2007
Կյանքից քաղած դասեր
Մայիս 2007թ.


Կյանքից քաղած դասեր

Ես խնդրում եմ` քննեք ձեր կյանքը: Տեսեք, թե որտեղ եք դուք և ինչ պետք է անեք, որպեսզի լինեք այնպիսին, ինչպիսին կուզենայիք լինել:

Ես վերջերս խորհում էի այն հրաշալի փորձառությունների մասին, որ ունեցել եմ իմ կյանքում: Երբ երախտագիտությունս հայտնեցի իմ Երկնային Հորն այդ հրաշալի օրհնությունների և հնարավորությունների համար, հավանաբար ավելի, քան երբևէ նախկինում հասկացա, թե որքան մեծ դեր են խաղացել իմ կյանքը ձևավորող տարիները:

Իմ կյանքի շատ կարևոր և կյանքը փոխող պահերը հիմնականում եղել են, երբ ես երիտասարդ էի: Այն ժամանակ սովորած դասերը ձևավորեցին իմ բնավորությունը և կերտեցին իմ ճակատագիրը: Առանց դրանց, ես ուրիշ մարդ կլինեի և շատ ուրիշ տեղում կլինեի, քան այսօր եմ գտնվում:

Այս երեկո, մի քանի րոպե ես կուզենայի խոսել այս փորձառություններից մի քանիսի մասին, և թե ինչ դասեր եմ քաղել դրանցից:

Ես երբեք չեմ մոռանա, բարձրագույն դպրոցի ֆուտբոլի խաղը մրցակից դպրոցի հետ: Ես խաղում էի որպես կողքի հարձակվող և իմ առաջադրանքն էր կամ շրջափակել գծի պաշտպանին կամ փորձել ազատ մնալ պաշտպանից, որպեսզի հիմնական հարձակվողը կարողանա գնդակը փոխանցել ինձ:

Ես այդ խաղը հատկապես լավ եմ հիշում, որովհետև հակառակորդ թիմի խաղացողը, որին ես պետք է շրջափակեի, մի հսկա էր:

Ես իհարկե ամենաբարձրահասակ մարզիկը չէի աշխարհում: Սակայն, իմ կարծիքով, այդ մյուս տղան գուցե ամենաբարձրահասակն էր: Հիշում եմ, նայելով նրան, ես մտածեցի, որ նա հավանաբար իմ կրկնակի քաշին էր: Ի նկատի ունեցեք, իմ ժամանակ մենք չունեինք պաշտպանիչ պարագաներ, ինչպես այսօր խաղացողներն ունեն: Իմ սաղավարտը կաշվից էր և դեմքը պաշտպանող մաս չուներ:

Որքան շատ էի այդ մասին մտածում, այնքան սթափ գիտակցում էի` եթե երբևէ թույլ տամ, որ նա ինձ բռնի, խաղաշրջանի մնացած մասը ես իմ թիմով կուրախանամ հիվանդանոցի մահճակալի մեջ պառկած:

Բախտս բերեց, որ ես արագ էի վազում: Եվ հիմնականում առաջին կեսի ընթացքում ես կարողացա խույս տալ նրանից:

Բացի մեկ անգամը:

Մեր հիմնական հարձակվողը hետ գնաց, որ փոխանցեր գնդակը: Ես բաց էի: Նա նետեց գնդակը և այն ուղիղ եկավ իմ կողմ:

Միակ խնդիրն այն էր, որ ես իմ ետևում լսեցի ծանրաշարժ մարդու վազքի դղրդոցը: Մի պահ մտածեցի, որ եթե բռնեմ գնդակը, հնարավոր է իմ ճաշերը հիվանդանոցում ձողիկով ուտեմ: Սակայն գնդակը գալիս էր իմ կողմ, և իմ թիմն ինձանից էր կախված: Այնպես որ ես հասա և վերջին վայրկյանին վերև նայեցի:

Եվ նա այնտեղ էր:

Հիշում եմ գնդակը հարվածեց ձեռքերիս: Հիշում եմ փորձեցի, որ այն ամուր բռնեմ: Հիշում եմ գետնին ընկնող գնդակի ձայնը: Դրանից հետո, լավ չեմ հիշում, թե ինչ պատահեց, որովհետև այդ հսկան այնքան ուժեղ հարվածեց ինձ, ես չգիտեի որ մոլորակի վրա եմ գտնվում: Մի բան լավ էի հիշում` խավար մշուշից եկող ձայն. «Քեզ տեղն է, սխալ թիմում ես խաղում»:

Վիլիամ Մակքինլի Օսվալդը իմ ֆուտբոլի մարզիչն էր: Նա հրաշալի մարզիչ էր և մեծ ազդեցություն է թողել իմ կյանքում: Բայց ինձ թվում է, նա խաղացողներին մարզելու իր մեթոդը բանակի շարային ուսուցում անցկացնող սպաներից էր սովորել:

Այդ օրը, իր կեսժամյա խոսքի ընթացքում, մարզիչ Օսվալդը խոսեց իմ բաց թողած փոխանցման մասին: Այնուհետև նա ուղիղ ինձ մատնացույց անելով ասաց. «Ինչպե՞ս կարող էիր դա թույլ տալ»:

Նա այդ ամենը ցածր ձայնով չէր ասում:

«Ես ուզում եմ իմանալ, թե ինչը ստիպեց քեզ բաց թողնել փոխանցումը»:

Ես մի պահ կմկմացի և, ի վերջո, որոշեցի ճշմարտությունն ասել: «Ես աչքից բաց թողեցի գնդակը»,- ասացի ես:

Մարզիչն ինձ նայեց և ասաց. «Ճի՛շտ է, դու աչքից բաց թողեցիր գնդակը: Այլևս նման բան չանես: Նման սխալը պարտություն է բերում»:

Ես հարգում էի Մարզիչ Օսվալդին, և չնայած շատ վատ էի զգում, ես որոշեցի անել այն, ինչ մարզիչն ասաց: Ես երդվեցի, որ միշտ աչքս գնդակի վրա կպահեմ, թեկուզ գծի այն կողմում այդ հսկան ինձ ոտնակոխ անի:

Մենք կրկին դաշտ վերադարձանք և սկսեցինք հաջորդ կեսը: Խաղի վերջն էր ու թեև իմ թիմը լավ էր խաղում, սակայն խաղի վերջին տասնհինգ րոպեն էր գնում, իսկ մենք չորս միավորով ետ էինք մնում:

Հիմնական հարձակվողը իմ համարը կանչեց, և ես կրկին առաջ վազեցի, և ես կրկին ազատ էի: Գնդակը դեպի ինձ էր գալիս: Սակայն այդ անգամ, հսկան իմ դիմացն էր և շատ լավ դիրքում էր գտնվում, որպեսզի կես ճանապարհից բռներ փոխանցումը:

Նա ձգվեց, սակայն գնդակը սահեց նրա ձեռքից: Ես բարձր թռա, միշտ աչքս վրան պահելով` բռնեցի այն և խաղի համար հաղթական գնդակը խփեցի:

Ես շատ բան չեմ հիշում հետո տեղի ունեցած տոնակատարության մասին, սակայն լավ եմ հիշում Մարզիչ Օսվալդի դեմքը:

«Այդպե՛ս, աչքդ գնդակի վրա՛ պահիր»,- ասաց նա:

Երևի մի շաբաթ ժպտում էի հիշելով դա:

Ես շատ հրաշալի տղամարդկանց ու կանանց եմ ճանաչել: Թեպետ նրանք տարբեր մասնագիտություններ, տաղանդներ ու հեռանկարներ են ունեցել, սակայն բոլորն էլ ունեին այս ընդհանուր գիծը. նրանք տքնաջան աշխատում էին և հաստատակամորեն գնում իրենց նպատակների իրականացման ուղղությամբ: Հեշտ է` շեղել ուշադրությունը և կորցնել կենտրոնացումը կյանքի համար շատ կարևոր բաներից: Ես փորձել եմ հիշել դասը, որ սովորեցի մարզիչ Օսվալդից և առաջնային դարձնել այն արժեքները, որոնք կարևոր են ինձ համար, որպեսզի կարողանամ աչքս պահել այն բաների վրա, որոնք իսկապես կարևոր են:

Ես խնդրում եմ` քննեք ձեր կյանքը: Տեսեք, թե որտեղ եք դուք և ինչ պետք է անեք, որպեսզի լինեք այնպիսին, ինչպիսին կուզենայիք լինել: Ոգեշնչող, ազնիվ ու արդար նպատակներ դրեք, որոնք բոցավառում են ձեր երևակայությունը և ձեր սրտում ոգևորության ալիք բարձրացնում: Իսկ հետո ձեր աչքը պահեք դրանց վրա: Մշտապես աշխատեք դրանց հասնելու ուղղությամբ:

«Եթե մեկը վստահ առաջ է գնում իր երազանքների ուղղությամբ,- գրել է Հենրի Դեյվիդ Տորեն,- և ջանում է ապրել այն կյանքով, որը նա պատկերացրել է, նա կհանդիպի հաջողության, որն անհնար բան է սովորական կյանքում»:1

Այսինքն, երբեք ձեր աչքը գնդակից մի կտրեք:

Ֆուտբոլի դաշտում մեկ այլ դաս էլ սովորեցի, երբ 10 այլ խաղացողներ լցվել էին ինձ վրա: Դա Ռոքի Մաունթինս Համաժողովի Մրցաշարի խաղն էր, և ես պետք է վազեի գնդակով դաշտի միջին մասում, որպեսզի հարվածեի գնդակին, որի շնորհիվ հաշվի մեջ առաջ կանցնեինք: Ես ստացա գնդակը և խաղացողների միջով վազեցի գծի մոտ: Ես գիտեի, որ շատ մոտ էի գտնվում նշանագծին, սակայն չգիտեի որքան մոտ եմ: Թեև գտնվում էի ինձ վրա լցված խաղացողների ներքևում, ես իմ ձեռքը մի փոքր առաջ տարա և կարողացա զգալ այդ գիծը: Նշանագիծը մոտ հինգ սանտիմետրի վրա էր:

Այդ պահին ես գայթակղվեցի գնդակը հրել առաջ: Ես կարող էի անել դա: Իսկ երբ մրցավարները վերջապես խաղացողներին հանեին այդ կուտակումից, ես հերոս կլինեի: Ոչ ոք երբեք դա չէր իմանա:

Ես այդ պահի մասին երազել էի դեռ մանկուց: Եվ իմ առջև հենց այդ պահն էր: Բայց հետո ես հիշեցի մորս խոսքերը, նա հաճախ էր ինձ ասում. «Ջոզե՛ֆ, արա այն, ինչը ճիշտ է, մի՛ նայիր հետևանքներին: Արա այն, ինչը ճիշտ է, և ամեն ինչ լավ կլինի»:

Ես շատ էի ուզում որոշիչ գնդակը խփել: Սակայն իմ ընկերների աչքում հերոս լինելուց առավել, ես ցանկանում էի լինել հերոս մայրիկիս աչքում: Այնպես, որ ես թողեցի գնդակն այնտեղ, որտեղ գտնվում էր` նշանագծից հինգ սանտիմետր այս կողմ:

Այդ ժամանակ ես չգիտեի, սակայն դա որոշիչ փորձառություն էր ինձ համար: Եթե առաջ հրեի գնդակը, ես այդ պահին չեմպիոն կլինեի, սակայն ժամանակավոր փառքի պարգևը շատ մեծ ու տևական գին կունենար` այն իմ խղճի վրա մի սպի կթողներ, որն ինձ հետ կմնար իմ կյանքի ընթացքում: Ես գիտեի, որ պետք է անեմ այն, ինչը ճիշտ էր:

Քրիստոսի Լույսն օգնում է մեզ ճիշտը սխալից տարբերել: Երբ մենք թույլ ենք տալիս, որ գայթակղությունները խլացնեն մեր խղճի մեղմ ձայնը, այդ ժամանակ է, երբ որոշում ընդունելը դժվարանում է:

Իմ ծնողները սովորեցրել են ինձ արագ կողմնորոշվել, երբ գայթակղությունը գալիս է, և անմիջապես ու վճռական ասել «Ոչ»: Ես նույն խորհուրդը ձեզ եմ տալիս: Խուսափեք գայթակղություններից:

Մյուս դասը, որ սովորել եմ` ուրիշներին ծառայելու ուրախությունն է: Ես նախկինում խոսել եմ, թե ինչպես էր հայրս, որը մեր ծխի եպիսկոպոսն էր, ինձ ստիպում անհրաժեշտ սնունդն ու օգնությունը լցնել իմ սայլը և բաժանել կարիքավոր ընտանիքներին: Նա միայնակ չէր տառապյալ մարդկանց հասնելու իր ցանկության մեջ:

Յոթանասունհինգ տարի առաջ, Եպիսկոպոս Վիլիամ Ֆ. Փերսչոնը նախագահում էր Սոլթ Լեյք Սիթիի Փայնիըր Ցցի Չորրորդ ծխում: Նա գերմանացի իմիգրանտ էր, Եկեղեցու նորադարձ և շատ ծանր առոգանությամբ էր խոսում: Նա լավ գործարար էր, սակայն մյուսներից ամենաշատն առանձնանում էր ուրիշների հանդեպ իր մեծ կարեկցանքով:

Ամեն շաբաթ քահանայության ժողովին, Եպիսկոպոս Փերսչոնը խնդրում էր Ահարոնյան Քահանայություն կրողներին անգիր ասել այս խոսքերը. «Քահանայություն նշանակում է ծառայություն, քահանայություն կրելով ես կծառայեմ»:

Դա սոսկ կարգախոս չէր: Երբ այրիներն օգնության կարիք ունեին, Եպիսկոպոս Փերսչոնը և Ահարոնյան Քահանայություն կրողներն այնտեղ էին, որպեսզի օգնեյին: Երբ աղոթատուն էր կառուցվում, Եպիսկոպոս Փերսչոնը և Ահարոնյան Քահանայություն կրողներն այնտեղ էին: Երբ շաքարի ճակնդեղի և կարտոֆիլի բարօրության դաշտերում պետք էր քաղհան անել կամ բերք հավաքել, Եպիսկոպոս Փերսչոնն ու Ահարոնյան Քահանյություն կրողներն այնտեղ էին:

Ավելի ուշ, Վիլիամ Փերսչոնը ծառայեց ցցի նախագահությունում, որտեղ նա մեծ ազդեցություն ունեցավ Թոմաս Ս. Մոնսոն անունով երիտասարդ եպիսկոպոսի վրա: 1950-ականներին Եպիսկոպոս Փերսչոնը կանչվեց նախագահելու Շվեյցարիա-Ավստրիական միսիայում և մեծ դեր ունեցավ առաջին արտերկրյա Շվեյցարիայի Բերն տաճարի կառուցման գործում:

Չես կարող մտածել Եպիսկոպոս Փերսչոնի մասին առանց հիշելու ուրիշների հանդեպ նրա հոգածության, կարեկցանքի և այդ նույն արժանիքներն ուրիշներին սովորեցնելու նրա անդուլ պարտավորվածության մասին: Ահարոնյան Քահանայության երիտասարդներից քսանիննը, որոնց եպիսկոպոսն էր նա, հետագայում եպիսկոպոսներ դարձան: Տասը ծառայեցին ցցի նախագահություններում, հինգը դարձան միսիայի նախագահներ, երեքը ստացան տաճարի նախագահի կանչ, իսկ երկուսը ծառայեցին որպես Բարձրագույն Իշխանավոր:2

Եղբայրնե՛ր, դա է մեծ առաջնորդի ուժը: Դա է ծառայության ուժը:

Թեպետ ես այն ժամանակ լիովին չէի հասկանում դա, այժմ ինձ համար պարզ է, որ այդ դասերը և իմ պատանեկության տարիներին սովորած մյուս դասերը, որպես հիմք ծառայեցին, որի վրա իմ մնացած կյանքը կառուցվեց:

Մենք բոլորս էլ հոգևոր պարգևներ ունենք: Ոմանք օրհնված են հավատի պարգևով, մյուսները` բժշկելու պարգևով: Եկեղեցում բոլոր հոգևոր պարգևներն առկա են: Ինչ վերաբերում է ինձ, միգուցե հոգևոր պարգևներից մեկը, որի համար ես շատ երախտապարտ եմ, այն է, որ ես օրհնվել եմ հնազանդ հոգով: Երբ լսում էի իմաստուն խորհուրդ իմ ծնողներից կամ Եկեղեցու ղեկավարներից, ես լսում ու փորձում էի այն ներառել իմ մտքերի ու գործերի մեջ:

Քահանայության եղբայրնե՛ր, ես ձեզ թախանձագին խնդրում եմ` հնազանդ հոգի զարգացրեք: Փրկիչը սովորեցրել է, որ «ով որ իմ այս խոսքերը լսում է և նորանց կատարում, կնմանեցնեմ նորան մի իմաստուն մարդի … Եվ ամեն, ով որ իմ այս խոսքերը լսում է և չի կատարում, նա կնմանուի մի անխելք մարդի»:3

Ինչպե՞ս ենք մենք իմանում` իմաստուն ենք, թե անխելք: Երբ մենք լսում ենք ոգեշնչված խորհուրդը և հնազանդվում դրան: Դա է իմաստունի կամ անխելքի ստուգումը:

Ի՞նչ օգուտ ունենք, եթե լսում ենք իմաստուն խորհուրդը և ուշադրություն չենք դարձնում խոսքերին: Ի՞նչ օգուտ կա փորձառությունից, եթե դաս չենք քաղում դրանից: Ի՞նչ օգուտ կարող են բերել սուրբ գրքերը, եթե թանկ չենք գնահատում այդ խոսքերը և չենք կիրառում մեր կյանքում:

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին խոստացել է, որ «Երկնային Հայրը օրհնություններ կթափի նրանց վրա, ովքեր հնազանդ են քայլում Նրա պատվիրաններին»:4

Ես իմ ձայնը միացնում եմ նրա ձայնին:

Ես վկայում եմ, որ Հիսուսը Քրիստոսն է` աշխարհի Փրկիչը: Ես վկայում եմ, որ Աստված շատ մոտ է գտնվում: Նա հոգ է տանում և սիրում է Իր զավակներին: Մարգարեները, տեսանողներն ու հայտնողները ուղղորդում են Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցու առաջընթացը: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին կանգնած է որպես վերջին օրերի մարգարե Եկեղեցու համար և աշխարհի առաջ:

Ես շնորհակալ եմ իմ Արարչից այս հրաշալի կյանքի համար, որտեղ մեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ունի դասեր սովորելու, որոնք այլ կերպ չէինք կարող հասկանալ:

Իմ սիրելի եղբայրնե՛ր, թող որ մենք արդար նպատակներ դնենք և աշխատենք հասնել դրանց, անենք այն, ինչը ճիշտ է, և սիրով հասնենք մեր շրջապատի մարդկանց: Սա է իմ աղոթքն ու վկայությունը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. ed. J. Lyndon Shanley (1971), 323.

  2. Letter from Elder Glen L. Rudd to President Thomas S. Monson, Feb. 5, 1987.

  3. Մատթեոս Է.24, 26

  4. “This Is the Work of the Master,” Ensign, May 1995, 71.