք գրավելու համար։ Այդ գիշեր նրանք փնտրում էին միայն մի մարդու, մեկին, ով Իր ամբողջ կյանքի ընթացքում հայտնի չի եղել զենք կրելու, զինպատրաստություն անցնելու կամ կռվի մասնակցելու գործերում:

Երբ զինվորները մոտեցան, Հիսուսը, փորձելով պաշտպանել Իր աշակերտներին, առաջ քայլեց և ասաց. «Ո՞ւմ եք փնտրում»: Նրանք պատասխանեցին․ «Հիսուս Նազովրեցուն»։ Հիսուսն ասաց. «Ես եմ։ … Հենց որ նրանց ասաց՝ «Ես եմ», նրանք հետ-հետ գնացին ու ընկան գետնին»։

Ինձ համար դա ամենահուզիչ տողերից մեկն է ամբողջ սուրբ գրությունում: Ի թիվս այլ բաների, այն ուղիղ ասում է ինձ, որ միայն ներկայությունը Աստծո Որդու՝ Հին Կտակարանի մեծ Եհովայի և Նոր Կտակարանի Բարի Հովվի, ով ոչ մի տեսակի զենք չի կրում, որ Փոթորկից այս Ապաստանի, այս Խաղաղության Իշխանի միայն ձայնը լսելը բավական է, որ հակառակորդները սայթաքելով նահանջեն, խառնվեն իրար և ամբողջ խմբով երազեն, որ այդ երեկո խոհանոցային պարտականություններ ունենային:

Ընդամենը մի քանի օր առաջ, երբ Նա հաղթական մտավ քաղաք, սուրբ գրությունն ասում է, որ «ամբողջ քաղաքը ցնցվեց», հարցնում էին․ «Ո՞վ է սա»: Ես կարող եմ միայն պատկերացնել, որ «Ո՞վ է սա» հարցն այժմ տալիս էին այդ խառնված զինվորները:

Այդ հարցի պատասխանը չէր կարող լինել Նրա հայացքում, քանի որ Եսային մոտ յոթ դար առաջ մարգարեացել էր, որ «նա ոչ տեսք ուներ, ոչ էլ վայելչություն, որ նրան նայեինք, ոչ էլ այնպիսի տեսք, որ ցանկայինք»։ Դա, անշուշտ, Նրա շքեղ զգեստների կամ մեծ հարստության մեջ չէր, որոնք Նա ևս չուներ: Դա չէր կարող լինել տեղի ժողովարաններում ստացած մասնագիտական ուսուցման արդյունքում, քանի որ չկան ապացույցներ, որ Նա երբևէ սովորել է դրանցից մեկում, թեև պատանի ժամանակ նա կարող էր շփոթեցնել հիանալի պատրաստված դպիրներին և օրինագետներին՝ ապշեցնելով նրանց Իր վարդապետությամբ, ինչպես «իշխանություն ունեցող» մեկը։

Տաճարում եղած այդ ուսուցումից մինչև Երուսաղեմ Նրա հաղթական մուտքը և այս վերջնական, անհիմն ձերբակալությունը, Հիսուսին սովորաբար դնում էին դժվարին, հաճախ նենգ իրավիճակներում, որոնցում Նա միշտ հաղթում էր. հաղթանակներ, որոնց համար մենք բացատրություն չունենք, բացի աստվածային ԴՆԹ-ից:

Այնուամենայնիվ, պատմության ընթացքում շատերը պարզեցրել և նույնիսկ նսեմացրել են Նրա և Նրա վկայության մասին մեր հասկացողությունը: Նրա արդարությունը իջեցրել են զուտ խոհեմության, Նրա արդարադատությունը զուտ զայրույթի կամ Նրա ողորմությունը՝ զուտ թույլատրելիության: Մենք պետք է թույլ չտանք Նրա հանդեպ նման պարզեցված մոտեցումներ, որոնք հարմար կերպով անտեսում են այն ուսմունքները, որոնք մենք անհարմար ենք համարում: Այս «պարզեցումը» ճշմարիտ է եղել նույնիսկ Նրա վերջնական որոշիչ առաքինության՝ Նրա սիրո առնչությամբ:

Իր մահկանացու առաքելության ընթացքում Հիսուսն ուսուցանեց, որ կա երկու մեծ պատվիրան: Դրանք ուսուցանվել են այս համաժողովի ժամանակ և հավիտյան կուսուցանվեն. «Սիրիր քո Տեր Աստծուն [և] սիրիր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ»:։ Եթե մենք ուզում ենք հավատարմորեն հետևել Փրկչին այս երկու կարևոր և անքակտելիորեն կապված կանոններում, մենք պետք է ամուր կառչենք նրանից, ինչ Նա իրականում ասել է։ Եվ այն, ինչ Նա իրականում ասել է, սա է. «Եթե ինձ սիրում եք, պահեք իմ պատվիրանները»: Այդ նույն օրը, երեկոյան Նա ասել է մեզ․ «Սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի»։

Այդ սուրբ գրություններում ճշմարիտ, քրիստոսանման սերը, որ երբեմն կոչում են գթություն, սահմանող որակավորող արտահայտությունները բացարձակապես կարևոր են:

Ի՞նչ են դրանք սահմանում: Ինչպե՞ս էր սիրում Հիսուսը:

Նախ, Նա սիրում էր «[Իր] ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով», ինչը նրան ունակ էր դարձնում բուժելու խոր ցավը և ասելու ամենածանր ճշմարտությունը: Կարճ ասած, Նա այն անձն է, ով կարող էր սպասավորել շնորհով և պնդել ճշմարտությունը միևնույն ժամանակ: Ինչպես Լեքին է ասել իր որդի Հակոբին օրհնելիս․ «Փրկագնումը Սուրբ Մեսիայի մեջ է և նրա միջոցով. քանզի նա լի է շնորհով և ճշմարտությամբ»։ Նրա սերը թույլ է տալիս մեզ ընդունել հուսադրող գրկախառնություն, երբ դա անհրաժեշտ է, և դառը բաժակ, երբ այն պետք է խմել: Այսպիսով, մենք փորձում ենք սիրել մեր ամբողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով, քանի որ Նա այդպես է սիրում մեզ:

Հիսուսի աստվածային գթության երկրորդ հատկանիշը Նրա հնազանդությունն էր յուրաքանչյուր խոսքին, որ դուրս էր գալիս Աստծո բերանից՝ միշտ ենթարկելով Իր կամքն ու գործելակերպը Իր Երկնային Հոր կամքին ու գործելակերպին:

Իր Հարությունից հետո գալով արևմտյան կիսագունդ՝ Քրիստոսն ասաց նեփիացիներին. «Ահա, ես եմ Հիսուս Քրիստոսը … Ես խմեցի այն դառը բաժակից, որը Հայրը տվեց ինձ, … որով ես ենթարկվեցի Հոր կամքին, … ի սկզբանե»։

Թեև Իր անձը ներկայացնելու բազում եղանակներ կային, Հիսուսն արեց դա, հայտարարելով Իր հնազանդությունը Հոր կամքին, չնայած, որ քիչ առաջ, Իր մեծագույն կարիքի պահին, Աստծո այս Միածին Որդին Իրեն բացարձակ լքված էր զգում Իր Հոր կողմից: Քրիստոսի գթությունը, որ ակնհայտ էր լիակատար հավատարմությամբ աստվածային կամքին, դրսևորվում էր և շարունակում է դրսևորվել ոչ միայն հեշտ ու հարմարավետ, այլև՝ ամենախավար ու ամենադժվար օրերին:

Հիսուսը «վշտերի մարդ էր», ասվում է սուրբ գրություններում։ Նրան ծանոթ էին տխրությունը, հոգնածությունը, հիասթափությունն ու տանջալից մենությունը: Այս և բոլոր ժամանակներում Հիսուսի սերը չի պակասում, ոչ էլ՝ Նրա Հոր սերը: Նման հասուն սիրով, որը օրինակ է ծառայում, զորացնում և բաժին հանում, մերը նույնպես չի պակասի:

Այսպիսով, եթե երբեմն, որքան շատ եք փորձում, այնքան կարծես ավելի դժվար է դառնում, ինչպես ձեր անկատարությունների և թերությունների վրա աշխատելիս հայտնաբերում եք, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան որոշել է մարտահրավեր նետել ձեր հավատքին, կամ եթե նվիրված աշխատելիս զգում եք, որ վախը պատում է ձեզ, հիշեք, որ դա պատահել է ամենահավատարիմ մարդկանց հետ՝ բոլոր դարաշրջաններում: Նաև հիշեք, որ տիեզերքում կա մի ուժ, որը որոշել է ընդդիմանալ յուրաքանչյուր լավ բանի, որը դուք փորձում եք անել:

Այսպիսով, առատության, ինչպես նաև աղքատության, մասնավոր գնահատանքի, ինչպես նաև հանրային քննադատության, Վերականգնման աստվածային տարրերի, ինչպես նաև մարդկային թերությունների պարագայում, որոնք անխուսափելիորեն կլինեն, մենք շարունակում ենք մնալ Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցում։ Ինչո՞ւ: Քանի որ մեր Քավիչի նման մենք գրանցվել ենք ոչ թե կարճ ներածական դասի համար, այլ ամբողջ դասընթացի համար, մինչև վերջին քննությունը: Ուրախալին այստեղ այն է, որ Վարդապետը տվել է մեզ խնդիրների բոլոր պատասխանները դասընթացից առաջ։ Ավելին, մենք ունենք բազմաթիվ ուսուցիչներ, որոնք մեզ կանոնավորապես հիշեցնում են այդ պատասխանները ճանապարհի կանգառներում: Բայց, իհարկե, այդ ամենն ապարդյուն կլինի, եթե մենք շարունակ բաց թողնենք դասերը:

«Ո՞ւմ եք փնտրում» Ամբողջ սրտով մենք պատասխանում ենք․ «Հիսուս Նազովրեցուն»։ Երբ Նա ասում է «Ես եմ», մենք ծնկի ենք գալիս և մեր լեզվով խոստովանում, որ Նա է կենդանի Քրիստոսը, որ Նա միայնակ քավել է մեր մեղքերը, որ Նա մեզ հետ է եղել նույնիսկ այն ժամանակ, երբ մենք կարծել ենք, թե լքել է մեզ: Երբ կանգնենք Նրա առջև և տեսնենք Նրա ձեռքերի և ոտքերի սպիները, կսկսենք հասկանալ, թե ինչ էր նշանակում Նրա համար կրել մեր մեղքերը և ծանոթ լինել վշտին, լիակատար հնազանդ լինել Իր Հոր կամքին. այդ ամենը՝ մեր հանդեպ մաքուր սիրո շնորհիվ։ Հավատքը, ապաշխարությունը, մկրտությունը, Սուրբ Հոգու պարգևը և Տիրոջ տանը մեր սուրբ օրհնությունները ստանալը ուրիշներին ներկայացնելը՝ սրանք են հիմնական «սկզբունքներն ու արարողությունները», որոնք բացահայտում են մեր սերը Աստծո ու մերձավորի հանդեպ և բնութագրում են Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին:

Եղբայրներ և քույրեր, ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին այն միջոցն է, որն Աստված տվել է մեր վեհացման համար: Ավետարանը, որն այն ուսուցանում է, ճշմարիտ է, և քահանայությունը, որը օրինականացնում է այն, գալիս է անմիջապես Աստծուց: Ես վկայում եմ, որ Ռասսել Մ. Նելսոնը մեր Աստծո մարգարեն է, ինչպես եղել են իրեն նախորդող մարգարեները և կլինեն իր հաջորդները։ Եվ մի օր այդ մարգարեական առաջնորդությամբ մի սերունդ կտեսնի մեր Փրկության Պատգամաբերին իջնելիս, ինչպես «կայծակն … արևելքից», և մենք կբացականչենք՝ «Հիսուս Նազովրեցի»։ Հավերժ պարզած ձեռքերով և աներևակայելի սիրով Նա կպատասխանի. «Ես եմ»: Ես խոստանում եմ սա Նրա սուրբ անվան առաքելական զորությամբ և իշխանությամբ, հենց Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: