Կապված լինելով Հիսուս Քրիստոսի հետ՝ դառնալ երկրի աղը
Երբ մենք մնանք Տիրոջ հետ կապված, մեր կյանքը բնականորեն կարտացոլի Նրա լույսը, և մենք կդառնանք երկրի աղը:
Փրկիչն ուսուցանել է, որ երբ մենք «կանչվում [ենք] [Իր] հավիտենական ավետարանով, և ուխտ [ենք] անում հավիտենական ուխտով, [մենք] համարվում [ենք] երկրի աղը»։ Աղը բաղկացած է երկու իրար միացված տարրերից։ Ինքնուրույն մենք չենք կարող աղ լինել․ եթե պատրաստվում ենք լինել երկրի աղը, պետք է կապված լինենք Տիրոջ հետ, և դա այն է, ինչ ես տեսնում եմ, երբ շփվում եմ Եկեղեցու անդամների հետ ամբողջ աշխարհում․ ես տեսնում եմ, որ Եկեղեցու հավատարիմ անդամները կապված են Տիրոջ հետ, նվիրված ծառայում են ուրիշներին և երկրի աղն են:
Ձեր անսասան նվիրվածությունը փայլուն օրինակ է։ Ձեր թանկագին ծառայությունը գնահատված է։
Մեր երիտասարդները ցուցաբերում են նշանակալից քաջություն և նվիրվածություն: Նրանք մեծ ոգևորությամբ են զբաղվում ընտանեկան պատմության աշխատանքով, և նրանց հաճախակի այցելությունները Տիրոջ տուն վկայում են իրենց նվիրվածության մասին։ Նրանց պատրաստակամությունը՝ տրամադրել ժամանակ և էներգիա ամբողջ աշխարհում միսիաներ ծառայելու համար, արտացոլում է խոր և հաստատուն հավատք: Նրանք ոչ միայն մասնակցում են, այլ նաև առաջնորդում են Հիսուս Քրիստոսի հետ կապված աշակերտներ դառնալու ճանապարհը: Նրանց ծառայությունը լույս և հույս է ճառագում՝ հուզելով անթիվ կյանքեր։ Եկեղեցու երիտասարդներ, մենք սրտանց շնորհակալություն ենք հայտնում ձեր ոգեշնչված ծառայության համար: Դուք ոչ միայն Եկեղեցու ապագան եք, այլև՝ ներկան: Եվ դուք իսկապես երկրի աղն եք։
Ես սիրում եմ Տեր Հիսուս Քրիստոսին և օրհնված եմ՝ Տիրոջ Եկեղեցում ձեր կողքին ծառայելու հնարավորությամբ: Մեր միասնությունն ու ուժը, որոնք հիմնված են մեր ընդհանուր հավատքի վրա, վստահեցնում են մեզ, որ մենք երբեք մենակ չենք այս ճանապարհին։ Միասին մենք կարող ենք շարունակել կառուցել Աստծո արքայությունը՝ հիմնված ծառայության, սիրո և անսասան հավատքի վրա:
Երբ Հիսուս Քրիստոսն ուսուցանում էր Գալիլեայի ծովի ափին, նա հաճախ օգտագործում էր ամենօրյա առարկաներ, որոնք ծանոթ էին նրա ունկնդիրներին, որպեսզի խոր հոգևոր ճշմարտություններ հաղորդեր նրանց։ Այդպիսի առարկա էր աղը։ Հիսուսը հայտարարել է․ «Դուք եք երկրի աղը» ։ Սա իմաստով և նշանակությամբ հարուստ հայտարարություն է, հատկապես իր ժամանակի մարդկանց համար, ովքեր հասկանում էին աղի բազմակողմանի արժեքը:
Պորտուգալիայի հարավային հատվածում՝ Ալգարվեում, աղ հավաքելու հնագույն արհեստը սկիզբ է առել հազարավոր տարիներ առաջ՝ Հռոմեական կայսրության ժամանակներում։ Հատկանշական է, որ աղի հետ աշխատողների կիրառած մեթոդները, ովքեր հայտնի են որպես մարնոտոներ, դրանից հետո փոքր ինչ փոփոխությունների են ենթարկվել։ Այս նվիրված արհեստավորներն օգտագործում են ավանդական մեթոդներ, կատարելով իրենց աշխատանքը ամբողջությամբ ձեռքով՝ պահպանելով դարերով եկած ժառանգությունը:
Այս հնագույն մեթոդով հավաքում են այն, ինչը կոչվում է «ծաղիկ աղ»։ Ծաղիկ աղի հավաքման բարդ գործընթացը լիովին գնահատելու համար անհրաժեշտ է հասկանալ այն միջավայրը, որտեղ այն արտադրվում է: Ալգարվեի ափամերձ աղի ճահիճները իդեալական պայմաններ են ապահովում աղի արտադրության համար: Ծովի ջուրը հոսում է ծանծաղ ամբարներ, որոնք հայտնի են որպես աղուտներ, որտեղ այն գոլորշիանում է կիզիչ արևի տակ։ Երբ ջուրը գոլորշիանում է, ծաղիկ աղը նուրբ բյուրեղներ է ձևավորում աղուտների մակերեսին: Այս բյուրեղները աներևակայելի մաքուր են և ունեն յուրահատուկ, փխրուն կառուցվածք: Մարնոտոները զգուշորեն հեռացնում են բյուրեղները ջրի մակերևույթից՝ օգտագործելով հատուկ գործիքներ։ Դա մի գործընթաց է, որը պահանջում է մեծ հմտություն և ճշգրտություն: Պորտուգալիայում այս բարձրորակ աղը կոչվում է «աղի սերուցք», քանի որ այն կարելի է նրբորեն քաշել, ինչպես կաթի մակերեսի սերը: Այս նուրբ աղը թանկ է գնահատվում իր մաքրության և յուրահատուկ համի համար, ինչը նրան դարձնում է խոհարարական արվեստի թանկարժեք բաղադրիչ։
Ինչպես մարնոտոներն են մեծ ջանքեր գործադրում, որպեսզի ապահովեն աղի հավաքման բարձր որակը, այնպես էլ մենք՝ որպես Տիրոջ ուխտյալ ժողովուրդ, միշտ պետք է անենք մեր լավագույնը, որպեսզի մեր սերն ու օրինակը հնարավորինս լինեն մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի մաքուր արտացոլումը։
Հնագույն ժամանակներում աղը ոչ միայն համեմունք էր, այլև կարևոր պահպանման միջոց և մաքրության և ուխտի խորհրդանիշ: Մարդիկ գիտեին, որ աղը անհրաժեշտ է սնունդը պահպանելու և համը բարելավելու համար։ Նրանք նաև հասկանում էին, թե ինչ կլիներ, եթե աղը կորցներ իր համը կամ աղիությունը՝ պղտորվելու կամ մեկ այլ նյութի հետ խառնվելու դեպքում։
Ինչպես աղը կարող է կորցնել իր աղիությունը, մենք նույնպես կարող ենք կորցնել մեր հոգևոր կենսունակությունը, եթե մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս դառնում է անհաստատուն: Մենք կարող ենք արտաքինից նույնը լինել, բայց առանց ուժեղ ներքին հավատքի, մենք կորցնում ենք աշխարհում փոփոխություն մտցնելու և մեր շրջապատի մեջ լավագույնը ասպարեզ բերելու մեր ունակությունը:
Այսպիսով, ինչպե՞ս կարող ենք ուղղորդել մեր էներգիան և ջանքերը, որպեսզի կարողանանք ինչ-որ բան փոխել և լինել այն փոփոխությունը, որի կարիքն այսօր ունի աշխարհը: Ինչպե՞ս կարող ենք պահպանել մեր աշակերտությունը և շարունակել դրական ազդեցություն ունենալ ուրիշների վրա։
Մեր սիրելի մարգարեի խոսքերը դեռ արձագանքում են իմ մտքում. «Աստված ուզում է, որ մենք աշխատենք միասին և օգնենք միմյանց: Այդ պատճառով է Նա ընտանիքներով ուղարկում մեզ երկիր և կազմակերպում մեզ ծխերում և ցցերում: Այդ պատճառով է Նա խնդրում մեզ ծառայել և սպասավորել միմյանց: Այդ պատճառով Նա խնդրում է մեզ ապրել աշխարհում, բայց չլինել այս աշխարհից»:
Երբ մեր կյանքը լի է նպատակով և ծառայությամբ, մենք խուսափում ենք հոգևոր անտարբերությունից։ Մյուս կողմից, երբ մեր կյանքը զրկված է աստվածային նպատակից, ուրիշներին մատուցվող իմաստալից ծառայությունից և խորհելու ու մտորելու սուրբ հնարավորություններից, մենք աստիճանաբար խեղդվում ենք մեր սեփական գործունեության և շահերի մեջ և կարող ենք կորցնել մեր համը։ Դրա հակաթույնը ծառայելն է՝ ջերմեռանդորեն ներգրավված լինելով բարի գործերի մեջ և մեր ու այն հասարակության բարելավման մեջ, որտեղ ապրում ենք։
Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ինչպիսի օրհնություն է այսօր բոլորիս համար, որ պատկանում ենք Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն և հնարավորություն ունենք ծառայելու Նրա Եկեղեցում: Մեր հանգամանքները կարող են տարբեր լինել, բայց մենք բոլորս կարող ենք ինչ-որ բան փոխել:
Հիշեք մարնոտոներին՝ աղի մշակներին։ Նրանք օգտագործում են պարզ գործիքներ՝ լավագույն բյուրեղները՝ լավագույն աղը հավաքելու համար։ Մենք նույնպես կարող ենք անել պարզ բաներ, որոնք, փոքր ու իմաստալից գործերով հետևողական ջանքերի շնորհիվ, կարող են խորացնել մեր աշակերտությունն ու նվիրվածությունն առ Հիսուս Քրիստոս։ Ահա չորս պարզ և միևնույն ժամանակ խոր եղանակներ, որոնք կօգնեն մեզ լինել երկրի աղը․
-
Պահել Տիրոջ տունը մեր նվիրվածության կենտրոնում։ Այժմ, երբ տաճարներն ավելի մոտ են, քան երբևէ, Տիրոջ տանը կանոնավոր երկրպագությանը առաջնահերթություն տալը կօգնի մեզ կենտրոնանալ ամենակարևորի վրա և մեր կյանքը կենտրոնացնել Քրիստոսի վրա։ Տաճարում մենք գտնում ենք Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքի հիմքը և Նրա հանդեպ մեր նվիրվածության ոգին:
-
Ուրիշներին ամրապնդելու կանխամտածված ջանքեր ներդնել՝ միասին ապրելով ըստ ավետարանի։ Մենք կարող ենք ամրապնդել մեր ընտանիքները հետևողական և կանխամտածված ջանքերով` ավետարանի սկզբունքները կիրառելով մեր կյանքում և մեր տներում։
-
Պատրաստ լինել կոչում ընդունելուն և եկեղեցում ծառայելուն։ Մեր տեղական ժողովներում ծառայությունը թույլ է տալիս մեզ աջակցել միմյանց և միասին աճել։ Ծառայելը միշտ չէ որ հարմար է, բայց այն միշտ պարգևատրվում է։
-
Եվ վերջում, թվային հաղորդակցման գործիքների նպատակային օգտագործում: Այսօր թվային հաղորդակցության գործիքները թույլ են տալիս մեզ կապվել միմյանց հետ այնպես, ինչպես երբեք նախկինում չենք կարողացել: Ինչպես ձեզանից շատերը, ես օգտագործում եմ այս գործիքները, որպեսզի կապ հաստատեմ Եկեղեցու եղբայրների և քույրերի, իմ ընտանիքի և ընկերների հետ: Երբ շփվում եմ նրանց հետ, ես ինձ ավելի մոտ եմ զգում նրանց. մենք կարող ենք միմյանց ծառայել կարիքի ժամանակ, երբ ֆիզիկապես չենք կարող ներկա լինել: Այս գործիքներն, անկասկած, օրհնություն են, բայց դրանք կարող են նաև մեզ հեռացնել իմաստալից շփման խորությունից և, ի վերջո, ստիպել մեզ ձեռք բերել սովորություններ, որոնք վատնում են մեր ժամանակը աննպատակ գործողությունների վրա: Աշխարհի աղը լինելու ձգտումը շատ ավելին է, քան տասնհինգ սանտիմետրանոց էկրանի վրա անվերջ հոլովակներ թերթելը:
Պահելով Տիրոջ տունը մեր կյանքի կենտրոնում, ուրիշներին կանխամտածված ամրապնդելով, միասին ապրելով ըստ ավետարանի, ծառայության կոչումներ ընդունելով և թվային հաղորդակցման գործիքների նպատակային օգտագործումով՝ մենք կարող ենք պահպանել մեր հոգևոր կենսունակությունը։ Ճիշտ ինչպես ամենամաքուր աղը բարելավելու և պահպանելու զորություն ունի, այնպես էլ մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ, երբ այն սնուցվում և պաշտպանվում է քրիստոսանման ծառայության և սիրո մեր նվիրվածությունով։
Երբ մենք մնանք Տիրոջ հետ կապված, մեր կյանքը բնականորեն կարտացոլի Նրա լույսը, և մենք կդառնանք երկրի աղը: Այս ջանքերի շնորհիվ մենք ոչ միայն հարստացնում ենք մեր կյանքը, այլև ամրապնդում ենք մեր ընտանիքները և համայնքները: Եկեք ձգտենք պահպանել այս կապը Տիրոջ հետ, երբեք չկորցնենք մեր համը և լինենք աղի այն փոքրիկ բյուրեղը, որը Տերը ցանկանում է, որ մենք լինենք: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: