Այն ճշմարիտ է, այդպես չէ՞: Ուրեմն, մնացածն ի՞նչ կարևոր է
Փրկչի և վերջին օրերում կատարվող Նրա աշխատանքի հանդեպ մեր համոզմունքը դառնում է մի հզոր տեսապակի, որի օգնությամբ մենք դատում ենք բոլոր մյուս բաները:
Այսօրվա իմ թեման ես վերցնում եմ այն ելույթից, որը Նախագահ Հինքլին ունեցել է 1973թ. ապրիլի գերագույն համաժողովին:
Ես նոր էի վերադարձել միսիայից: Առջևում ինձ այնքա՜ն բան էր սպասում: Արդյո՞ք կկարողանայի մշտապես ճիշտ ընտրություններ կատարել իմ ողջ կյանքի ընթացքում:
Ապա Երեց Գորդոն Բ. Հինքլին պատմեց Ասիայից ռազմա-ծովային մի երիտասարդ սպայի հետ իր հանդիպման մասին: Սպան քրիստոնյա չէր եղել, սակայն Միացյալ Նահանգներում իր ուսումնական դասընթացների ընթացքում նա իմացել էր Եկեղեցու մասին և մկրտվել էր: Այժմ նա պատրաստվում էր վերադառնալ հայրենիք:
Նախագահ Հինքլին հարցրել էր սպային. «Քո ժողովուրդը քրիստոնյա չէ: Ի՞նչ տեղի կունենա, երբ տուն վերադառնաս որպես քրիստոնյա, և մասնավորապես որպես Մորմոն քրիստոնյա»:
Սպայի դեմքը մռայլվել էր, և նա պատասխանել էր. «Իմ ընտանիքը հուսահատություն կապրի … Ինչ վերաբերում է իմ ապագային և կարիերային, ապա բոլոր հնարավորությունները կփակվեն իմ առջև»:
Նախագահ Հինքլին հարցրել էր. «Արդյո՞ք կամենում ես այդքան մեծ գին վճարել ավետարանի համար»:
Արցունքներից խոնավացած մուգ աչքերով, նա պատասխանել էր կրկնակի հարցով. «Այն ճշմարիտ է, այդպես չէ՞»:
Նախագահ Հինքլին արձագանքել էր. «Այո՛, ճշմարիտ է»:
Ապա սպան պատասխանել էր. «Ուրեմն, մնացածն ի՞նչ կարևոր է»1:
Տարիներ շարունակ ես անդրադարձել եմ այս խոսքերին. «Այն ճշմարիտ է, այդպես չէ՞: Ուրեմն, մնացածն ի՞նչ կարևոր է»: Այս հարցերն օգնել են ինձ դժվար խնդիրներին ճիշտ հեռանկար տալ:
Այն նպատակը, որի համար մենք աշխատում ենք, ճշմարիտ է: Մենք հարգում ենք մեր ընկերների ու ծանոթների հավատը: Մենք բոլորս Աստծո որդիներն ու դուստրերն ենք: Հավատքի ու բարության մասին մենք շատ բան կարող ենք սովորել ուրիշ տղամարդկանցից ու կանանցից, ինչպես Նախագահ Ֆաուստն է ուսուցանել մեզ:
Սակայն, մենք գիտենք, որ Հիսուսը Քրիստոսն է: Նա հարություն է առել: Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Աստծո քահանայությունը վերականգնվել է մեր օրերում: Մենք ունենք Սուրբ Հոգու պարգևը: Մորմոնի Գիրքն այն գիրքն է, որը մենք գիտենք: Տաճարի խոստումները իրական են: Տերն Ինքն է հայտարարել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու յուրահատուկ և եզակի առաքելությունը, որ «լույս լինի աշխարհին» և «պատգամաբեր լինի … որ ճանապարհ պատրաստի [Իր] առաջ»,2 այո, «և այնտեղից ավետարանը կգլորվի մինչև աշխարհի ծայրերը»:3
Այն ճշմարիտ է, այդպես չէ՞: Ուրեմն, մնացածն ի՞նչ կարևոր է
Իհարկե, բոլորիս համար կան բաներ, որ կարևոր են: Երբ ես լսեցի Նախագահ Հինքլիի ելույթը, լինելով 21 տարեկան, ինձ հարկավոր էր լուրջ վերաբերվել իմ ուսմանը, ես պետք է աշխատեի, որպեսզի ուսման վարձը վճարեի, ինչ-որ կերպ ես պետք է կարողանայի համոզել ինձ համար հատուկ մի երիտասարդ աղջկա, որ ամուսնանար ինձ հետ, և ես ունեի այլ աշխարհիկ գործեր:
Ինչպես ենք մենք գտնում մեր ճանապարհն այն զանազան գործերի մեջ, որոնք կարևոր են: Մենք պարզեցնում և մաքրում ենք մեր տեսադաշտը: Որոշ բաներ չար են և դրանցից պետք է խուսափել, որոշ բաներ հաճելի են, որոշները՝ կարևոր են, իսկ մի քանիսն էլ խիստ անհրաժեշտ են: Փրկիչն ասել է. «Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստված. և նրան, որ ուղարկեցիր՝ Հիսուս Քրիստոսին»:4
Հավատքը միայն զգացում չէ, այն որոշում է: Աղոթքով, ուսումնասիրությամբ, հնազանդությամբ և ուխտերով մենք կառուցում և ամրապնդում ենք մեր հավատքը: Փրկչի և վերջին օրերում կատարվող Նրա աշխատանքի հանդեպ մեր համոզմունքը դառնում է մի հզոր տեսապակի, որի օգնությամբ մենք տեսնում և դատում ենք բոլոր բաների մասին: Ապա, երբ հայտնվում ենք կյանքի հալոցում, ինչպես Երեց Օուքսն է բացատրել, մենք ուժ ենք գտնում ճիշտ ուղղությամբ շարժվելու համար:
Նախագահ Հինքլին այսպես է ասել. «Երբ անձը առաջնորդվում է ճշմարտության մեծ ու հզոր համոզմունքով, նա կարգապահ է դառնում ոչ թե Եկեղեցու դրած պահանջների, այլ իր սրտում եղած գիտելիքի շնորհիվ»:5
Արդյո՞ք մենք բավականաչափ ենք առաջնորդվում ճշմարտության մեծ ու հզոր համոզմունքով: Արդյո՞ք մեր ընտրություններն արտացոլում են այս առաջնորդությունը: Արդյո՞ք մենք դառնում ենք այնպիսին, ինչպիսին ցանկանում ենք դառնալ: Այն ճշմարիտ է, այդպես չէ՞: Ուրեմն, մնացածն ի՞նչ կարևոր է:
Մենք գիտենք, թե ինչն է ճիշտ: Մի քանի տարի առաջ իմ կինը՝ Քեթին էր պահում մեր թոռներին, մինչ նրանց ծնողները բացակայում էին քաղաքից: Մեր չորս տարեկան թոռը ուժեղ հրեց իր փոքր եղբորը: Լացող երեխային հանգստացնելուց հետո, նա շրջվեց դեպի չորս տարեկանը և մտահոգ հարցրեց. «Ինչո՞ւ հրեցիր փոքր եղբորդ»: Նայելով տատիկին նա պատասխանեց. «Տատիկ, կներես, ես կորցրել եմ իմ ԸՃ մատանին և չեմ կարող ճիշտն ընտրել»: Մենք պետք է զգույշ լինենք, որովհետև արդարացումները կարող են խոչընդոտել մեր առաջընթացին:
«Ճշմարտության մեծ ու հզոր» համոզմունքը» ամբողջ աշխարհի ազգություններին պատկանող Վերջին Օրերի Սրբերի սրտերում է: Հավատքի այս ուժը առաջ է տանում թագավորության աշխատանքը:
Տարիներ առաջ կինս և ես ֆըրանսիացի մի քաջ քրոջ մոտ մնացինք այն ժամանակ, երբ նրա ամուսինը մահացել էր 30-ն անց տարիքում: Միայնակ չորս փոքր երեխաներին առաքինությամբ ուսուցանելու և առաջնորդելու պատասխանատվությունը դժվար էր թվում: Թեև 16 տարի անց, նրա երեք որդիները վերադարձել էին միսիաներից, իսկ դուստրը կնքվել էր տաճարում:
Ես մի եղբոր գիտեմ Բրազիլիայից, որը 16 տարեկանում էր միացել Եկեղեցուն, իրենց ընտանիքից միակ անդամը: Երբ նրա միսիա գնալու ժամանակն էր, ծնողները դեմ էին դրան: Միսիայի ընթացքում նա ոչ մի լուր չստացավ նրանցից և վերադառնալիս՝ գնաց իր եպիսկոպոսի տուն: Պատմությունն, այնուամենայնիվ, ունի երջանիկ ավարտ, քանի որ նա այժմ լավ ընտանիք ունի, աշխատում է որպես վիրաբույժ-ստոմատոլոգ և նրա ծնողները ցանկանում եմ, որ նա եղբայրներին էլ տանի Եկեղեցի:
Ես ճանաչում եմ մի եղբոր Լատինական Ամերիկայի մի երկրից, որն իր մկրտությունից հետո որոշել էր ոչ միայն ազնիվ տասանորդ վճարել, այլ նաև ամբողջությամբ վճարել բոլոր հարկերը, մի բան, որ նրա մրցակիցները չէին անում: Տերն օրհնեց նրան իր ազնվության համար:
Շատ զոհաբերություններ լուռ են կատարվում. վերադարձած միսիոներները չեն հետաձգում իրենց հավերժական զուգընկերոջը գտնելու պատասխանատվությունը. առաքինի կանայք ցանկանում են երեխաներ ունենալ և իրենց կյանքը նվիրում՝ նրանց սիրո և ճշմարտության մեջ մեծացնելուն. ընտանիքները զգուշորեն սահմանափակում են լրատվության և ինտերնետի այն ազդեցությունը, որը կարող է վնասել իրենց հոգիներին. ամուսիններն ու կանայք ավելի շատ ժամանակ են տրամադրում տաճարում միասին լինելու համար:
Երեխաները նույնպես կարող են զարգացնել իրենց հավատքի տեսապակին: Կորեայում, Սեուլում ես հանդիպել եմ երիտասարդների, ովքեր դպրոցական հագեցած դասացուցակի պատճառով տուն են վերադառնում ուշ երեկոյան, սակայն վաղ առավոտյան, ժամը 6.00-ին հաճախում են սեմինարիա շաբաթը հինգ անգամ: Ես ճանաչում եմ 8-ամյա մի բեյսբոլիստի, որը թիմի լավագույն խաղացողներից է, և նա ինքնուրույն բացատրել էր մարզիչին, որ չի կարող մասնակցել առաջնության եզրափակիչ խաղին, որովհետև այն տեղի է ունենալու կիրակի օրը:
Խորը հավատքի բոլոր լուռ արարքները հայտնի են միայն Աստծուն: Նրանք արձանագրվում են երկնքում: Այն ճշմարիտ է, այդպես չէ՞: Ուրեմն, մնացածն ի՞նչ կարևոր է:
Փրկիչն ասել է. «Սակայն առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունը խնդրեցեք. և այդ ամենը կտրվի ձեզ»:6
Ես վկայում եմ, որ այն ճշմարիտ է ու կարևոր է, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: