«Ես մաքուր եմ»
Եղե՛ք մաքուր` լեզվով, մտքով, մարմնով, հագուստով:
Քահանայության իմ սիրելի եղբայրնե՛ր, որքան ոգեշնչող է նայել այստեղ Համաժողովների Կենտրոնում հավաքված 21,000 դեմքերի, իմանալով, որ միլիոնավոր տղամարդիկ հավաքված են ամբողջ աշխարհում եկեղեցու սրահներում և այլ վայրերում: Ես ափսոսում եմ, որ այժմ այսքան ծեր եմ, երբ կյանքն այսքան շատ ոգևորող է:
Ինչպես դուք բոլորդ գիտեք, ես կարգվել եմ և ձեռնադրվել որպես Եկեղեցու Նախագահ 12 տարի առաջ, այսինքն` 1995թ. մարտի 12-ին: Երեց Բալարդը մի քանի տեղեկություններ է իմի հավաքել` այս 12 տարվա վերաբերյալ: Ես մեջբերում կանեմ նրա զեկույցից.
-
387,750 միսիոներներ են ծառայել միսիայում, որը կազմում է այս ժամանակաշրջանում երբևէ ծառայած միսիոներների գրեթե 40 տոկոսը, այսինքն` 40 տոկոսը Եկեղեցու կազմավորումից ի վեր 177 տարիների վերջին 12 տարում:
-
3,400,000 նորադարձներ են մկրտվել, որը Եկեղեցու անդամների ներկայիս ընդհանուր թվի մեկ քառորդն է:
-
Եկեղեցու միսիաների ընդհանուր թիվը 303-ից դարձել է 344, որին շուտով կավելանա երեքը ևս:
-
Անդամների պահպանումը` ըստ հաղորդության հավաքների հաճախելիության, քահանայության կարգումների և տասանորդ վճարելու հավատարմության, նշանակալիորեն աճել է:
Ճիշտ է, այս ամենը շատ կարևոր է, սակայն ես համոզված եմ, որ մի փոքր ավելի մեծ նվիրվածությամբ այս հրաշալի անցյալը կարող է դառնալ ավելի լավ ապագայի նախաբան:
Եկեք բոլորս համատեղ տքնաջան աշխատենք, երգով լեցուն սրտով կատարենք մեր պարտականությունը: Այս գործը աշխատանքի կարիք ունի, թող ոչ ոք չընկրկի: Ձեր ուսը դեմ տվեք անիվին և հրեք (Տես “Put Your Shoulder to the Wheel,” Hymns, no. 252):
Այժմ, կուզենայի անցնել այլ հարցի: Ես այս մասին խոսել եմ շատ տարիներ առաջ: Ես կրկնում եմ այն, քանի որ նրանք, ովքեր լսել են դա այն ժամանակ, մոռացած կլինեն, իսկ ովքեր չեն լսել այն, լավ կլինի լսեն: Դա վերաբերում է Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթին, որը 17 տարի շարունակ` 1901–1918թթ ծառայել է որպես Եկեղեցու Նախագահ:
Ջոզեֆ Ֆ. Սմիթը Հայրում Սմիթի որդին էր, Հայրումը Մարգարե Ջոզեֆի եղբայրն էր և նահատակվեց նրա հետ Քարթեջի բանտում: Ջոզեֆ Ֆ. Սմիթը ծնվել է 1838թ. նոյեմբերի 13-ին, Ֆար Վեսթում, Միսսուրի: Նա դուրս եկավ Միսսուրիից, երբ դեռ մանուկ էր: Փոքր երեխա էր, մոտ վեց տարեկան, երբ մի օր Նավույում իր մոր տան պատուհանը թակեցին: Քարթեջից այդ մարդը շտապ ձիով եկել էր, որ Քույր Սմիթին հայտներ, որ իր ամուսինը սպանվել է այդ օրը կեսօրին:
Երբ նա 9 տարեկան էր, իր մոր հետ եզների լծվածքը քշեց տափաստաններով դեպի այս հովիտ: 15 տարեկանում նա կանչվեց Հավայան կղզիներ միսիայի: Նա գնաց Սան Ֆրանցիսկո և այնտեղ աշխատեց մի ալրաղացում, որպեսզի գումար հավաքեր դեպի այդ կղզիներ ուղևորվող շոգենավի տոմս գնելու համար:
Հավայան կղզիներն այն ժամանակ տուրիստական կենտրոն չէին: Այնտեղ բնիկ հավայանցիներ էին ապրում, որոնց մեծ մասը աղքատ էին, սակայն շատ առատաձեռն: Նա սովորեց խոսել նրանց լեզվով և սիրեց նրանց: Այնտեղ ծառայելիս նա մի հրաշալի երազ տեսավ: Ես մեջբերում կանեմ նրա պատմածից: Նա ասել է.
«Ես շատ ընկճված էի միսիայում: Ես գրեթե մերկ էի և գրեթե ընկեր չունեի, բացի աղքատ, անգրագետ … մարդկանցից: Ես ինձ զգում էի այնքան նվաստացած իմ աղքատ վիճակում, չունենալով գիտելիք ու ինտելեկտ, մի պատանի, որը հազիվ թե … տղամարդու տեսք ուներ:
Այդ պայմաններում ես մի գիշեր երազում տեսա, որ ճամփորդում էի, և այնպիսի զգացում ունեյի, որ պետք է շտապեմ, շտապեմ իմ ողջ կարողությամբ, այլապես կուշանայի: Ես շտապում էի, որքան հնարավոր էր, և ես հիշում էի, որ մի փոքր փաթեթ ունեյի, թաշկինակով փաթաթված մի փոքր փաթեթ: Ես չէի հասկանում, թե դա ինչ էր, երբ ուժերիս ներածին չափով սլանում էի առաջ: Ի վերջո, ես հասա մի հրաշալի պալատի … մի միտք եկավ, որ սա էր իմ նպատակակետը: Երբ ես որքան հնարավոր էր արագ մոտեցա դրան, մի գրություն տեսա. «Լոգարան»: Ես իսկույն այդ կողմ թեքվեցի, մտա լոգարան և լվացվելով մաքրվեցի: Ես բացեցի իմ մոտ եղած փոքրիկ փաթեթը, իսկ այնտեղ սպիտակ, մաքուր հագուստ էր, մի բան, որ երկար ժամանակ չէի տեսել, որովհետև ես այնպիսի մարդկանց հետ էի, որոնք շատ չէին մտահոգվում իրենց իրերը մաքուր լվանալու համար: Սակայն իմ հագուստը մաքուր էր, և ես հագա այն: Ապա արագ շտապեցի դեպի, թվում էր թե, մեծ մուտքը կամ դուռը: Ես թակեցի և դուռը բացվեց, և մարդը, որ կանգնած էր այնտեղ, Մարգարե Ջոզեֆ Սմիթն էր: Նա մի փոքր հանդիմանությամբ նայեց ինձ վրա և նրա արտասանած առաջին բառերն էին. «Ջոզե՛ֆ, դու ուշացել ես»: Այնուամենայնիվ, ես համարձակություն ունեցա ասելու.
«Այո, բայց ես մաքո՛ւր եմ, ես մաքո՛ւր եմ»:
Նա սեղմեց իմ ձեռքը և ինձ ներս տարավ, ապա փակեց մեծ դուռը: Ես այնքան շոշափելի զգացի նրա ձեռքը, ինչպես երբևէ զգացել եմ մարդու ձեռքը: Ես գիտեի նրան, իսկ երբ ներս մտա, տեսա շարքով կանգնած հայրիկիս, Բրիգամ Յանգին և Հեբեր Չ. Քիմբալին, Վիլֆորդ Ռիչարդսին և այլ լավ մարդկանց, որոնց ես ճանաչում էի: Ես նայեցի, կարծես դա այս հովտում էր, և թվաց այն լիքն է մարդկանց հոծ խմբերով, բայց բեմի վրա բոլոր այն մարդիկ էին, որոնց ես ճանաչում էի: Մայրս այնտեղ էր, և նստած էր երեխան գրկին, և ես կարող էի շատերի անունները տալ, քանի որ հիշում էի նրանց անունները, ովքեր նստած էին այնտեղ, որոնք կարծես ընտրյալների մեջ էին, վեհացածների մեջ …
[Երբ ես տեսա այդ երազը,] ես միայնակ էի խսիրի վրա, հեռու Հավայան լեռների մեջ, ինձ հետ ոչ ոք չկար: Սակայն այդ տեսիլքում ես ձեռքս հպեցի Մարգարեին, և տեսա ինչպես նա ժպտաց …
Երբ այդ առավոտ արթնացա, ես ինձ տղամարդ էի զգում, թեպետ մի պատանի էի: Դրանից հետո աշխարհում ոչինչ չի եղել, որից ես վախենայի: Ես կարող էի հանդիպել ցանկացած տղամարդու, կնոջ, երեխայի և նայել նրանց դեմքին, հոգումս զգալով, որ ես իմ յուրաքանչյուր բջիջով տղամարդ եմ: Այդ տեսիլքը, այդ հայտնությունն ու վկայությունը, որ ես ունեցա այդ ժամանակ ինձ դարձրեց այն, ինչ կամ, եթե իմ մեջ կա ինչ-որ լավ, մաքուր կամ շիտակ բան Տիրոջ առաջ, եթե ինչ-որ լավ բան կա իմ մեջ: Դա օգնել է ինձ բոլոր փորձություններում և դժվարին պահերին» (Gospel Doctrine, 5th ed. [1939], 542–543):
Այդ նշանակալից երազի իմաստը Ջոզեֆ Սմիթի հանդիմանությունն էր պատանի Ջոզեֆին: Մարգարեն ասել էր. «Ջոզեֆ, դու ուշացել ես»:
Ջոզեֆը պատասխանել էր. «Այո, բայց ես մաքուր եմ, ես մաքուր եմ»:
Այդ երազի արդյունքում, այս պատանին փոխվեց` դառնալով տղամարդ: Նրա հայտարարությունը` «Ես մաքուր եմ», նրան ինքնավստահություն և արիություն պարգևեց` դեմ հանդիման կանգնել ամեն մեկին կամ ամեն իրավիճակին: Նա ուժ ստացավ, որը գալիս է Մարգարե Ջոզեֆի կողմից հավանությամբ ամրապնդված մաքուր խղճից:
Այս մարգարեական երազը ինչ-որ բան է նշանակում այս երեկո այս մեծ հավաքում ներկա յուրաքանչյուր տղամարդու և տղայի համար: Դա հին ասացվածք է, որ «աստվածապաշտությունից հետո գալիս է մաքրությունը»:
Եսայիա մարգարեն ասել է.
«Լուացվեցեք, մաքրուեցեք, հեռացրեք ձեր գործերի չարությունը իմ աչքերի առաջից, դադարեցեք չարություն գործելուց:
Սովորեցեք բարություն անել… .
Հիմա եկեք ու վիճաբանենք, ասում է Տերը, եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինին, ձյունի պես պիտի սպիտականան. եթե նրանք որդան կարմիրի պես լինին, ասրի պես սպիտակ պիտի դառնան» (Եսայիա Ա.16–18):
Ժամանակակից հայտնության մեջ Տերն ասել է. «Մաքուր եղեք ով Տիրոջ սպասները կրողներ» (ՎևՈւ 133.5):
Կեղտի մեջ թավալվող աշխարհում եղե՛ք մաքուր` լեզվով, մտքով, մարմնով, հագուստով:
Ձեզանից յուրաքանչյուրին ես ասում եմ, մաքո՛ւր եղեք լեզվով: Այժմ այնքան շատ կեղտոտ ու անվայել խոսքեր կան: Եթե չեք կարողանում արտահայտվել մաքուր լեզվով, դա ցույց է տալիս, որ դուք շատ սահմանափակ բառապաշար ունեք: Երբ Եհովան գրեց քարի տախտակների վրա, Նա ասաց Իսրայելի զավակներին. «Քո Եհովա Աստուծոյ անունը դատարկ տեղը չհիշես, որովհետև Եհովան` իր անունը դատարկ տեղը հիշողին անպատիժ չի թողնիլ» (Ելից Ի.7):
Տերը շեշտել է այդ պատվիրանը ժամանակակից հայտնության խոսքերով. «Հիշե՛ք, որ այն ինչ գալիս է վերևից, սրբազան է, և պետք է խոսվի զգուշությամբ, և Հոգու դրդմամբ» (ՎևՈւ 63.64):
Եղե՛ք մաքուր` մտքով: Տերն ասել է. «Թող բոլոր բաները մաքրությամբ կատարվեն իմ առաջ» (ՎևՈւ 42.41):
Կեղտոտ միտքը դրսևորվում է կեղտոտ ու գռեհիկ լեզվով: Մաքուր միտքը դրսևորվում է դրական ու վեհացնող լեզվով և սրտին երջանկություն պարգևող գործերով:
Եղե՛ք մաքուր մարմնով, հագուստով և վարքագծով: Դաջվածքներ մի՛ արեք: Եթե անեք, մի օր կզղջաք դրա համար: Ցավոտ և թանկ արժե դաջվածքը հեռացնելը:
Եղեք մաքուր, կոկիկ ու կարգապահ: Թափթփված հագուստը հանգեցնում է թափթփված վարքի: Ես այնքան չեմ անհանգստանում, թե ինչ եք հագնում, որքան, որ այն լինի կոկիկ ու մաքուր: Հիշեք Ջոզեֆ Ֆ. Սմիթի երազը: Երբ նա արագ գնում էր դեպի պալատ, թաշկինակով փաթաթված մի փոքր փաթեթ ուներ: Երբ լվացվեց և բացեց այն, նա տեսավ, որ այնտեղ մաքուր հագուստ էր: Որտեղ էլ որ դուք սպասավորեք կամ բաժանեք հաղորդությունը, լավագույն տեսքն ունեցեք: Հավաստիացեք, որ դուք մաքուր եք:
Այսպիսով, իմ սիրելի եղբայրնե՛ր, ես կարող եմ շարունակել: Կուզենայի ձեզ հետ քննարկել այն, թե ինչ է կատարվում ինտերնետում և համակարգիչ օգտագործելիս, որը հանգեցնում է նվաստ մտքերի և գործողությունների: Բավական է ասել, որ դա ամենևին էլ սազական չէ ձեզ, ովքեր կրում են Աստծո քահանայությունը: Դուք Նրա ընտրված ծառան եք, դուք կարգվել եք մի սուրբ ու հրաշալի բանի: Դուք չեք կարող ապրել աշխարհում և գնալ աշխարհի ճանապարհներով: Դուք պետք է վեր լինեք այդ ամենից:
Արդ, իմ սիրելի եղբայրնե՛ր, թող Տերն օրհնի ձեզ: Ձե՛զ, տղանե՛ր, ես կասեմ` կրթություն ստացեք: Երբ ամուսնանաք, դուք պարտավորված կլինեք ապահովելու ձեր ընտանիքը: Հնարավորությունների աշխարհը ձեր առջև է, իսկ կրթությունն այդ դուռը բացող բանալին է: Դա կլինի պալատի դուռը, որը Ջոզեֆ Ֆ. Սմիթը երազում տեսավ, երբ պատանի էր` Հավայան լեռներում քնած:
Աստված օրհնի ձեզ, իմ սիրելի եղբայրնե՛ր: Աղոթքով խոսեք Տիրոջ հետ: Նրա հետ մտերմացեք: Նա Ամենազորն է, որը բարձրացնելու և օգնելու զորություն ունի: Ես աղոթում եմ, որ այդպես լինի, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: