Երախտագիտություն` ճանապարհ դեպի երջանկություն
Երախտագիտությունը Հոգով-լեցուն սկզբունք է: Դա բացում է մեր միտքը տիեզերքի հանդեպ, որը ներծծված է կենդանի Աստծո հարստությամբ:
Այսօր ես պատիվ ունեմ ներկայացնելու Սփոփող Միության այն ղեկավարներին, ովքեր այս նույն Թաբերնաքլում կիսվել են արքայության վարդապետություններով, շեշտել կնոջ դերի կարևորությունը տանը և ընտանիքում, միմյանց գթառատ ծառայության կոչ արել և հիշեցրել իրենց քույրերին արդարակեցությունից եկող ուրախությունների մասին:
1870 թվականին այս ամբիոնից Էլզա Ռ. Սնոուն հարց տվեց հազարավոր կանանց, որը կուզենայի կրկնել այսօր. «Դուք գիտե՞ք երկրի երեսին մի տեղ, որտեղ կինը ավելի շատ ազատություն ունի, և որտեղ նա այնպիսի մեծ ու փառահեղ արտոնություններ ունի, ինչպես այստեղ` որպես Վերջին Օրերի Սուրբ»:1 Ես իմ վկայությունն եմ բերում, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կանայք իսկապես ունեն այդ մեծ ու փառահեղ արտոնությունները:
Օրհնությունների զամբյուղ
Թույլ տվեք կիսվել մի լավ պատմությամբ: Մի ընտանիք անցնում էր դժվար ժամանակներով: Նրանց համար դժվար էր չկենտրոնանալ իրենց դժվարությունների վրա: Մայրը գրել է. «Մեր աշխարհն ամբողջովին խորտակվել էր, անպես որ առաջնորդության համար մենք դիմեցինք Երկնային Հորը: Գրեթե անմիջապես մենք հասկացանք, որ շրջապատված ենք մեծահոգությամբ ու ամեն կողմից քաջալերվում էինք: Մենք սկսեցինք ամեն օր ընտանիքով մեր երախտագիտությունը հայտնել միմյանց և Տիրոջը: Մի շատ մտերիմ ընկեր ինձ ասաց, որ մեր ընտանիքի «օրհնությունների զամբյուղը» լիուլի լցված է: Այդ զրույցից հետո, մենք մի խաղ մտածեցինք, որը ես և իմ երեխաները շատ սիրեցինք: Նախքան ընտանեկան աղոթքն ասելը ամեն գիշեր մենք զրուցում էինք, թե ինչպես է մեր օրն անցել և ապա կիսվում էինք միմյանց հետ այն բոլոր օրհնություններով, որոնք ավելացել էին մեր «օրհնությունների զամբյուղին»: Որքան շատ էինք մենք երախտապարտ լինում, այնքան շատ բաներ էին լինում երախտապարտ լինելու: Մենք նշանակալիորեն զգացինք Տիրոջ սերը, երբ զարգացման հնարավորություններ բացվեցին մեր դեմ»:2
«Օրհնությունների զամբյուղը» ի՞նչ կտա ձեր ընտանիքին:
Հոգով լեցուն սկզբունք
Երախտագիտությունը պահանջում է գիտակցում և ջանք` ոչ միայն զգալ, այլ արտահայտել: Հաճախ մոռանում ենք Տիրոջ ձեռքի մասին: Մենք տրտնջում ենք, բողոքում, դիմակայում, քննադատում և շատ հաճախ երախտապարտ չենք լինում: Մորմոնի Գրքում մենք սովորում ենք, որ նրանք, ովքեր տրտնջում են, չգիտեն «գործերն այն Աստծո, որը ստեղծել է իրենց»:3 Տերը խորհուրդ է տալիս մեզ չտրտնջալ, քանի որ այդ դեպքում Հոգին դժվարությամբ է աշխատում մեզ հետ:
Երախտագիտությունը Հոգով-լեցուն սկզբունք է: Դա բացում է մեր միտքը տիեզերքի հանդեպ, որը ներծծված է կենդանի Աստծո հարստությամբ: Այդպիսով, մենք հոգեպես գիտակցում ենք ամենափոքր բաների հրաշքը, որոնք ուրախացնում են մեր սրտերը` ցույց տալով Աստծո սերը: Այս երախտապարտ գիտակցումը մեծացնում է մեր զգայունությունը աստվածային ուղղորդման հանդեպ: Երբ մենք երախտագիտությամբ ենք խոսում, լցվում ենք Հոգով և կապվում ենք մեր շրջապատի մարդկանց և Տիրոջ հետ: Երախտագիտությունը ոգեշնչում է երջանկություն և կրում է աստվածային ներգործություն: «Ապրեք` գոհություն հայտնելով ամեն օր, - ասել է Ամուղեկը, - այն բազում ողորմածությունների և օրհնությունների համար, որոնք նա շնորհում է ձեզ»:4
Ողորմածություններն ու օրհնությունները գալիս են տարբեր ձևերով, երբեմն որպես դժվար բաներ: Սակայն, Տերն ասել է. «Գոհություն հայտնիր Տիրոջը՝ քո Աստծուն, բոլոր բաներում»:5 Բոլոր բաներ նշանակում է հենց դա` լավ բաներ, դժվար բաներ, ոչ թե պարզապես որոշ բաներ: Նա պատվիրել է մեզ երախտապարտ լինել, որովհետև Նա գիտի, որ երախտապարտ լինելը մեզ կերջանկացնի: Սա Նրա սիրո մեկ այլ ապացույց է:
Ինչպե՞ս եք ձեզ զգում, երբ ինչ-որ մեկն իր երախտագիտությունն է հայտնում ձեզ: Մի կիրակի ես Սփոփող Միությունում նստած էի մի կնոջ կողքին և կարողացա նրան մի փոքր ավելի լավ ճանաչել: Մի քանի օր անց ես էլեկտրոնային փոստով նամակ ստացա. «Շնորհակալություն, որ Սփոփող Միությունում նստել էիք իմ դստեր կողքին: Դուք ձեր ձեռքը դրել էիք նրա ուսին: Դուք երբեք չեք իմանա, թե ինչ էր դա նշանակում իմ և նրա համար»:6 Այդ մոր խոսքերը զարմացրեին և երջանկություն պարգևեցին ինձ:
Ինչպե՞ս եք զգում ձեզ, երբ դուք եք երախտագիտություն հայտնում մեկ ուրիշին: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեկին, որը հոգ է տանում իմ թոռների համար: Մի քանի ամիս առաջ, երբ Տեխաս էի այցելել, վեցամյա Թոմասին խնդրեցի պատմել ինձ իր եպիսկոպոսի մասին: Նա ասաց. «Օ՜, տատիկ, դու կճանաչես նրան: Նա հագնում է սև կոստյում, սպիտակ վերնաշապիկ, ինչպես հայրիկը, նրա կոշիկները փայլուն են, իսկ փողկապը` կարմիր: Նա ակնոց է կրում և միշտ ժպտում է»: Ես Թոմասի եպիսկոպոսին տեսնելուն պես ճանաչեցի: Իմ սիրտը լի էր նրա հանդեպ երախտագիտությամբ: Շնորհակալությո՛ւն, Եպիսկոպոս Գո՛ւդման, և շնորհակալություն ձեզ բոլորիդ` հրաշալի եպիսկոպոսնե՛ր:
Հավատի արտահայտում
Ղուկասի ԺԷ գլխում գրված է Փրկչի մասին, երբ Նա բժշկեց 10 բորոտներին: Ինչպես հիշում եք, միայն մեկ մաքրված բորոտը վերադարձավ իր շնորհակալությունը հայտնելու: Հետաքրքիր է, չէ՞: Տերը չասաց. «Քո երախտագիտությունը ապրեցրեց քեզ»: Փոխարենը, Նա ասաց. «Քո հավատքն ապրեցրեց քեզ»:7
Բորոտի շնորհակալությունը ընդունվեց Փրկչի կողմից որպես հավատքի արտահայտում: Երբ մենք աղոթում ենք և շնորհակալություն հայտնում սիրելի, սակայն անտեսանելի Երկնային Հորը, մենք նաև Նրա հանդեպ մեր հավատն ենք արտահայտում: Երախտագիտությունը Տիրոջ ձեռքը ուրախությամբ ընդունելն է մեր կյանքում` դա մեր հավատի արտահայտումն է:
Երախտագիտություն դժվար ժամանակներում` թաքնված օրհնություններ
1832թ. Տերը տեսավ, որ պետք է պատրաստեր Եկեղեցին սպասվող դժվարություններին: Դժվարությունները վախեցնող էին: Եվ սակայն Տերն ասաց. «Ուրախ եղեք, քանզի ես ուղեկից կլինեմ ձեզ: Արքայությունը ձերն է, և նրա օրհնությունները ձերն են, և հավերժության հարստությունները ձերն են:
Եվ նա, ով ընդունում է բոլոր բաները գոհությամբ, պիտի փառավորվի»:8
Այդպիսի երախտագիտությունը, որն անգամ դժվարություններն է գոհությամբ ընդունում, պահանջում է կոտրված սիրտ և փշրված հոգի. հեզություն` ընդունելու այն, ինչը չենք կարող փոխել, պատրաստակամություն` ամեն ինչ դնելու Տիրոջ ձեռքը, անգամ երբ մենք չենք հասկանում, երախտագիտություն` թաքնված հնարավորությունների համար, որոնք դեռևս պետք է բացահայտվեն: Այնուհետև գալիս է խաղաղության զգացումը:
Ե՞րբ եք վերջին անգամ շնորհակալություն հայտնել Տիրոջը փորձության կամ դժբախտության համար: Դժբախտությունը ստիպում է մեզ ծնկի գալ, այդպե՞ս է նաև, երբ այդ դժբախտության համար երախտապարտ ենք լինում:
Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյն ասել է. «Հակառակորդի անողոք դաժանության մեջ մեր երախտագիտության իսկական ստուգում ենք անցնում, … որը կախված չէ կյանքի ուրախ կամ տխուր պայմաններից»:9
Եզրափակում
Եկեղեցու իմ հրաշալի, հավատարիմ քույրե՛ր, ես շնորհակալ եմ, որ դուք ձեր ծառայությամբ Տիրոջ սերն եք տարածում` հոգ տանում այն ընտանիքների համար, որոնք իրենց սիրելիի են կորցրել, հսկող հոգածություն ցուցաբերում որպես այցելող ուսուցիչներ, երեխաների մեջ վկայություններ կառուցում պատրաստակամությամբ ծառայելով Երեխաների Միությունում, ժամանակ տրամադրում երիտասարդ աղջիկներին պատրաստելու կնոջ դերի համար: Շնորհակալություն ձեր նվիրվածության համար: Ես զգացել եմ Տիրոջ սերը ձեր հավատարմության շնորհիվ: Ես օրհնվել եմ ձեր հետ ծառայելով, իմ սիրտը լի է ձեր հանդեպ երախտագիտությամբ ու սիրով: Ես խորապես երախտապարտ եմ քահանայության եղբայրների համար, որոնց հետ ծառայել եմ:
Իմ ամենամեծ երախտագիտությունն իմ Փրկչի հանդեպ է, հնազանդ Որդու, որն արեց այն ամենը, ինչն Իր Հայրը խնդրել էր, և քավություն կատարեց մեզանից յուրաքանչյուրի համար: Երբ հիշում եմ Նրան և ընդունում Նրա մեծահոգությունը, ես ցանկանում եմ Նրան նմանվել: Թող որ մենք օրհնվենք զգալու Նրա սերը մեր ամենօրյա կյանքում: «Շնորհակալություն Աստծուն իր աննկարագրելի պարգևի համար»:10 Նրա` Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: