Թաբերնաքլ ամայի վայրում
Սա մի եզակի ու հրաշալի ժողովատեղ է եղել:
Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, այս առավոտ կրկին հավաքվել ենք այս պատմական Թաբերնաքլում, որտեղ մենք նախկինում շատ անգամներ ենք համաժողովներին հանդիպել:
Այժմ այս կառույցը լայնածավալ վերանորոգում և ձևափոխում է կրել, որպեսզի համապատասխանի արդի սեյսմիկ կանոններին: Այդպիսով, մենք հույս ունենք և աղոթում ենք, որ դրա պատմական առանձնահատկությունները պահպանվել են:
Որոշ հին նստարաններ պահել ենք և կշարունակենք օգտագործել: Սակայն ինչպես արդեն նկատել եք, նոր նստարաններն հների նման պինդ են:
Մուտքեր են ավելացվել` բավարարելու արդի պահանջներին: Դրսի պատը կազմող քարե մեծ սյուները, լավ ամրացվել են: Տանիքն ամրացվել է պողպատե ձողակառույցներով, որոնց վրա նոր տանիք է հավաքվել:
Ուզում եմ հիշեցնել ձեզ, որ այս կառույցում նոր չենք փոփոխություններ կատարում: Նույնիսկ իր կառուցումից մի փոքր անց այն ձևափոխվել էր: Սկզբում օթյակ չի եղել, հետո է այն ավելացվել:
Երկար տարիների ընթացքում սա մի եզակի ու հրաշալի ժողովատեղ է եղել: Շատ տղամարդիկ և կանայք են խոսել այստեղ` վկայելով Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման մասին: Բրիգամ Յանգի ժամանակներից մինչ այժմ, բոլոր մարգարեները խոսել են այս ամբիոնից: Հայտնի այլ տղամարդիկ և կանայք են խոսել այստեղ, որոնց թվում Միացյալ Նահանգների մի քանի նախագահներ: Այս համայնքի համար սա եղել է արվեստի և մշակույթի տուն: Յուտայի Սիմֆոնիկն առաջին անգամ այստեղ է ելույթ ունեցել: Մեծ գեղարվեստական ստեղծագործություններ են ներկայացվել այստեղ, ինչպիսիք են` Messiah և Tanner Gift of Music: Պատվարժան տղամարդկանց և կանանց թաղման ծառայություններն են այստեղ կատարվել: Այս բոլոր տարիների ընթացքում սա իսկապես հիշարժան վայր է եղել այս համայնքի համար:
Սա յուրահատուկ կառույց է` ամբողջ աշխարհում իր տեսակի մեջ եզակի: Այն կառուցվել է մոտ մեկուկես դար առաջ` մեր ժողովրդի չքավոր տարիներին: Սա Խորան էր` կառուցված ամայի վայրում: Այդ ժամանակ տաճարը դեռևս ավարտված չէր: Նրանք, ովքեր կառուցեցին Թաբերնաքլը, գործի դրեցին իրենց հավատն ու ճարտարապետական պարզ հմտությունները: Վատատեսները, որոնք միշտ էլ շատ են, կանխատեսել էին, որ երբ փայտամած լաստակը հանվի, տանիքը դրա հետ միասին կքանդվի: Դա տեղի չունեցավ, և այս երկար տարիների ընթացքում այն անվնաս մնաց` արևի և փոթորկի դեմ:
Այն հայտնի է դարձել ամբողջ աշխարհում որպես Մորմոնական Թաբերնաքլի Երգչախմբի տուն, որի ամենշաբաթյա ռադիոեթերները ավելի քան 75 տարիների ընթացքում լսվել են ավելի երկար, քան որևէ այլ ցանցի ծրագիր` սկսած 1929թ.-ից:
Այժմ, ամեն Կիրակի, Երաժշտություն և Խոսքը կրկին կհաղորդվի աշխարհին այս Թաբերնաքլից` «Արևմուտքի խաչմերուկներից»: Այն կրկին տուն կլինի Թաբերնաքլի Երգչախմբի և Տաճարային Հրապարակի Նվագախմբի համար, և նաև կօթևանի շատ ներկայացումներ և ձեռնարկումներ: Այն կօգտագործվի ցցերի և տարածքային համաժողովների, հանրային դասախոսությունների, համերգների և այլ մշակութային միջոցառումների համար:
Անգլիայում հրատարկվող Millennial Star-ը 1875թ. հոկտեմբերի 9-ին շաբաթ օրը արձանագրեց, որ մի քանի տարի օգտագործելուց հետո Ջոն Թեյլորը հղեց երկարաշունչ և մանրամասն աղոթք` նվիրագործելով այս սուրբ կառույցը:
Իսկ այժմ իմ եղբայրներ և քույրեր, այս հավաքի ավարտին, ես հրավիրում եմ ձեզ բոլորիդ միանալ ինձ` խոնարհելով ձեր գլուխները և փակելով ձեր աչքերը, երբ մենք կասենք վերանվիրագործման աղոթքը:
Նվիրագործման Աղոթք
Ո՜վ, Աստված, մեր Հա՛յր Հավերժական, այս պատմական պահին խոնարհ գլուխներով ու ակնածանքով մենք գալիս ենք Քո առաջ: Մենք հավաքվել ենք այս մեծ Թաբերնաքլում, որը մեկ դարից ավելի օգտագործումից հետո այժմ արդեն վերանորոգվել և նորացվել է:
Գործելով սուրբ քահանայության իշխանությամբ և Հիսուս Քրիստոսի անունով, մենք նվիրագործում, վերանվիրագործում և նվիրաբերում ենք Սոլթ Լեյքի այս Թաբերնաքլը Քեզ և Քո Սիրելի Որդուն, որ գալիք երկար տարիների ընթացքում այն ծառայի որպես մի վայր, որտեղ Քո ժողովուրդը կարող է հավաքվել տարբեր առիթներով:
Այս մասին խորհելիս մեր մտքերը վերադառնում են դեպի Մարգարե Ջոզեֆը, որը գործիք էր Քո ձեռքում, վերականգնելով Տեր Հիսուս Քրիստոսի հավերժական ավետարանը` դրան ուղեկցող բոլոր պարգևներով, իշխանությամբ և օրհնություններով:
Մենք շնորհակալ ենք Քեզ` մեր ժողովրդի մեծ հավատի համար, ովքեր քշվելով Նավուից մեծ տառապանքով և շատ մահեր կրելով անցան Այովան հաստատելու Վինթեր Քուորթերսը, և որից հետո մեծ գաղթ ձեռնարկեցին, որը նրանց Վինթեր Քուորթերսից բերեց այս Մեծ Սոլթ Լեյքի հովիտ:
Մենք շնորհակալ ենք Քեզ Նախագահ Բրիգամ Յանգի ոգեշնչված ղեկավարության համար, որը նախկինում միայն տեսիլքով էր տեսել այս հովիտը և մեր ժողովրդին առաջնորդեց այստեղ: Նա շատ քիչ բան գիտեր այս տարածքի մասին: Նա ծանոթ չէր հողին կամ կլիմային, ջրին կամ այլ առանձնահատկություններին: Այս ամայի վայրում այդ պիոներները վարեցին և ցանեցին, ոռոգեցին, մշակեցին և հավաքեցին իրենց աշխատանքի պտուղը: Նրանք քաղաք հիմնադրեցին, որն այժմ դարձել է մի մեծ քաղաք հարյուր հազարավոր բնակիչներով:
Մի ժամանակ Վերջին Օրերի Սրբերի մեծ մասն ապրում էր այստեղ, այս հովտում և շրջակա այլ տարծքներում, որտեղ բնակավայրեր հիմնադրվեցին: Այժմ, Քո աշխատանքն աճել է և տարածվել երկրի վրա, և մենք ավելի շատ անդամներ ունենք այս երկրից դուրս, քան այստեղ:
Սիրելի Հա՛յր, խնդրում եմ շարունակիր բարգավաճեցնել Քո աշխատանքը: Այնպես արա, որ այն մեծանա ու աճի: Օրհնի՛ր այս ժողովրդին, երբ նրանք իրենց տասանորդներն ու նվիրատվություններն են նվիրաբերում հնարավոր դարձնելու այդ աճն ու տարածումը: Թող այն առաջ գնա և լցնի ամբողջ աշխարհը, ինչպես քարը, որը կտրվեց սարից առանց ձեռքի և գլորվեց ու լցրեց աշխարհը: Ամուր ղեկավարներ բարձրացրու գալիք սերունդների մեջ, և թող Քո ժողովուրդը ցնծա ու մեծ երջանկություն գտնի Քո աշխատանքում ծառայելիս:
Հետևաբար, մենք նվիրագործում, վերանվիրագործում և նվիրաբերում ենք այս սուրբ կառույցը, և այս ամենը մենք կատարում ենք և խնդրում Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: