2007
Սուրբ Աստվածաշնչի հրաշքը
Մայիս 2007թ.


Սուրբ Աստվածաշնչի հրաշքը

Մենք Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի, ինչպես նաև Սուրբ Աստվածաշնչի միջոցով Նրա հայտնած խոսքի ճշմարիտ ու լիարժեք հավատացյալներն ենք:

Նկար

Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, Սուրբ Աստվածաշունչը հրաշք է: Հրաշք է, որ Աստվածաշնչի սուրբ և առանձնահատուկ 4000 տարիների պատմությունը գրի է առնվել և պահպանվել մարգարեների, առաքյալների և ոգեշնչված եկեղեցական մարդկանց կողմից:

Հրաշք է, որ մենք ունենք Աստվածաշնչի հզոր վարդապետությունը, սկզբունքները, պոեզիան և պատմությունները: Սակայն ամենամեծ հրաշքն այն է, որ Հիսուսի կյանքը, ծառայությունը և խոսքերը պահպանվել են Խավար Դարերի և անհամար սերունդների հակասությունների ընթացքում, որպեսզի մենք ունենանք այն այսօր:

Հրաշք է, որ Աստվածաշունչը բառացիորեն իր էջերի մեջ պարունակում է Քրիստոսի դարձի բերող, բուժող Հոգին, որը մարդկանց սրտերը դարեր շարունակ դարձրել է դեպի աղոթքը, ճիշտ ուղիների ընտրությունը և իրենց Փրկչին փնտրելու ցանկությունը:

Սուրբ Աստվածաշունչը ճիշտ է վերնագրվել: Այն սուրբ է, որովհետև ուսուցանում է ճշմարտություն, որովհետև ջերմացնում է մեզ իր ոգով, սուրբ է, որովհետև սովորեցնում է մեզ ճանաչել Աստծուն և հասկանալ Նրա գործերը մարդկանց հետ, և սուրբ է, որովհետև իր էջերով վկայում է Տեր Հիսուս Քրիստոսի մասին:

Աբրահամ Լինկոլնը Աստվածաշնչի մասին ասել է. «Այս Նշանավոր Գիրքը … լավագույն նվերն է, որ Աստված տվել է մարդուն: Այն ամեն բարին, որ Փրկիչը տվել է աշխարհին, ներկայացվում է այս գրքում: Եթե այն չլիներ, մենք չէինք տարբերի ճիշտը սխալից» (Speeches and Writings, 1859–1865 [1989], 628):

Պատահականություն կամ զուգադիպություն չէ, որ մենք այսօր ունենք Աստվածաշունչը: Արդար անհատները Սուրբ Հոգու կողմից հուշում են ստացել գրի առնել և սուրբ բաները, որ տեսել են, և ոգեշնչված խոսքերը, որ լսել կամ խոսել են: Այլ նվիրված մարդիկ հուշում են ստացել պաշտպանել և պահպանել այդ գրառումները: Ջոն Վիկլիֆի, քաջ Վիլիամ Թինդեյլի և Յոհաննես Գուտենբերգի պես մարդիկ, թեև մեծ ընդդիմության են հանդիպել, զգացել են, որ պետք է թարգմանել Աստվածաշունչը այն լեզուներով, որոնցով մարդիկ կարող են հասկանալ այն, և տպագրել այն, որպեսզի մարդիկ կարողանան կարդալ: Ես համոզված եմ, որ անգամ Ջեյմս Թագավորի գիտնականները հոգևոր ներշնչումներ են ստացել իրենց թարգմանչական աշխատանքում:

Խավար Դարերը խավար էին, որովհետև ավետարանի լույսը պահված էր մարդկանցից: Նրանք չունեին առաքյալներ կամ մարգարեներ, ոչ էլ Աստվածաշունչն ուղղակիորեն մատչելի էր նրանց համար: Եկեղեցական ծառայողները սուրբ գրությունները գաղտնի էին պահում և անմատչելի մարդկանց: Մենք պարտական ենք այն քաջ նահատակներին և բարեփոխիչներին, ինչպիսիք էին` Մարտին Լյութերը, Ջոն Քալվինը և Ջոն Հասը, որոնք երկրպագելու ազատություն պահանջեցին և սուրբ գրքերի ընդհանուր մատչելիություն:

Վիլիամ Թինդեյլը տվեց իր կյանքը, որովհետև խորապես հավատում էր Աստվածաշնչի զորությանը: Նա ասել է. «Աստծո խոսքի էությունն այնպիսին է, որ ով էլ որ այն կարդա կամ լսի դրա բացատրությունը կամ քննարկումը, կսկսի օրեցօր ավելի ու ավելի լավը դառնալ, մինչև աճի ու դառնա կատարյալ մարդ» (in S. Michael Wilcox, Fire in the Bones: William Tyndale—Martyr, Father of the English Bible [2004], xv):

Աստվածաշնչի ազնիվ ու պարտաճանաչ ուսումնասիրությունը մեզ ավելի ու ավելի լավն է դարձնում, և մենք պետք է միշտ հիշենք այն անթիվ նահատակներին, ովքեր գիտեին դրա զորության մասին, և ովքեր տվեցին իրենց կյանքը, որպեսզի մենք կարողանանք դրա խոսքերի մեջ գտնել ուղին դեպի հավերժական երջանկություն և խաղաղություն` մեր Երկնային Հոր արքայությունում:

Թեև այս վաղ Քրիստոնյա բարեփոխիչները միակարծիք էին շատ բաներում, սակայն չէին համաձայնվում վարդապետության շատ կետերի շուրջ: Դրա արդյունքում ստեղծվեցին բազմաթիվ Քրիստոնյա ուղղություններ: Ռոջեր Վիլիամսը, կրոնական ազատության առաջին կողմնակիցներից մեկը, գրել է. «Երկրի վրա գոյություն չունի կանոնավոր ձևով հիմնված Եկեղեցի, ոչ էլ որևէ անձ, լիազորված սպասավորելու Եկեղեցու որևէ արարողություն, ոչ էլ կարող է լինել, մինչև նոր առաքյալներ չուղարկվեն Եկեղեցու մեծ Գլխի կողմից, ում գալստին նա սպասում էր» (see William Cullen Bryant, ed., Picturesque America; or, the Land We Live In, 2 vols. [1872–74], 1:502):

Տասնյակ միլիոնավոր անհատներ եկել են Աստծո և Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի` ճշմարտություն փնտրելով Սուրբ Աստվածաշնչի մեջ: Անհամար թվով մարդիկ Աստվածաշնչից բացի ոչինչ չունեին` իրենց հավատքը սնուցելու և առաջնորդելու համար:

Բարեփոխիչների ջանքերի շնորհիվ «Աստվածաշունչը դարձավ ընտանեկան ունեցվածք: Աստծո խոսքը ընթերցվում էր ընտանիքում օջախի շուրջ ինչպես համեստ, այնպես էլ նշանավոր մարդկանց շրջանում» (John A. Widtsoe, in Conference Report, Apr.1939, 20):

Միլիոնավոր ընտանիքներ հավաքվում էին միասին և փնտրում Հիսուս Քրիստոսի Եկեղեցին Աստվածաշնչի ուսումնասիրության միջոցով: Այդ ընտանիքներից մեկը 1800-ականների սկզբին Նյու Յորք նահանգում Ջոզեֆ Սմիթ Ավագի ընտանիքն էր: Նրա որդիներից մեկը Ջոզեֆ Սմիթ Կրտսերն էր, որը ուսումնասիրեց Աստվածաշունչը, ցանկանալով իմանալ, թե բազմաթիվ ուղղություններից որ մեկն էր Հիսուս Քրիստոսի կազմակերպած Եկեղեցին: Նա ոգեշնչվեց Աստվածաշնչի խոսքերից, որոնք հուշեցին նրան աղոթել` Աստծուց հոգևոր լույս և գիտելիք ձեռք բերելու համար: Վճռելով իմաստություն փնտրել, ինչպես խոստացված էր սուրբ գրություններում, Ջոզեֆը ծնկի իջավ խոնարհ աղոթքով` 1820 թվի վաղ գարնանը: Օ՜, ինչպիսի հրաշալի լույս և ճշմարտություն սփռվեց նրա վրա այդ օրը, երբ նա այդ օրը ականատես եղավ Հայր Աստծո և Տեր Հիսուս Քրիստոսի փառավոր հայտնությանը: Մեկ անգամ ևս Աստված մարգարե կանչեց, ինչպես արել էր Նոյի, Աբրահամի և Մովսեսի օրերին:

Որքա՜ն երախտապարտ մենք պետք է լինենք Սուրբ Աստվածաշնչի համար: Դրանից մենք սովորում ենք ոչ միայն Քրիստոսի կյանքի, ուսմունքների և վարդապետությունների մասին, այլ սովորում ենք Նրա Եկեղեցու և Նրա քահանայության և այն կազմակերպության մասին, որը Նա հիմնեց և այդ վաղ օրերին կոչեց Հիսուս Քրիստոսի Եկեղեցի: Մենք հավատում ենք այդ Եկեղեցուն, և մենք հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին այն նույն Եկեղեցին է, վերականգնված երկրի վրա, ամբողջական, նույն կառուցվածքով և նույն քահանայությամբ:

Առանց Աստվածաշնչի մենք չէինք իմանա Իր Եկեղեցու մասին այն ժամանակներում, ոչ էլ կունենայինք Նրա ավետարանի լրիվությունն այսօր:

Ես սիրում եմ Աստվածաշունչը, դրա ուսմունքները, դասերը և ոգին: Ես սիրում եմ Հին Կտակարանի համոզիչ, խորաթափանց պատմությունները և դրա մեծ մարգարեներին, որոնք վկայում էին Քրիստոսի գալու մասին: Ես սիրում եմ Նոր Կտակարանի առաքելական ճամփորդությունները և հրաշքները և Պողոսի նամակները: Ամենաշատը ես սիրում եմ ականատեսների պատմությունները մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի խոսքերի, օրինակի և Քավության մասին: Ես սիրում եմ այն հույսն ու խաղաղությունը, որը ստանում եմ Աստվածաշունչը կարդալուց:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես վստահ եմ, որ ձեզանից շատերը առիթ են ունեցել լսելու, ինչպես են մարդիկ ասում. «Մորմոնները Քրիստոնեա չեն, որովհետև նրանք ունեն իրենց սեփական Աստվածաշունչը` Մորմոնի Գիրքը»: Նրանց, ովքեր այս սխալ գաղափարին են հավատում, մենք ասում ենք, որ հավատում ենք Տեր Հիսուս Քրիստոսին որպես մեր Փրկչի, և մեր փրկության հեղինակի, և մենք հավատում, պաշտում և սիրում ենք Սուրբ Աստվածաշունչը: Մենք ունենք լրացուցիչ սուրբ գրություններ, ներառյալ Մորմոնի Գիրքը, սակայն այն լրացնում է Աստվածաշունչը, և երբեք չի փոխարինում այն:

Հիսուսը սովորեցրել է մեզ. «Քննեցեք սուրբ գրքերը, քանի որ … նրանք են, որ ինձ համար վկայում են» (Հովհաննես Ե.39): Այս խոսքերը հուշում և ներշնչում են տալիս բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն ցանկանում են իմանալ ու հասկանալ Հիսուս Քրիստոսի մասին ճշմարտությունը: Սուրբ գրությունները հարուստ են իրենց պատմությամբ, վարդապետությամբ, պատմվածքներով, քարոզներով և վկայություններով, որոնք բոլորն ի վերջո կենտրոնացած են հավերժական Քրիստոսի և Երկնային Հոր զավակներին ուղղված Նրա ֆիզիկական և հոգևոր առաքելության շուրջ:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները հավատում են, որ «բոլոր սուրբ գրությունները տրված են Աստծո ներշնչմամբ և շահավետ են» (Բ Տիմոթեոս Գ.16): Մենք սիրում ենք Աստվածաշունչը և մյուս սուրբ գրությունները: Դա կարող է զարմանալի լինել ոմանց համար, որոնք տեղյակ չեն, որ մենք հավատում ենք Աստվածաշնչին որպես Աստծո հայտնության խոսքի: Դա մեր հավատքի սյուներից մեկն է, զորեղ վկայություն Փրկչի և Քրիստոսի շարունակական ազդեցության մասին նրանց կյանքում, ովքեր երկրպագում և հետևում են Նրան: Որքան շատ ենք մենք կարդում և ուսումնասիրում Աստվածաշունչը և դրա ուսմունքները, այնքան ավելի հստակ ենք տեսնում Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի վարդապետական նրբությունները: Մենք սկսում ենք սիրել սուրբ գրությունները, որոնց ժամանակ ենք տրամադրում: Մի գուցե մենք պետք է հավասարակշռենք մեր ուսումնասիրությունը, որպեսզի սիրենք և հասկանանք բոլոր սուրբ գրությունները:

Երիտասարդնե՛ր, դո՛ւք, հատկապես մի թերագնահատեք Սուրբ Աստվածաշունչը: Դա Տիրոջ կյանքի սուրբ հիշատակարանն է: Աստվածաշունչը պարունակում է հարյուրավոր էջեր, ավելին, քան մեր բոլոր մյուս սուրբ գրությունները միասին վերցրած: Դա ողջ Քրիստոնեության հիմքն է: Մենք չենք քննադատում կամ թերագնահատում մեկ ուրիշի հավատքը: Որպես Քրիստոնեաներ մեր մեծագույն պարտականությունն է կիսվել այն ամենով, ինչ Աստված հայտնել է Իր բոլոր որդիներին և դուստրերին:

Նրանք, ովքեր միանում են այս Եկեղեցուն, չեն հրաժարվում Աստվածաշնչի հանդեպ իրենց հավատքից, նրանք զորացնում են այդ հավատը: Մորմոնի Գիրքը չի վերացնում կամ նվազեցնում Աստվածաշնչի դերը: Ընդհակառակը, այն ընդլայնում է, մեծացնում և հզորացնում է այն: Մորմոնի Գիրքը վկայում է Աստվածաշնչի մասին, և երկուսը միասին վկայում են Քրիստոսի մասին:

Քրիստոսի մասին առաջին վկայությունը Աստվածաշնչի Հին Կտակարանն է, որը կանխատեսել է Փրկչի գալուստը, Նրա վեհ կյանքը և ազատող Քավությունը և մարգարեացել դրանց մասին:

Քրիստոսի մասին Աստվածաշնչի երկրորդ վկայությունը Նոր Կտակարանն է, որը գրի է առել Նրա ծնունդը, Նրա կյանքը, Նրա ծառայությունը, Նրա ավետարանը, Նրա Եկեղեցին, Նրա Քավությունը և Նրա Հարությունը, ինչպես նաև Նրա Առաքյալների վկայությունները:

Քրիստոսի մասին երրորդ վկայությունը Մորմոնի Գիրքն է, որը նույնպես կանխատեսել է Քրիստոսի գալուստը, հաստատել Աստվածաշնչյան պատմությունը Նրա փրկող Քավության մասին, և ապա պատմել հարություն առած Տիրոջ այցի մասին երկրի մյուս կիսագունդ: Մորմոնի Գրքի ենթավերնագիրը, գրքի յուրաքանչյուր օրինակի կազմի վրա տպված նպատակային բացատրություն պարունակող հայտարարությունը հետևյալն է` «Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին»:

Այս երեք վկայություններից յուրաքանչյուրը Իր զավակներին Տիրոջ հայտնած խոսքի ամբողջության մի մասն է կազմում: Դրանք պարունակում են Քրիստոսի խոսքերը, որոնցով մենք խրատվել ենք սնվել` հավերժական կյանքին արժանանալու համար (տես 2 Նեփի 31.20): Նրանք, ովքեր կարծում են, թե մի մասն ավելի կարևոր կամ ավելի ճշմարիտ է, քան մյուս մասերը, կորցնում են հնագույն սուրբ գրությունների սկզբունքի գեղեցկությունն ու ամբողջությունը:

Իսկ նրանք, ովքեր կարծում են, թե Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները չեն հավատում Հիսուս Քրիստոսին կամ Աստվածաշնչին, ժամանակ պետք է գտնեն հասկանալու Եկեղեցին, նրա անվան նշանակությունը և նրա ուղերձի զորությունը:

Ինձ զարմացնում են նրանք, ովքեր հարցականի տակ են դնում Աստվածաշնչին հավատալու Եկեղեցու այդ փաստը և որպես Քրիստոնյա մեր կարգավիճակը: Եկեղեցու անունն է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի: Մեր վերջին գերագույն համաժողովին, այստեղ` այս շենքում, մեր Եկեղեցու ղեկավարները մեջբերել են Աստվածաշունչը մոտ 200 անգամ: Այս Եկեղեցին կառուցված է և գործում է այն Եկեղեցու օրինակով, որը Քրիստոսը և Նրա Առաքյալները հիմնեցին Նոր Կտակարանում: Բեմի վրա այսօր նստած են Տեր Հիսուս Քրիստոսի մարգարեն և առաքյալները:

Ես հանդիսավոր վկայություն եմ բերում, որ մենք Տեր Հիսուս Քրիստոսի, ինչպես նաև Սուրբ Աստվածաշնչի միջոցով Նրա հայտնած խոսքի ճշմարիտ ու լիարժեք հավատացյալներն ենք: Մենք ոչ միայն հավատում ենք Աստվածաշնչին, այլ աշխատում ենք հետևել նրա սկզբունքներին և ուսուցանել նրա ուղերձը: Մեր միսիոներների ուղերձը Քրիստոսն է ու Նրա ավետարանը, Նրա Քավությունը, իսկ սուրբ գրությունները այդ ուղերձի տեքստն են: Մենք ասում ենք բոլոր մարդկանց. «Մենք տալիս ենք մեր սերը ձեզ և հրավիրում ձեզ` եկեք և թույլ տվեք կիսվել այն ամենով, ինչ Աստված հայտնել է»:

Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք պետք է օգնենք բոլոր մարդկանց, ինչպես նաև մեր անդամներին, հասկանալ Սուրբ Աստվածաշնչի զորությունն ու կարևորությունը: Աստվածաշունչը սուրբ գրություն է, որը օգնում է մեզ և ողջ մարդկությանը ընդունել Հիսուս Քրիստոսին որպես մեր Փրկիչ: Իմ խոնարհ աղոթքն է, որ Աստված մեր մեջ ցանկություն և ունակություն արթնացնի ընդունելու և ապրելու Իր ուսմունքներով, Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: