Ով երիտասարդներ ազնվական անդրանիկության
Աստված վստահում է ձեզ՝ ուխտի զավակներին, որպեսզի օգնեք՝ Իր բոլոր զավակներին ապահով տուն բերելու Իր աշխատանքում:
Երեց Սթիվենսոն, սա համաժողով է, որը երբեք չպետք է մոռանալ:
Մեր ընտանիքը միշտ սիրել է մի փոքրիկ գիրք, որը կոչվում է Երեխաների նամակները Աստծուն: Ահա դրանցից մի քանիսը.
«Թանկագին Աստված, փոխարենը թույլ տալու, որ մարդիկ մահանան և ստիպված նորերին ստեղծես, ինչո՞ւ չես պահում նրանց, ովքեր արդեն ապրում են»։
«Ինչո՞ւ դու ունես ընդամենը տասը կանոն, իսկ մեր դպրոցը՝ միլիոնավոր»։
«Ինչո՞ւ ես նշիկներ դրել մեր մեջ, եթե միևնույն է՝ հեռացնելու ես դրանք»։
Այսօր ժամանակ չկա պատասխանելու այդ բոլոր հարցերին, բայց կա ևս մեկ հարց, որը հաճախ եմ լսում երիտասարդներից, և որին կցանկանայի անդրադառնալ։ Ուլան Բատորից (Մոնղոլիա) մինչև Թոմաս (Այդահո) հարցը նույնն է․ «Ինչո՞ւ։ Ինչո՞ւ Վերջին Օրերի Սրբերը պետք է այդքան տարբերվեն մյուսներից»:
Ես գիտեմ, որ դժվար է տարբեր լինել, հատկապես, երբ երիտասարդ եք և շատ եք ուզում ուրիշներին դուր գալ։ Բոլորն են ցանկանում ընդունված զգալ, և այդ ցանկությունը մեծանում ու հասնում է վտանգավոր աստիճանի՝ այսօրվա թվային աշխարհում, որը լի է սոցիալական ցանցերով և կիբերբուլինգով:
Ուստի, այդ ամբողջ ճնշման դեպքում, Վերջին Օրերի Սրբերն ինչո՞ւ են այդքան տարբերվող կյանքով ապրում: Կան շատ լավ պատասխաններ․ որովհետև դուք Աստծո զավակն եք: Որովհետև դուք պահպանվել եք վերջին օրերի համար: Որովհետև դուք Հիսուս Քրիստոսի աշակերտն եք:
Բայց այդ պատասխանները միշտ չէ, որ առանձնացնում են ձեզ։ Բոլորն էլ Աստծո զավակներն են։ Այժմ Երկրի վրա գտնվող բոլոր մարդիկ ուղարկվել են այստեղ վերջին օրերին։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են ձեզ նման ձգտում ապրել Իմաստության Խոսքի կամ մաքրաբարոյության օրենքի համաձայն։ Կան Քրիստոսի քաջ աշակերտներ, որոնք այս եկեղեցու անդամ չեն։ Բայց նրանք չեն ծառայում միսիաներ, Տիրոջ տներում չեն կատարում արարողություններ իրենց նախնիների համար, ինչպես դուք։ Պետք է որ ավելի նշանակալից պատասխաններ լինեն, և դրանք կան։
Այսօր ես կցանկանայի կենտրոնանալ իմ կյանքի ևս մեկ իմաստալից պատճառի վրա։ 1988 թվականին երիտասարդ առաքյալ Ռասսել Մ. Նելսոնը ելույթ ունեցավ Բրիգամ Յանգ համալսարանում: Ելույթը վերնագրված էր՝ «Շնորհակալություն ուխտի համար»: Ելույթում, այն ժամանակ դեռ երեց Նելսոնը բացատրել է, որ երբ մենք օգտագործում ենք մեր բարոյական կամքի ազատությունը Աստծո հետ ուխտեր կապելու և պահելու համար, մենք դառնում ենք հավիտենական ուխտի ժառանգորդները, որը Աստված կապել է մեր նախնիների հետ՝ յուրաքանչյուր տնտեսության ժամանակ: Այլ կերպ ասած, մենք դառնում ենք «ուխտի զավակներ»: Դա առանձնացնում է մեզ։ Դա հնարավորություն է տալիս մեզ ստանալ այն նույն օրհնությունները, որոնք ստացել են մեր նախնիները, ներառյալ անդրանիկությունը։
Այո, անդրանիկություն։ Գուցե և լսել եք այդ բառը: Մենք անգամ օրհներգեր ենք երգում դրա մասին․ «Ով երիտասարդներ ազնվական անդրանիկության, շարունակեք, շարունակեք, շարունակեք»: Շատ հմայիչ բառ է։ Բայց ի՞նչ է այն նշանակում։
Հին Կտակարանի ժամանակներում, երբ հայրը մահանում էր, անդրանիկ որդին պատասխանատու էր իր մոր և քույրերի համար։ Նրա եղբայրները ստանում էին իրենց ժառանգությունը, առանձնանում և փնտրում իրենց տեղն աշխարհում, իսկ անդրանիկ որդին չէր գնում ոչ մի տեղ։ Նա ամուսնանում էր, ընտանիք ստեղծում, բայց մինչև իր կյանքի վերջը վարում էր հայրական ունեցվածքի գործերը։ Այս հավելյալ պատասխանատվության պատճառով նրան տրվում էր ժառանգության հավելյալ մաս: Մի՞թե առաջնորդելը և ուրիշների մասին հոգ տանելը շատ բան էր պահանջում։ Ոչ, եթե հաշվի առնենք, որ նա ստանում էր լրացուցիչ ժառանգություն։
Այսօր մենք չենք խոսում ձեր ծննդյան հերթականության մասին երկրային ընտանիքներում կամ Հին Կտակարանի սեռային դերերի մասին: Մենք խոսում ենք ժառանգության մասին, որը դուք ստանում եք՝ որպես Քրիստոսի ժառանգակիցներ, Նրա և Հոր հետ ուխտի հարաբերությունների շնորհիվ, որը դուք ընտրել եք կապել երկնքում։ Արդյո՞ք չափից շատ է Աստծո համար ակնկալել, որ դուք տարբերվեք Նրա մյուս զավակներից, որպեսզի կարողանաք ավելի լավ առաջնորդել և ծառայել նրանց: Ոչ, եթե հաշվի առնենք և նյութական, և հոգևոր օրհնությունները, որոնք տրվում են ձեզ։
Արդյո՞ք ձեր անդրանիկությունը նշանակում է, որ դուք մյուսներից ավելի լավն եք։ Ոչ, բայց դա նշանակում է, որ դուք պետք է օգնեք ուրիշներին ավելի լավը դառնալ: Արդյո՞ք ձեր անդրանիկությունը նշանակում է, որ դուք ընտրյալ եք։ Այո, բայց դուք չեք ընտրվել ուրիշների վրա իշխելու համար, այլ նրանց ծառայելու համար։ Արդյո՞ք ձեր անդրանիկությունը վկայում է Աստծո սիրո մասին: Այո, բայց ավելի կարևորն այն է, որ դա վկայում է Նրա վստահության մասին։
Մի բան է սիրված լինելը, և մեկ այլ բան՝ լիովին վստահված լինելը: Երիտասարդներին զորացնելու համար ուղեցույցում կարդում ենք. «Ձեր Երկնային Հայրը վստահում է ձեզ: Նա մեծ օրհնություններ է տվել ձեզ, ներառյալ ավետարանի լրիվությունը և սուրբ արարողություններն ու ուխտերը, որոնք կապում են ձեզ Նրա հետ և Նրա զորությունը բերում ձեր կյանք: Այդ օրհնությունների հետ մեկտեղ ավելանում է պատասխանատվությունը: Նա գիտի, որ դուք կարող եք փոխել աշխարհը, և դա, շատ դեպքերում, պահանջում է տարբերվել աշխարհից»:
Մեր մահկանացու կյանքը կարելի է համեմատել զբոսանավի հետ, որի վրա Աստված ուղարկել է Իր բոլոր զավակներին, երբ նրանք ճանապարհորդում են մի ափից մյուսը: Ճամփորդությունը լի է սովորելու, աճելու, երջանիկ լինելու և զարգանալու հնարավորություններով, բայց այն նաև լի է վտանգներով։ Աստված սիրում է Իր բոլոր զավակներին և մտահոգված է նրանց բարօրության համար: Նա չի ցանկանում, որ նրանցից որևէ մեկը կորչի, ուստի Նա հրավիրում է նրանց, ովքեր հոժար են դառնալ Իր անձնակազմի անդամներ, այդ թվում՝ դուք: Ուխտեր կապելու և պահելու ձեր որոշման շնորհիվ Աստված տալիս է ձեզ Իր վստահությունը: Նա վստահում է, որ դուք կլինեք տարբերվող, սեփական, առանձնացված՝ այն կարևոր գործի համար, որը Նա վստահում է ձեզ։
Մտածեք այդ մասին: Երկրագնդի բոլոր մարդկանցից Աստված վստահում է ձեզ՝ ուխտի զավակներին, իր անձնակազմի անդամներին, որպեսզի օգնեք՝ Իր բոլոր զավակներին ապահով տուն բերելու Իր աշխատանքում: Զարմանալի չէ, որ նախագահ Բրիգամ Յանգն ասել է․ «Բոլոր հրեշտակները երկնքում նայում են այս մի բուռ ժողովրդին»:
Երբ ձեր շուրջը նայեք երկրագունդ կոչվող այս զբոսանավի վրա, կարող եք տեսնել, թե ինչպես են ոմանք պառկելաթոռներին նստած՝ ալկոհոլ խմում, խաղատներում խաղում, հագնում են չափազանց բաց հագուստ, անընդհատ թերթում են բջջային հեռախոսները և չափազանց շատ ժամանակ վատնում էլեկտրոնային խաղերի վրա։ Բայց մտածելու փոխարեն․ «Ինչո՞ւ ես չեմ կարող դա անել», դուք կարող եք հիշել, որ սովորական ուղևոր չեք: Դուք Նրա անձնակազմի անդամն եք։ Դուք ունեք պատասխանատվություն, որն ուղևորները չունեն։ Ինչպես ասել է քույր Արդեթ Քեփը․ «Դուք չեք կարող լինել փրկարար, եթե ձեր արտաքինով ոչնչով չեք տարբերվում ծովափի մնացած լողորդներից»։
Եվ նախքան բոլոր լրացուցիչ պարտավորությունների պատճառով հիասթափվելը, խնդրում եմ հիշեք, որ անձնակազմի անդամները ստանում են մի բան, որը մյուս ուղևորները չեն ստանում. փոխհատուցում։ Երեց Նիլ Լ. Անդերսենն ասել է․ «Գոյություն ունի փոխհատուցող հոգևոր ուժ արդարների համար», ներառյալ՝ «ավելի մեծ հավաստիացում, ավելի շատ հաստատում և ավելի մեծ վստահություն»։ Ինչպես Աբրահամն անցյալում, դուք ստանում եք ավելի մեծ երջանկություն, ավելի մեծ արդարակեցություն, ավելի մեծ գիտելիք։ Ձեր փոխհատուցումը զուտ երկնային պալատ չէ և փողոցներ, որոնք պատված են ոսկով: Երկնային Հոր համար հեշտ կլինի պարզապես ձեզ տալ այն ամենը, ինչ Ինքն ունի: Նա ցանկանում է օգնել ձեզ դառնալ այնպիսին, ինչպիսին Ինքն է։ Այսպիսով, ձեր պարտավորությունները ձեզանից ավելի շատ բան են պահանջում, բայց հենց այդպես է Աստված օգնում ձեզ հասնել ձեր լավագույն ներուժին:
Այսքանը «պահանջել որևէ մեկից՝ չափազանց շատ է, բայց դուք պարզապես որևէ մեկը չեք»։ Դուք ազնվական անդրանիկության երիտասարդներ եք։ Աստծո և Հիսուս Քրիստոսի հետ ձեր ուխտի հարաբերությունը վստահության հարաբերություն է, որում ձեզ հասանելի է Նրանց շնորհի ավելի մեծ չափաբաժինը՝ Նրանց աստվածային օգնությունը, ուժի օժտումը և արտոնող զորությունը։ Այդ ուժն ուղղակի ունայն հույս չէ, ոչ էլ թալիսման կամ ինքնիրագործվող մարգարեություն։ Այն իսկական է:
Մինչ կատարում եք ձեր անդրանիկության պարտականությունները, հիշեք, որ դուք մենակ չեք: Այգու Տերը աշխատում է ձեզ հետ: Դուք ձեռք ձեռքի տված աշխատում եք Հիսուս Քրիստոսի հետ։ Յուրաքանչյուր նոր ուխտի և Նրա հետ ձեր հարաբերությունների խորացման արդյունքում դուք ավելի ու ավելի ամուր եք պահում միմյանց, մինչև որ ամուր գրկում եք միմյանց: Նրա շնորհի այդ սուրբ խորհրդանիշում դուք կգտնեք ցանկություն և ուժ, որպեսզի ապրեք ճիշտ այնպես, ինչպես Փրկիչն է ապրել՝ աշխարհից տարբեր: Դուք կարող եք անել ամեն ինչ, քանի որ Հիսուս Քրիստոսը կանգնած է ձեր կողքին։
2 Նեփի 2․6 հատվածում կարդում ենք․ «Ուստի, փրկագնումը Սուրբ Մեսիայի մեջ է և նրա միջոցով. քանզի նա լի է շնորհով և ճշմարտությամբ»։ Քանի որ Նա լի է ճշմարտությամբ, Նա տեսնում է ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք՝ թերություններով, թուլություններով, ափսոսանքներով և ամեն ինչով հանդերձ։ Քանի որ Նա լի է շնորհով, Նա տեսնում է ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կարող եք դառնալ։ Նա ընդունում է ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք և օգնում է ձեզ ապաշխարել, կատարելագործվել, հաղթահարել և դառնալ։
«Ով երիտասարդներ ազնվական անդրանիկության, շարունակեք, շարունակեք, շարունակեք»: Ես վկայում եմ, որ դուք սիրված եք և վստահելի՝ այսօր, 20 տարի անց և ընդմիշտ: Մի վաճառեք ձեր անդրանիկությունն ապուրի դիմաց։ Մի փոխանակեք ամեն ինչ՝ ոչնչի դիմաց։ Թույլ մի տվեք աշխարհին փոխել ձեզ, որովհետև դուք ծնվել եք՝ փոխելու աշխարհը։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: