2007
Եթե այս հին պատերը կարողանային խոսել
Մայիս 2007թ.


Եթե այս հին պատերը կարողանային խոսել

Ավելի քան մեկ դար, վերջին օրերի մարգարեների, տեսանողների և հայտնողների խոսքերը հնչել են այս ամբիոնից` աշխարհի առաջ:

Նախագաh Գորդոն Բ. Հինքլին 2004թ. հոկտեմբերի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց. «Ես հարգում եմ այս շենքը: Ես սիրում եմ այս շենքը: Ես պատվում եմ այս շենքը: Ես ուզում եմ, որ այն պահպանվի: … Ես ուզում եմ, որ նախկին հին Թաբերնաքլի թույլ սյուները միանան իրար … և ամրացվեն, և նրա բնական և սքանչելի գեղեցկությունը պահպանվի»: Այնուհետև նա նայեց ինձ և ասաց. «Մի արեք այն, ինչ չպետք է անեք, բայց ինչ էլ որ անեք, արեք լավ և ճիշտ ձևով»:1

Այս հուզիչ, սակայն խիստ խոսքերով կոչ արվեց պահպանել, ամրացնել և վերադարձնել նախկին հին Սոլթ Լեյքի Թաբերանքլը վերածնված և պատրաստ նշանակալից ծառայության մեկ այլ շրջանի:

Այսօր, հարգելի Նախագահ, մենք ներկայացնում ենք այս ավագ քաղաքացի շինությունը նոր թարմ հանդերձով, ամուր հավաքված իր պատմական հմայքով, սակայն մի փոքր ավելի հարմարավետ: Նախագահող Եպիսկոպոսությունը ավելի քան 2000 մասնագետների հետ միասին հպարտությամբ վերադարձնում են «նախկին պատմական Թաբերնաքլը» 100-տարվա երաշխիքով հանդերձ:

«Հին պատմական Թաբերնաքլը» վերադարձնելու Նախագահ Հինքլիի խնդրանքը չափանիշ դարձավ ճարտարապետական և շինարարական բարդ լուծումների համար: Մի արտահայտություն օգտագործվեց ծրագրի էությունն ու նպատակն արտահայտելու համար: Այն հավասարեցվեց Մորոնի Հրամանատարի ազատության դրոշի նշանաբանին, և իրականում, «բարձրացվեց ամեն աշտարակի վրա» և «ամեն վայրում»,2 ուր անհրաժեշտ էր:

Եթե այս հին պատերը կարողանային խոսել, նրանք միասին կարտահայտեին իրենց խորը երախտագիտությունը FFKR-ի ճարտարապետներին, Jacobsen շինարարական ընկերությանը, ամենակարևորն է, Եկեղեցու նախագծային ամբողջ թիմին և շատ շատերին, ում հմտություններն այս բարդ նախաձեռնությունը հնարավոր դարձրեցին: Թիմի ավագ անդամներից մեկը նկատեց. «Երբ մենք միասին խորհրդակցում էինք, Տերը կարողանում էր մեզ մեր բնական ունակություններից ավելին տալ»:

Ծրագրի անդամները մեծ պատկառանքով էին լցված Թաբերնաքլի գեղեցկության, նրա առաջին շինարարների և նրանց աշխատանքի որակի հանդեպ: Նրանք զարմանում էին, որ ավելի քան մեկ դար, վերջին օրերի մարգարեների, տեսանողների և հայտնողների խոսքերը հնչել են այս ամբիոնից աշխարհի առաջ:

Եթե այս հին պատերը կարողանային խոսել, ես համոզված եմ, որ նրանք կարտահայտեին իրենց երախտագիտությունը իրենց նոր հաստատուն հիմքի համար: Այս հին պատերը պետք է որ ուրախ լինեն, ունենալով պողպատե ամրացումը, որը նրանց ուղիղ և ամուր է պահում: Այս հին պատերը կասեին շնորհակալություն առաստաղից 14 շերտ ներկ քերելու, ապա մշակելու և նոր գեղեցիկ ծածկ պատրաստելու համար:

Այս հին պատերը իրենց երախտագիտությունը կարտահայտեին նոր փայլուն ալյումինե տանիքը պահպանելու և գեղեցկացնելու համար, և նստարանների հետ միասին կվայելեին այստեղ հաճախողների ժպիտները, երբ վերջիններս հայտնաբերեին թեթևակի ձևափոխված նստատեղերը և ծնկների համար մի քանի սանտիմետրով ավելացած տարածքը:

Ոգեշնչող երաժշտության հնչյուններն ավելի ունկնդրելի դարձնող նոր հնարավորությունները կողջունվեն և կգնահատվեն այս հին պատերի կողմից:

Կարելի է միայն պատկերացնել, թե ինչեր կարող են հիշել այս հին պատերը այն բազմաթիվ քարոզների մասին, որոնց ուշադրությամբ տարիներ շարունակ լսել են:

Այս հին պատերը, եթե կարողանային խոսել, կբացականչեին. «Մենք այստեղ էինք», երբ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը երկարատև հիվանդությունից հետո այցելեց 1918 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովի նիստը: Բացող նիստի ժամանակ զգացմունքներով լի ձայնով, նա ասաց. «Ես չեմ համարձակվում փորձել անդրադառնալ այն ամենին, ինչ այս առավոտ կա իմ մտքում, և ես կհետաձգեմ ապագա որոշակի ժամանակի համար, ինչպես ցանկանում է Տերը, որպեսզի ձեզ ասեմ այն բաները, որ իմ մտքում են, և իմ սրտում»: Նա շարունակեց. «Ես միայնակ չեմ ապրել այս հինգ ամիսների ընթացքում: Ես ապրել եմ աղոթքի, աղերսանքի, հավատքի և վճռականության հոգով, և ես անընդհատ հաղորդակցվել եմ Տիրոջ Հոգու հետ»:3 Ավելի ուշ մենք իմացանք, որ համաժողովից մեկ օր առաջ Նախագահ Սմիթը հայտնություն էր ստացել, որը գրառվել էր որպես մահացածների փրկագնման տեսիլք, և ավելի ուշ դարձավ Վարդապետություն և Ուխտերի բաժին 138-ը:

Եթե այս հին պատերը կարողանային խոսել, նրանք մեզ կհիշեցնեին Մեծ Ճգնաժամի խավար ու մութ օրերի մասին: Նրանք կհիշեին 1936 թվի ապրիլի գերագույն համաժողովը, երբ Նախագահ Հեբեր Ջ. Գրանտը հայտարարեց, որ Եկեղեցին ընդունում է Եկեղեցու ապահովման ծրագիրը, որն ավելի ուշ հայտնի դարձավ որպես Եկեղեցու բարօրության ծրագիր: Վեց ամիս անց նա բացատրեց. «Մեր հիմնական նպատակն էր հիմնել … մի համակարգ, որի միջոցով կվերացվեր անգործությունը նպաստների չարիքի հետ մեկտեղ, և անկախությունը, արդյունաբերությունը, խնայողությունը և ինքնահարգանքը կհաստատվեր մեր ժողովրդի մեջ: Եկեղեցու նպատակն էր օգնել մարդկանց օգնել իրենց: Աշխատանքը պետք է կրկին հաստատվեր լինելու ղեկավար սկզբունքը Եկեղեցու անդամների կյանքում»:4

1964 թվի հոկտեմբերին Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյի հանձնարարությամբ Երեց Հարոլդ Բ. Լին խոսեց ծնողների պարտականությունների մասին: Այս հին պատերը հիշում են Երեց Լիին, որը կարդում էր Եկեղեցուն ուղղված Առաջին Նախագահության 1975 թվի նամակը: Սակայն կարդալուց առաջ նա ասաց. «Ես կարծում եմ, սա նման է եղանակի մասին Մարկ Տվենի արտահայտությանը. «Մենք շատ ենք խոսում եղանակի մասին, բայց կարծես ոչինչ չենք անում այդ ուղղությամբ»: Երեց Լին այնուհետև կարդաց 50 տարեկան նամակից.

«Մենք ձեզ խորհուրդ ենք տալիս և կոչ անում ողջ Եկեղեցով որդեգրել «Ընտանեկան Երեկոն», որի ժամանակ հայրը և մայրը կարող են մեկտեղ հավաքել իրենց տղաներին և աղջիկներին տանը և սովորեցնել նրանց Տիրոջ խոսքը»:

Իսկ ապա այս խոստումը.

«Եթե Սրբերը հնազանդվեն այս խորհրդին, մենք մեծ օրհնություններ ենք խոստանում արդյունքում: Տան մեջ սերը և ծնողներին հնազանդությունը կմեծանան: Հավատքը կաճի Իսրայելի երիտասարդների սրտերում, և նրանք ուժ ձեռք կբերեն պայքարելու իրենց հանդիպած չար ազդեցությունների և գայթակղությունների դեմ»:5

Այս հին պատերը հիշում են այն խորը լռությունը, որը պատեց Թաբերնաքլը 1985 թվին, երբ հայտարարվեց, որ Երեց Բրուս Մակքոնկին կխոսի համաժողովի ժամանակ: Այս հին պատերը պատկառանքի խորը ոգի են զգացել, երբ Երեց Մակքոնկին ավարտեց իր խոսքը այս ցնցող խոսքերով.

«Իսկ այժմ, այս կատարյալ քավության հետ կապված, որը գործվեց Աստծո արյունը թափելու շնորհիվ, ես վկայում եմ, որ այն տեղի ունեցավ Գեթսեմանում և Գողգոթայում, իսկ Հիսուս Քրիստոսի հետ կապված, ես վկայում եմ, որ Նա Կենդանի Աստծո Որդին է, և խաչվել է աշխարհի մեղքերի համար: Նա մեր Տերն է, մեր Աստվածը և մեր Թագավորը: Սա ես գիտեմ ինքս, անկախ որևէ այլ անձից:

Ես նրա վկաներից մեկն եմ, և գալիք օրը պետք է զգամ նրա ձեռքերում ու ոտքերում մեխերի հետքերը, և պետք է մաքրեմ նրա ոտքերը իմ արցունքներով:

Բայց ես չեմ իմանա ավելի հստակ, քան գիտեմ այժմ, որ նա Աստծո Ամենազոր Որդին է, որ նա մեր Փրկիչն ու Քավիչն է, և որ փրկությունը գալիս է և կատարվում է նրա քավող արյան միջոցով, և ոչ մի այլ ճանապարհով»:6

1995 թվին Նախագահ Գորդոն Բ. Հինքլին Եկեղեցու կանանց ասաց. «Այսքան խորամանկության առկայության պայմաններում, որն անցնում է որպես ճշմարտություն, չափանիշների և արժեքների վերաբերյալ այսքան խաբեության առկայության պայմաններում, և աշխարհի թույլ կողմը բռնելու այսքան հրապուրանքի և գայթակղության պայմաններում, մենք զգում ենք, որ պետք է զգուշացնենք և նախազգուշացնենք»: Այնուհետև նա շարունակեց կարդալ.

«Մենք` Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Խորհուրդը, լրջորեն հայտարարում ենք, որ տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը կարգված է Աստծո կողմից և որ ընտանիքը առանցքային դեր է խաղում Իր զավակների հավերժական ճակատագրի Արարչի ծրագրում:

Ամուսինը և կինը սուրբ պատասխանատվություն են կրում սիրելու և հոգ տանելու միմյանց և երեխաների համար: «Որդիքը Տիրոջ ժառանգությունն են» (Սաղ. ՃԻԷ.3): Ծնողների սուրբ պարտականությունն է` դաստիարակել երեխաներին սիրո և առաքինության մթնոլորտում, ապահովել նրանց նյութական և հոգևոր կարիքները, ուսուցանել նրանց սիրել և ծառայել մեկը մյուսին, պահել Աստծո պատվիրանները և օրինապաշտ քաղաքացիներ լինել, որտեղ էլ, որ ապրեն: Ամուսիններն ու կանայք՝ մայրերն ու հայրերը հաշվետու կլինեն Աստծո առջև այս պարտականությունների իրականացման համար»:7

Ես երախտապարտ եմ այս արտասովոր կառույցի համար: Այն կանգնած է որպես մեր անցյալի սուրբ հուշարձան և ապագայի հույսի հզոր նշան: Ես վկայում եմ մեր Երկնային Հոր աստվածային էության և մեր բոլորիս հանդեպ մեր Փրկչի առատ սիրո մասին: Մենք մեծապես օրհնված ենք, ղեկավարվելով Աստծո մարգարեի կողմից: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. “Tabernacle Renovation Press Briefing— Remarks by President Gordon B. Hinckley,” Oct. 1, 2004; see www.newsroom.lds.org.

  2. Ալմա 46.36; 62.4.

  3. In Conference Report, Oct. 1918, 2.

  4. In Conference Report, Oct. 1936, 3.

  5. In Conference Report, Oct. 1964, 83–84.

  6. “The Purifying Power of Gethsemane,” Ensign, May 1985, 11.

  7. “Stand Strong against the Wiles of the World,” Ensign, Nov. 1995, 100–101; տես նաև «Ընտանիք` Հայտարարություն աշխարհին», Լիահոնա, հոկտ. 2004, 49: