Սոլթ Լեյքի Թաբերնաքլի վերանվիրագործումը
Ես երախտապարտ եմ, որ այս հոյակապ կառույցն ամրացվեց և նորացվեց, որպեսզի շարունակենք այն օգտագործել Աստծո զավակներին հրահանգելու և շենացնելու համար:
Մեծ պատիվ ու արտոնություն է` լինել այս հրաշալի կառույցի` Սոլթ Լեյքի Թաբերնաքլի վերանվիրագործման ծառայության մի մասը, որը գտնվում է Սոլթ Լեյքի Տաճարի արևմուտքում: Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր ինչ-որ կերպ մասնակցել են այս կառույցի մեջ տարվող հսկայական աշխատանքին: Մենք հատկապես շնորհակալ ենք Նախագահող Եպիսկոպոսությանը` Եպիսկոպոս Հ. Դեյվիդ Բըրթընին, Եպիսկոպոս Ռիչարդ Ս. Էջլիին և Եպիսկոպոս Քեյթ Բ. Մաքմալինին, Սոլթ Լեյքի Թաբերնաքլի նորացման ու վերանորոգման աշխատանքները գերազանց կերպով ղեկավարելու համար:
Ես լավ եմ հիշում, երբ տղա էի և գալիս էի այս Թաբերնաքլ: Ես մկրտվել եմ այստեղ: Երբ ես դարձա սարկավագ, հայրս ինձ բերեց այստեղ, որպեսզի ներկա լինեինք քահանայության գերագույն ժողովին: Մենք եկել էինք 15 րոպե առաջ և կարողացանք տեղ գտնել օթյակում:
Եկեղեցու վաղ օրերին միակ երկու շինությունները, որ կառուցվեցին հատկապես երկրպագության համար, Կիրթլանդի և Նավուի տաճարներն էին: Դրանք երկուսն էլ կառուցվել էին հայտնության համաձայն: Առաջին արձանագրված Եկեղեցու կողմից կառուցված շենքը, որը նախատեսված էր հավաքատուն լինելու համար, նպատակ ուներ օգտագործվելու նաև որպես դպրոցի շենք: Այն կառուցվեց գերաններից Միսսուրիում 1831 թվականին:1
Երբ 1836թ. Կիրթլանդի Տաճարը նվիրագործվեց, այն արդեն շատ փոքր էր, որպեսզի տեղավորեր բոլոր Սրբերին, ովքեր ցանկանում էին ներկա լինել նվիրագործմանը: Մարգարե Ջոզեֆ Սմիթը ափսոսանքով էր արձանագրել, որ այդ կառույցը չէր տեղավորել ավելի շատ մարդ:2 Ինչևէ, երբ Կիրթլանդում Սրբերի և նրանց ղեկավարների դեմ բռնություններն ուժգնացան, 1838թ. Եկեղեցու հիմնական մասը տեղափոխվեց Միսսուրի` թողնելով ետևում այդ թանկարժեք կառույցը:
Նավուի Տաճարը հիմնականում կառուցվեց նույն ձևով, ինչ Կիրթլանդի Տաճարը, ինչ վերաբերում էր առաջին և երկրորդ հարկերում գտնվող ժողովների սենյակներին: Ինչևէ, նախքան Նավուի տաճարի շինարարությունը կավարտվեր 1846թ., Սրբերը հավաքվում էին դրսում` հաճախ տաճարի մոտ, որպեսզի լսեին Ջոզեֆի և Եկեղեցու այլ ղեկավարների խոսքը: Երբեմն հազարավոր մարդիկ էին գալիս այդ հավաքներին:
Ինչպես Ջորջ Ա. Սմիթն է նկատել իրեն հատուկ հումորով. «Մարգարե Ջոզեֆի օրերին … Մորմոնիզմը ծաղկում էր դրսում»: Դա այդպես էր, որովհետև «նախքան Մարգարեի մահը, մենք չէինք կարողանում այնքան մեծ շենք կառուցել, որ տեղավորեինք Սրբերին»:3
Երբեմն անբարենպաստ եղանակն ընդհատում էր դրսում անցկացվող ծառայությունները և անհարմար պայմաններ ստեղծում թե խոսնակների և թե հավաքվածների համար: Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը, որը լավ էր հիշում Նավույի տաճարի մոտ դրսում տեղի ունեցող հավաքները, ասել է.
«Երկրպագության վայրի հետ կապված իմ առաջին հիշողությունները Նավույից են: Այն տաճարի տարածքին հարող ծառերի պուրակում էր գտնվում: Մայրիկիս հետ այստեղ ես լսում էի այնպիսի մարդկանց, ինչպիսիք էին Բրիգամ Յանգը, Հեբեր Չ. Քիմբալը, Օրսոն Հայդը, Փարլի Փ. Փրատը, Օրսոն Փրատը, Մարգարե Ջոզեֆը և Հայրապետ Հայրումը: Ես բավականին լավ եմ հիշում մի հավաք այդ պուրակում, երբ սայլակ բերեցին հավաքվածների առաջ և Մարգարե Ջոզեֆը կանգնեց դրա վրա խոսելու, և անձրև սկսեց տեղալ: Երկու հոգի առաջ եկան և հովանոցներ պահեցին նրա վրա, որպեսզի նա չթրջվի: Մարդկանցից շատերը հովանոցներ չունեին և շատ անհարմար ու անդուր էր անտեղ նստելը: Թեև փոքր տղա էի, սակայն շատ լավ եմ հիշում, որ ոչ ոք չէր հեռանում այնտեղից, քանի դեռ նա խոսում էր»:4
Իր մահից առաջ Մարգարե Ջոզեֆը հրահանգեց, որ բրեզենտե խորան կառուցվեր, որպեսզի Սրբերը նման մեծ հավաքների ժամանակ պատսպարվելու ծածկ ունենային: 1845 թվականին, երբ տաճարի կառուցումն իր ավարտին էր մոտենում, Տասներկուսի Քվորումից Երեց Օրսոն Հայդը ուղարկվեց ետ` արևելք, որպեսզի գումար հավաքեր և գներ «մոտ չորս հազար մետր» բրեզենտ, ինչպես Բրիգամ Յանգն էր ասում «Սիոնի ժողովքի խորան» կառուցելու համար»:5
1845թ. օգոստոսի 30-ի գրած իր նամակում Եղբայր Օրսոն Փրատն ընտրեց տեղանքը և գծեց բրեզենտե խորանի նախագիծը.
«Նախատեսվում է բրեզենտե խորան կառուցել Տաճարի դիմաց, որը կձգվի դեպի արևմուտք: Այս խորանի ձևը կլինի էլիպսաձև … Այն կտեղավորի մոտ ութ կամ տաս հազար հոգի. նստարանների շարքերը աստիճանաբար կբարձրանան, որը կունենա ամֆիթատրոնի ձև»:6
Հաջորդ օրը եղբայրները սկսեցին մաքրել տարածքը` բրեզենտե խորանի կառուցման համար: Ինչևէ, քանի որ թշնամիների կողմից հալածանքներն ուժգնացան, Սրբերը ստիպված հեռացան Նավուից, այնպես որ բրեզենտե խորանն այդպես էլ չկառուցվեց: Օրսոն Հայդը «1846թ. բրեզենտը տեղավորեց սայլերի մեջ և առաջ շարժվեց դեպի արևմուտք»:7 Ոմանք ենթադրություններ արեցին, որ «բրեզենտն օգտագործվեց, որպեսզի վրաններ, վրանների մասեր և սայլերի համար ծածկեր պատրաստվեին» այն Սրբերի համար, ովքեր ճանապարհ էին ընկել դեպի Սոլթ Լեյքի Հովիտ:8
Սոլթ Լեյք Սիթիի Տաճարային Հրապարակում կառուցված Թաբերնաքլը ընդհանուր առմամբ նման է բրեզենտե խորանին, որը ծրագրվել էր կառուցել Նավույում, և այդ նախատեսված խորանի նման այն ևս տեղակայվել էր տաճարի արևմտյան կողմում: Մյուս հարցերի հետ միասին, ինչպիսին էր դեպի արևմուտք մեծ գաղթը, Ջոզեֆ Սմիթը տեսիլքով տեսավ Մեծ Թաբերնաքլը, իսկ Բրիգամ Յանգն այն իրականություն դարձրեց:
Այնպես որ Նավուի համար նախատեսված խորանը, որն այդպես էլ երբեք չկառուցվեց, նմուշ դարձավ այս պատմական կառուցի համար: Երբ ես փոքր էի, մենք լսում էինք գերագույն համաժողովը ռադիոյով, այժմ արբանյակային կապի և ժամանակակից էլեկտրոնային սարքավորումների օգնությամբ մենք Սոլթ Լեյք Սիթիից հեռարձակվում ենք ամբողջ աշխարհ, միևնույն ժամանակ` կապվելով ամբողջ աշխարհում մեր շենքերի հետ: Սա իրագործվեց, Եղբայրների ստացած ոգեշնչման շնորհիվ, որպեսզի բավարարվի մարդկանց կարիքները մեր օրերում: Սա լավ օրինակ է, թե ինչպես է Տերը հնարավոր դարձնում Եկեղեցու անդամների կարիքների բավարարումը: Ես վկայում եմ, որ Տերը կշարունակի Իր մարգարե Գորդոն Բ. Հինքլիի միջոցով հայտնել այն ճանապարհները և միջոցները, որոնցով պետք է բավարարվեն անընդհատ աճող Եկեղեցու բոլոր անդամների կարիքները:
Ես երախտապարտ եմ, որ այս հոյակապ կառույցն ամրացվեց և նորացվեց, որպեսզի շարունակենք այն օգտագործել Աստծո զավակներին հրահանգելու և շենացնելու համար: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: