Նախորդ հրատարակություններ
Միջոցներ


Միջոցներ

Վերցնե՞լ վարկ:

Բաժանեք դերերը և բեմադրեք հետևյալը.

ԿԱՐԼՈՍ. Այսօր նշանակալից օր է: Ես ստանում եմ բիզնես վարկ:

ՆԱՈՄԻ. Վարկ ես ստանո՞ւմ: Ինչի՞ համար:

ԿԱՐԼՈՍ. Ամեն ինչի: Ես պատրաստվում եմ ավելի մեծ սենյակ ունենալ իմ գույքի համար: Ուզում եմ նաև նոր հեռուստացույց ձեռք բերել և այլ բաներ տան համար: Այնքան ուրախ եմ:

ՆԱՈՄԻ. Օհ, դա վախենալու է: Դու նոր ես սկսել քո գործը՝ անցյալ շաբաթ: Կարլոս, դու չպետք է վարկ վերցնեիր: Մարիա, ինչպե՞ս է քո գործը:

ՄԱՐԻԱ. Լավ է: Ես շատ արագ եմ վաճառում հավկիթները: Սովորաբար առավոտյան ժամը 9:00-ին բոլորը վաճառված են լինում: Սակայն օրվա մյուս ժամերին, երբ հաճախորդները հարցնում են, ես այլևս չեմ ունենում հավկիթներ:

ՆԱՈՄԻ. Մարիա, դու իսկապես լրացուցիչ հավերի կարիք ունես: Ի՞նչ ընթացքում է վարկը՝ լրացուցիչ հավերի համար: Դեռ չե՞ս ստացել այն:

ՄԱՐԻԱ. Դեռ ոչ: Ես մի քիչ վախենում եմ վարկ վերցնել: Գուցե չպետք է վարկ վերցնեմ: Դու նոր ասացիր Կարլոսին, որ չպետք է վարկ վերցնի:

ԿԱՐԼՈՍ. Ես դեռ վարկ ստանալու մտքին եմ: Դա կլուծի իմ բոլոր խնդիրները:

ՆԱՈՄԻ. Կամ կստեղծի մի փունջ նոր խնդիրներ: Կարլոս, ես վախենում եմ, որ դու շատ շուտով մի սար պարտք կունենաս, ինչը կջախջախի քեզ:

Մարիա, բայց քո դեպքում վարկը իրոք կօգնի:

ՄԱՐԻԱ. Ինչպե՞ս իմանամ՝ վարկը կօգնի ինձ, թե՝ կջախջախի:

ՆԱՈՄԻ. Հաջողակ ձեռնարկատերերն օգտագործում են «Չորս ճիշտ գործոնները»՝ որոշելու, թե արդյո՞ք բիզնես վարկը լավ միտք է իրենց բիզնեսի աճի համար:

ՄԱՐԻԱ. Չորս ճիշտ գործոննե՞րը:

ՆԱՈՄԻ. Այո: Վարկ վերցրու միայն այն դեպքում, երբ ունես ճիշտ պատճառ, ճիշտ ժամանակ ես ընտրել, ճիշտ գումար ես վերցնում՝ ճիշտ պայմաններով:

ԿԱՐԼՈՍ. Ինձ չեն հետաքրքրում այդ Չորս ճիշտ գործոնները: Ես ստանում եմ իմ վարկը:

ՄԱՐԻԱ. Ինձ հետաքրքրում են: Ես ցանկանում եմ մեծացնել իմ բիզնեսը, ոչ թե պարտքերի մեջ խրվեմ: Պատմիր ինձ այդ Չորս ճիշտ գործոնների մասին:

Վերադարձ էջ 129

Ճիշտ պատճառ

Բաժանեք դերերը և բեմադրեք հետևյալը.

ՆԱՈՄԻ. Պարտք վերցնելու պատճառը պետք է բիզնեսը լինի, ոչ թե անձնական նպատակները:

ԿԱՐԼՈՍ. Ինչո՞ւ ոչ երկուսն էլ: Ես ուզում եմ վայելել իմ հեռուստացույցը, ինչպես նաև խանութս մեծացնել:

ՆԱՈՄԻ. Օհ, Կարլոս: Այժմ լսիր, Մարիա, վարկը պետք է նախատեսվի բաների համար, որոնք անմիջապես վաճառվող են, օրինակ, շշալցված կաթը, կամ մի բանի, որն անհապաղ արտադրանք է տալիս, օրինակ, ածան հավերը: Հիշիր, որ դու պետք է անմիջապես սկսես վարկը մարել:

ՄԱՐԻԱ. Շատ լավ: Ուրեմն ես պետք է գնեմ ածան հավեր և կունենամ հավկիթներ՝ անմիջապես վաճառելու համար:

ՆԱՈՄԻ. Հրաշալի է: Իսկ մտածե՞լ ես վարկի փոխարեն քո բիզնեսի դրամարկղից գումար վերցնես հավեր գնելու համար:

ՄԱՐԻԱ. Սպասիր, կարծեմ դու ասացիր, որ ես վարկ պետք է վերցնեմ:

ՆԱՈՄԻ. Կանխիկի պարագայում, դու այժմ խնայում ես, հետո՝ գնում, աճը փոքր է, բայց ռիսկն էլ է փոքր: Վարկի պարագայում, դու այժմ գնում ես, հետո՝ վճարում, աճը մեծ է, բայց ռիսկն էլ է մեծ:

ԿԱՐԼՈՍ. Այո: «Հետո վճարելը» հարմար է ինձ:

ՄԱՐԻԱ. Հաճախորդները ավելի շատ հավկիթ են ցանկանում գնել: Ես ուզում եմ շուտով ավելի շատ հավկիթներ վաճառել:

ՆԱՈՄԻ. Արժե՞ ռիսկի դիմել այդ վարկի համար: Մտածե՞լ ես, թե ինչը կարող է լավ չլինել:

ՄԱՐԻԱ. Չեմ մտածել: Բայց ես մտածում եմ՝ հավերը կարող է դադարեն ածել: Կամ նրանք կարող են սատկել կամ գողացվել: Կամ հաճախորդները կարող է դադարեն հավկիթ գնել:

ՆԱՈՄԻ. Ինչպե՞ս կարող ես նվազեցնել այդ ռիսկերը:

ՄԱՐԻԱ. Հմմմմ: Ես կարող եմ հավերին բարձրակարգ կեր տալ և լավ խնամել նրանց: Ես կարող եմ կողպել հավաբունը, որ չգողանան նրանց:

ՆԱՈՄԻ. Քո կարծիքով, դու ճիշտ պատճառ ունե՞ս վարկ վերցնելու համար, Մարիա:

ՄԱՐԻԱ. Կարծում եմ՝ այո:

Վերադարձ էջ 129

Ճիշտ ժամանակ

Բաժանեք դերերը և բեմադրեք հետևյալը.

ՆԱՈՄԻ. Մարիա, որքան ժամանակ է, որ բիզնեսն ունես:

ՄԱՐԻԱ. Արդեն ութ շաբաթ է, ինչ հավկիթ եմ վաճառում և գործերը լավ են:

ՆԱՈՄԻ. Շատ լավ: Որոշ մարդիկ վարկ են վերցնում բիզնեսի համար, որը հենց նոր են սկսել և դա շատ ռիսկային է:

ԿԱՐԼՈՍ. Հեյ, դուք իմ մասի՞ն եք խոսում: Ես գիտեմ, թե ինչ եմ անում:

ՆԱՈՄԻ. Մարիա, դու արդեն երկար ժամանակ վարում ես քո բիզնեսը, բայց արդյո՞ք վարկ վերցնելը քո կազմած ծրագրի մասն է, որով ուզում ես մեծացնել բիզնեսը:

ԿԱՐԼՈՍ. Ահա իմ ծրագիրը. մեծացրու խանութդ, շատ վաճառիր:

ՄԱՐԻԱ. Կարլոս, դա ինձ հարմար չէ որպես ծրագիր: Ես ծրագրում եմ վերցնել վարկ, գնել լրացուցիչ հավեր, ավելի շատ հավկիթներ վաճառել շաբաթական և մարել վարկը:

ՆԱՈՄԻ. Դա լավ մեկնարկ է քո ծրագրի համար, Մարիա: Թերևս, դու պետք է որոշես հավերի ու հավկիթների կոնկրետ քանակները: Որքանո՞վ ես համոզված, որ հաճախորդներն ավելի շատ կգնեն, եթե վաճառքում ավելի շատ հավկիթներ ունենաս:

ՄԱՐԻԱ. Օհ, սիրելիս, ես կարծում եմ, որ նրանք կգնեն իմ բոլոր հավկիթները, բայց ես հաստատ չգիտեմ:

ՆԱՈՄԻ. Դու լավ կանես նախ պարզես դա:

ՄԱՐԻԱ. Լավ, ես կխոսեմ հաճախորդների հետ և կկազմեմ ցուցակ՝ ովքեր են գնելու: Ես պատրաստվում եմ խոսել առնվազն 10 հոգու հետ:

ՆԱՈՄԻ. Հրաշալի է: Եթե որոշես վարկ վերցնել, ուրեմն ապագա հաճախորդների ցուցակը կօգնի քեզ ցույց տալ վարկատուին, որ դու հստակ հասկանում ես, թե ինչպես ես օգտագործելու վարկը:

ՆԱՈՄԻ. Լավ, ահա մեկ այլ հարց: Եթե գումար վերցնես նոր հավեր գնելու համար, արդյո՞ք նրանք կշարունակեն ածել նույնիսկ վարկը մարելուց հետո:

ՄԱՐԻԱ. Դե, իհարկե: Հավերը պետք է ածեն ևս երկու տարի առնվազն, իսկ ես ծրագրում եմ վարկ վերցնել վեցամսյա ժամկետով:

Վերադարձ էջ 130

Ճիշտ պայմաններ

Բաժանեք դերերը և բեմադրեք հետևյալը.

ԿԱՐԼՈՍ. Հեյ: Ես ստացա իմ վարկը: 1000 ուղիղ 3% ամսական տոկոսադրույքով:

ՆԱՈՄԻ. Օհ, Կարլոս: Ես անհանգաստանում եմ քեզ համար: Քանի՞ վարկատուների հետ ես դու խոսել:

ԿԱՐԼՈՍ. Մեկի, իհարկե: Ես ժամանակը չեմ կորցնում: Դուք պետք է ինձ տեսնեիք: Ես մտա ու ասացի. «Ես վարկ եմ ցանկանում, հենց հիմա»: Եվ նրանք ասացին. «Այո, պարոն»: Նրանք ինձ հետ թագավորի պես էին վերաբերվում: Այդ աշխատակիցները սիրում են ինձ:

ՆԱՈՄԻ. Այո, վստահ եմ, նրանք սիրում են քեզ: Սրանք քո վարկի թղթե՞րն են: Դեմ չե՞ս, որ նայեմ դրանք:

ԿԱՐԼՈՍ. Նայիր: Բայց պատրաստ եղիր տպավորվելու: Ես լավ գործարք եմ կնքել:

ՆԱՈՄԻ. Կարլոս, այս պայմանները սարսափելի են: 200 կանխավճա՞ր: Շաբաթական մարումնե՞ր: Դու գոնե տեսե՞լ ես այս պայմանները:

ԿԱՐԼՈՍ. Ի՞նչ: Դա ճիշտ չի: Ես չեմ հիշում նման բաներ: Օհ, ոչ, կարող է ուշադիր չեմ նայել:

ՆԱՈՄԻ. Մարիա, ինչ պայմաններ ես դու գտել:

ՄԱՐԻԱ. Դե, ես խոսել եմ երեք վարկատուների հետ այս ընթացքում: Շնորհակալ եմ, որ ինձ տվեցիր վարկատուների աշխատաթերթիկը ձեր ինքնապահովման խմբից: Դա իսկապես օգնեց ինձ, որ լավ հարցեր տամ: Ես իրոք ուրախ եմ, որ սովորեցի հնարավոր տույժ ու տուգանքների, տոկոսադրույքների, վճարների և վարձերի մասին:

Վարկատուներից երկուսը ֆիքսված տոկոսադրույք ունեին: Նրանցից մեկը նվազող տոկոսադրույք ուներ:

ԿԱՐԼՈՍ. Ո՞րն է տարբերերությունը:

ՄԱՐԻԱ. Ես այդքան էլ չեմ հասկանում տարբերությունը: Ես միայն գիտեմ, որ եթե տոկոսները նույնն են, ապա նվազողն ավելի լավ է, քան ֆիքսվածը:

ՆԱՈՄԻ. Ճիշտ է, Մարիա: Նկատվում է, որ դու սկսել ես գտնել լավ պայմաններ:

Վերադարձ էջ 130

Ճիշտ գումար

Բաժանեք դերերը և բեմադրեք հետևյալը.

ՆԱՈՄԻ. Կարլոս, դու լա՞վ ես: Ճնշված տեսք ունես:

ԿԱՐԼՈՍ. Դու ճիշտ էիր, Նաոմի: Տույժերը կուտակվում են և պարտքերի բեռն ընկնում է ինձ վրա:

ՆԱՈՄԻ. Կարլոս, շատ եմ ցավում դրա համար:

ԿԱՐԼՈՍ. Վարկատուն եկավ և տարավ իմ հեռուստացույցը: Նա ասաց, որ հաջորդ անգամ մարումը չկատարելու դեպքում կտանի իմ բիզնեսի պարագաները և սարքավորումները:

ՄԱՐԻԱ. Կարլոս, երևում է քո կանխիկի շրջանառությունը բավարար չէ:

ԿԱՐԼՈՍ. Կանխիկի շրջանառությո՞ւն:

ՆԱՈՄԻ. Դա քո բիզնես մուտք ու ելք լինող դրամն է: Այս պահին դու չունես բավականաչափ մուտքի գումար, որը կծածկեր վարկի մարումները:

ԿԱՐԼՈՍ. Ես չեմ վաճառել այնքան, որքան ակնկալում էի: Ես ուշացրել եմ մի քանի մարումներ: Տույժերն ավելանալով ավելի են դժվարացրել մուծումներն անելը:

ՆԱՈՄԻ. Կարլոս, ահա թե ինչու դու վեց ամսվա կտրվածքով կանխիկի շրջանառության կարիքն ունեիր մինչև վարկի որոշումը կայացնելը: Դու երբևէ կազմե՞լ ես այդպիսի մեկը:

ԿԱՐԼՈՍ. Ոչ:

ՆԱՈՄԻ. Կանխիկի շրջանառության հաշվետվությունն օգնում է քեզ իմանալ, թե արդյո՞ք ի վիճակի ես ամեն ամիս վարկի մարում անել: Դու ունե՞ս եկամտի հաշվետվություններ վերջին երկու ամիսների համար:

ԿԱՐԼՈՍ. Ոչ, չունեմ:

ՄԱՐԻԱ. Ես կարող եմ բերել իմը և կանխիկի շրջանառության հաշվետվությունները, որոնց վրա ես աշխատել եմ: Մենք կարող ենք ցույց տալ քեզ՝ թե ինչպես:

ՆԱՈՄԻ. Բարի: Մենք կօգնենք քեզ կազմել կանխիկի շրջանառության հաշվետվություն: Հետո դու կիմանաս, թե արդյոք ճի՞շտ գումար ես վերցնում:

Վերադարձ էջ 131

Չորս ճիշտ գործոնների ստուգաթերթիկ

Ինքներդ ձեզ տվեք այս հարցերը: Ջնջեք յուրաքանչյուր հարցը, որին դուք կարող եք պատասխանել «այո»:

ՉՈՐՍ ՃԻՇՏ ԳՈՐԾՈՆՆԵՐ

Ճիշտ պատճառ

  • Արդյո՞ք պարտք եմ վերցնում արդյունավետ բիզնեսի (ոչ անձնական) նպատակով:

  • Արդյո՞ք բիզնեսը մեծացնելու համար վարկ վերցնելն ավելի նպատակահարմար է, քան կանխիկ գործարքը:

  • Արդյո՞ք անմիջապես գումար կբերեն այն բաները, որոնք ես վարկով եմ գնում:

  • Արդյոք ես գիտե՞մ բոլոր բաները, որոնք կարող են վատ ընթանալ:

Ճիշտ ժամանակ

  • Արդյո՞ք բիզնեսում բավական ժամանակ եմ, որպեսզի լավ իմանամ իմ բիզնեսը:

  • Արդյո՞ք դա ծրագրի մի մասն է, որով ես պետք է մեծացնեմ իմ բիզնեսը:

  • Կարո՞ղ եմ ապացուցել, որ հաճախորդները կգնեն ավելին, եթե ես ավելի շատ վաճառեմ:

  • Եթե ես ինչ-որ բան գնեմ իմ բիզնեսի համար (օրինակ, հավեր կամ բեռնատար) կծառայի՞ դա ավելի երկար, քան վարկի տևողությունն է:

Ճիշտ պայմաններ

  • Կարո՞ղ եմ թվարկել երեքից հինգ լավ վարկատուներ:

  • Գիտե՞մ արդյոք վարկի իրական արժեքը:

  • Կարո՞ղ եմ բացատրել վարկի բոլոր պայմանները:

  • Կարո՞ղ եմ բացատրել, թե ինչո՞ւ է մի վարկատուն ավելի լավը, քան մյուսը:

Ճիշտ գումար

  • Ես կազմե՞լ եմ վեց ամսվա կանխիկի շրջանառության հաշվետվություններ:

  • Կարո՞ղ եմ վարկի մարում կատարել և դեռևս գումար վաստակել:

  • Եթե լրացուցիչ վաճառք չունենամ, կարո՞ղ եմ այնուամենայնիվ մարում կատարել:

Վարկի պայմանների աշխատանքային թերթիկ

Վերցրեք այս վարկի պայմանների աշխատանքային թերթիկը ձեզ հետ, երբ այցելում եք վարկատուներին:

  • Վարկատուներին տվեք 1-4 հարցերը:

  • Ինքներդ ձեզ տվեք 5-6 հարցերը:

ՎԱՐԿԱՏՈւ #1.

ՎԱՐԿԱՏՈւ #2.

ՎԱՐԿԱՏՈւ #3.

ՎԱՐԿԱՏՈւ #4.

1. Որակավորում. Ի՞նչ պետք է տրամադրեմ կամ ցույց տամ ձեզ (վարկատուին)՝ վարկ ստանալու համար:

2. Վճարումների հաճախականությունը. Ե՞րբ է առաջին մարման ամսաթիվը: Ի՞նչ հաճախականությամբ ես պետք է կատարեմ վճարումները: Կարո՞ղ եմ ունենալ վճարման գրաֆիկի իմ օրինակը:

3. Տույժեր. Կա՞ն տույժեր կամ տուգանքներ, եթե ես ժամանակին չեմ վճարում:

4. Ուղիղ ծախսեր. Եթե ես վերցրել եմ 100, 1000, կամ 10000 (ընտրեք գումարներից մեկը ելնելով տեղական արժույթից և օգտագործեք այն յուրաքանչյուր վարկատուի դեպքում), որքան եմ վճարելու նրանից հետո, երբ մարեմ վարկը, ներառյալ բոլոր տոկոսները, վճարները և այլն: Եթե ես պարտք եմ վերցնում մեկ ակտիվի համար, օրինակ, մեկ հավի, որքա՞ն եմ ավել վճարելու վարկը ստանալու համար: Որքա՞ն են կանխավճարները: Որքա՞ն է յուրաքանչյուր մարումը: Սա ֆիքսված, թե՞ նվազող տոկոսադրույքով է:

5. Անուղղակի ծախսեր. Որքա՞ն ժամանակ է տևում մարում կատարելը: Որքա՞ն կծախսեմ վճարելու նպատակով վարկատուի մոտ հասնելու համար:

6. Վարկի իրական արժեքը. Ի՞նչ է կազմում ուղիղ և անուղղակի ծախսերի հանրագումարը: (Գումարեք 4 և 5 հարցերի արժեքները):

Վեց ամսվա կանխիկի շրջանառության հաշվետվություն

Արտագրեք այս կանխիկի շրջանառության աշխատանքային թերթիկը ձեր բիզնեսի նոթատետրի մեջ: Օգտագործեք յուրաքանչյուր վարկատուի տեղեկությունը՝ տեսնելու, թե արդյոք հարմա՞ր են ձեզ վարկի պայմանները, որոնց մասին այս շաբաթ կսովորեք:

ԿԱՆԽԻԿԻ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅՈւՆ

Վարկատուի անվանումը.

2 ամիս առաջ

Անցյալ ամիս

Այս ամիս

Հաջորդ ամիս

Ամիս 3

Ամիս 4

Ամիս 5

Ամիս 6

Ընդհանուր եկամուտ

Ֆիքսված ծախսեր

 Վարկի մարումներ

Փոփոխական ծախսեր

Ընդհանուր շահույթ/կորուստ

Նախնական կանխիկը

Ներկա կանխիկը

Հղումներ