2007
Դուք գիտե՞ք դա
Մայիս 2007թ.


Դուք գիտե՞ք դա

Ես կոչ եմ անում ձեզ` «փորձարկել իմ խոսքերը»: Կկարդա՞ք Ջոզեֆ Սմիթի պատմությունը և կաղոթե՞ք դրա մասին:

Որոշ ժամանակ առաջ, ես ուրախ զրույց ունեցա 16-ամյա տպավորիչ մի աղջկա հետ: Ես իմացա, որ նա իր դպրոցում Եկեղեցու միակ անդամն է: Ես հարցրեցի. «Ի՞նչն է որպես միակ անդամ ամենադժվար բանը քեզ համար»:

Նա մտածեց և տվեց շատ խելամիտ պատասխան. «Դա որպես ճշմարտություն ընդունելն է մի բան, երբ մյուսները հավատում են, որ դա սուտ է, և հավատալն է, որ սխալ է ինչ-որ բան, որը մյուսները նորմալ են համարում»:

Ես նրան տվեցի երկրորդ հարցը. «Դու գիտե՞ս, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարե է»: Նա պատասխանեց. «Կարծում եմ այո, սակայն վստահ չեմ»:

Այս առավոտ ես կուզենայի Եկեղեցու երիտասարդներին հարցնել. «Դուք գիտե՞ք դա»:

Առաջին անգամ ես իմացա, որ Ջոզեֆ Սմիթի մասին վկայություն ունեմ, երբ 11 տարեկան էի և ծնողներս ինձ տարան Սոլթ Լեյք Սիթիի Տաճարային Հրապարակ:

Ես սիրում էի անվճար բաներ հավաքել: Ես դրանում շատ էի վարպետացել: Ես հարցնում էի. «Սա անվճա՞ր է»: Դրական պատասխանի դեպքում ես իմ փոքր ձեռքը մեկնում էի և ասում` «Շնորհակալություն, այս մյուսն է՞լ է անվճար, շնորհակալություն»: Երբ ասում էին` «Ոչ, կներես դա հինգ ցենտ արժե»: Հույսս չէի կորցնում, ես կախում էի գլուխս և հուսախաբված ցույց տալով ինձ, ասում էի. «Ափսոս, ես միշտ ցանկացել եմ կարդալ այդ բրոշյուրը, սակայն փող չունեմ: Շնորհակալություն»: Դա միշտ օգնում էր: Ճիշտն ասեմ, ես երբեք չէի կարդում, պարզապես հավաքում էի դրանք:

Ինչևէ, այդ հատուկ ճամփորդության ժամանակ, ես մեր 1948թ. Շեվրոլեյի մեջ մենակ նստած սպասում էի ծնողներիս, երբ անչափ ձանձրացա: Հուսահատված ես նայեցի նստարանին և նկատեցի իմ անվճար բրոշյուրները: Ես վերցրեցի Ջոզեֆ Սմիթը պատմում է իր պատմությունը վերնագրով բրոշյուրը և սկսեցի կարդալ այն:

Այն գրավեց և ուրախությամբ լցրեց իմ սիրտը: Ավարտելուց հետո, ես իմ դեմքը տեսա հայելու մեջ, և ի զարմանս ինձ, ես լաց էի լինում: Այն ժամանակ ես չհասկացա, սակայն հիմա եմ հասկանում: Ես զգացել էի Հոգու վկայությունը: Իմ ծնողները այնտեղ չէին: Քույրս այնտեղ չէր: Մեր Երեխաների խմբի ուսուցիչն այնտեղ չէր: Ես էի և Սուրբ Հոգին:

Այժմ, սա կարող է պատահել ձեզ հետ և ինչ-որ նման բան հավանաբար արդեն պատահել է:

Ձեզանից նրանք, ովքեր Եկեղեցում են ծնվել, վկայություն փնտրելիս, հնարավոր է ինչ-որ ուժեղ զգացում փնտրեն, որը կտարբերվի մինչ այդ ունեցած ձեր զգացումներից: Հնարավոր է նորադարձների վկայությունները լսելով մտածեք, թե ինչ-որ բան եք բաց թողել: Նրանց համար դա ազդեցիկ է, որովհետև նոր բան է:

Դուք նույն զգացումներն ունեցել եք ձեր ողջ կյանքի ընթացքում` ընտանեկան երեկոների, երիտասարդների հավաքների, սեմինարիայի դասերի ժամանակ, սուրբ գրություններն ընթերցելիս և շատ այլ առիթներով:

Մեր միսիոներներին ուսուցանվում է` օգնել ունկնդիրներին հասկանալ, երբ են զգում Հոգին: Ես հիշում եմ բազմաթիվ անգամներ դադար եմ տվել լարված հոգևոր քննարկման կեսին և ասել. «Եկեք մի պահ դադար տանք և խոսենք այն մասին, թե ինչ եք զգում այժմ: Դուք զգում եք, կարծես մենք ձեզ հիշեցրել ենք բաներ, որոնց մասին դուք մոռացել էիք: Դուք զգում եք, որ մենք ասում ենք ձեզ ճշմարտությունը: Դուք զգում եք խաղաղություն: Դուք զգում եք Սուրբ Հոգին»:

Ես հիշում եմ, ուսուցանում էինք մի շատ կիրթ կնոջ, որը դժվարությամբ էր ընդունում ինչ-որ բան, պատասխանելով ամեն հնարավոր հարցին: Ինչևէ, նա ի վերջո ասաց. «Ես չեմ կարողանում այլևս մերժել այս զգացումը»:

Նա միացավ Եկեղեցուն և շատ երջանիկ էր առաջին մի քանի տարին, սակայն աստիճանաբար նրա ինտելեկտուալ կասկածները կրկին վերադարձան, և ի վերջո նա հեռացավ Եկեղեցուց:

Տասնհինգ տարի անց նա այցելեց մեր ընտանիքին: Մենք նրան տարանք Տաճարային Հրապարակ: Երբ շրջադարձ կատարեցինք դեպի Փրկչի արձանը, նա արցունքն աչքերին ասաց. «Ահա կրկին այդ զգացումը վերադառնում է: Իմ սիրտը դեռևս ուզում է այն, ինչը միտքս չի ընդունում»:

Մեկ անգամ զգալով, դուք երբեք չեք մոռանա դա:

Հոգևոր վկայությունը գալիս է երիտասարդ տարիքում նրանց, ովքեր հոգևոր փորձառություններ են ունենում: Որպես ծնողներ, ուսուցիչներ և ղեկավարներ, մենք լավ ենք բացատրում ձեզ կանոններն ու պատվիրանները: Մենք կարող ենք ավելի շատ օգնել ձեզ վկայություն ստանալ սկզբունքների և վարդապետության մասին: Մի գուցե մենք ավելի հաճախ պետք է դադար տանք և օգնենք ձեզ սովորել ճանաչել Հոգին:

Մեկ անգամ իմանալով, թե ինչի համար են այդ զգացումները, ձեր հավատքը դրանց հանդեպ կավելանա: Շուտով դուք կգտնեք, որ դուք հոգևոր վեցերորդ զգայարանն եք զարգացրել, որը չի կարող խաբել:

11 տարեկան հասակում ես իմացա, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարե էր: Ես ձայներ չլսեցի, հրեշտակներ չտեսա կամ նման այլ բաներ: Որոշակի զգացողություն էր այն, ինչ ես ունեցա: Իմ հոգևոր զգացողությունը շարժվեց: Ես զգացի, ինչպես է խանդավառությունը դուրս հորդում իմ ներսից, որը պաշտպանված է ամեն խաբեությունից: Այդ հոգևոր զգացողությունը թռթռում է միայն, երբ ակտիվացվում է Սուրբ Հոգու կողմից:

Ինչպիսի՞ն է այդ հոգևոր վկայության զգացումը: Դա այնքան դժվար է բացատրել, որքան դժվար է ներկայացնել վարդի բույրը կամ թռչնի երգը, կամ էլ բնապատկերի գեղեցկությունը: Այնուամենայնիվ, դուք կիմանաք, երբ զգաք դա:

Սուրբ գրություններն օգնում են ընկալել այդ զգացումները.

«Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. Ես քեզ բաժին պիտի հանեմ իմ Հոգուց, որը կլուսավորի քո միտքը, որն ուրախությամբ կլցնի քո հոգին. և այն ժամանակ դու կիմանաս» (ՎևՈւ 11.13–14):

Երբեմն զգացումը նման է հիշողության: Մենք սովորել ենք ավետարանը մեր երկնային տանը: Մենք եկել ենք այս երկիր անցնելով մոռացության վարագույրի միջով: Եվ այնուամենայնիվ, մեզանից յուրաքանչյուրի հոգում դեռևս մնացել են այդ նիրհող հիշողությունները: Սուրբ Հոգին կարող է բացել վարագույրը և նիրհող վիճակից ետ բերել այդ ամենը: Հաճախ նոր գտած ճշմարտության հանդեպ իմ արձագանքն է. «Օ՜, ես հիշում եմ դա»:

«Մխիթարիչը, Սուրբ Հոգին … կհիշեցնե ձեզ ամեն ինչ» (Հովհաննես ԺԴ.26):

Իմ երիտասարդ եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես կոչ եմ անում ձեզ` «փորձարկել իմ խոսքերը» (Ալմա 32.27): Կկարդա՞ք Ջոզեֆ Սմիթի պատմությունը և կաղոթե՞ք դրա մասին:

Հրաշալին այն է, որ իմանալով դրա ճշմարտացիության մասին, դուք միևնույն ժամանակ իմանում եք, որ Հայր Աստվածն ու Հիսուս Քրիստոսն ապրում են և կանգնած են այս Եկեղեցու գլխին այսօր: Ես այդ գիտելիքը ստացա, երբ 11 տարեկան էի, և այժմ կանգնած եմ ձեր առջև որպես Հիսուս Քրիստոսի կարգված վկա և վկայում եմ, որ դա ճշմարիտ է: Ես նաև վկայում եմ, որ Տերը ցանկանում է, որ դուք իմանաք դրա ճշմարտացիության մասին, և Նա «կհայտնի ձեզ դրանց ճշմարտության մասին` Սուրբ Հոգու զորությամբ» (Մորոնի 10.4): Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: