2007
Վերականգնման ուղերձը
Մայիս 2007թ.


Վերականգնման ուղերձը

Մենք հայտարարում ենք աշխարհին, որ Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը վերականգնվել է երկրի վրա:

Սոլթ Լեյքի Հովտում իմ ցցի համաժողովի առաջադրանքներից մեկի ժամանակ ես հրավիրեցի սարկավագների քվորումի երիտասարդ նախագահին միանալ ինձ, որպեսզի խոսենք քահանայության բանալիների մասին: Ես ցանկանում էի, որ նա հասկանար, որ կրում էր մի հատուկ պաշտոն, որն ընդգրկում էր քահանայության քվորումում նախագահելու բանալիները: Մենք խոսեցինք, որ շատ մեծ պատասխանատվություն է բանալիներ կրելը և թե որքան առանձնահատուկ բան է քվորումին պատկանելը: Մի փոքր խոսքի վերջում ես հարցրեցի նրան, թե քանի անդամ ունի իր քվորումում: Նա պատասխանեց` 14:

Ապա հարցրեցի. «Քանի՞սն են ակտիվ»:

Պատասխանն էր` 12-ը:

Ապա ես հարցրեցի. «Իսկ մյուս երկուսը՞»:

Նրա պատասխանն էր. «Ես պետք է գործի անցնեմ և նրանց մեր քվորումի ակտիվ մաս դարձնեմ»:

Ես հարցրեցի նրան, թե որքան ժամանակ դա կպահանջի: Նա ասաց` միգուցե երեք ամիս: Ես քաջալերեցի նրան, որ ջանքեր չխնայի:

Երեք ամիս անց, ես նամակ ստացա նրանից, որը տեղեկացնում էր ինձ, որ իր քվորումի բոլոր անդամներն այժմ ակտիվ են: Նա ասաց, որ ընկերացել էր նրանց հետ, և նրանցից մեկն այժմ հաճախում է սարկավագների քվորումի ժողովներին, իսկ մյուսը` եպիսկոպոսի կողմից կարգվել է ուսուցիչ: Ես հիացա նրա պատասխանով: Իր քահանայությունը պատվող մարդու ինչպիսի՜ օրինակ, որը քահանայության բանալիները օգտագործելով իրականացրեց առաջադրանքը, որը Տերը տվել էր նրան: Ես չեմ կարող չհիանալ այն ծրագրով, որը Տերը հիմնել է` քահանայության իշխանությունը օգտագործելով Իր աշխատանքը երկրի վրա ղեկավարելու համար:

Այդ երիտասարդը, որը դեռևս 14 տարեկան չկա, արժեքավոր բաներ է սովորում, որը կպատրաստի նրան կյանքի տևողությամբ ծառայության համար: Կարո՞ղ եք տեսնել ինչպիսին կլինի նա հինգ-վեց տարի անց, երբ կշարունակի իր ծառայությունը` իր կոստյումի վրա կրելով կրծքանշան, որը ցույց կտա, որ նա իր կյանքի երկու տարին նվիրում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու համար միսիոներ լինելուն:

Փորձառությունից բացի, նա ուրիշներին ծառայելով գործադրում է իր քահանայությունը, այս երիտասարդի նախապատրաստության մեջ նաև պետք է մտնի Վերականգնման ուղերձը հիմնավորապես հասկանալը, ուղերձ, որը հազարավոր միսիոներներ այսօր հայտարարում են աշխարհին: Դա այն ուղերձն է, որ մեր օրերում, ժամանակների լրության տնտեսությունում, ավետարանը վերականգնվեց ի օրհնություն նրանց, ովքեր կլսեն և կհնազանդվեն:

Առաջին Տեսիլքը

Ժամանակների լրության տնտեսությունը մուտք գործեց մի շատ հատուկ տեսիլքով, որը ստացավ մի 15-ամյա պատանի: Նա գնաց անտառ աղոթելու, որպեսզի պատասխան ստանա կրոնի վերաբերյալ իր մտքում ունեցած հարցերին: Ջոզեֆ Սմիթն այսպիսի խոսքերով է նկարագրում իրեն տրված փառահեղ տեսիլքը.

«Իմ գլխավերևում ես տեսա արևի պայծառությունը գերազանցող լույսի մի սյուն, որն աստիճանաբար իջնում էր ցած, մինչև որ ընկավ ինձ վրա:

… Երբ լույսը հանգչեց ինձ վրա, ես տեսա երկու Անձնավորություն, ինձանից վեր՝ օդի մեջ կանգնած, որոնց պայծառությունն ու փառքն ամեն նկարագրությունից վեր էր: Նրանցից մեկը խոսեց ինձ հետ, դիմելով ինձ անունով, և ասաց՝ մատնացույց անելով մյուսին. Սա է Իմ Սիրելի Որդին: Լսի՛ր Նրան» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն, 1.16–17):

Այս տեսիլքը հայտնում է մեզ, որ Աստված, մեր Հայրը, և Հիսուս Քրիստոսը` Նրա Սիրելի Որդին, երկու առանձին անձնավորություններ են: Յուրաքանչյուրն ունի մսե մարմին և ոսկորներ, պարզապես` փառավորված և կատարյալ, որն էլ պարզաբանում է Աստծո մասին այն սխալ գաղափարը, որ շատ դարերի ընթացքում գոյություն է ունեցել: Զարմանալի չէ, որ երբ Ջոզեֆ Սմիթը գրեց հավատո հանգանակը, նա առաջինը հայտարարեց. «Մենք հավատում ենք Աստծուն՝ Հավերժական Հորը և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին և Սուրբ Հոգուն» (Հավատո հանգանակներ 1.1):

Մորմոնի Գիրքը

Իմանալով, որ կասկածը, անհավատությունն ու սխալ տեղեկությունը անմիջապես կհետևեն Ջոզեֆին, երբ նա պատմի Առաջին Տեսիլքի մասին, Տերն ի հայտ բերեց Մորմոնի Գիրքը` ևս մեկ վկայություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին: Այս սուրբ գրության հին հատորյակը Աստվածաշնչի սրբազան ընկերն է` պարունակելով Հիսուս Քրիստոսի հավիտենական ավետարանի լրիվությունը: Այն նաև մի համոզիչ ապացույց է աշխարհին, որ Ջոզեֆ Սմիթը իսկապես Աստծո մարգարե է: Մորմոնի Գրքի ի հայտ գալու մասին այս հայտարարությունն է տրված Վարդապետություն և Ուխտերում.

«[Աստված Ջոզեֆ Սմիթին] տվեց պատվիրաններ, որոնք ոգեշնչեցին նրան.

Եվ նրան զորություն տվեց վերևից՝ թարգմանելու Մորմոնի Գիրքը, միջոցներով, որոնք նախապես պատրաստվել էին.

Որը պարունակում է մի ընկած ժողովրդի հիշատակարանը և Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը՝ Հեթանոսին, և նաև Հրեային.

Որը տրվել է ոգեշնչմամբ, և հրեշտակների սպասավորությամբ հաստատվել է ուրիշներին, և նրանց կողմից հայտարարվել է աշխարհին –

Ապացուցելով աշխարհին, որ սուրբ գրքերը ճշմարիտ են, և, որ Աստված ոգեշնչո՛ւմ է մարդկանց և կանչում է նրանց իր սուրբ գործին՝ այս դարաշրջանում և սերնդում, այնպես ինչպես հին սերունդներում» (ՎևՈւ 20.7–11):

Մորմոնի Գրքի թարգմանությունն ինքնին հրաշք է և ապացուցում է այդ գրքի աստվածային բնույթը: Երբ 1829թ. ապրիլի 5-ին, Օլիվեր Քաուդերին եկավ Հարմոնի, Պենսիլվանիա, որպեսզի ծառայեր Մարգարեին որպես գրագիր, միայն մի քանի էջ էր թարգմանվել: Այդ երեկո Ջոզեֆն ու Օլիվերը միասին նստեցին և մինչև լույս քննարկեցին Մարգարեի ունեցած փորձառությունները: Երկու օր անց, ապրիլի 7-ին, նրանք սկսեցին թարգմանչական աշխատանքը: Հաջորդ երեք ամիսներին, Ջոզեֆը զարմանալի արագությամբ էր թարգմանում` մոտ 500 տպագիր էջ 60 օրում:

Օլիվերն իր հրաշալի փորձառության մասին գրել է. «Դրանք անմոռանալի՜ օրեր էին. նստել երկնքից ոգեշնչված ձայնի թելադրման ներքո, որը կրծքումդ խորը երախտագիտություն է արթնացնում: Օր-օրի ես շարունակում էի անդադար գրել նրա բերանից, մինչ նա Ուրիմով ու Թումիմով … թարգմանում էր «Մորմոնի Գիրքը» կոչվող պատմությունը կամ հիշատակարանը» (Messenger and Advocate, Oct. 1834, 14; see also Joseph Smith—History 1.71, footnote):

Քահանայությունը

Աշխատանքի ընթացքում Ջոզեֆն ու Օլիվերը խանդավառվել էին այդ գրքում պարունակվող վարդապետությունների վերաբերյալ: Նրանց վրա հատկապես տպավորություն էր գործել մկրտության վարդապետությունը, ինչպես սովորեցվում էր հարություն առած Փրկչի կողմից, երբ Նա այցելել էր արևմտյան կիսագնդի բնակիչներին: Մկրտության վարդապետության կարևորությունը հստակ բացվում է նրանց մտքում: Նրանք վճռում են, որ պետք է խնդրեն Տիրոջը զորեղ աղոթքով, որպեսզի իմանան, թե ինչպես կարող են իրենք ստանալ մկրտության օրհնությունը:

1829թ. մայիսի 15-ին նրանք գնացին Սասքուեհանա գետի կողքին գտնվող անտառ և ծնկի եկան աղոթքով: Օլիվերը նկարագրում է, թե այնուհետև ինչ տեղի ունեցավ. «Հանկարծակի, կարծես հավերժության միջից, Քավչի ձայնը խաղաղություն խոսեց մեզ, երբ վարագույրը բացվեց և Տիրոջ հրեշտակը փառք հագած իջավ ցած և փոխանցեց անհամբեր սպասված պատգամը և ապաշխարության Ավետարանի բանալիները: Ինչպիսի՜ ուրախություն: Ինչպիսի՜ հրաշք: Ինչպիսի՜ զմայլանք: Այն ժամանակ, երբ աշխարհը պրկված էր ու խառնված, երբ միլիոնավոր մարդիկ կույրի պես խարխափում էին, պատը փնտրելով, և երբ բոլոր մարդիկ, որպես ընդանուր զանգված, անորոշության մեջ էին, մեր աչքերը տեսա՛ն, մեր ականջները լսեցի՛ն» (Messenger and Advocate, Oct. 1834, 15; see also Joseph Smith—History 1.71, footnote):

Մի հրեշտակ ներկայացավ որպես Հովհաննես, այն նույնը, որը Նոր Կտակարանում կոչվում է Հովհաննես Մկրտիչ: Նա իր ձեռքերը դրեց Ջոզեֆի և Օլիվերի գլուխների վրա և ասաց.

«Իմ ընկերակի՛ց ծառաներ, Մեսիայի անունով ես շնորհում եմ ձեզ Ահարոնի Քահանայությունը, որը կրում է հրեշտակների սպասավորության, ապաշխարության ավետարանի և մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության բանալիները. և այն այլևս երբեք չի վերցվի երկրի վրայից, մինչև Ղևիի որդիները կրկին արդարությամբ ընծա չմատուցեն Տիրոջը:

Նա ասաց, որ այս Ահարոնյան Քահանայությունը չունի Սուրբ Հոգու պարգևի համար ձեռնադրելու զորությունը, բայց որ այն կշնորհվի մեզ հետագայում. և նա պատվիրեց մեզ՝ գնալ ու մկրտվել, և մեզ ցուցում տվեց, որ ես պետք է մկրտեմ Օլիվեր Քաուդերիին, և որ դրանից հետո նա պիտի մկրտի ինձ:

Ուստի, մենք գնացինք և մկրտվեցինք: Սկզբում ես մկրտեցի նրան, իսկ հետո, նա մկրտեց ինձ, որից հետո, ես ձեռնադրեցի նրան և կարգեցի նրան Ահարոնյան Քահանայության, իսկ հետո, նա ձեռնադրեց ինձ և կարգեց ինձ նույն Քահանայության, քանզի այդպես էր մեզ պատվիրվել» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.69–71):

Մի կարճ ժամանակ անց, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես Առաքյալները հայտնվեցին, իրենց ձեռքերը դրեցին այդ երկու ընկերակից ծառաների գլխին և շնորհեցին Մելքիսեդեկյան Քահանայությունը:

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին

Արդ, Տիրոջ անունով գործելու զորությունը կրկին երկրի վրա էր, Ջոզեֆին պատվիրվեց պաշտոնապես կազմակերպել Եկեղեցին: 1830թ. ապրիլի 6-ին, Պիտեր Վիթմերի տանը` Նյու Յորքի Ֆայեթում վեց տղամարդիկ, որոնք արդեն մկրտվել էին, միաձայն հաստատեցին Հիսուս Քրիստոսի Եկեղեցին` համաձայն Աստծո պատվիրանների: Այդ ժողովի ժամանակ հայտնություն ստացվեց.

«Ահա, մի հիշատակարան պիտի պահվի ձեր մեջ. և նրանում դու պիտի կոչվես տեսանող, թարգմանիչ, մարգարե, Հիսուս Քրիստոսի առաքյալ, եկեղեցու երեց՝ Հայր Աստծո կամքով և քո Տեր՝ Հիսուս Քրիստոսի շնորհով,

Ոգեշնչված լինելով Սուրբ Հոգուց՝ դնել նրա հիմքը և կառուցել այն՝ ամենասուրբ հավատքի համար:

Եկեղեցի, որը կազմակերպվեց և հիմնադրվեց ձեր Տիրոջ հազար ութ հարյուր երեսուներորդ տարվա չորրորդ ամսին, և ապրիլ կոչվող ամսվա վեցերորդ օրը:

Ուստի, դու, նկատի ունենալով եկեղեցին, պիտի ականջ դնես նրա բոլոր խոսքերին ու պատվիրաններին, որոնք նա կտա քեզ, երբ նա ստանա դրանք՝ ողջ սրբությամբ քայլելով իմ առաջ.

Քանզի նրա խոսքը դուք պետք է ընդունեք, ինչպես որ իմ իսկ բերանից, ողջ համբերությամբ ու հավատքով» (ՎևՈւ 21.1–5):

Այսպիսով, Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կրկին երկրի վրա էր` օրհնելու մարդկանց Փրկչի վարդապետություններով և ուսմունքներով: Այս Եկեղեցին կազմակերպվեց` ըստ հնում հաստատված Տիրոջ ծրագրի:

Աստվածաշնչում, Եփեսացիս գրքում Պողոսը հայտարարել է.

«Նա մի քանիսին տուավ առաքյալներ լինելու, մի քանիսին մարգարեներ, մի քանիսին ավետարանիչներ, մի քանիսին հովիվներ և վարդապետներ,

Սուրբերի կատարելությանը համար, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար.

Մինչև որ ամենքս հասնենք հավատի և Աստծո Որդին ճանաչելու միութեանը. և կատարեալ մարդ լինենք Քրիստոսի կատարեալ հասակի չափով.

Որ այլևս երեխա չլինինք երերուած ու տատանուած վարդապետության ամեն քամուցը մարդկանց խաբեությունովը որ մոլորեցնեն խաբեության խորամանկությունովը:

Բայց ճշմարիտ լինելով սերի մեջ` աճինք նորանում ամեն բանով, որ է գլուխը` Քրիստոսը» (Եփեսացիս Դ.11–15):

Նախագահ Հինքլին Վերականգնման մասին ասել է. «Երկրի վրա շատ սերունդներ անցնելուց հետո, որոնք մեծ մասամբ հակառակությունների, ատելության, խավարի ու չարի ժամանակներ էին, եկավ Վերականգնման մեծ, նոր օրը: Այս փառահեղ ավետարանը մուտք գործեց, երբ պատանի Ջոզեֆին հայտնվեցին Հայրը և Որդին: Ժամանակների լրության տնտեսությունը ծագեց երկրի վրա: Նախկին ժամանակների ամեն լավ, գեղեցիկ, աստվածային բաները վերականգնվեցին այս ամենահրաշալի ժամանակաշրջանում» (“The Dawning of a Brighter Day,”Liahona, May 2004, 83):

Մեր ուղերձն առանձնահատուկ է: Մենք հայտարարում ենք աշխարհին, որ Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը վերականգնվել է երկրի վրա: Մենք համարձակ հայտարարում ենք, որ քահանայության բանալիները վերականգնվել են մարդու համար` երկրի վրա և երկնքում կնքելու իշխանությամբ: Տիրոջ կողմից հայտարարված փրկող արարողությունները, որոնք անհրաժեշտ են Նրա հետ հավերժական կյանք մտնելու համար, կարող են այժմ կատարվել կապող իշխանությամբ նրանց կողմից, ովքեր արժանիորեն են գործադրում Նրա սուրբ քահանայության զորությունը: Մենք հայտարարում ենք աշխարհին, որ սա է այն օրը, որի մասին խոսել են աստվածաշնչյան մարգարեները` որպես վերջին օրեր: Սա վերջին ժամանակաշրջանն է, այն նախորդում է Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյանը, որը պետք է ղեկավարի և թագավորի երկրի վրա:

Մենք հրավիրում ենք բոլորին, որ լսեն Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ուղերձը մեզանից: Այնուհետև դուք կարող եք համեմատել փառահեղ ուղերձը նրա հետ, ինչ դուք կլսեք ուրիշներից, և դուք կարող եք իմանալ, թե ինչն է Աստծուց և ինչը` մարդուց:

Իմ վկայությունն է ձեզ, որ սա է Հիսուս Քրիստոսի Եկեղեցին, որը հիմնվել է վերջին օրերին: Մեր Տեր և Փրկիչ, այսինքն` Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: