2024
Նրա ձեռքը պատրաստ է օգնել մեզ
Նոյեմբեր 2024


10:13

Նրա ձեռքը պատրաստ է օգնել մեզ

Երբ մենք հավատքով դիմենք Հիսուս Քրիստոսին, Նա միշտ մեր կողքին կլինի:

Երբ ես փոքր էի, ընտանիքով արձակուրդ գնացինք իմ հայրենի երկրի՝ Չիլիի ափին գտնվող լողափ։ Ես ոգևորված էի, քանի որ մի քանի օր ընտանիքիս հետ վայելելու էի ամառը: Ես նաև հուզված էի, քանի որ մտածում էի, որ վերջապես կարող եմ մասնակցել այն ամենին, ինչ սովորաբար անում էին իմ երկու ավագ եղբայրները՝ ջրի վրա զվարճանալու համար:

Մի օր եղբայրներս գնացին խաղալու այնտեղ, որտեղ ալիքները ճեղքվում էին, և ես ինձ բավականաչափ մեծ ու հասուն զգացի, որպեսզի հետևեմ նրանց։ Երբ շարժվեցի դեպի այդ հատվածը, հասկացա, որ ալիքներն ավելի մեծ էին, քան երևում էին ափից։ Հանկարծ մի սրընթաց ալիք մոտեցավ և անակնկալ կերպով կլանեց ինձ։ Ես զգացի, կարծես, բնության ուժն ինձ հաղթել էր, և ես քաշվել էի ծովի խորքերը։ Ես չէի տեսնում կամ զգում որևէ ելք, մինչ այս ու այն կողմ էի քշվում: Հենց որ մտածեցի, որ իմ արկածները երկրի վրա կարող են մոտենալ ավարտին, զգացի, որ մի ձեռք ինձ քաշում է դեպի մակերեսը: Վերջապես ես տեսա արևն ու շունչ քաշեցի։

Եղբայրս՝ Կլաուդիոն, նկատելով իմ մեծավարի պահվածքը, ինձ փրկության հասավ։ Ես ափից հեռու չէի: Թեև ջուրը ծանծաղ էր, ես ապակողմնորոշվել էի ու չէի գիտակցում, որ կարող էի ինքս ինձ օգնել: Կլաուդիոն ինձ ասաց, որ պետք է զգույշ լինեմ, և, եթե ուզում եմ՝ նա կսովորեցնի ինձ։ Չնայած լիտրերով ջուր էի կուլ տվել, հպարտությունս և մեծ տղա լինելու ցանկությունս ավելի ուժեղ էին, և ես ասացի. «Իհարկե»:

Կլաուդիոն ինձ ասաց, որ պետք է հարձակվել ալիքների վրա: Ես ինքս ինձ ասացի, որ հաստատ կպարտվեի այդ ճակատամարտում՝ ջրի հսկայական պատի դեմ:

Երբ մի նոր մեծ ալիք մոտեցավ, Կլաուդիոն արագորեն ասաց. «Նայիր ինձ. ահա, թե ինչպես է պետք անել»: Կլաուդիոն վազեց դեպի եկող ալիքը և սուզվեց դրա մեջ՝ նախքան այն կճեղքվեր։ Ես այնքան տպավորված էի, որ չնկատեցի՝ ինչպես մոտեցավ հաջորդ ալիքը: Այսպիսով, ես կրկին ուղարկվեցի ծովի խորքերը և այս ու այն կողմ քշվեցի բնության ուժերի կողմից: Մի քանի վայրկյան անց մի ձեռք որսաց իմ ձեռքը, և ես կրկին դուրս քաշվեցի ջրի երես և դեպի օդը։ Իմ հպարտության բոցը մարում էր։

Այս անգամ եղբայրս կանչեց ինձ իր հետ սուզվելու։ Նրա հրավերի համաձայն՝ ես հետևեցի նրան, և մենք միասին սուզվեցինք: Կարծես ամենաբարդ մարտահրավերն էի հաղթահարում։ Անշուշտ, դա այնքան էլ հեշտ չէր, բայց ես դա արեցի՝ շնորհիվ եղբորս ցուցաբերած օգնության և օրինակի։ Նրա ձեռքն ինձ փրկության հասավ երկու անգամ. այդ օրը նրա օրինակը ինձ ցույց տվեց, թե ինչպես հաղթահարել և հաղթանակել:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հրավիրել է մեզ ունենալ սելեստիալ մտածելակերպ, և ես ուզում եմ հետևել նրա խորհրդին ու կիրառել այն իմ ամառային պատմության մեջ:

Փրկչի զորությունը հակառակորդի վրա

Եթե մենք ունենանք սելեստիալ մտածելակերպ, կհասկանանք, որ կյանքում կլինեն մարտահրավերներ, որոնք կթվան ավելի մեծ, քան դրանք հաղթահարելու մեր կարողությունները: Մեր մահկանացու ժամանակի ընթացքում մենք ենթակա ենք հակառակորդի հարձակումներին։ Ինչպես այդ ամառային օրը, երբ ալիքները ուժ ունեին ինձ վրա, մենք կարող ենք մեզ անզոր զգալ և ավելի ուժեղ ճակատագրին հանձնվելու ցանկություն ունենալ: Այդ «չարակամ ալիքները» կարող են դես ու դեն հրել մեզ: Բայց մի մոռացեք, թե ով զորություն ունի այդ ալիքների և, ըստ էության, բոլոր բաների վրա: Դա մեր Փրկիչն է՝ Հիսուս Քրիստոսը։ Ցանկացած թշվառ կամ թշնամական իրավիճակում Նա մեզ օգնելու զորություն ունի։ Անկախ նրանից՝ մոտ ենք զգում Նրան, թե ոչ, Նա, միևնույն է, կարող է հասնել մեզ օգնության՝ որտեղ էլ որ լինենք, ինչ իրավիճակում էլ որ լինենք:

Եթե հավատքով դիմենք Նրան, Նա միշտ կաջակցի մեզ և Իր ժամանակին պատրաստ կլինի բռնել մեր ձեռքը և հանել մեզ մի ապահով վայր:

Փրկիչը և Նրա սպասավորման օրինակը

Եթե ունենանք սելեստիալ մտածելակերպ, մենք կընդունենք Հիսուս Քրիստոսին՝ որպես սպասավորման անթերի օրինակ: Սուրբ գրություններում մեզ տրվում է նման օրինակ, երբ Նա կամ աշակերտները իրենց ձեռքերով են օգնում օգնության, փրկության կամ օրհնության կարիք ունեցողին: Ինչպես իմ պատմության մեջ, ես գիտեի, որ եղբայրս կողքիս էր, բայց դա բավարար չէր: Կլաուդիոն գիտեր, որ ես փորձանքի մեջ եմ, և եկավ օգնելու՝ հանելով ինձ ջրից:

Երբեմն մենք կարծում ենք, որ բավական է լինել միայն կարիքավորի կողքին, բայց շատ հաճախ մենք կարող ենք ավելին անել: Հավերժական հեռանկար ունենալը կօգնի մեզ հայտնություն ստանալ և ժամանակին օգնություն առաջարկել կարիքի մեջ գտնվող այլ մարդկանց: Մենք կարող ենք ապավինել Սուրբ Հոգու առաջնորդությանն ու ոգեշնչմանը, որպեսզի հասկանանք, թե սրբազան ուխտերին նախապատրաստվելու, դրանք կապելու և պահելու իրենց ճամփորդության ընթացքում ինչպիսի օգնություն է անհրաժեշտ մյուսներին. լինի դա ժամանակավոր աջակցություն (օրինակ՝ էմոցիոնալ մխիթարություն, սնունդ, կամ օգնություն առօրյայում), թե հոգևոր առաջնորդություն։

Փրկիչը պատրաստ է փրկել մեզ

Երբ Պետրոսը՝ ավագ առաքյալը, «քայլեց ջրի վրայով և Հիսուսի մոտ եկավ ․․․ վախեցավ և երբ սկսեց սուզվել», ապա աղաղակեց ու ասաց «Տեր, փրկիր ինձ»»։ Հիսուսը գիտեր, թե ինչպիսի հավատք պահանջվեց Պետրոսից, որպեսզի նա ջրի վրայով Իր մոտ գար։ Նա նաև տեղյակ էր Պետրոսի վախից։ Ըստ այդ պատմության՝ Հիսուսը «իսկույն ձեռքը մեկնեց, բռնեց նրան», ասելով հետևյալ խոսքերը. «Թերահավատ, ինչո՞ւ երկմտեցիր»։ Նրա խոսքերը ոչ թե Պետրոսին նախատելու, այլ նրան հիշեցնելու համար էին, որ Ինքը՝ Մեսիան, նրա և աշակերտների հետ էր:

Եթե մենք սելեստիալ մտածելակերպ ունենանք, մենք մեր սրտերում կստանանք հաստատում, որ Հիսուս Քրիստոսն իսկապես մեր Փրկիչն է, մեր Բարեխոսը Հոր առաջ և մեր Քավիչը: Եթե մենք հավատք գործադրենք Նրա հանդեպ, Նա կփրկի մեզ մեր ընկած վիճակից, այս աշխարհիկ կյանքում դուրս կբերի մեր մարտահրավերներից, թուլություններից և կարիքներից, և կտա մեզ բոլոր պարգևներից մեծագույնը, որը հավերժական կյանքն է:

Փրկիչը մեզանից չի հրաժարվում

Եղբայրս այդ օրը չհրաժարվեց ինձանից, այլ համառորեն շարունակեց, որպեսզի ես կարողանամ սովորել դա ինքնուրույն անել։ Նա համառորեն շարունակեց, նույնիսկ եթե դա պահանջում էր երկու անգամ ինձ փրկել։ Նա համառորեն շարունակեց, նույնիսկ, երբ ես չկարողացա անել այն առաջին անգամից: Նա համառորեն շարունակեց, որպեսզի ես կարողանամ հաղթահարել այդ դժվարությունը և հասնել հաջողության։ Եթե մենք ունենանք սելեստիալ մտածելակերպ, մենք կգիտակցենք, որ մեր Փրկիչը կլինի մեր կողքին այնքան անգամ, որքան անհրաժեշտ է՝ օգնություն ցուցաբերելով, եթե մենք ցանկանանք սովորել, փոխվել, հաղթահարել, պայքարել կամ հաջողության հասնել այն ամենում, ինչը մեր կյանք կբերի ճշմարիտ և հավիտենական երջանկություն:

Փրկչի ձեռքերը

Սուրբ գրությունները անմահացրել են Փրկչի ձեռքերի խորհրդանիշներն ու նշանակությունը։ Իր քավիչ զոհաբերության ժամանակ խաչին ամրացնելու համար Նրա ձեռքերը խոցեցին մեխերով: Իր Հարությունից հետո Նա հայտնվեց Իր աշակերտներին կատարյալ մարմնում, բայց դրոշմները Նրա ձեռքերում մնում են որպես Իր անսահման զոհաբերության հիշեցում: Նրա ձեռքը միշտ պատրաստ է օգնել մեզ, նույնիսկ եթե սկզբում մենք չենք տեսնում կամ զգում այն, որովհետև Նա ընտրվել է մեր Երկնային Հոր կողմից՝ լինելու մեր Փրկիչը, ողջ մարդկության Քավիչը:

Փրկչի առաջնորդող ձեռքը

Մեր ընկալման շրջանակներում, Ջեյ Բրայանթ Վարդ

Փրկչի առաջնորդող ձեռքը

Աստծո ձեռքը, Յոնսուն Կիմ

Եթե ես ունեմ սելեստիալ մտածելակերպ, ես գիտեմ, որ այս կյանքում մենք միայնակ չենք: Թեև մենք պետք է դիմակայենք մարտահրավերներին և փորձություններին, մեր Երկնային Հայրը գիտի մեր կարողությունները և գիտի, որ մենք կարող ենք կրել կամ հաղթահարել մեր դժվարությունները: Մենք պետք է կատարենք մեր բաժինը և Նրան դիմենք հավատքով: Նրա սիրելի Որդին՝ Հիսուս Քրիստոսը, մեր փրկարարն է ու միշտ մեր կողքին կլինի։ Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես Ռասսել Մ. Նելսոն, «Ունեցեք սելեստիալ մտածելակերպ», Լիահոնա, նոյ. 2023, 118։

    «Երբ դուք ընտրություն եք կատարում, ես ձեզ հրավիրում եմ երկար հայացք նետել՝ հավերժական հայացք։ Դրեք Հիսուս Քրիստոսին առաջին տեղում, քանի որ ձեր հավերժական կյանքը կախված է Նրա և Նրա Քավության հանդեպ ձեր հավատքից։

    Երբ դուք բախվում եք երկընտրանքի, ունեցեք սելեստիալ մտածելակերպ։ Երբ փորձվում եք գայթակղությամբ, ունեցեք սելեստիալ մտածելակերպ։ Երբ կյանքը կամ սիրելիները ձեզ հուսահատեցնում են, ունեցեք սելեստիալ մտածելակերպ։ Երբ ինչ-որ մեկը վաղաժամ մահանում է, ունեցեք սելեստիալ մտածելակերպ։ Երբ ինչ-որ մեկը տառապում է կործանարար հիվանդությամբ, ունեցեք սելեստիալ մտածելակերպ։ Երբ կյանքի ճնշումները կուտակվում են ձեզ վրա, ունեցեք սելեստիալ մտածելակերպ։ Երբ դուք ապաքինվում եք դժբախտ պատահարից կամ վնասվածքից, ինչպես ես հիմա, ունեցեք սելեստիալ մտածելակերպ»։

  2. Տես Մարկոս 4.35–41:

  3. Թեև մենք հավատում ենք, որ մեր Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ունակ են մեզ օգնելու, երբ էլ որ մենք դրա կարիքն ունենք, նրանց օգնությունը միշտ չէ, որ գալիս է մեր ակնկալած ձևով։ Կարևոր է վստահ լինել, որ նրանք մեզ ավելի լավ են ճանաչում, քան ինքներս մեզ, և ճիշտ ժամանակին կտրամադրեն այն աջակցությունն ու օժանդակությունը, որը լավագույնն է մեզ համար. «Իմացիր, որդիս, որ այս բոլոր բաները փորձառություն կտան քեզ և կլինեն քո օգտի համար» (Վարդապետություն և Ուխտեր 122.7

    Փորձություններն ու մարտահրավերները, որոնց մենք առերեսվում ենք, օգնում են մեզ զարգացնել ուժ ու բնավորություն՝ դիմակայելու գայթակղությանը և հաղթահարելու բնական մարդուն:

  4. Տես Մատթեոս 14.31, Մարկոս 1.31, 5.41, 9.27, Գործք 3.7, 3 Նեփի 18.36:

  5. Երբ նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը մեզ հրավիրեց սպասավորել ավելի նոր և ավելի սուրբ ձևով (տես «Սպասավորություն», Լիահոնա, մայիս 2018, 100), նա նաև խնդրեց մեզ հասկանալ, որ ծառայելու այս նոր ձևը վերաբերում է ոչ թե ինձ և այն ամենին, ինչ ես ուզում եմ առաջարկել, այլ նրան, թե ինչ է պետք ուրիշներին։ Հիսուս Քրիստոսը մեր մերձավորին (տես Ղուկաս 10․27) ավելի բարձր ու ավելի սուրբ ձևով սիրելու հնարավորություն է տալիս։

  6. Մատթեոս 14.29–30:

  7. Մատթեոս 14.31:

  8. Երջանկությունն իսկապես հասկանալու համար մենք պետք է հասկանանք օրհնությունների դերը մեր կյանքում: Օրհնություններ հասկացության սահմանումը օգնում է պարզաբանել այս տողերը. օրհնությունը ինչ-որ մեկին աստվածային շնորհ պարգևելն է: Ամեն բան, ինչը նպաստում է ճշմարիտ երջանկությանը, բարեկեցությանը կամ բարգավաճմանը, օրհնություն է» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Օրհնել, օրհնված, օրհնություն», Ավետարանի գրադարան): Աշխարհը հաճախ շփոթում է իրական երջանկությունը ժամանակավոր հաճույքի հետ, որը նմանակում է կարճատև «երջանկությանը»:

  9. Տես Եսայի 49․16։