2007
Պարտավորություն Տիրոջ հանդեպ
Մայիս 2007թ.


Պարտավորություն Տիրոջ հանդեպ

Այժմ է ժամանակը պարտավորություն ստանձնել Տիրոջ հանդեպ, թե ինչ եք դառնալու այս մահկանացու փորձաշրջանի ընթացքում:

Բարի լույս, եղբայրնե՛ր և քույրե՛ր: Այս առավոտ ես կուզենայի իմ խոսքը հղել Եկեղեցու երիտասարդներին, քանի որ Քույր Դիքսոնն ու ես կուզենայինք խորհուրդ տալ մեր իսկ ընտանիքին:

Մենք գիտենք, որ դուք բացառիկ պայծառ երիտասարդների սերունդ եք, որը շուտով կգրավի մեր տեղը որպես ղեկավարներ` տանը, աշխատանքի վայրում, համայնքում և Եկեղեցում:

Ձեր Երկնային Հայրը սիրում է ձեզանից յուրաքանչյուրին և նպատակով է ուղարկել ձեզ երկիր: Նա հայտնել է երջանկության ծրագիրը, որին եթե հետևեք, ի վերջո, ձեզ կտանի տուն` Նրա ներկայության մեջ, հաղթահարելով բոլոր փորձությունները և այս աշխարհի դժվարությունները: Այժմ պարտվորվելով ապրել Տիրոջ ցույց տված օրինակով, մեծ ուժ կստանաք` ճիշտ ձևով օգտագործելու ձեր բարոյական ազատությունը: Կենսական նշանակություն կունենա ինքներդ ձեր և Տիրոջ հանդեպ անկեղծ պարտավորություններ ստանձնելը: Սաղմոսների գրքից մենք սովորում ենք. «Տիրոջը հանձնիր քո ճանապարհը … և նա այն կկատարի» (Սաղմոս ԼԷ.5):

Դուք այս աշխարհ եք եկել մի ժամանակ, որի մասին կանխագուշակել են ի սկզբանե, որը նախորդում է Տիրոջ Երկրորդ Գալստին, երբ մի կողմից Հիսուս Քրիստոսի ավետարանն է վերականգնվել իր ամբողջությամբ, իսկ մյուս կողմից մեծ անկարգության, խառնաշփոթի և ամբարշտության ժամանակներ են: Պայմանները, որոնցում դուք ծնվել եք, հրաշալի են, մեծ հնարավորություններ ընձեռող, սակայն միևնույն ժամանակ շատ վտանգներով լեցուն, նույնիսկ վտանգավոր ամեն հոգու համար: Այժմ է ժամանակը պարտավորություն ստանձնել Տիրոջ հանդեպ, թե ինչ եք դառնալու այս մահկանացու փորձաշրջանի ընթացքում: Ձեր ծնողների հետ միասին, կենդանի մարգարեները, սուրբ գրությունները և Սուրբ Հոգին կօգնեն ձեզ տարբերել ճիշտը սխալից, որպեսզի կարողանաք ճիշտ որոշումներ կայացնել:

Հուսով եմ, դուք աղոթքով կուսումնասիրեք Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը և ձեզ մոտ կպահեք, ձեր պայուսակում կամ դրամապանակում կունենաք այդ բրոշյուրի փոքր օրինակը: Մեծ երջանկություն կունենաք այս կյանքում և հավերժության մեջ, եթե որոշեք այժմ ապրել այդ գրքույկի էջերում տրված ցուցումների համաձայն:

Թույլ տվեք օգնել ձեզ հասկանալ ինչպես կարող է վաղ պարտավորություններ ստանձնելը օգնել ձեզ` պատմելով ձեզ Եկեղեցու մի ղեկավարի մասին: Լինելով երիտասարդ նա որոշեց, որ միշտ պետք է պահի Իմաստության Խոսքը և երբեք չօգտագործի ոգելից խմիչք կամ ծխախոտ: Նա չի հիշում, թե ինչը դրդեց նրան այդ պահին այս կարևոր պարտավորությունը ստանձնել, սակայն նրա սիրտը տոգորվեց այդ վճռականությամբ, և ծնկի իջած նա խոստացավ Տիրոջը, որ կպահի այդ պատվիրանը: Տարիների ընթացքում շատ են եղել այդ նյութերը փորձելու առաջարկություններ, սակայն նա սովորել էր, որ «ոչ, շնորհակալություն» ասելը լավ պատասխան է: Նա անձնապես չէր պայքարում Իմաստության Խոսքը պահելու համար, քանի որ տարիներ առաջ վճռել էր իր սրտում և անկեղծորեն պարտավորվել էր Տիրոջ առաջ, որ կհնազանդվի այդ օրենքին:

Եթե ձգտեք ստանալ Երկնային Հոր օրհնությունները Իմաստության Խոսքի վերաբերյալ, պարտավորվեք նաև երբեք չդիպչել անօրինական թմրանյութերին, որոնք լայնորեն տարածված են այսօրվա հասարակության մեջ: Հակառակորդը շատ քիչ զորություն կունենա ձեզ գայթակղելու այն բաներով, որոնց դուք երբեք չեք դիպչել:

Որպես Եկեղեցու անդամներ մենք մկրտվել ենք և ուխտել` մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը և պահել Աստծո պատվիրանները: Եթե սխալներ են կատարվում, ավետարանը թույլ է տալիս մեզ անկեղծորեն ապաշխարել և ներվել: Ձեր պարտավորությունը կարող է սկսվել այնտեղից, որտեղ գտնվում եք այժմ, լինեք երիտասարդ թե ծեր, ինչպես նաև ապաշխարելով և թողնելով մեղքը, եթե արդեն իսկ սխալներ են թույլ տրվել:

Տերը մեծ, հավերժական օրհնություններ է խոստանում Իր արդարակյաց, ապաշխարող զավակներին, սակայն իմանալով, որ մեծ վտանգ կա այս կյանքում, նա պատվիրել է մեզ, ասելով, որ «զգուշանաք ձեր համար, որ ջանասիրաբար ուշք դարձնեք հավերժական կյանքի խոսքերին» (ՎևՈւ 84.43): Քանի որ Նա սիրում է մեզ և ցանկանում է, որ մենք ետ գնանք Իր մոտ, պատվիրանը` «զգուշացեք ձեր համար» դրդում է մեզ լինել զգույշ, ինչ վերաբերում է մեր շրջապատի մարդկանց, դիտելու և կարդալու նյութերի, լրատվամիջոցների, զվարճանքի, երաժշտության և այլ բաների ընտրությանը:

Պարտավորության օրինակն ունենալը շատ կարևոր է: Օրինակ, որպեսզի ստանաք օրհնությունները, որոնք խոստացվել են նրանց, ովքեր տասանորդ են վճարում և նվիրատվություններ են կատարում, դուք պետք է այժմ պարտավորվեք ձեր ամբողջ վաստակածի տասանորդը վճարել: Տասանորդ վճարելն օգնում է մեզ դառնալ ավելի քիչ եսասեր և ավելի նման մեր Երկնային Հորը, որը ցանկանում է կիսվել Իր արդարակյաց զավակների հետ այն ամենով, ինչ Ինքն ունի: Այդ որոշումը կայացնելը անչափ կարևոր է: Հետաքրքրական է այն, որ տասանորդի պես, յուրաքանչյուր պատվիրան նախատեսված է մեր հավերժական երջանկության համար և օգնում է ձեզ դառնալ ավելի նման ձեր Երկնային Հորը: Այժմ որոշեք լինել Նեփիի պես, որը անսասան որոշում էր կայացրել «գնալ և անել այն բաները, որոնք Տերը պատվիրել է» (1 Նեփի 3.7):

Եկեք այժմ մտածենք այլ պարտավորությունների մասին, որոնք կօրհնեն ձեր կյանքը: Հրաշալի չի՞ լինի արդյոք, անկախ նրանից, թե ինչ են մյուսներն անում դպրոցում, այս պահից սկսած լինեք բացարձակ ազնիվ և լեզվով մաքուր: Որոշեք այժմ, որ դուք երբեք չեք խաբի, որ ձեր լեզուն կլինի մաքուր, որ ձեր ողջ կյանքում գռեհիկ բառեր կամ կատակներ երբեք դուրս չեն գա ձեր բերանից: Սրանք պարտավորություններ են, որ կարող եք ստանձնել ձեր սենյակում` ծնկի իջած: Դուք հաջողություն կունենաք, եթե լրջորեն, աղոթքով և խոնարհաբար մոտենաք Տիրոջը: Սուրբ գրությունները սովորեցնում են. «Եղիր խոնարհ, և Տերը քո Աստվածը կառաջնորդի քեզ ձեռքից բռնած և կպատասխանի քո աղոթքին» (ՎևՈւ 112.10):

Դուք նաև կուզենաք պարտավորվել` համեստ հագուստ կրել, և ժամադրության ժամանակ ճիշտ ձևով պահել ձեզ: Տիրոջ չափանիշները պահելը միշտ ավելի հեշտ է, երբ դուք արդեն վճռել եք, ինչպես պետք է գործեք, եթե որոշումների առաջ եք կանգնում ժամադրության, ընկերների կամ հասակակիցների հարցում: Որոշ անհատներ հնարավոր է չհասկանան ձեր չափանիշները, երբ դուք պահեք արդարակյաց սկզբունքները և պահեք ձեր պարտավորությունները, սակայն նրանք իրոք կհարգեն և կհիանան ձեզանով և կցանկանան ավելի նմանվել ձեզ:

Խորհելու և պարտավորվելու արժանի մյուս չափանիշներն են` բացարձակ բարոյական և սեռական մաքրությունը, Կիրակին պահելը, միսիային և տաճար այցելությանը նախապատրաստվելը, և միշտ արժանիորեն հաղորդությունը ընդունելու վճռականությունը:

Նախագահ Հինքլին սիրում է երիտասարդներին և մշտապես քաջալերել է ձեզ հետևել Տիրոջ տված չափանիշներին: Հետևելով կենդանի մարգարեի քաջալերմանն ու խորհրդին, դուք կկանգնեք դեպի հավերժական կամ «հավիտենական երջանկություն» տանող ճանապարհի վրա:

Եթե պարտավորվեք այժմ կատարել Տիրոջ կամքը, նա կօգնի և կզորացնի ձեզ: Նրան հետևելու ձեր հավատը, վստահությունը և ցանկությունը կլինեն հաջողության ձեր ամենամեծ բանալին: Ես գիտեմ, մեր Երկնային Հայրը սիրում է ձեզանից յուրաքանչյուրին, և նա իսկապես ուղարկել է Իր Միածին Որդուն, որպեսզի օգնի ձեզ, և դուք կարող եք փառահեղ հաջողության հասնել, եթե անկեղծորեն պարտավորվեք հետևել Նրան: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: