2024
«Դուք իմ բարեկամներն եք»
Նոյեմբեր 2024


10:49

«Դուք իմ բարեկամներն եք»

Փրկչի հայտարարությունը՝ «դուք իմ բարեկամներն եք» հստակ կոչ է՝ Աստծո բոլոր զավակների միջև ավելի բարձր և ավելի սուրբ հարաբերություններ կառուցելու համար:

Հակառակությամբ և պառակտումներով լցված աշխարհում, որտեղ բարեկիրթ զրույցը փոխարինվել է դատապարտությամբ և ծաղրանքով, իսկ ընկերությունը որոշվում է -ություններով և -ացիներով, ես հասկացա, որ կա մի պարզ, հասարակ և աստվածային օրինակ, որին մենք կարող ենք նայել միասնության, սիրո և պատկանելության համար: Այդ օրինակը Հիսուս Քրիստոսն է: Ես վկայում եմ, որ Նա մեծ միավորողն է:

Մենք Նրա բարեկամներն ենք

1832թ. դեկտեմբերին, երբ «ազգերի միջև գոյություն ունեցող անհանգստությունները» դառնում էին «ավելի ակնհայտ», քան երբևէ՝ Եկեղեցու կազմավորումից ի վեր, Կիրթլենդի (Օհայո) վերջին օրերի սրբերի ղեկավարները հավաքվեցին համաժողովի: Նրանք աղոթեցին «բարձրաձայն և անհատապես Տիրոջը, որպեսզի [նրանց] հայտնի իր կամքը»: Ընդունելով այս հավատարիմ անդամների աղոթքները խիստ դժվարությունների ժամանակ, Տերը մխիթարեց նրանց՝ երեք անգամ դիմելով սրբերին երկու զորեղ բառերով. «իմ բարեկամներ»:

Հիսուս Քրիստոսը Իր հավատարիմ հետևորդներին վաղուց կոչել է Իր բարեկամները: Վարդապետություն և Ուխտերում տասնչորս անգամ Փրկիչն օգտագործում է բարեկամ եզրույթը՝ սահմանելու սուրբ և նվիրական հարաբերությունները: Ես չեմ խոսում բարեկամ բառի մասին, ինչպես աշխարհն է սահմանում այն` կախված սոցիալական ցանցերի հետևորդներից կամ «հավանումներից»: Այն չի արտահայտվում հեշթեգով կամ թվով Instagram-ում կամ X-ում:

Ճիշտ է, դեռահաս տարիքում ես հիշում եմ տհաճ զրույցները, երբ լսում էի այն ցավալի խոսքերը. «Լսիր, կարո՞ղ ենք պարզապես ընկերներ լինել» կամ «Արի պարզապես մնանք ընկերներ»: Սուրբ գրություններում ոչ մի տեղ չենք լսում, որ Նա ասում է. «Դուք պարզապես իմ ընկերներն եք»: Այլ, Նա ուսուցանել է, որ «ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար»: Եվ «դուք նրանք եք, ում իմ Հայրը տվել է ինձ. դուք իմ բարեկամներն եք»։

Միտքը պարզ է. Փրկիչը գիտի մեզանից յուրաքանչյուրին և հսկում է մեզ: Այս հոգատարությունը չնչին կամ աննշան չէ: Այլ, այն վեհացնող է, բարձրացնող և հավերժական: Փրկչի՝ «դուք Իմ բարեկամներն եք» հայտարարությունը ես տեսնում եմ որպես պարզ կոչ՝ կառուցելու ավելի բարձր և սուրբ հարաբերություններ Աստծո բոլոր զավակների միջև, «որպեսզի մենք կարողանանք լինել մեկ»: Մենք դա անում ենք, երբ հավաքվում ենք՝ փնտրելով և միաբանվելու հնարավորություններ, և բոլորի համար պատկանելության զգացում:

Մենք մեկ ենք Նրանում

Փրկիչը գեղեցիկ կերպով ցույց տվեց դա «եկ, հետևիր ինձ» Իր կոչով: Նա իր առաքյալներին կանչելու համար օգտագործեց հետևորդների բազմազան խմբի պարգևներն ու անհատական հատկանիշները։ Նա կանչեց ձկնորսներին, նախանձախնդիրներին, եղբայրներին, որոնք հայտնի էին իրենց որոտալի բնավորությամբ և նույնիսկ՝ հարկահավաքին։ Փրկչի հանդեպ նրանց հավատքը և Նրան մոտենալու ցանկությունը միավորեցին նրանց: Նրանք նայեցին Նրան, տեսան Աստծուն Նրա միջոցով և «իսկույն իրենց ուռկանները թողնելով, գնացին նրա հետևից»:

Ես նույնպես տեսել եմ, թե ինչպես է ավելի բարձր և սուրբ հարաբերություններ կառուցելը մեզ միավորում, դարձնում մեկ: Ես և կինս՝ Ջենիֆերը, օրհնված էինք՝ մեծացնելու մեր հինգ երեխաներին Նյու Յորքում: Այնտեղ՝ այդ զբաղված մեգապոլիսում, մենք թանկագին և սուրբ հարաբերություններ հաստատեցինք հարևանների, դպրոցական ընկերների, գործընկերների, հավատքի առաջնորդների և ընկերակից սրբերի հետ:

2020 թ․ մայիսին, ճիշտ այն ժամանակ, երբ աշխարհը պայքարում էր համավարակի տարածման դեմ, Նյու Յորքի կրոնական առաջնորդների քաղաքային հանձնաժողովի անդամներն անսպասելիորեն կանչվեցին մասնակցելու առցանց ժողովի: Օրակարգ չկար: Հատուկ հյուրեր չկային։ Պարզապես խնդրանք՝ համախմբվելու և քննարկելու այն բոլոր մարտահրավերները, որոնց մենք բախվում էինք՝ որպես հավատքի առաջնորդներ: Հիվանդությունների վերահսկման կենտրոնները հենց նոր էին հայտնել, որ մեր քաղաքը ԱՄՆ-ում COVID-19 համավարակի էպիկենտրոնն էր։ Սա նշանակում էր, որ հավաքներ այլևս չէին լինի: Այլևս ոչ մի հանդիպում չէր լինի։

Այս կրոնական առաջնորդների համար անձնական ծառայության, հավաքների և շաբաթական երկրպագությունների չեղարկումը կործանարար հարված էր։ Մեր փոքր խումբը, որը ներառում էր կարդինալ, վերապատվելի, ռաբբի, իմամ, հովիվ, մոնսենյոր և երեց, լսեցին միմյանց, մխիթարեցին և աջակցեցին: Մեր տարբերությունների վրա կենտրոնանալու փոխարեն՝ մենք տեսանք, թե ինչ ընդհանուր բան ունեինք: Մենք խոսեցինք հնարավորությունների մասին, իսկ հետո՝ հավանականությունների: Մենք հավաքվեցինք և պատասխանեցինք հավատքի և ապագայի վերաբերյալ հարցերին: Եվ հետո մենք աղոթեցինք։ Շատ ջերմեռանդորեն էինք աղոթում:

Բարդությամբ ու բախվող մշակույթներով լի և բազմազանությամբ հարուստ քաղաքում, մենք հասկացանք, որ մեր տարբերությունները ցրվում են, երբ աշխատում ենք միասին որպես ընկերներ՝ մեկ ձայնով, մեկ նպատակով և մեկ աղոթքով:

Մենք այլևս սեղանի շուրջ միմյանց չէինք նայում, այլ իրար հետ դեպի երկինք: Յուրաքանչյուր հաջորդ հանդիպումից մենք հեռանում էինք ավելի համախմբված և պատրաստ՝ վերցնելու մեր «բահերը» և գործի անցնելու։ Արդյունքում ստացված համագործակցությունը և հազարավոր նյույորքցիներին մատուցած ծառայությունն ինձ սովորեցրեց, որ մի աշխարհում, որը բաժանման, հեռավորության և անջատման կոչ է անում, միշտ շատ ավելին կա, որ միավորում է մեզ, քան բաժանում: Փրկիչն աղաչեց. «Եղեք մեկ. և եթե դուք մեկ չեք, դուք իմը չեք»։

Եղբայրներ և քույրեր, մենք պետք է դադարենք պառակտվելու պատճառներ փնտրել, փոխարենը փնտրելով «մեկ լինելու» հնարավորություններ: Նա օրհնել է մեզ յուրահատուկ պարգևներով և հատկանիշներով, որոնք հրավիրում են սովորել միմյանցից և խրախուսում են անձնական աճը: Ես հաճախ էի ասում իմ համալսարանի ուսանողներին, որ եթե ես անում եմ այն, ինչ դուք եք անում, իսկ դուք անում եք այն, ինչ ես եմ անում, մենք միմյանց կարիքը չունենք: Բայց քանի որ դուք չեք անում այն, ինչ ես եմ անում, և ես չեմ անում այն, ինչ դուք եք անում, մենք միմյանց կարիքն ունենք: Եվ այդ կարիքը մեզ միավորում է: Բաժանելը և հաղթելը հակառակորդի ծրագիրն է՝ ոչնչացնելու բարեկամությունները, ընտանիքները և հավատքը: Փրկիչն է, որ միավորում է:

Մենք պատկանում ենք Նրան

«Մեկ դառնալու» խոստացված օրհնություններից մեկը պատկանելության հզոր զգացումն է: Երեց Քվենթին Լ. Քուքն ուսուցանել է, որ «իսկական պատկանելության էությունը Քրիստոսի հետ մեկ լինելն է»:

Վերջերս ընտանիքիս հետ Գանա (Արևմտյան Աֆրիկա) կատարած այցի ժամանակ ես հիացած էի տեղական մի սովորությամբ: Եկեղեցի կամ տուն հասնելուն պես մեզ դիմավորում էին «բարի գալուստ» բառերով։ Երբ կերակուր էին մատուցում, մեր տանտերը հայտարարում էր՝ «Դուք հրավիրված եք»։ Այս պարզ ողջույնները նպատակաուղղված և միտումնավոր էին: Բարի գալուստ։ Դուք հրավիրված եք:

Մենք նմանատիպ սուրբ հայտարարություններ ենք փակցնում մեր հավաքատների դռներին: Բայց «Բարի գալուստ այցելուներ» նշանը բավարար չէ։ Արդյո՞ք մենք ջերմորեն ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր դռնից ներս են մտնում: Եղբայրներ և քույրեր, միայն նստարանների վրա նստելը բավարար չէ։ Մենք պետք է ականջ դնենք Փրկչի կոչին՝ ավելի բարձր և սուրբ հարաբերություններ կառուցել Աստծո բոլոր զավակների հետ: Մենք պետք է գործով ցույց տանք մեր հավատքը։ Հայրս ինձ հաճախ էր հիշեցնում, որ կիրակի օրը նստարանին պարզապես նստելը ավելի լավ քրիստոնյա չի դարձնում, ինչպես ավտոտնակում քնելով մեքենա չես դառնում:

Մենք պետք է այնպես ապրենք մեր կյանքը, որ աշխարհը տեսնի ոչ թե մեզ, այլ տեսնի Նրան՝ մեր միջոցով: Սա տեղի չի ունենում միայն կիրակի օրերին։ Դա տեղի է ունենում մթերային խանութում, գազալցակայանում, դպրոցի ժողովում, հարևանների հետ հավաքույթում, բոլոր այն վայրերում, որտեղ աշխատում և ապրում են մեր ընտանիքի մկրտված և չմկրտված անդամները:

Ես երկրպագում եմ կիրակի օրը՝ որպես հիշեցում, որ մենք միմյանց կարիքն ունենք, և միասին՝ մենք Նրա կարիքն ունենք: Մեր յուրահատուկ շնորհներն ու տաղանդները, որոնք մեզ տարբեր են դարձնում աշխարհում, միավորում են մեզ հոգևորապես: Փրկիչը մեզ կոչ է արել օգնել միմյանց, բարձրացնել միմյանց և շենացնել միմյանց: Ահա, թե ինչ արեց Նա, երբ բժշկեց արյունահոսությամբ տառապող կնոջը, մաքրեց բորոտին, որն աղերսում էր Նրա ողորմությունը, խորհուրդ տվեց երիտասարդ իշխանին, որը հարցրեց, թե ավելին ի՞նչ կարող է անել, սիրում էր Նիկոդեմոսին, որը գիտեր, բայց տատանվեց իր հավատքի մեջ, և նստեց ջրհորի մոտ այն կնոջ հետ, որը չէր հետևում ժամանակի բարքերին, բայց որին Նա հայտարարեց Իր մեսիական առաքելության մասին: Սա ինձ համար եկեղեցի է՝ հավաքվելու և վերականգնվելու, վերանորոգման և կենտրոնացման վայր: Ինչպես նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն է ուսուցանել. «Ավետարանի ցանցն ամենամեծ ցանցն է աշխարհում»: Աստված բոլորին հրավիրել է գալ Իր մոտ… Բոլորի համար տեղ կա։

Ձեզանից ոմանք, միգուցե, ունեցել են այնպիսի փորձառություններ, որոնք ձեզ ստիպել են զգալ, որ դուք գնահատված և սիրված չեք: Փրկչի ուղերձը ձեզ և ինձ նույնն է. «Ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ»: Հիսուս Քրիստոսի ավետարանը կատարյալ վայր է մեզ համար: Եկեղեցի գալն առաջարկում է ավելի լավ օրերի հույս, խոստում, որ դուք մենակ չեք, և ընտանիք, որը մեր կարիքն ունի այնքան, որքան մենք նրանց: Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը հաստատում է, որ «Հոր, Որդու և Սուրբ Հոգու հետ մեկ լինելը, անկասկած, պատկանելության մեջ ամենակարևորն է»: Յուրաքանչյուրին, ով հեռացել է և վերադառնալու հնարավորություն է փնտրում, ես հավերժական ճշմարտություն և հրավեր եմ հղում․ «Դուք ձեր տեղն ունեք այստեղ»: Վերադարձեք: Ժամանակն է:

Հակառակությամբ լի և պառակտված աշխարհում ես վկայում եմ, որ Փրկիչ Հիսուս Քրիստոսը մեծ միավորողն է: Թույլ տվեք հրավիրեմ մեզանից յուրաքանչյուրին արժանի լինել «մեկ լինելու» Փրկչի հրավերին և համարձակորեն հայտարարեմ, ինչպես Նա է ասել. «Դուք իմ բարեկամներն եք»: Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: