2007
Դուք պետք է վերստին ծնվեք
Մայիս 2007թ.


Դուք պետք է վերստին ծնվեք

Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով մենք կարող ենք հոգեպես պատրաստվել և մաքրվել մեղքից, ընկղմվել և հագենալ Նրա ավետարանով, և մաքրվել ու կնքվել Խոստումի Սուրբ Հոգով:

Կալիֆորնիայում իմ մանկության տունը բավականին մոտ էր գտնվում ծիրանի, բալենու, դեղձի, տանձի և այլ համեղ մրգատու մեծ այգիներին: Մենք նաև մոտ էինք ապրում վարունգի, լոլիկի և տարբեր բանաջերեղենների դաշտերին:

Տղա ժամանակ ես միշտ անհամբեր սպասում էի պահածոյացման շրջանին: Ես չէի սիրում պահածոների տարանները մաքրելը կամ մեր շոգ խոհանոցում աշխատելը: Բայց ես սիրում էի աշխատել մայրիկիս և հայրիկիս հետ: Եվ ես սիրում էի ուտել իմ աշխատանքը: Ես վստահ եմ, որ կերել եմ ավելի շատ միրգ, քան երբևէ փակել եմ մեր պահածոների տարաների մեջ:

Մայրիկի և հայրիկի հետ խոհանոցում անցկացրած ժամանակի իմ հիշողություններն արթնանում են ամեն անգամ, երբ ես տեսնում եմ տան պատրաստած բալի կամ դեղձի պահածո: Ինքնաապահովման և իմաստուն ապրելու հիմնական դասերը, որոնք ես սովորել եմ, երբ քաղել և պահածոյացրել եմ մթերքները, օրհնել են ինձ իմ ողջ կյանքի ընթացքում: Հետաքրքիր է, որ պարզ և հասարակ փորձառությունները հաճախ ամենակարևոր ուսուցողական հնարավորություններն են տալիս:

Հասուն տարիքում ես մտածել եմ այն ամենի մասին, ինչ տեսել եմ մեր խոհանոցում պահածոյացման շրջանում: Այս առավոտ ես ցանկանում եմ քննարկել մի քանի հոգևոր դասեր, որոնք մենք կարող ենք քաղել, հետևելով վարունգից թթու վարունգ պատրաստելու գործընթացին: Ես հրավիրում եմ Սուրբ Հոգին, որպեսզի լինի մեզ հետ, մինչ մենք կքննարկենք այդ դասերի կարևորությունը իմ և ձեր համար, երբ գալիս ենք դեպի Քրիստոսը և հոգեպես վերածնվում:

Վարունգ և թթու վարունգ

Թթու վարունգն այն վարունգն է, որը փոխակերպվում է ըստ հատուկ բաղադրատոմսի և մի շարք քայլերի: Վարունգը թթու վարունգի վերածելու պրոցեսի առաջին քայլերն են նախապատրաստումը և մաքրումը: Ես հիշում եմ, թե քանի ժամ էինք մենք անցկացնում տան ետևի բակում, կտրելով ցողունները և քերելով հավաքած վարունգների վրայի կեղտը: Մայրս շատ բծախնդիր էր վարունգները նախապատրաստելու և մաքրելու հարցում: Նա մաքրության բարձր չափանիշներ ուներ և միշտ ստուգում էր իմ աշխատանքը, հավաստիանալու համար, որ այդ կարևոր գործը հավուր պատշաճի կատարվի:

Փոխակերպման գործընթացի հաջորդ քայլերն են` վարունգները երկար ժամանակով աղի լուծույթի մեջ ընկղմելը և պահելը: Լուծույթը պատրաստելու համար մայրս միշտ օգտագործում էր իր մայրիկից սովորած բաղադրատոմսը, որն ուներ որոշակի բաղադրիչներ և հստակ գործողություններ: Վարունգը կարող է թթու դառնալ, եթե ամբողջովին և լիովին ընկղմվի լուծույթի մեջ որոշակի ժամանակով: Մարինադացման պրոցեսը աստիճանաբար փոխում է վարունգի բաղադրությունը և տալիս նրան թափանցիկ տեսք և հատուկ թթու համ: Աղաջրով երբեմն ցողելը կամ աղաջրում շատ խորը ընկղմումը չի կարող ապահովել անհրաժեշտ ձևափոխումը:

Այդ պրոցեսի վերջին քայլը պահանջում է մարինադացված վարունգների փակումը տարաների մեջ, որոնք նախապես ստերիլիզացված և մաքրված են: Վարունգները դասավորվում են պահածոյացման տարաների մեջ, փակվում եռացող տաք լուծույթով և եփվում եռացող ջրով պղնձի մեջ: Բոլոր անմաքրությունները պետք է վերացվեն և՛ վարունգների և՛ տարաների վրայից, որպեսզի վերջնական մթերքը լինի պաշտպանված և պահպանվի: Այս գործընթացին ճիշտ հետևելու դեպքում վարունգները կարելի է երկար պահել ու վայելել:

Ամփոփելով կարելի է ասել, որ վարունգը դառնում է մարինադ, եթե այն պատրաստված և մաքրված է, ընկղմված և հագեցած աղաջրի մեջ, և փակված ստերիլիզացված անոթի մեջ: Այս ընթացքը ժամանակ է պահանջում և չի կարող արագացվել, և հիմնական քայլերից ոչ մեկը չի կարելի անտեսել կամ չկատարել:

Հզոր փոփոխություն

Տիրոջ լիազորված ծառաները մշտապես սովորեցնում են, որ մեր մահկանացու կյանքի սկզբունքային նպատակներից մեկը հոգեպես փոխվելն է և փոխակերպվելը Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Ալման հայտարարել է.

«Մի զարմացիր, որ ողջ մարդկությունը, այո, տղամարդիկ ու կանայք, բոլոր ազգերը, ցեղերը, լեզուները և ժողովուրդները պիտի վերստին ծնվեն. այո, Աստծուց ծնվեն, իրենց մարմնական ու ընկած վիճակից փոխված դեպի արդարության մի վիճակի, փրկագնվելով Աստծո կողմից, դառնալով նրա որդիներն ու դուստրերը.

Եվ այսպես, նրանք դառնում են նոր արարածներ. և մինչև նրանք չանեն այս, նրանք ոչ մի կերպ չեն կարող ժառանգել Աստծո արքայությունը» (Մոսիա 27.25–26):

Մեզ պատվիրվել է գալ դեպի Քրիստոսը և կատարելագործվել նրանում, և հրաժարվել ամեն անաստվածությունից (տես Մորոնի 10.32), դառնալ «նոր էակներ» Քրիստոսում (տես Բ Կորնթացիս Ե.17), հանել «բնական մարդուն» (Մոսիա 3.19), և զգալ մի հզոր փոփոխություն մեր մեջ, կամ մեր սրտերում, «այնպես որ մենք այլևս հակում չունենք չարիք անելու, այլ` շարունակ կատարելու բարիք» (Մոսիա 5.2): Ուզում եմ նկատեք, որ այս տողերում նկարագրված փոփոխությունը հզոր է, ոչ թե փոքր` հոգևոր վերածնունդ և հիմնավոր փոփոխություն մեր զգացումների և ցանկությունների մեջ, մեր մտածածի և անելիքի, և մեր ով լինելու մեջ: Իսկապես, Հիսուս Քրիստոսի ավետարանի էությունը պահանջում է հիմնավոր և մշտական փոփոխություն մեր իսկ էության մեջ, որը հնարավոր է, եթե մենք վստահում ենք «Սուրբ Մեսիայի արժանիքներին, ողորմածությանը և շնորհին» (2 Նեփի 2.8): Երբ մենք որոշում ենք հետևել Վարդապետին, մենք որոշում ենք փոխվել` հոգեպես վերածնվել:

Պատրաստել և մաքրել

Ճիշտ ինչպես վարունգը պետք է պատրաստվի և մաքրվի մարինադի վերածվելուց առաջ, այդպես էլ դուք և ես կարող ենք պատրաստվել «հավատի խոսքերով և լավ վարդապետությամբ» (Ա Տիմոթեոս Դ.6) և սկզբում մաքրվենք այն արարողությունների և ուխտերի միջոցով, որոնք սպասավորվում են Ահարոնյան Քահանայության իշխանությամբ:

«Իսկ փոքրագույն քահանայությունը շարունակվեց, քահանայություն, որը կրում է հրեշտակների սպասավորության և նախապատրաստական ավետարանի բանալիները.

Ավետարան, որն ապաշխարության և մկրտության ավետարանն է, և մեղքերի թողության» (ՎևՈւ 84.26–27):

Տերը բարձր չափանիշ է հիմնել մաքրության համար:

«Ուստի ուսուցանեք ձեր երեխաներին, որ բոլոր մարդիկ, ամենուրեք, պետք է ապաշխարեն, այլապես նրանք ոչ մի կերպ չեն ժառանգի Աստծո արքայությունը, քանզի ոչ մի անմաքուր բան չի կարող բնակվել այնտեղ, կամ բնակվել նրա ներկայության մեջ» (Մովսես 6.57):

Ճիշտ նախապատրաստումն ու մաքրումը առաջին հիմնական քայլերն են վերստին ծնվելու գործընթացում:

Ընկղմվել և ներծծվել

Ինչպես վարունգը վերածվում է մարինադի, երբ ընկղմվում և ներծծվում է աղաջրով, այդպես էլ դուք և ես կրկին ծնվում ենք, երբ կլանվում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանով և ընկղմվում դրա մեջ: Երբ մենք հարգում և հետևում ենք ուխտերին (ՎևՈւ 42.13), որոնց մեջ մտնում ենք, երբ մենք սնվում ենք Քրիստոսի խոսքերով (2 Նեփի 32.3), երբ աղոթում ենք «Հորը սրտի ողջ կորովով» (Մորոնի 7.48), և երբ ծառայում ենք Աստծուն մեր «ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով» (ՎևՈւ 4.2), ապա.

«Ուխտի շնորհիվ, որ դուք արել եք, դուք կկոչվեք Քրիստոսի զավակներ` նրա որդիներն ու նրա դուստրերը, քանզի ահա, այս օրը նա հոգով ծնեց ձեզ. քանզի դուք ասում եք, որ ձեր սրտերը փոխվել են նրա անվան հանդեպ հավատքի միջոցով. հետևաբար, դուք ծնվել եք նրանից և դարձել եք նրա որդիներն ու նրա դուստրերը» (Մոսիա 5.7):

Այս տողերում նկարագրված հոգևոր վերածնունդը տեղի չի ունենում արագ կամ մի ակնթարթում, դա երկարատև ընթացք է, ոչ թե միանգամյա իրադարձություն: Տող առ տող և սկզբունք առ սկզբունք, աստիճանաբար և գրեթե աննկատ, մեր դրդումները, մեր մտքերը, մեր խոսքերը և մեր գործերը Աստծո կամքի հետ մեկ ուղու վրա են դրվում: Փոփոխության այս ընթացքը պահանջում է ժամանակ, հետևողականություն և համբերատարություն:

Վարունգը դառնում է մարինադ, եթե անցնում է հավասարաչափ, երկարատև և ամբողջական ընկղման պրոցես աղաջրում: Նշանակալից է, որ աղը բաղադրատոմսի հիմնական բաղադրիչն է: Աղը հաճախ է օգտագործվում սուրբ գրություններում որպես ուխտի և ուխտ կապած մարդկանց խորհրդանիշ: Եվ ինչպես աղը կարևոր է վարունգը մարինադի վերածելու համար, այնպես էլ ուխտերն են էական մեր հոգևոր վերածննդի համար:

Վերստին ծնվելու ընթացքը մենք սկսում ենք նրանից, որ հավատ ենք գործադրում առ Քրիստոս, ապաշխարում ենք մեր մեղքերից, և մկրտվում ենք ընկղմամբ մեր մեղքերի թողության համար քահանայության իշխանություն կրողի կողմից:

«Մկրտությունովը նրա հետ թաղվեցանք մահի մեջ. որ ինչպես Քրիստոսը Հոր փառքովը մեռելների միջից հարություն առավ, այնպես էլ մենք կյանքի նորոգության մեջ ման գանք» (Հռովմեացիս Զ.4):

Եվ երբ մենք դուրս ենք գալիս մկրտության ջրերից, մեր հոգիները պետք է շարունակ ընկղմվեն և հագեցվեն Փրկչի ավետարանի ճշմարտությամբ և լույսով: Քրիստոսի վարդապետության հատուկենտ և մակերեսային ուսումնասիրությունը և Նրա վերականգնված Եկեղեցում մասնակի մասնակցությունը չի կարող այնպիսի հոգևոր փոփոխություն բերել, որը մեզ հնարավորություն կտա քայլել կյանքի նորոգության մեջ: Իսկ եթե մենք ուզում ենք ստանալ հավերժության օրհնությունները, ապա պետք է հավատարիմ լինենք ուխտերին, հետևողական նվիրվածության մեջ և մեր ողջ հոգին Աստծուն նվիրաբերենք:

«Ես կկամենայի, որ դուք գաք Քրիստոսի մոտ, որը Սուրբն է Իսրայելի, և ճաշակեք նրա փրկությունից և նրա փրկագնման զորությունից: Այո, եկեք նրա մոտ և մատուցեք ձեր ողջ հոգիները նրան` որպես ընծա, և շարունակեք ծոմով և աղոթքով, և համբերեք մինչև վերջ, և ինչպես կենդանի է Տերը, դուք կփրկվեք» (Օմնի 1.26):

Ամբողջովին ընկղմումը և հագեցումը Փրկչի ավետերանում կարևոր քայլերն են վերստին ծնվելու պրոցեսում:

Մաքրվել և կնքվել

Մարինադացված վարունգները դասավորվում են ստերիլիզացված տարաների մեջ և եռացվում, որպեսզի բոլոր կեղտոտ մասնիկները վերանան, ապա փակվում են արտաքին միջավայրից մաքուր մնալու համար: Եռացող ջրաբաղնիքը պաշտպանում է մարինադացված վարունգը և թույլ տալիս պահպանվել երկար ժամանակի ընթացքում: Նույն ձևով մենք մաքրվում և սրբվում ենք, երբ լվացվում ենք Գառան արյունով, վերստին ծնվում ենք, և ստանում ենք ծեսերը և հարգում ուխտերը, որոնք ստանում ենք Մելքիսեդեկյան Քահանայության իշխանությամբ:

«Այնուամենայնիվ, նրանք հաճախ ծոմ էին պահում ու աղոթում և դառնում էին ավելի ու ավելի ուժեղ իրենց խոնարհության մեջ, և ավելի ու ավելի կայուն Քրիստոսի հավատքում, որը նրանց հոգիները լցնում էր ուրախությամբ ու սփոփանքով, այո, նույնիսկ մինչև իսկ մաքրում ու սրբագործում էր նրանց սրտերը, սրբագործում, որը գալիս էր իրենց սրտերն Աստծուն ենթարկելուց» (Հելաման 3.35):

Իմ ուղերձում «կնքել» բառը այսօր չի վերաբերում միայն հավերժական ամուսնության արարողությանը, որը կատարվում է Տիրոջ տանը: Ավելի շուտ, ես օգտագործում եմ այս բառը այն իմաստով, ինչպես այն բացատրվում է Վարդապետություն և Ուխտերի 76-րդ բաժնում:

«Սա է Քրիստոսի ավետարանի վկայությունը նրանց վերաբերյալ, ովքեր առաջ պիտի գան արդարների հարության մեջ, -

Այդ նրանք են, ովքեր ընդունեցին Հիսուսի մասին վկայությունը և հավատացին նրա անվանը, և մկրտվեցին նրա թաղվելու ձևով, թաղվելով ջրի մեջ` նրա անունով, և դա` այն պատվիրանի համաձայն, որ տվել է նա, -

Որպեսզի պատվիրանը պահելով` նրանք կարողանան լվացվել և մաքրվել իրենց բոլոր մեղքերից, և ձեռնադրմամբ ստանան Սուրբ Հոգին, նրա միջոցով, ով կարգված և կնքված է այս զորությանը.

Եվ ովքեր հաղթում են հավատքով, և կնքվում են խոստումի Սուրբ Հոգով, որը Հայրը թափում է բոլոր նրանց վրա, ովքեր արդար են և ճշմարիտ» (հհ. 50–53):

Սուրբ Հոգու Խոստումը Սուրբ Հոգու վավերացնող զորությունն է: Կնքվելով Սուրբ Հոգու Խոստումով, ցանկացած արարողություն, երդում, կամ ուխտ կապող է դառնում երկրի վրա և երկնքում (տես ՎևՈւ 132.7): «Հաստատման կնիքը» Սուրբ Հոգուց ստանալը «ժամանակի ընթացքում» ավետարանի ուխտերը հարգելու հավատարմության, ազնվության և հաստատակամության արդյունքն է (Մովսես 7.21): Ինչևէ, այս կնքումը կարող է չեղյալ լինել անարդարակեցության և մեղսագործության հետևանքով:

Սուրբ Հոգու Խոստումով մաքրվելը և կնքվելը վերստին ծնվելու պրոցեսը պսակող քայլերն են:

«Իմ Հոգու կորովով»

Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես աղոթում եմ, որպեսզի մարինադի այս օրինակը օգնի մեզ գնահատել մեր կյանքը և ավելի լավ հասկանալ հոգևոր վերածննդի հավերժական կարևորությունը: Ալմայի հետ, «ես խոսում եմ իմ հոգու կորովով» (Ալմա 5.43):

«Ես ասում եմ ձեզ, որ սա է կարգը, ըստ որի ես կանչված եմ, այո, քարոզելու իմ սիրելի եղբայրներին, այո, և ամեն մեկին, որ բնակվում է այս երկրում. այո, քարոզելու բոլորին` և ծերին, և երիտասարդին, և ճորտին, և ազատին. այո, ես ասում եմ ձեզ` տարեցներին, և նաև միջահասակներին և աճող սերնդին. այո, աղաղակելով նրանց, որ նրանք պետք է ապաշխարեն և վերստին ծնվեն» (Ալմա 5.49):

Ես վկայում եմ ապրող Փրկչի իրականության և աստվածայնության մասին, որը մեզ հրավիրում է գալ դեպի Իրեն և վերափոխվել: Ես վկայում եմ, որ Նրա Եկեղեցին և քահանայության իշխանությունը վերականգնվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով մենք կարող ենք հոգեպես պատրաստվել և մաքրվել մեղքից, ընկղմվել և հագեցվել Նրա ավետարանի մեջ, և մաքրվել ու կնքվել Խոստումի Սուրբ Հոգով, այսինքն` վերստին ծնվել: Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: