Ներման ապաքինող ուժը
Եթե կարողանանք ներում գտնել մեր սրտերում նրանց համար, ովքեր մեզ ցավ և վնաս են պատճառել, մենք կբարձրանանք ինքնահարգանքի և բարեկեցության ավելի բարձր մակարդակի վրա:
Իմ սիրելի եղբայրնե՛ր, քույրե՛ր և ընկերնե՛ր, թույլ տվեք խոնարհաբար և բարեպաշտորեն ներկայանալ ձեզ: Ես ցանկանում եմ այսօր խոսել ներման ապաքինող ուժի մասին:
Պենսիլվանիայի գեղեցիկ լեռներում քրիստոնյա մարդկանց մի հավատարիմ խումբ ապրում է պարզ առանց ավտոմեքենաների, էլեկտրականության կամ ժամանակակից սարքավորումների: Նրանք շատ են աշխատում և ապրում են հանգիստ, խաղաղ, աշխարհից առանձնացած կյանքով: Նրանց ուտելիքի մեծ մասը գալիս է իրենց իսկ ագարակներից: Կանայք կարում են, հյուսում ու գործում իրենց հագուստները, որոնք համեստ են ու պարզ: Նրանք հայտնի են Ամիշ ժողովուրդ անունով:
32-ամյա կաթնամթերող մեքենայի վարորդն իր ընտանիքի հետ ապրում էր նրանց Նիքլ Մայնզ համայնքում: Նա Ամիշ չէր, բայց կաթնավաճառի նրա երթուղին տանում էր նրան բազմաթիվ Ամիշ կաթնատնտեսական ագարակներ, որտեղ նա հայտնի դարձավ որպես լռակյաց կաթնավաճառ անունով: Անցած հոկտեմբերին նա հանկարծ կորցրեց խելքը և ինքնակառավարումը: Իր տանջահար խելքով նա մեղադրում էր Աստծուն իր առաջին երեխայի մահվան և մի քանի անհիմն հիշողությունների համար: Նա առանց որևէ պատճառի ներխուժեց Ամիշների դպրոց, ազատ արձակեց տղաներին և չափահասներին և կապեց 10 աղջիկների: Նա կրակեց աղջիկների վրա` սպանելով հինգին և վիրավորելով մյուս հինգին: Այնուհետև նա ինքնասպանություն գործեց:
Այս ցնցող բռնությունը մեծ վիշտ առաջացրեց Ամիշների մեջ, բայց ոչ բարկություն: Առկա էր ցավ, բայց ոչ ատելություն:
Նրանց ներումն անհապաղ էր: Նրանք բոլորն էլ սկսեցին օգնության հասնել կաթնավաճառի տառապյալ ընտանիքին: Երբ կաթնավաճառի ընտանիքը այդ սպանությունների օրը հավաքվել էր իրենց տանը, մի Ամիշ հարևան եկավ նրանց տուն մահացած մարդասպանի հորը գրկեց և ասաց. «Մենք ներում ենք ձեզ»:1 Ամիշ առաջնորդներն այցելեցին կաթնավաճառի կնոջը և երեխաներին` արտահայտելու իրենց ցավակցությունը, ներումը, օգնությունն ու սերը: Կաթնավաճառի թաղմանը սգացողների կեսից ավելին Ամիշներ էին: Իրենց հերթին Ամիշները հրավիրեցին կաթնավաճառի ընտանիքին մասնակցել սպանված աղջիկների թաղման արարողություններին: Մեծ խաղաղություն իջավ Ամիշների վրա, երբ նրանց հավատքն ուժ տվեց նրանց այդ ճգնաժամի ընթացքում:
Այդտեղի մի բնակիչ շատ պատկերավոր ընդհանուր հայտարարի բերեց այդ ողբերգության հետևանքները, երբ ասաց. «Մենք բոլորս խոսում էինք նույն լեզվով, և ոչ թե ուղղակի անգլերեն, այլ հոգատարության լեզվով, միասնության լեզվով և ծառայության լեզվով: Եվ, այո, ներման լեզվով»:2 Դա Լեռան քարոզի ուսմունքների հանդեպ նրանց կատարյալ հավատքի զարմանալի զեղում էր. «Բարի արեք ձեզ ատողներին. և աղոթք արեք ձեզ չարչարողների համար»:3
Հինգ աղջիկ սպանած կաթնավաճառի ընտանիքը համայնքին ուղարկեց հետևյալ նամակը.
«Մեր Ամիշ ընկերներին, հարևաններին և տեղի համայնքին.
Մեր ընտանիքն ուզում է, որ ձեզանից յուրաքանչյուրն իմանա, որ մենք ցնցված ենք այն ներման, շնորհի և ողորմության համար, որ դուք ցույց տվեցիք մեզ: Մեր ընտանիքի հանդեպ ձեր սերն օգնեց մեզ ստանալ բժշկումը, որի կարիքը մենք այնքան շատ ունեինք: Ձեր կողմից հղված աղոթքները, ծաղիկները, քարտերը և նվերներն այնպես հուզեցին մեր սրտերը, որ խոսքերով անհնարին է նկարագրել: Ձեր կարեկացանքը դուրս եկավ մեր ընտանիքի, մեր հասարակության սահմաններից և փոխում է մեր աշխարհը և սրա համար մենք անկեղծորեն շնորհակալություն ենք հայտնում:
Ուզում ենք իմանաք, որ մեր սիրտը ցավում է այն ամենի համար, ինչ պատահեց: Մենք կսկիծով ենք լցված մեր բոլոր Ամիշ հարևանների համար, որոնց մենք սիրել ենք և շարունակում ենք սիրել: Մենք գիտենք, որ հետագայում բազմաթիվ դժվարին օրեր են սպասվում բոլոր այն ընտանիքներին, ովքեր կորցրեցին իրենց սիրելիներին, և այսպիսով մենք կշարունակենք դնել մեր հույսն ու վստահությունն ամեն մխիթարություն պարգևող Աստծո վրա, քանի որ մենք բոլորս ձգտում ենք վերակառուցել մեր կյանքը»:4
Ինչպե՞ս կարող էր Ամիշների ողջ խումբը ներման այդպիսի դրսևորում արտահայտել: Դա առ Աստված նրանց հավատքի և Նրա խոսքի հանդեպ վստահության շնորհիվ էր, որը նրանց ներքին էության մասն է կազմում: Նրանք համարում են իրենց Քրիստոսի հետևորդները և ցանկանում են հետևել Նրա օրինակին:
Լսելով այս ողբերգության մասին, շատ մարդիկ դրամ ուղարկեցին Ամիշներին վճարելու հինգ ողջ մնացած աղջիկների առողջության վերականգնման և մյուս հինգ սպանվածների թաղման ծախսերը հոգալու համար: Որպես իրենց հետևորդ լինելու հետագա դրսևորում Ամիշները որոշեցին այդ դրամից որոշ չափով բաժին հանել կաթնավաճառի այրու և նրա երեք երեխաների համար, որովհետև նրանք ևս այդ սոսկալի ողբերգության զոհերն էին:
Ներումը միշտ չէ, որ անմիջապես է գալիս, ինչպես Ամիշների դեպքում էր: Երբ անմեղ երեխաներին չարչարում են կամ սպանում, մեզանից շատերն առաջինը չեն մտածում ներման մասին: Մեր բնական արձագանքը զայրույթն է: Մենք նույնիսկ կարող է արդարացված զգանք ցանկանալով «վրեժ լուծել» այն մարդուց, որը մեզ կամ մեր ընտանիքին վնաս է հասցնում:
Դոկտոր Սիդնի Սայմոնը` արժեքների գնահատման ճանաչված հեղինակություն, տվել է մարդկային հարաբերությունների հետ կապված ներման մի գերազանց սահմանում.
«Ներումն ազատում և ավելի ճիշտ օգտագործման մեջ է դնում այն էներգիան, որը մի ժամանակ սպառվում էր ոխ պահելու, վիրավորանքներ հիշելու և չապաքինված վերքեր թարմացնելու վրա: Դա մշտպես ունեցած մեր ուժերի վերահայտնագործումն է և ուրիշ մարդկանց և ինքներս մեզ հասկանալու և ընդունելու մեր անսահման ունակությունների վերատեղակայումը»:5
Մեզանից շատերին ցավն ու կորուստը հաղթահարելու համար ժամանակ է պետք: Մենք կարող ենք ամեն կերպ պատճառներ գտնել ներումը հետաձգելու համար: Այդ պատճառներից մեկը մեղավորի ապաշխարելուն սպասելն է, որպեսզի ներենք նրան: Սակայն այդպիսի հապաղումը ստիպում է մեզ զրկվել այն խաղաղությունից և երջանկությունից, որը կարող էր մերը լինել: Վաղ անցյալում տեղի ունեցած վիրավորանքներն անընդհատ հիշելու անմտությունը երջանկություն չի բերում:
Ոմանք ոխ են պահում ողջ կյանքի ընթացքում, անտեղյակ լինելով, որ մեզ վիրավորողներին խիզախորեն ներելը ողջացնող է և բժշկող:
Ներումն ավելի արագ է գալիս, երբ Ամիշների նման մենք հավատք ենք ունենում Աստծո հանդեպ և վստահում ենք Նրա խոսքին: Այդպիսի հավատքը «ուժ է տալիս մարդկանց դիմանալ մարդկության վատթարագույն արարքներին: Այն նաև ուժ է տալիս մարդկանց մտածել ուրիշների մասին: Ամենակարևորը, այն ներելու ուժ է տալիս»:6
Մեզանից բոլորը տառապում են ինչ որ փորձառություններից ստացած որոշ վնասվածքներից, որոնք անիմաստ են թվում: Մենք չենք կարող հասկանալ կամ բացատրել դրանք: Մենք երբեք չենք իմանա, թե ինչու են որոշ բաներ պատահում այս կյանքում: Մեր որոշ տառապանքների պատճառը հայտնի է միայն Տիրոջը: Բայց քանի որ դա պատահում է, անհրաժեշտ է դիմանալ: Նախագահ Հովարդ Վ. Հանթերն ասել է, որ «Աստված գիտի այն, ինչ մենք չգիտենք, և տեսնում է այն, ինչ մենք չենք տեսնում»:7
Նախագահ Բրիգամ Յանգն արտահայտել է այս խորը ներըմբռնումը, որ առնվազն մեր որոշ տառապանքներից մի քանիսը նպատակ ունեն, երբ նա ասել է. «Յուրաքանչյուր աղետ, որ կարող է գալ մահկանացու էակների վրա, քչերին բաժին կընկնի, պատրաստելու նրանց վայելելու Տիրոջ ներկայությունը … Յուրաքանչյուր փորձություն, որի միջով դուք անցել եք, անհրաժեշտ է ձեր փրկության համար»:8
Եթե կարողանանք ներում գտնել մեր սրտերում նրանց համար, ովքեր մեզ ցավ և վնաս են պատճառել, մենք կբարձրանանք դեպի ինքնահարգանքի և բարեկեցության ավելի բարձր մակարդակ: Վերջերս կատարված որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ մարդիկ, ում ուսուցանվում է ներել, դառնում են «ավելի քիչ բարկացկոտ, ավելի հույսով լեցուն, ավելի քիչ ճնշված, ավելի քիչ մտահոգված և ավելի քիչ լարված», որը տանում է դեպի ավելի լավ առողջական վիճակի:9 Այս ուսումնասիրություններից մեկ ուրիշը եզրակացնում է, «որ ներումը ազատություն տվող պարգև է, որը մարդիկ կարող են տալ իրենց»:10
Մեր օրերում Տերը հորդորոււմ է մեզ. «Դուք պետք է ներեք միմյանց … », իսկ հետո դարձնում է պարտադիր, երբ ասում է. «Ես` Տերս կներեմ, ում որ կներեմ, բայց ձեզանից պահանջվում է ներել բոլոր մարդկանց»:11
Ցավոտ ապահարզանով անցած մի քույր իր եպիսկոպոսից ստացավ մի խելամիտ խորհուրդ. «Ձեր սրտում տեղ պահեք ներման համար, և երբ այն գա, ներս հրավիրեք»:12 Ամիշների համար դա արդեն այնտեղ էր, որովհետև «ներումը [նրանց] կրոնի «սրտառուչ» բաղադրամասն է»:13 Ներման նրանց օրինակը քրիստոնեական սիրո բարձրագույն արտահայտությունն է:
Այստեղ Սոլթ Լեյք Սիթիում 1985 թվականին եպիսկոպոս Սթիվեն Քրիսչենսենը, ոչ իր մեղքով դաժանաբար և անմտորեն սպանվեց ռումբից, որը նախատեսված էր նրա կյանքը խլելու համար: Նա Մաք և Ջոան Քրիսչենսենների որդին էր, Թերիի ամուսինը և չորս երեխաների հայր: Նրա ծնողների թույլտվությամբ ես կիսվում եմ, թե ինչ նրանք սովորեցին այդ փորձառությունից: Այդ սոսկալի դեպքից հետո լրատվությունն անխղճորեն հետևում էր Քրիսչենսենների ընտանիքին: Մի առիթով լրատվական այս միջամտությունը վիրավորեց ընտանիքի անդամներից մեկին այն աստիճան, որ Սթիվենի հայրը` Մաքը, ստիպված էր նրան հանգստացնել: Այդ ժամանակ Մաքը մտածեց. «Այս դժբախտությունը կկործանի իմ ընտանիքին, եթե մենք չներենք: Չարությունն ու ատելությունը երբեք չի վերջանա, եթե մենք դուրս չհանենք այն մեր սրտերից»: Ապաքինում և խաղաղություն եկավ, երբ ընտանիքը իրենց սրտերը մաքրեց զայրույթից և կարողացավ ներել այն մարդուն, որը խլեց իրենց որդու կյանքը:
Մենք վերջերս երկու այլ ողբերգությունների ականատես եղանք այստեղ` Յուտայում, որոնք ցույց են տալիս հավատք և ներման ապաքինող ուժը: Գարի Կերան, որի կինը և երկու երեխաները սպանվեցին Սուրբ Ծննդյան նախօրեին, երբ նրանց մեքենային հարվածեց բեռնատարը, անմիջապես արտահայտեց իր ներումը և մտահոգությունը հարբածության մեջ մեղադրվող վարորդի համար: Անցած փետրվարին, երբ մի մեքենա հարվածեց Եպիսկոպոս Քրիստոֆեր Վիլյամսի ավտոմեքենային, նա ստիպված էր որոշում կայացնել և դա վարորդին «անվերապահորեն ներելն» էր, որը վթարի պատճառ էր եղել, որպեսզի ապաքինման գործընթացը անխափան տեղի ունենար:14
Ինչ կարող ենք սովորել այսպիսի փորձառություններից, ինչպիսին սրանք են: Մենք պետք է ճանաչենք և զանազանենք զայրացկոտ զգացումները: Այդ անելու համար անհրաժեշտ կլինի համեստություն, բայց եթե մենք ծնկի իջնենք և խնդրենք Երկնային Հորը ներման զգացման համար, Նա կօգնի մեզ: Տերը պահանջում է մեզանից «ներել բոլոր մարդկանց»15 մեր իսկ օգտի համար, որովհետև «ատելությունը կասեցնում է հոգևոր աճը»:16 Երբ մենք ազատում ենք մեզ ատելությունից և դառնությունից, միայն այդ ժամանակ է Տերը սփոփանք դնում մեր սրտերում, ճիշտ ինչպես Նա արեց Ամիշների համայնքի, Քրիսչենսենների, Կերանների և Ուիլյամսների ընտանիքների հետ:
Իհարկե, հասարակությունը պետք է պաշտպանված լինի դաժան հանցագործներից, որովհետև «ողորմությունը [չի] կարող կողոպտել արդարադատությանը»:17 Եպիսկոպոս Ուիլյամսն այնքան լավ է արտահայտել այս տեսակետը, երբ ասել է. «Ներումն ուժի աղբյուր է: Բայց այն չի ազատում մեզ հետևանքներից»:18 Երբ ողբերգություն է պատահում, մենք չպետք է արձագանքենք` ձգտելով անձնական վրեժ լուծել, այլ ավելի շուտ պետք է թույլ տանք, որ արդարադատությունը ընթացքի մեջ մտնի և իր գործը կատարի և հետո թողենք: Հեշտ չէ, որ թողնենք և դատարկենք մեր սրտերը ուժգնացող վիրավորանքից: Փրկիչն առաջարկում է մեզ բոլորիս թանկագին խաղաղություն Իր Քավության միջոցով, բայց դա կարող է գալ միայն այն դեպքում, երբ մենք կամենանք դուրս գցել զայրույթի, անբարյացակամության կամ վրեժի բացասական զգացումները: Մեզ բոլորիս համար, ովքեր ներում են «նրանց, ովքեր զանցանքներ են արել մեր դեմ»,19 նույնիսկ նրանց, ովքեր լուրջ հանցագործություններ են գործել, Քավությունը որոշ չափով խաղաղություն և հանգստություն է բերում:
Եկեք հիշենք, որ մենք պետք է ներենք ներվելու համար: Իմ սիրելի հիմներից մեկի խոսքերով ասած` «Օհ, ներեք, ինչպես կուզեիք ներված լինել իմ կողմից»:20 Իմ ողջ սրտով և հոգով ես հավատում եմ այն ապաքինող ուժին, որը կարող է գալ մեզ, երբ հետևենք Փրկչի խորհրդին «ներել բոլոր մարդկանց»:21 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: