Դաս Մորմոնի Գրքից
Որպես առաջին սերնդի անդամներ, դուք այն մարդիկ եք, ովքեր սկսում են հաջորդ սերնդին ուսուցանելու և ամրապնդելու շարունակական գործընթացը:
Ես սիրում եմ Մորմոնի Գիրքը: Այն հրաշալի պատմվածքներ ունի բոլոր տարիքի երեխաների համար, և ամենակարևորը, այն սովորեցնում է համապարփակ դասեր, որոնք հաճախ վերապատմվում են Երեխաների Միության երգերում:
Օրինակ, մի մեծ դաս է գտնվում Հելամանի զորքի մասին երգում: Մենք երգում ենք. «Մենք Հելամանի զորքի պես ենք: Մեզ սովորեցրել են երիտասարդ տարիքում»:1 Մեզանից շատերը այսպիսի զգացում ունեն. «Մենք ծնվել ենք ինչպես Նեփին հնում, լավ ծնողներից»:2
Իմ ուղերձն այսօր ուղղված է ձեզ՝ առաջին սերնդի անդամներիդ, ովքեր թեև ծնվել են լավ ծնողներից, սակայն չեն սովորել ավետարանն իրենց տներում: Հելամանի զորքի պես լինելու փոխարեն, ովքեր «սովորեցվել էին իրենց մայրերի կողմից, [որ] Աստված կազատեր նրանց» (Ալմա 56.47), դուք միգուցե նրանց ծնողների պես եք՝ Ամմոնի ժողովրդի, ովքեր մեծացել էին որպես անհավատներ:
Օգտակար կլիներ վերանայել Ամմոնի ժողովրդի պատմությունը: Նրանք Լամանացիներ էին, ովքեր ուսուցանվել էին ավետարանը Ամմոնի, Ահարոնի և մյուսների կողմից (տես Ալմա 23.1–4): Ավետարանն ընդունելուց հետո, այս Լամանացիները կոչվեցին Անթի-Նեփի-Լեքիներ, իսկ հետագայում կոչվեցին Ամմոնի ժողովուրդ (տես Ալմա 23.16–17, 27.23–26): Ամմոնի ժողովրդի որդիներից էր կազմվել Հելամանի զորքը, ովքեր օգնեցին կռվել դարձի չեկած Լամանացիների դեմ (տես Ալմա 56.3–6):
Այսպիսով, Հելամանի զորքի հզորությունն իրականում սկսվել էր նրանց ծնողներից, որոնք Ամմոնի ժողովուրդն էին: Նրանք այն մարդիկ էին, ովքեր առաջինը սովորեցին ավետարանը սուրբ գրություններից: Նրանք այն մարդիկ էին, ովքեր սովորեցին աղոթքի զորության մասին: Եվ նրանք այն մարդիկ էին, ովքեր առաջինը ուխտեր կապեցին Տիրոջ հետ և պահեցինք դրանք: Ճիշտ այնպես, ինչպես հավատարմությունն առ ավետարանը սկսվել էր նրանց մոտ, այնպես էլ այն սկսվում է ձեզ մոտ: Որպես առաջին սերնդի անդամներ, դուք այն մարդիկ եք, ովքեր սկսում են հաջորդ սերնդին ուսուցանելու և ամրապնդելու շարունակական գործընթացը:
Սուրբ գրություններ
Ահարոնը, որը մեծ միսիոներ էր, օգտագործում էր սուրբ գրությունները՝ Լամանացիների թագավորին և Ամմոնի ժողովրդին հավատքի ու ապաշխարության, ինչպես նաև Հիսուս Քրիստոսի և երջանկության ծրագրի մասին ուսուցանելու համար (տես Ալմա 22.12–14; 23.4–5): Այսօր, սուրբ գրությունների ընթերցանությունն ու ուսումնասիրությունը շարունակում է կառուցել մեր հավատքը, օգնում է մեզ դիմակայել գայթակղությանը և թույլ է տալիս մեզ ավելի մոտենալ Երկնային Հորն ու Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին:
Այդուհանդերձ, սուրբ գրությունները կարդալը կարող է դժվարություն առաջացնել յուրաքանչյուրի մոտ: Նախագահ Բոյդ Կ. Փաքերը պատմում է դեռահաս տարիքում Մորմոնի Գիրքը կարդալու իր առաջին փորձի մասին: Նա ասում է. «Ես բացեցի այն և կարդացի. «Ես` Նեփիս, ծնված լինելով լավ ծնողներից» (1 Նեփի 1.1) … Ինձ հետաքրքիր էր, և ես կարողացա շարունակել, մինչև որ հասա Եսայիայի գլուխներին: Մի քանի ամիս անց ես կրկին որոշեցի կարդալ Մորմոնի Գիրքը և բացեցի. «Ես` Նեփիս, ծնված լինելով լավ ծնողներից», բայց ամեն անգամ, երբ հասնում էի Եսայիայի գլուխներին, այն կարծես պատնեշ էր դառնում ինձ համար: … Ի վերջո, ես վճռեցի, որ կարդալու եմ դրանք»:3
Եվ իհարկե, Նախագահ Փաքերը կարդացել է դրանք: Համառությունն էր հաջողության բանալին: Սուրբ գրություններն ամեն անգամ կարդալիս անծանոթ բառերը իմաստ են ստանում: Դուք կարող եք կարդալ հերոսների և քաջության մեծ գործերի մասին: Դուք կարող եք իմանալ Տիրոջ գորովագութ ողորմությունների մասին: Եվ ամեն ինչից բացի, դուք կարող եք զգալ Աստծո սերը և իմանալ, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է:
Աղոթք
Աղոթքը հավատքը կառուցելու մեկ այլ միջոց է: Երբ Լամանացիների թագավորը ցանկացավ իմանալ, թե ինչ պետք է անի, որպեսզի ստանա ավետարանի ուրախությունը, նա աղոթեց Տիրոջը (տես Ալմա 22.16–17): Մեզ նույնպես խոստացվում է, որ եթե խնդրենք, մեզ կտրվի:
Սթենլին 19-ամյա հետաքրքրվող էր Հոնգ Կոնգից: Նա հիացած էր ավետարանով և ցանկանում էր մկրտվել մինչև այն օրը, երբ նրա ընկերները քննադատել էին Եկեղեցին: Նա հանդիպել էր միսիոներներին: Նրանք վկայել էին, որ Աստված այնքան հոգ է տանում նրա մասին, որ կպատասխանի նրա աղոթքին: Նրանք հրավիրել էին նրան ծնկի գալ և հարցնել Երկնային Հորը, թե արդյո՞ք ճշմարիտ են ուսմունքները: Նախ զուգընկերներից մեկը, հետո մյուսը կարճ աղոթք էին ասել: Հետո աղոթել էր Սթենլին: Երբ նա ավարտել էր իր խոնարհ աղոթքը, նրանք հարցրել էին. «Սթենլի, ի՞նչ ես զգում»: Նա դանդաղ բարձրացնելով գլուխը, համարյա շշուկով պատասխանել էր. «Մկրտություն, մկրտություն»:4
Ուխտեր
Վերջապես, ուխտեր կապելն ու պահելը նաև մեծացնում է հավատքը: Ամմոնի ժողովուրդը ուխտել էր, «որ նրանք ավելի շուտ կտային իրենց սեփական կյանքը, քան կթափեին իրենց եղբայրների արյունը» (Ալմա 24.18):
Մենք ուխտ ենք կապում, երբ մկրտվում ենք և մեզ վրա ենք վերցնում Քրիստոսի անունը: Մեզ հիշեցվում է այս ուխտերի մասին, երբ մենք ընդունում ենք հաղորդությունը: Եվ երբ մենք պահում ենք այս ուխտերը, մենք կարող ենք ունենալ Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը: Դա Սուրբ Հոգին է, Մխիթարիչը, որ ուսուցանում է մեզ «ամեն բան» (Հովհաննես ԺԴ.26):
Մեխիկոյից մի քույր 16 տարեկան էր, երբ միսիոներները եկան նրանց տուն: Նա ասել է, որ երբ նրանք ուսուցանում էին Հոգով, «թվում էր, թե նրանք հանել էին վիրակապերն իմ աչքերից, և Տերը պարզեցրել էր իմ հասկացողությունը … Աստծո խոսքը և իմ աղոթքները ամրապնդեցին ինձ, որպեսզի հաղթահարեմ իմ հաջորդ փորձությունը, հայրիկիս պատմելը: Երբ ես մերժվեցի իմ ընտանիքի կողմից իմ մկրտության պատճառով, Տիրոջ Հոգին ուժ էր տալիս ինձ շշնջալով. «Շարունակիր: Առաջ գնա: Քո հարազատներից ոմանք Եկեղեցու անդամ կդառնան»:5
Սուրբ գրությունները, աղոթքը և ուխտեր կապելն ու պահելը օգնել են ոչ միայն Ամմոնի ժողովրդին, այլ նաև առաջին սերնդի անդամներին ամենուրեք, ներառյալ ինձ: Հասկանում եք, թեև ես ծնվել եմ լավ ծնողներից, ավետարանն ինձ տանը չի ուսուցանվել: Սակայն, իմ ծնողները սովորեցրել են ինձ բարոյական չափանիշներ և քաղաքավարի վարքագիծ: Ես հիշում եմ, երբ իմ հայրը, որը եկեղեցու անդամ չէր, օգնում էր ինձ պատրաստել իմ առաջին ելույթը եկեղեցում: Հանձնարարված թեման՝ ազնվությունն էր և հավատո 13-երորդ հանգանակից մեջբերում կատարելու փոխարեն մենք օգտագործեցինք մի մարդու օրինակը, որի մականունը Ազնիվ Աբե էր:
Ավետարանն ինձ սովորեցնելու պատասխանատվությունը թողնվել էր Երեխաների Միության ուսուցիչներին, Երիտասարդ Կանանց և Քահանայության ղեկավարներին: Երբ ես յոթ տարեկան էի, մեր Կիրակնօրյա Դպրոցի կրտսեր ուսուցիչը ուսուցանեց մեզ աղոթքի մասին, և ես ցանկանում էի աղոթել: Նա սովորեցրեց մեզ տասանորդի մասին, և ես ցանկանում էի տասանորդ վճարել: Նա սովորեցրեց մեզ ծոմապահության մասին և … քանի որ ես միայն յոթ տարեկան էի, ապա չէի ցանկանում ծոմ պահել: Սակայն երբ նա ուսուցանեց մեզ մկրտության մասին, ես ցանկանում էի մկրտվել: Ես երախտապարտ եմ իմ լավ ծնողների համար, ովքեր աջակցեցին ինձ իմ որոշման մեջ և որոնք հետագայում նույնպես դարձան Եկեղեցու անդամներ:
Այն սկսվում է մեզանից
Ամմոնի ժողովուրդը ապրում էր ըստ ավետարանի, և «նրանք հաստատուն էին Քրիստոսի հավատքում, նույնիսկ՝ մինչև վերջ» (Ալմա 27.27): Ավետարանի հանդեպ հավատարմությունը սկսվեց Ամմոնի ժողովրդից: Եվ այն սկսվում է մեզանից: Որպես առաջին սերնդի անդամներ, որ ձեռք ենք բերել վկայություններ, մենք այժմ պատասխանատվություն ունենք սովորեցնելու մեր երեխաներին: Մենք պետք է սովորեցնենք նրանց մեր տներում և մեր դասարաններում: Մենք պետք է սովորեցնենք նրանց Աստծո խոսքը սուրբ գրություններից: Մենք պետք է ուսուցանենք նրանց աղոթքի զորության մասին, և պետք է ուսուցանենք նրանց այն օրհնությունների մասին, որոնք գալիս են ուխտերը կապելուց և պահելուց: Եվ եթե սովորեցնենք նրանց, նրանք կկարողանան ասել.
Մենք Հելամանի զորքի պես ենք:
Մեզ սովորեցրել են երիտասարդ տարիքում:
Եվ մենք կլինենք Տիրոջ միսիոներները
Ճշմարտությունը բերելով աշխարհին:6
Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: