Աստված սիրում է Իր բոլոր զավակներին
Հիսուս Քրիստոսը միշտ կանչում է մեզ, և Նա օգտագործում մեզ՝ Իր սովորական ծառաներին, որպեսզի օգնենք Իր մոտ բերել Իր զավակներին:
Ի՞նչ է մեր Երկնային Հայրն ակնկալում ձեզանից։ Դուք հասկանո՞ւմ եք, որ երբ դուք ձեր նախաերկրային գոյության մեջ էիք, Երկնային Հայրը նախապատրաստում էր ձեզ երկրի վրա ձեր կյանքի համար: Դիմելով երիտասարդներին՝ նախագահ Նելսոնն ուսուցանել է. «Մեր Երկնային Հայրը պահել է Իր ազնվագույն հոգիներին, թերևս … Իր լավագույն թիմին, այս վերջին փուլի համար»: Քանի որ մենք պահված ենք եղել այս վերջին օրերի համար, ապա կարևոր է, որ սովորենք լինել Հիսուս Քրիստոսի աշակերտները:
Տեր Հիսուս Քրիստոսը Բարի Հովիվն է, և Նա ճանաչում է Իր հոտը, իսկ հոտը ճանաչում է իր Հովվին, որովհետև «Նա իր ոչխարներին կանչում է անուն առ անուն»: Նա միշտ կանչում է մեզ, և Նա օգտագործում մեզ՝ Իր սովորական ծառաներին, որպեսզի օգնենք Իր մոտ բերել Իր զավակներին:
Որոշ ժամանակ առաջ ես և ցցի նախագահը այցելում էինք Եկեղեցու տեղամասի անդամներին: Երբ ավարտեցինք մեր ծրագրած այցելությունները, ցցի նախագահը հարցրեց ինձ, թե արդյո՞ք կարող ենք ևս մի ընտանիքի այցելել: Նա ոգեշնչում զգաց, որ մենք պետք է խոսեինք նրանց հետ։
Մենք թակեցինք դուռը, և մի քույր բացեց այն։ Նա նայեց ինձ, բայց չգիտեր, թե ես ով եմ, ուստի, ոչինչ չասաց։ Ես ձեռքս ուղղեցի դեպի ցցի նախագահը, որը ողջունեց նրան անունով: Հենց որ կինը լսեց ու տեսավ նրան՝ ուրախացավ։ Դռան մոտ կանգնած՝ երկուսն իրար գրկեցին և միասին լաց եղան։ Այդ նոտայով սկսվեց մեր այցը։ Մենք չգիտեինք, որ նախորդ օրը քույրը քիմիաթերապիա էր ստացել։ Նա իրեն շատ թույլ էր զգում, չէր կարող հոգ տանել իր չափահաս որդու համար: Ուստի, ես օգնեցի ցցի նախագահին հագցնել նրա որդուն, և մենք նրան նստեցրինք իր անվասայլակի մեջ: Մենք կերակրեցինք նրան այն ուտելիքով, որն ավելի վաղ բերել էր ծխից մեկ այլ հոգատար քույր, և օգնեցինք այլ գործերում։ Նախքան այդ տնից դուրս գալը, մենք կարողացանք օրհնել նրանց:
Մի բան, որ անցնում էր իմ մտքով այս այցելության ընթացքում, դա հաստատումն էր, որ Հիսուս Քրիստոսը խորապես սիրում է նրանց: Նա հասկանում է նրանց և անձամբ գիտի նրանց յուրահատուկ իրավիճակի ցավը։ Գրեթե ամբողջ այցն անցավ լռության մեջ։ Այս դեպքում մենք չքարոզեցինք, ոչ էլ կիսվեցինք մեր սիրելի սուրբ գրությամբ, բայց Տերն առատորեն օրհնեց մեզ Իր Հոգով:
Գլխավոր պատճառներից մեկը, որ ձեր Երկնային Հայրն ուղարկել է ձեզ այստեղ հենց այժմ, այն է, որ դուք կարողանաք իրացնել ձեր ամբողջ ներուժը: Քարոզիր Իմ ավետարանը ուսուցանում է մեզ, որ որպես Քրիստոսի աշակերտներ՝ մենք պետք է խուսափենք մեկս մյուսի հետ համեմատվելուց: Ձեր հոգևոր ունակությունները յուրահատուկ են, անհատական ու բնածին, և ձեր Երկնային Հայրը ցանկանում է օգնել ձեզ զարգացնել դրանք: Միշտ կգտնվի մեկը, ում կարող եք օգնել զգալ ձեր Երկնային Հոր սերը: Ձեր ներուժը աստվածային է։ Թեև, անշուշտ, կարևոր է պատրաստվել հաջողության հասնելու այս շատ մրցակցային աշխարհում, բայց ձեր կարևորագույն առաքելություններից մեկը ողջ կյանքի ընթացքում՝ Հիսուս Քրիստոսի աշակերտը դառնալն է և Հոգու հուշումներին հետևելը: Երբ դուք դա անեք, Աստված կօրհնի ձեր կյանքը, Նա կօրհնի ձեր ներկա կամ ապագա ընտանիքը, և Նա կօրհնի Իր այն զավակների կյանքը, որոնց դուք հանդիպում եք:
Մենք ապրում ենք մեծ հնարավորությունների ժամանակաշրջանում: Չնայած մենք շատ դժվարությունների ենք հանդիպում, ես գիտեմ, որ դրանք մասամբ նրա համար են, որ թույլ տան մեզ օգնել ուրիշներին զգալ մեր Երկնային Հոր սերը: Նախագահ Նելսոնն ուսուցանել է․ «Առաջիկա օրերին մենք ականատես կլինենք Փրկչի զորության ամենամեծ դրսևորումներին, որոնք երբևէ տեսել է աշխարհը»: Մենք արտոնություն ունենք ուշադիր լինելու այն մարդկանց հանդեպ, որոնք օգնության ձեռքի, գրկախառնության, մխիթարության կարիք ունեն կամ պարզապես, որ լուռ նրանց կողքին լինենք: Եթե մենք կարողանանք օգնել թեթևացնել նրանց բեռները, թեկուզ մի պահ, ապա մենք կկարողանանք տեսնել Փրկչի զորության մեծ դրսևորումներ նրանց կյանքում:
Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ՝ Վերջին Օրերի Սրբերը կարող են դրական փոփոխություն մտցնել աշխարհում: Մենք կարող ենք հաղորդել ուրախության զգացում, որն արտացոլվում է մեր դեմքին, ուրախություն, որը մենք կիսում ենք սիրալիր խոսքերով և բարության գործերով: Եկեք լինենք լավ հարևաններ, լավ գործատուներ, լավ աշխատողներ: Եկեք ձգտենք լինել լավ քրիստոնյաներ բոլոր ժամանակներում:
Տերը վերականգնել է Իր ավետարանը անհրաժեշտ արարողություններով, որպեսզի Երկնային Հոր զավակները կարողանան ունենալ բոլոր խոստումները, որոնք կապում են մեզ Նրա հետ: Օգնելով մեր քույրերին և եղբայրներին իրենց ամենօրյա դժվարություններում՝ եկեք նաև հիշենք, որ օգնենք նրանց կատարել և պահել այս սուրբ խոստումները իրենց Երկնային Հոր հետ, որպեսզի Նա, Իր հերթին, խոստանա նրանց ամենահարուստ օրհնությունները այս կյանքի և հավերժության համար: Այս խոստումները հնարավոր են դառնում միայն Հիսուս Քրիստոսի ավետարանի և Նրա քահանայության բանալիների Վերականգնման միջոցով:
Այլ կերպ ասած, մենք կարող ենք օգնել ուրիշներին մնալ ուխտի ճանապարհին: Մեզանից ոմանք ժամանակ առ ժամանակ շեղվում են ուղուց, և այդ պատճառով մենք պետք է հիշենք, որ մեր Երկնային Հայրը մեզ միշտ հնարավորություն է տալիս վերադառնալու: Նույնիսկ եթե մեր ընթացքը ամենակատարյալը չէ, Փրկիչը միշտ հիշեցնում է մեզ, որ «որքան հաճախ որ [մենք] ապաշխար[ենք] ու ներում փնտր[ենք] անկեղծ միտումով, [մենք կներվենք]»:
Հակառակորդի արհեստներից մեկն այսօր մեզ ստիպելն է մտածել և հավատալ, որ փոխվելու ճանապարհ չկա մեզ համար կամ որ այլևս հույս չկա։ Այս կործանարար մտածողությունը ստիպում է մեզանից շատերին դադարել փորձել: Եվ հենց այս պահին է, որ մեր սերը, մեր խրախուսական խոսքերն ու աջակցությունը, մեր ժամանակը և մեր օգնությունը կարող են ինչ-որ մեկին բավականաչափ հույս տալ ևս մեկ անգամ փորձելու համար:
Միգուցե դուք մտածում եք. «Լավ, բայց ո՞վ է ինձ սպասավորում»: Գնալով և օրհնելով մեր եղբայրների և քույրերի կյանքը՝ մենք կհավաքենք վկայություններ, որոնք կլցնեն մեր կյանքը հավատքով առ Տեր Հիսուս Քրիստոսը։ Այս վկայությունները ուժ կտան մեզ, որ ինքներս կարողանանք մեկ անգամ ևս փորձել: Սուրբ Հոգին կվերակենդանացնի մեզ և կօգնի մեզ, որ թարմ վկայություններով հաղթահարենք մեր սեփական դժվարությունները և անձնական փորձությունները: Երբ ձգտում ենք օրհնել ուրիշների կյանքը, Տերն ավելի ողորմած է լինում մեր հանդեպ․ Նա զորացնում է մեզ և օգնում մեզ մեր կյանքում։
Խնդրում եմ, հիշեք, որ Տեր Հիսուս Քրիստոսը ձեր Փրկիչն է և հասկանում է ձեզ անհատապես: Նա գիտի, թե ինչ է նշանակում կատարել կոչումը և մի կողմ դնել որոշ բաներ՝ Աստծո զավակներին օգնելու համար: Նա զորություն ունի օրհնելու ձեզ ամեն ինչում, եթե դուք հավատում եք նրան և չեք կասկածում:
Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, այն օրը, երբ քահանայության ղեկավարը ոգեշնչում զգաց, որ այցելեինք մորն ու որդուն, ինչը չկար մեր օրակարգում, ես հայտարարում եմ, որ Աստված գիտեր, որ նրանք մեր կարիքն ունեին: Ի վերջո, ես էի այն մեկը, ում սպասավորեցին։ Այդ օրը ես ստացա մեր հանդեպ Փրկչի սիրո մեծագույն դասերից մեկը:
Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը աշխարհի Փրկիչն է, որ Նա ապրում է, որ Նա ապրեց ու մեռավ ձեզ և ինձ համար, որ Նա հարություն է առել ձեզ և ինձ համար, որպեսզի մենք կարողանանք ձգտել ուրախությամբ լի սելեստիալ վերամիավորման նրանց հետ, ովքեր արդեն վարագույրի մյուս կողմում են։ Ես գիտեմ, որ Նա հիանալի հասկանում է ձեզ և ինձ: Նա հասկանում է մեր յուրաքանչյուր դժվար պահը, և Նա զորություն ունի օգնելու մեզ այն պահերին, երբ մենք ամենախոցելի իրավիճակում ենք: Ես գիտեմ, որ Տեր Հիսուս Քրիստոսը և մեր Երկնային Հայրը հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին՝ վերականգնելու ավետարանը այս օրերում: Ես գիտեմ, որ մեր սիրելի մարգարեն՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, Տիրոջ մարգարեն է, և ես վկայում եմ այս բաների մասին Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: