Ո՞վ է Տիրոջ կողմից
Եթե դուք մնաք Տիրոջ կողմում, հակառակորդը չի կարող գալ այնտեղ` գայթակղելու ձեզ:
Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես երախտապարտ եմ, որ ապրում ենք այնպիսի օրերում և ժամանակաշրջանում, երբ առաքյալները և մարգարեները քայլում են երկրի վրա և ոգեշնչում ու առաջնորդում են մեզ: Ես բերում եմ իմ վկայությունը, որ Նախագահ Հինքլին իսկապես Աստծո մարգարեն է, ճիշտ ինչպես Մովսեսը, Աբրահամը և մյուս բոլոր մարգարեները` աշխարհի սկզբից ի վեր: Ես երախտապարտ եմ այս առավոտ նրա տված խորհրդի և հնարավորության համար, որ համաժողովի ավարտին կրկին անգամ լսելու ենք նրան:
Այսօր ես մասնավորապես խոսում եմ Եկեղեցու երիտասարդ տղամարդկանց և կանանց հետ, ինչպես նաև նրանց ծնողների և ղեկավարների հետ: Ես նաև խոսքս ուղղում եմ երիտասարդ ամուրիներին, ովքեր այնքան հրաշալի տաղանդներ, ունակություններ և ներուժ ունեն արքայության մեջ ծառայելու համար:
Այս սերնդի մասին Նախագահ Հինքլին ասել է. «Երբեք նման ժամանակներ չեն եղել: Ապրելու ինչպիսի՜ ժամանակներ են աշխարհի պատմության մեջ: Նախկինում երբեք չի եղել նման երիտասարդ սերունդ … Դուք իսկապես «ընտրյալ սերունդ եք» (Way to Be! [2002], 3):
Դուք, որպես Սիոնի երիտասարդներ, մեծ աշխատանք ունեք կատարելու, և ձեզ տրվել են բոլոր տաղանդներն ու հնարավորությունները` անկախ նրանից, որտեղ եք ապրում, որպեսզի անեք այն, ինչ Երկնային Հայրն է ակնկալում ձեզանից: Ես աղոթում եմ, որ իմ այսօրվա խոսքը օգնի ձեզ այդ գործերում:
1852թ. փետրվարին, Հաննա Լասթ Քորնաբի անունով մի երիտասարդ կին մկրտվեց Յարմութում, Անգլիա: Դա հանգիստ, ակնածանքով լի փորձառություն չէր, որ շատերն են ունենում, սակայն այսպես է նա նկարագրում այն. «Մեր տունը ամբոխը շրջապատել էր, նրանց միջից մենք դժվարությամբ ճեղքեցինք անցանք … Մինչև ջրին կհասնեինք, մի մեծ բազմություն էր մեզ հետևում … ամուսինս մկրտեց ինձ քարերի ու բացականչությունների տարափի ներքո … և թեպետ քարերը կարկուտի պես սուլոցով մեր ուղղությամբ էին տեղում, ոչ մեկը մեզ չդիպավ, և մենք ապահով տուն հասանք` փառք տալով Աստծուն հրաշքով ազատվելու համար» (Hannah Cornaby, Autobiography and Poems [1881], 24–25):
Նրա հետագա կյանքը հեշտ չընթացավ: Տարիներ անց նա գրել է այս խոսքերը.
Ո՞վ է Տիրոջ կողմից, ո՞վ:
Այժմ է ժամանակը ցույց տալու:
Մենք աներկյուղ հարցնում ենք`
Ո՞վ է Տիրոջ կողմից, ո՞վ:
(“Who’s on the Lord’s Side?” Hymns, no. 260)
Թեպետ սա մի երգի խոսքեր են, որը մենք հաճախ չենք կատարում, այն դարձել է իմ սիրելի օրհներգերից մեկը, քանի որ այն պարտավորություն է ճշմարտության հանդեպ: Իրականում, դա մի հարց է, որը պետք է տրվի յուրաքանչյուր երիտասարդ տղայի և աղջկա մտքում` «Ո՞վ է Տիրոջ կողմից»: Եվ մենք պետք է բարձրաձայն պատասխանենք` «Ես եմ»:
Սա այն հարցն է, որը Նեփիի մտքում էր, երբ Տերը, Նեփիի հոր` Լեքիի միջոցով պատվիրեց Նեփիին իր եղբայրների հետ ետ գնալ Երուսաղեմ` արույրե թիթեղները ձեռք բերելու համար: Երբ Լամանն ու Լեմուելը տրտնջացին, Նեփիի մոտ հարց առաջացավ` «Ո՞վ է Տիրոջ կողմից», որին նա պատասխանեց` «Ես եմ» հետևյալ խոսքերով. «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է, քանզի գիտեմ, որ Տերը չի տալիս պատվիրաններ մարդկանց զավակներին՝ առանց ուղի պատրաստելու նրանց համար, որպեսզի նրանք կարողանան իրագործել այն, ինչ նա պատվիրել է իրենց» (1 Նեփի 3.7):
Նույնը եղավ նաև Հին Կտակարանի Դավթի հետ: Հիշեք ինչպես, երբ նա լինելով պատանի հովիվ, եկավ իր եղբայրների մոտ ճակատամարտի դաշտ: Այնտեղ նա լսեց Փղշտացի Գողիաթի ծաղրական մարտահրավերը` ուղղված Իսրայելի տղամարդկանց: Եվ Իսրայելի բոլոր ռազմիկները վախենում էին դեմ հանդիման գնալ այդ հսկային: «Ո՞վ է Տիրոջ կողմից» հարցին «Ես եմ» պատասխանելու փոխարեն նրանք ասացին. «Ո՞վ, ե՞ս»:
Սակայն, ոչ պատանի Դավիթը: Վերցնելով քարեր և դնելով իր հասարակ հովվական մաղախի մեջ, նա մոտեցավ այդ հսկային` ասելով. «Դու սրով, նիզակով և գեղարդով ես գալիս ինձ վերա, բայց ես գալիս եմ քեզ վերա Զորաց Տիրոջ … անունով …
Այսօր Տերը քեզ իմ ձեռքը կմատնե … որպեսզի բոլոր երկիրը իմանա որ Իսրայելը Աստուած ունի» (Ա Թագավորաց ԺԷ. 45–46): Այդ պահին Դավիթը վախենալով չէր քայլում, այլ վազեց դեմ հանդիման այդ հսկային: Եվ առ Աստված Դավթի հավատքի շնորհիվ Գողիաթը սպանվեց և Իսրայելը հաղթեց:
Իմ երիտասարդ եղբայրնե՛ր և քույրե՛ր, ուր էլ որ ես ճամփորդում եմ, հանդիպում եմ ազնվազարմ երիտասարդների, ինչպիսին դուք եք, որոնք մշտապես հանդիպում են ժամանակակից Գողիաթներին գայթակղության տեսքով, որոնք պատճառ են դառնում, որպեսզի մենք խախտենք մեր ուխտերը և այն չափանիշները, որոնք Տերը տվել է մեզ: Սա անգամ ավելի կարևոր է, երբ դուք ամեն օր շրջապատված եք անպարկեշտությամբ, հասարակության կողմից ընդունված անբարոյականությամբ, անհամեստությամբ, պոռնոգրաֆիայով և լրատվամիջոցների, ներառյալ հեռուստատեսության և ինտերնետի այլ անվայել նյութերով և լայնորեն տարածված թմրանյութերով ու ալկոհոլով: Այսինքն, ոչ մի օր չի անցնում, որ մեզ չհարցնեն ինչ-որ կերպ. Ո՞վ է Տիրոջ կողմից, ո՞վ: Ես երկու պարզ առաջարկություններ ունեմ, որոնք կօգնեն ձեզ պատրաստ լինել այդ հարցին պատասխանելու:
Առաջինը, երբեք մի մոռացեք, թե ով եք դուք: Պարզ ճշմարտություն է տրված «Աստծո զավակն եմ» (Հիմներ և մանկական երգեր, էջ 58) երեխաների երգում, որը մեզանից շատերը սովորել են Երեխաների Միությունում: Մեր իմաստուն ու բարի Երկնային Հայրը ոչ միայն ուղարկել է մեզ այստեղ և լքել մեզ, այլ մեզ տվել է հատուկ ուղեցույցներ, որպեսզի օգնի մեզ կատարելու այն, ինչը Նա ակնկալում է մեզանից: Նա մեզ տվել է ընտանիքներ, որպեսզի մեզ օգնի, սիրի և ուսուցանի: Նա մեզ տվել է մարգարեներ, որոնք կառաջնորդեն մեզ: Առաջին Նախագահության միջոցով Նա մեզ տվել է չափանիշներ Երիտասարդներին զորացնելու համար բրոշյուրի տեսքով, հետևյալ խոստումով. «Մենք խոստանում ենք ձեզ, որ եթե պահեք այս չափանիշները և ապրեք սուրբ գրություններում տրված ճշմարտություններով, դուք կկարողանաք կատարել ձեր կյանքի աշխատանքն ավելի մեծ իմաստությամբ և հմտությամբ, և կրել փորձություններն ավելի մեծ քաջությամբ: Դուք կունենաք Սուրբ Հոգու օգնությունը» ([2001], 2–3):
Ես միշտ ինձ մոտ եմ պահում այդ փոքր բրոշյուրը` միշտ: Ես ձեզ կոչ եմ անում նույն կերպ վարվել: Այնուհետև, երբ դուք սպասում եք ավտոբուսին կամ ազատ ժամանակ ունեք, հանեք այն, կարդացեք և կրկին պարտավորվեք ապրելու այս բրոշյուրում տրված չափանիշներով: Ես խոստանում եմ ձեզ, որ այդ անելով դուք կունենաք երջանկություն, խաղաղություն և քաջության ու ինքնասիրության խորը զգացում:
Երբ ձեր ընտրության իրավունքը գործադրեք, հիշեք, որ միայնակ չեք: Բացի բարի ու իմաստուն Երկնային Հորից, կան նաև ուրիշները, որոնք աղոթում են ձեր համար, որպեսզի իմաստուն ընտրություններ կատարեք: Երբ պատանեկության տարիներին գնում էի ժամադրության կամ հանդիպելու ընկերներիս հետ, անպայման տեղյակ էի պահում ծնողներիս, որ տուն եմ եկել: Սովորաբար, ես ուղղակի թակում էի նրանց դուռը, բացում այն ու ասում. «Ես տանն եմ», ապա գնում էի քնելու: Մի գիշեր ես տուն եկա ժամադրությունից, սովորականի պես թակեցի դուռն ու բացեցի: Միջանցքի լույսն ընկավ իմ հրեշտակ մայրիկի վրա, որը ծնկի իջած աղոթում էր: Եվ երբ տեսա նրան, գիտեի, թե ում համար էր նա աղոթում: Ես երբեք չեմ մոռանա այդ պահը: Այն, որ մայրս դեռևս աղոթում է ինձ համար այսօր, ինձ բարձրացնում ու հիշեցնում է, թե ով եմ ես, և որ ես միայնակ չեմ:
Իմ երկրորդ առաջարկն է` սովորեք վերահսկել ձեր մտքերը: Մեր Երկնային Հոր երջանկության ծրագրի մի մասն է այն, որ մենք ուղարկվել ենք այստեղ` փորձվելու: Հետևաբար, միշտ գայթակղություններ կլինեն: Որպես Վերջին Օրերի Սրբեր մենք պետք է պահենք Աստծո պատվիրանները, չնայած որ սատանան անընդհատ գայթակղություններ է դնում մեր առջև: Իմ կյանքում ես պարզել եմ, որ դա շատ ավելի հեշտ է անել, երբ կարողանում ենք վերահսկել մեր մտքերը, իսկ հատկապես, երբ մենք անգիր գիտենք մի երգ, սուրբ գրություն և լավ բանաստեղծություն, որպեսզի փոխարինի մեր մոտ առաջացող չար մտքերին:
Նախագահ Բոյդ Ք. Փաքերը խորհուրդ է տվել մեզ մի օրհներգ մտապահել, որպեսզի երբ անպարկեշտ մտքեր ենք ունենում, կարողանանք դրանք փոխարինել օրհներգով: Կիրառելով այդ խորհուրդը, մի անգամ ընկերս ասաց. «Մի օր դուրս եկա գրասենյակից, որպեսզի ճաշեմ: Երկու թաղամաս անցնելով, ես նկատեցի, որ «Աստծո զավակն եմ» իմ երգն է անընդհատ միտքս զբաղեցնում: Երբ փորձում էի ետ գնալ հասկանալու համար, թե ինչու եմ այն հիշել, մտաբերեցի, որ երբ դուրս գալով գրասենյակից փողոցն էի անցնում, մի երիտասարդ աղջիկ անպարկեշտ հագնված անցավ փողոցն իմ առջևից: Անմիջապես ենթագիտակցորեն «Զավակն եմ Աստծո» երգի երաժշտությունն ու խոսքերն էին միտքս եկել, որպեսզի փոխարինեյին անվայել մտքերին»: Այդ օրը ընկերս հասկացավ, որ ինքն ունակ է վերահսկելու իր մտքերը:
Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթը հրաշալի խորհուրդ է տվել այս առումով, երբ ասել է. «Լավ սահմանազատված գիծն է բաժանում Տիրոջ տարածքը չարի տարածքից: Եթե դուք մնաք Տիրոջ կողմում, հակառակորդը չի կարող գալ այնտեղ` գայթակղելու ձեզ … Սակայն … եթե դուք հատեք սահմանագիծը և անցնեք դևի կողմը, դուք կլինեք նրա տարածքում … և նա կաշխատի ձեզ տանել այդ գծից որքան հնարավոր է հեռու, իմանալով, որ կարող է միայն այդպես կործանել ձեզ` հեռու պահելով ապահով վայրից» (in Conference, Report, Oct. 1945, 118):
2007թ. Միացյալի թեման խոստում է պարունակում նրանց համար, ովքեր ուշադրություն են դարձնում այդ իմաստուն խորհրդին. «Թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար. այնուհետև քո վստահությունը կամրապնդվի Աստծո ներկայության մեջ … և Սուրբ Հոգին քո մշտական ընկերակիցը կլինի» (ՎևՈւ 121.45–46):
Ես վկայում եմ ձեզ, որ Աստված ապրում է: Ես գիտեմ, որ մենք Նրա զավակներն ենք, որ Նա գիտի մեզ անունով, և մենք մենակ չենք, երբ նման կարևոր որոշումներ ենք կայացնում: Ձեր կյանքի յուրաքանչյուր օր դուք որոշումներ կկայացնեք, որոնց արդյունքում կհայտնվեք այդ սահամազատող գծի կամ մի կողմում կամ էլ մյուս կողմում: Այսպիսով, ես կոչ եմ անում ինձ լսող բոլոր երիտասարդներին` ողջ աշխարհում ազնվազարմ ծագումով բոլոր երիտասարդներին` ձեր կյանքն ապրեք այնպես, որ երբ բարու և չարի միջև ընտրություն կատարելու պահը գա, և երբ ձեր սրտի խորքում լսեք հարցը. «Ո՞վ է Տիրոջ կողմից», դուք պատրաստ լինեք ձեր ողջ ուժով պատասխանելու. «Ես եմ»: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: