2024
Կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա
Նոյեմբեր 2024


10:50

Կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա

Երբ մենք անտեսում ենք աշխարհիկ շեղումները և կենտրոնանում Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա, մեզ երաշխավորվում է հաջողություն:

1996 թվականին Նիգերիայի տղամարդկանց ֆուտբոլի հավաքականը ոսկե մեդալ նվաճեց Ատլանտայում (ԱՄՆ) կայացած օլիմպիական խաղերում։ Երբ եզրափակիչ խաղն ավարտվեց, ուրախ բազմությունը լցվեց բոլոր քաղաքների փողոցները. գիշերվա ժամը երկուսին 200 միլիոնանոց այս երկիրը (այն ժամանակ) ակնթարթորեն վերածվեց զանգվածային տոնակատարության վայրի: Վարակիչ ուրախություն, երջանկություն և հուզմունք կար օդում, երբ մարդիկ ուտում էին, երգում ու պարում: Այդ պահին Նիգերիան միավորված էր և յուրաքանչյուր նիգերացի գոհ էր, որ նիգերացի էր:

Նախքան օլիմպիական խաղերը՝ այս թիմը բախվեց բազմաթիվ մարտահրավերների: Երբ մրցաշարը սկսվեց, նրանց ֆինանսական աջակցությունը դադարեցվեց: Թիմը մրցում էր առանց համապատասխան հանդերձանքների, մարզումների վայրերի, սննդի կամ լվացքի ծառայությունների:

Նիգերիայի ֆուտբոլի հավաքականը ոսկե մեդալներով:

Ջերոմի Պրեվոստ/Getty Images

Մի պահ նրանց րոպեներ էին բաժանում մրցաշարից դուրս մնալուց, սակայն Նիգերիայի հավաքականը հաղթեց բոլոր տարաձայնություններում: Այս առանցքային պահը փոխեց նրանց վերաբերմունքն իրենց հանդեպ: Նորահայտ վստահությամբ, անհատական և թիմային քրտնաջան աշխատանքով ու հաստատակամ վճռականությամբ նրանք միասնաբար անտեսեցին շեղումները և կենտրոնացան հաղթանակի վրա: Այս կենտրոնացումը նրանց բերեց ոսկե մեդալներ, իսկ նիգերացիները նրանց մկրտեցին «Երազանքի թիմ» անունով: 1996 թվականի օլիմպիական խաղերի Երազանքի թիմի ձեռքբերումը շարունակում է հիշատակվել Նիգերիայի սպորտում:

Նիգերիայի «Երազանքի թիմը»:

Դեյվիդ Քենոն/Allsport/Getty Images

Երբ ֆուտբոլային թիմը սովորեց անտեսել իրենց առջև ծառացած բազմաթիվ շեղումները և կենտրոնացավ իրենց նպատակի վրա, նրանք ավելի մեծ հաջողության հասան, քան հնարավոր էին համարում, և մեծ ուրախություն ապրեցին: (Ինչպես որ մնացած բոլորս Նիգերիայում)։

Նմանապես, երբ մենք անտեսում ենք աշխարհիկ շեղումները և կենտրոնանում Քրիստոսի ու Նրա ավետարանի վրա, մեզ երաշխավորված է հաջողություն, որն ավելին է, քան մենք կարող ենք լիովին պատկերացնել, և կարող ենք մեծ ուրախություն զգալ: Ինչպես ուսուցանել է նախագահ Ռասսել Մ. Նելսոնը․ «Երբ մեր կյանքը կենտրոնացնում ենք ․․․ Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի վրա, մենք ուրախություն ենք զգում, անկախ այն բանից` մեր կյանքում ինչ-որ բան տեղի է ունենում, թե ոչ»։

Ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգին օգնի մեզանից յուրաքանչյուրին ականջալուր լինել նախագահ Նելսոնի հրավերին՝ կենտրոնացնել մեր կյանքը «Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի» վրա, որպեսզի մենք կարողանանք ուրախություն զգալ Քրիստոսում, «անկախ այն բանից` մեր կյանքում ինչ-որ բան տեղի է ունենում, թե ոչ»։

Մորմոնի Գրքում մի քանի պատմություններ նկարագրում են նրանց, ովքեր շրջադարձեցին իրենց կյանքը՝ կենտրոնանալով Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա:

Դիտարկենք Ալմա Կրտսերին: Նա ապստամբել էր և պայքարում էր Եկեղեցու դեմ։ Նրա հայրը` Ալման, աղոթեց և ծոմ պահեց: Մի հրեշտակ հայտնվեց և Ալմա Կրտսերին ապաշխարության կանչեց: Այդ պահին Ալման սկսեց տառապել «ցավերով անիծված հոգու»: Այդ խավար ժամերին նա հիշեց իր հոր ուսուցումն այն մասին, որ Քրիստոսը գալու է՝ քավելու աշխարհի մեղքերը: Երբ նրա դատողությունը կենտրոնացավ այդ մտքի վրա, նա աղերսեց Աստծուն ողորմածության համար: Ուրախությունը արդյունքն էր, ուրախություն, որը նա նկարագրեց որպես՝ ուժգին: Ողորմածությունը և ուրախությունը տրվեցին Ալմային, քանի որ նա և իր հայրը կենտրոնացան Փրկչի վրա:

Դիմում եմ ծնողներին, որոնց զավակները մոլորվել են՝ սրտապնդվեք: Զարմանալու փոխարեն, թե ինչու հրեշտակը չի գալիս օգնելու ձեր երեխային ապաշխարել, իմացեք, որ Տերը մահկանացու հրեշտակ է դրել նրա ճանապարհին՝ եպիսկոպոսին, Եկեղեցու մեկ այլ ղեկավարի, սպասավորող եղբորը կամ քրոջը: Եթե դուք շարունակում եք ծոմ պահել և աղոթել, եթե ժամանակացույց կամ վերջնաժամկետ չեք սահմանում Աստծո համար, և եթե վստահ եք, որ Նա մեկնում է Իր ձեռքը օգնելու համար, ապա, վաղ թե ուշ, դուք կզգաք, որ Աստված դիպչում է ձեր երեխայի սրտին, երբ ձեր երեխան ընտրում է լսել: Դա այդպես է, քանի որ Քրիստոսը ուրախություն է, Քրիստոսը հույս է, Նա է խոստումը «գալիք բաների»: Ուստի, վստահեք ձեր երեխային Հիսուս Քրիստոսին, քանի որ Նա է յուրաքանչյուր ծնողի, յուրաքանչյուր երեխայի ուժը:

Երբ Ալմա Կրտսերը ուրախություն ապրեց Քրիստոսով, նա ապրեց այդ ուրախությամբ: Իսկ նա ինչպես պահպանեց այդպիսի ուրախությունը, չնայած դժվարություններին և փորձություններին: Նա նշում է.

«Եվ այդ ժամանակից ի վեր՝ մինչև այժմ, ես տքնել եմ առանց դադարելու, որ ես կարողանամ ապաշխարության բերել հոգիներ. որ ես կարողանամ բերել նրանց՝ ճաշակելու այն սաստիկ ուրախությունից, որից ես ճաշակեցի: ․․․

Եվ ․․․ Տերը տալիս է ինձ անչափ մեծ ուրախություն՝ իմ աշխատանքի պտղի մեջ: ․․․

Եվ ես սատարվել եմ ամեն տեսակի փորձանքների և տագնապների ներքո»:

Ուրախությունը Քրիստոսում սկսվեց Ալմայի համար, երբ նա հավատք գործադրեց Նրա հանդեպ և ողորմություն աղերսեց: Ապա Ալման շարունակեց հավատք գործադրել առ Քրիստոս՝ աշխատելով օգնել ուրիշներին ճաշակել նույն ուրախությունը: Այդ շարունակական աշխատանքները մեծ ուրախություն բերեցին Ալմային՝ նույնիսկ ամեն տեսակի փորձությունների և փորձանքների ժամանակ: Տեսնում եք՝ «Տերը սիրում է ջանքը», իսկ Նրա վրա կենտրոնացած ջանքը բերում է օրհնություններ։ Նույնիսկ դաժան փորձությունները կարող են «կուլ գնա[լ] Քրիստոսի ուրախության մեջ»:

Մորմոնի Գրքի մարդկանց մեկ այլ խումբ, որոնք Հիսուս Քրիստոսին և Նրա ավետարանը դարձրին իրենց կյանքի կիզակետը և ուրախություն գտան, նրանք են, ովքեր հիմնադրեցին Հելամ քաղաքը. մի վայր, որտեղ նրանք կարող էին մեծացնել իրենց երեխաներին և վայելել իրենց կրոնի ազատ գործադրումը: Լավ կյանքով ապրող այս արդար ժողովուրդը ստրկացավ մի ավազակային խմբի կողմից և զրկվեց կրոնը գործադրելու մարդու հիմնարար իրավունքից: Երբեմն վատ բաներ կարող են պատահել նաև լավ մարդկանց հետ:

«Տերը հարմար է գտնում խրատել իր ժողովրդին. այո, նա փորձում է նրանց համբերությունն ու նրանց հավատքը:

Սակայն, ով որ իր վստահությունը դնում է նրա վրա, նույնը պիտի բարձրացվի վերջին օրը: Այո, և այսպես դա եղավ այս ժողովրդի հետ»:

Ինչպե՞ս այդ ժողովուրդը դիմացավ իրենց փորձություններին և տառապանքներին: Կենտրոնանալով Քրիստոսի և Նրա ավետարանի վրա: Նրանք չէին բնորոշվում իրենց դժվարություններով. ավելի շուտ, նրանցից յուրաքանչյուրը դիմեց Աստծուն՝ հավանաբար համարելով իրեն որպես Աստծո զավակ, ուխտի զավակ և Հիսուս Քրիստոսի աշակերտ: Երբ նրանք հիշեցին, թե ովքեր էին իրենք և կանչեցին առ Աստված, նրանք ստացան խաղաղություն, ուժ և, ի վերջո, ուրախություն Քրիստոսում.

«Եվ Ալման ու իր ժողովուրդը ․․․ իրենց սիրտը դուրս էին թափում [Աստծուն], և նա գիտեր մտքերը նրանց սրտերի:

Եվ եղավ այնպես, որ Տիրոջ ձայնը եկավ նրանց իրենց չարչարանքների մեջ՝ ասելով. Բարձրացրեք ձեր գլուխները և հանգիստ եղեք, քանզի ես գիտեմ ուխտի մասին, որը դուք արել եք ինձ հետ. և ես կուխտեմ իմ ժողովրդի հետ ու կազատեմ նրանց ճորտությունից»:

Ի պատասխան՝ Տերը «թեթևացրեց բեռները ․․․ [նրանց] ուսերի վրայից: ․․․ Այո, Տերն ուժեղացրեց նրանց, որ նրանք կարողանային իրենց բեռները հեշտությամբ տանել, և նրանք զվարթությամբ ու համբերությամբ հնազանդվեցին Տիրոջ ողջ կամքին»: Նկատի ունեցեք, որ այդ սրբերը թույլ տվեցին, որ իրենց տագնապները, փորձանքները և փորձությունները կուլ գնային Քրիստոսի ուրախության մեջ: Հետո, պատշաճ ժամանակին, Նա ցույց տվեց Ալմային նրանց փախուստի ճանապարհը, և Ալման՝ Աստծո մարգարեն, առաջնորդեց նրանց դեպի ապահովություն:

Երբ մենք կենտրոնանանք Քրիստոսի վրա և հետևենք Նրա մարգարեին, մենք նույնպես կառաջնորդվենք դեպի Քրիստոսը և Նրա ավետարանի ուրախությունը: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․ «Ուրախությունը զորեղ է, իսկ ուրախության վրա կենտրոնանալը մեր կյանք է բերում Աստծո զորությունը: Ինչպես բոլոր բաներում, Հիսուս Քրիստոսը մեր լավագույն օրինակն է, «որ իր առաջին դրուած ուրախութեան փոխանակ խաչը հանձն առավ» [Եբրայեցիներին 12.2]»:

Երեց Էգբոյի մայրը:
Երեց Էգբոն իր մոր հետ:

Մայրս վերջերս մահացավ, և դա ինձ համար մեծ ցնցում էր: Ես սիրում եմ իմ մայրիկին և չէի ծրագրել նրան այդքան երիտասարդ կորցնել: Բայց նրան կորցնելու փորձառության միջոցով ես և իմ ընտանիքը վիշտ և ուրախություն զգացինք: Ես գիտեմ, որ Քրիստոսի շնորհիվ նա մահացած չէ, նա ապրում է: Եվ ես գիտեմ, որ Քրիստոսի շնորհիվ և Ջոզեֆ Սմիթի վերականգնված քահանայության բանալիների միջոցով, ես մի օր կլինեմ նրա հետ: Մայրիկիս կորցնելու վիշտը կուլ գնաց Քրիստոսի ուրախության մեջ: Ես սովորում եմ, որ «ունեցեք սելեստիալ մտածելակերպ» և «թող Աստված տնօրինի» արտահայտությունները ներառում են ուրախության վրա կենտրոնացած լինելը, որը մատչելի է Քրիստոսում:

Նա սիրով հրավիրում է. «Ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ»: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: