«Մայրի՛կ, մենք քրիստոնյա՞ ենք»
Ես բարեպաշտ Քրիստոնյա եմ և անչափ բախտավոր եմ վերականգնված Եկեղեցում իմ դարձի գալուց ի վեր «Քրիստոսի ճշմարիտ վարդապետության» մասին ավելի մեծ գիտելիք ունենալու համար:
Քրիստոնեությունը տոնում է Հավերժական Հայր Աստծո Միածին Որդու Հիսուս Քրիստոսի կյանքն ու ծառայությունը: Վարդապետական մեծ տարբերություններով Քրիստոնեական եկեղեցիները սփռված են ամբողջ աշխարհում: Երբ միսիայի նախագահի 14-ամյա դուստրը` Քորթնին, նոր դպրոց էր տեղափոխվել, նրան համադասարանցիները հարցրել էին, թե արդյոք ինքը քրիստոնյա է: Նրանք ծիծաղել էին, երբ նա ասել էր, որ Մորմոն է, ինչպես սովորաբար ասում են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին: Տուն գալով նա հարցրել էր իր մայրիկին. «Մայրի՛կ, մենք քրիստոնյա՞ ենք»:
Մեծանալով իմ ընտանիքում, մենք ապրել ենք որպես մեկ այլ Քրիստոնեական հավատքի բարեպաշտ անդամներ: Իմ ծննդից մի փոքր անց ինձ մկրտել էին որպես այդ Եկեղեցու անդամ: Ամեն շաբաթ մեր ընտանիքը գնում էր եկեղեցի: Երկար տարիներ ես և եղբայրներս օգնում էինք մեր կիրակնօրյա ծառայություններն անցկացնող քահանաներին: Ես սովորել էի ընտանեկան աղոթքի կարևորության մասին, քանի որ մեր ընտանիքն ամեն օր աղոթում էր միասին: Ես մտածում էի, որ մի օր որպես հոգևոր ծառայող կաշխատեմ իմ եկեղեցում: Մենք համոզված էինք, որ կարող ենք համարվել բարեպաշտ Քրիստոնյաներ:
Ինչևէ, երբ համալսարանի ուսանող էի, ես ծանոթացա Փրկչի վրա կենտրոնացած մի քրիստոնյա հավատքի` Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամների և ուսմունքների հետ: Ես սկսեցի սովորել այս վերջին օրերի Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման վարդապետության մասին: Ես սովորեցի ճշմարտություններ, որոնց մասին չգիտեի նախկինում, որոնք փոխեցին իմ կյանքը և ավետարանի հանդեպ իմ հայացքները: Շատ ուսումնասիրելուց, աղոթելուց ու հավատ գործադրելուց հետո ես որոշեցի ընդունել վերականգնված հրաշալի ճշմարտությունները, որոնք գտնվում են միայն այս Եկեղեցում:
Առաջին վերականգնված ճշմարտությունը, որ ես սովորեցի Աստվածագլխի բնույթի մասին էր: Քրիստոնեական ճշմարիտ վարդապետությունը, որ Աստվածագըլուխը բաղկացած է երեք առանձին էակներից, հայտնի էր աստվածաշնչյան ժամանակներում: Աստված վկայել է Հիսուսի` Իր Միածին Որդու մասին մի քանի անգամ: Նա խոսել էր Հիսուսի մկրտության ժամանակ. «Դա է իմ սիրելի Որդին, որին ես հավանեցի»:1 Հիսուսն Ինքն էր վկայել Աստծո` Իր Հոր մասին` ասելով. «Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. և նորան, որ ուղարկեցիր` Հիսուսին Քրիստոսին»:2 Հիսուսի մահից և Հարությունից հետո, մենք գիտենք, որ Ստեփանոսը, «լցուած Սուրբ Հոգով` դեպի երկինքը նայեց և Աստծո փառքը տեսավ, և Հիսուսին` կանգնած Աստուծոյ աջ կողմումը: Եվ ասեց. Ահա տեսնում եմ երկինքը բացվուած, և Մարդի Որդին կանգնած Աստուծոյ աջ կողմումը»:3 Աստվածագլխի մասին ինչպիսի՜ պատկերավոր վկայություն Քրիստոսի այդ աշակերտի կողմից:
Իր Որդուց և Սուրբ Հոգուց Աստծո ֆիզիկապես առանձին լինելու մասին գիտելիքը կորսվել էր Քրիստոսի և Նրա Առաքյալների մահից հետո: Աստվածագլխի մասին խառը և կեղծ վարդապետությունները ձևավորվեցին Նիկիայի Դավանանքի և Կոնստանտնոպոլսի խորհուրդների ժամանակ, որտեղ մարդիկ հայտարարեցին, որ երեք առանձին էակների փոխարեն Աստվածագլուխը երեք անձիք էին մեկ Աստծո մեջ, կամ Երրորդությունը: Ճիշտ ինչպես Քրիստոնյա բողոքական բարեփոխիչներն էին պայքարում մարդկանց այդ համոզմունքների դեմ, այնպես էլ` ես էի: Երրորդության մասին ուսմունքները, որ ես սովորել էի իմ երիտասարդության տարիներին, անհասկանալի էին ինձ համար:
Ինչևէ, երբ ինձ ներկայացրեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի փառահեղ ճշմարտությունները, դա ցնցող արթնացում էր ինձ համար, որովհետև վերջապես հասկացա Հավերժական Հայր Աստծո և Նրա Միածին Որդու էության մասին ճշմարտությունը: Ջոզեֆը հայտարարել է. «Ես տեսա ինձանից բարձր, օդի մեջ կանգնած երկու Անձնավորություն, որոնց պայծառությունն ու փառքը ամեն նկարագրությունից վեր էր: Նրանցից մեկը խոսեց ինձ հետ, դիմելով ինձ անունով, և ասաց՝ մատնացույց անելով մյուսին. – Սա է Իմ Սիրելի Որդին: Լսի՛ր նրան»:4 Այս երկնային տեսիլքը երկրի վրա վերականգնեց զարմանահրաշ, սակայն պարզ ու թանկագին գիտելիք Աստծո և Նրա Որդու մասին, անմիջապես ցրելով Երրորդության մասին իմ սովորած ուսմունքները: Ես գիտեմ, որ երկնքից ուղարկված հայտնությունները փոխարինեցին Աստվածագլխի վերաբերյալ մարդու կողմից ստեղծված բազմաթիվ սխալ վարդապետություններին: Ես գիտեմ, որ Աստված մեր Երկնային Հայրն է: Նրա Որդին` Հիսուս Քրիստոսը, իմ Փրկիչն է: Սուրբ Հոգին վկայում է Հոր և Որդու մասին: Ես իմ խորը երախտագիտությունն եմ հայտնում Աստծուն, որ այս վերջին օրերին մարդկությանը ներկայացրեց հարություն առած Տեր Հիսուս Քրիստոսին: Փրկիչն ապրում է, Նրան տեսել են, Նա խոսել է, Նա է այսօր ղեկավարում Իր Եկեղեցու աշխատանքը առաքյալների և մարգարեների միջոցով: Ինչպիսի՜ հրաշալի ճշմարտություններ է Նա ուսուցանել որպես Բարի Հովիվ, որը շարունակում է հոգ տանել Իր ոչխարների համար:
Երկրորդ վերականգնված ճշմարտությունը, որ սովորեցի որպես այս Եկեղեցով հետաքրքրվող մարդ, ևս մեկ սուրբ գրության ու հայտնության իրականությունն էր: Եսայիա մարգարեն տեսավ տեսիլքում մի գիրք, որը ինչպես նա հայտարարեց, «զարմանալի բանի և զարմանքի»5 մի մասն էր: Ես վկայում եմ, որ Մորմոնի Գիրքը` Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին, այդ գիրքն է: Դա սուրբ հիշատակարան է, գրված Աստծո մարգարեների կողմից, որպեսզի համոզի բոլոր մարդկանց գալ Քրիստոսի մոտ, և այն օգնում է հայտնել Հիսուս Քրիստոսի ավետարանը իր լրիվության մեջ: Մորմոնի Գիրքը պատմում է մարգարեների և Եկեղեցու այլ հավատարիմ անդամների մասին, որոնք իրենց վրա էին վերցրել Քրիստոսի անունը, նույնիսկ մինչև Փրկչի ծնունդը:6 Այս գիրքը պատմում է հարություն առած Քրիստոսի մասին, որն ուսուցանում էր մարդկանց, թե ինչ պետք է նրանք անեն այս կյանքում խաղաղություն և գալիք աշխարհում հավերժական փրկություն ստանալու համար: Ի՞նչը կարող է ավելի Քրիստոնեական լինել, եթե ոչ ձգտել վերցնել Նրա անունը մեզ վրա և հետևել Նրա պես դառնալու Նրա խորհրդին:
Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է. «Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու Քրիստոնյա աշխարհը չի ընդունում այս գիրքը»:7 Ես առաջին անգամ կարդացի Մորմոնի Գիրքը 21 տարեկան հասակում: Այնուհետև հարցրեցի Աստծուն, թե արդյոք այն ճշմարիտ է: Դրա ճշմարտացիության մասին հայտնվեց ինձ Սուրբ Հոգու սփոփոիչ զորությամբ:8 Ես գիտեմ, որ Մորմոնի Գիրքը Հիսուս Քրիստոսի մասին երկրորդ վկայությունն է: Ես իմ վկայությունը միացնում եմ այս սուրբ գրքի մարգարեների վկայություններին, հայտարարելով, որ «մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք ցնծում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին»:9 Ես խորապես երախտապարտ եմ ամեն խոսքի համար, որ Նա խոսել է, և ամեն բառի համար, որ Նա շարունակում է խոսել` հագեցնելով կենդանի ջրի հանդեպ մեր ծարավը:
Ավետարանի մասին մեկ այլ վերականգնված ճշմարտություն, որի հետ ծանոթացա, քահանայության իշխանության վերականգնումն էր, որն Աստծո անունով գործելու զորությունն է: Հին մարգարեներն ու առաքյալները, ինչպիսիք էին` Եղիան, Մովսեսը, Հովհաննես Մկրտիչը, Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը, ուղարկվել էին Աստծո և Քրիստոսի կողմից մեր օրերում վերականգնելու Աստծո սուրբ քահանայությունը: Այս Եկեղեցու քահանայության յուրաքանչյուր կրող կարող է իր քահանայության իշխանությունը հետագծով հասցնել մինչև Հիսուս Քրիստոսը: Այժմ մարդիկ կրում են Եկեղեցին հաստատելու բանալիները, այնպես որ մենք կարող ենք գալ դեպի Քրիստոսը և ճաշակել փրկության Նրա հավերժական արարողություններից:10 Ես վկայում եմ, որ սա Հիսուս Քրիստոսի Եկեղեցին է, միակ եկեղեցին, որին տրվել է ճշմարիտ քահանայության իշխանությունը` գործադրելու փրկության բանալիները սուրբ արարողությունների միջոցով:
Քորթնին հարցրել էր. «Մայրի՛կ, մենք Քրիստոսնյա՞ ենք»: Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ, դուք Քրիստոնյա եք, և ես նույնպես: Ես բարեպաշտ Քրիստոնյա եմ և անչափ բախտավոր եմ վերականգնված Եկեղեցում իմ դարձի գալուց ի վեր «Քրիստոսի ճշմարիտ վարդապետության»11 մասին ավելի մեծ գիտելիք ունենալու համար: Այս ճշմարտությունները բնորոշում են այս Եկեղեցին որպես Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունն ունեցող եկեղեցի: Եկեղեցու այլ անդամների պես ես այժմ հասկանում եմ աստվածագլխի ճշմարիտ էությունը, ինձ համար մատչելի է լրացուցիչ սուրբ գրություն և հայտնություն, և ես կարող եմ ճաշակել քահանայության իշխանության օրհնությունները: Այո՛, Քորթնի, մենք Քրիստոնյա ենք, և ես վկայում եմ այս ճշմարտությունների մասին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: