2007
Ապահով վերադարձի կետ
Մայիս 2007թ.


Ապահով վերադարձի կետ

Հիսուս Քրիստոսի Քավության պարգևը բոլոր ժամանակներում և բոլոր վայրերում մեզ ապահովում է ապաշխարության և ներման օրհնություններով:

Որպես օդանավի հրամանատար վերապատրաստվելիս ես սովորեցի ինչպես ղեկավարել օդանավը երկար թռիչքների ժամանակ: Հսկայական օվկիանոսների, լայնատարած անապատների և մայրցամաքների վրայով կատարվող թռիչքներն անհրաժեշտ է մանրակրկիտ ծրագրել, որպեսզի ապահով հասնես ծրագրված նպատակակետին: Առանց կանգառի նման թռիչքները կարող են տևել մինչև 14 ժամ և կտրել մոտավորապես 9,000 մղոն տարածություն:

Նման երկար թռիչքների ժամանակ կարևոր որոշում կայացնելու կետ գոյություն ունի, որը հայտնի է որպես ապահով վերադարձի կետ: Մինչև այդ կետը ինքնաթիռն այնքան վառելիք ունի, որ կարող է պտույտ կատարել և ապահով վերադառնալ այն օդակայան, որտեղից մեկնել էր: Անցնելով ապահով վերադարձի կետը, հրամանատարը կորցնում է այդ հնարավորությունը և պետք է շարունակի առաջ գնալ: Ահա թե ինչու է այդ կետը հաճախ համարվում կետ, որտեղից վերադարձ չկա:

Մեր կյանքում կա՞ն կետեր, որտեղից վերադարձ չկա:

Սատանան` «բոլոր ստերի հայրը» (2 Նեփի 2.18), «հակառակության հայրը» (3 Նեփի 11.29), «բոլոր մեղքերի հեղինակը» (Հելաման 6.30), և «Աստծո թշնամին» (Մորոնի 7.12), օգտագործում է չարի ուժերը, որպեսզի մեզ համոզի, որ երբ մեղանչում ենք, այս գաղափարն է աշխատում: Սուրբ գրությունները նրան անվանում են «չարախոս», որովհետև նա ուզում է, որ մենք համարենք, որ մեզ համար ներում չկա (տես Հայտնություն ԺԲ.10): Սատանան ցանկանում է, որ մենք մտածենք, որ երբ մեղանչել ենք, անցել ենք «այն կետը, որտեղից վերադարձ չկա», որ շատ ուշ է մեր ուղին փոխելը: Մեր գեղեցիկ, սակայն նաև անհանգիստ աշխարհում, տխուր իրականություն է այն, որ նման դիրքորոշումը ընտանիքների, ամուսնությունների և անհատների կյանքում մեծ ցավի, վշտի և դժբախտության պատճառ է դառնում:

Սատանան փորձում է հակառակվել Աստծո աշխատանքին, և այդիսով նա կարող է խաբել շատերին: Որպեսզի մենք կորցնենք մեր հույսը, նրա պես թշվառ զգանք մեզ և հավատանք, որ մեզ համար այլևս ներում չկա, սատանան կարող է անգամ սխալ օգտագործել սուրբ գրությունների խոսքերը, որոնք ընդգծում են Աստծո արդարադատությունը, որպեսզի հասկացնի, որ ողորմածություն գոյություն չունի:

Ո՞րն է Տիրոջ ծրագիրը մեր ապահով վերադարձի համար:

Չարի ազդեցությունից պաշտպանությունը գալիս է Հիսուս Քրիստոսի ավետարանով: Բարի լուր է այն, որ Հիսուս Քրիստոսը կատարյալ Քավություն գործեց մարդկության համար: Աստծո հետ մարդու հաշտեցումը` սիրո, հույսի և ողորմածության ուղերձ է:

Մեղքը աստվածային օրենքը կամովին զանց առնելն է: Հիսուս Քրիստոսի Քավությունը Աստծո պարգևն է Իր զավակներին` մեղքի հետևանքները շտկելու և հաղթահարելու համար: Աստված սիրում է Իր բոլոր զավակներին, և Նա երբեք չի դադարի սիրել և հույս տածել մեզ համար: Մեր Երկնային Հոր ծրագիրը պարզ է, և Նրա խոստումները մեծ են. «Որովհետև Աստված իր Որդին չուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատե, այլ որ աշխարհքը … փրկուի» (Հովհ. Գ.17):

Քրիստոսը եկավ փրկելու մեզ: Եթե մենք սխալ ուղով գնանք, Հիսուս Քրիստոսի Քավությունը կարող է մեզ հավաստիացնել, որ մեղքն անվերադարձ կետ չէ: Ապահով վերադարձը հնարավոր է, եթե մենք հետևենք մեր փրկության համար նախատեսված Աստծո ծրագրին:

Մենք ստացել ենք այս ծրագիրը տիեզերքի բարձրագույն իշխանությունից, այսինքն` Աստծուց, մեր Երկնային Հորից: Այդ ծրագիրը կազմվել էր նախքան երկրի հիմնադրումը: Դա երջանկության մեծ ծրագիր է` ողորմածության, փրկագնման, փրկության ծրագիր: Այս ծրագիրը մեզ հնարավորություն է տալիս ֆիզիկապես գոյություն ունենալ` ներառյալ մահականցու կյանքը, որը փորձնական ժամկետ է, և վերադառնալ Աստծո ներկայություն և ապրել հավերժական երջանկության ու փառքի մեջ: Սա բացատրվում է Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի վարդապետություններում:

Այս ծրագրին հետևելով կունենանք գեղեցիկ հավերժական հետևանքներ` մեզ համար որպես անհատներ, մեր ընտանիքների, ապագա սերունդների և նույնիսկ անցած սերունդների համար: Այդ ծրագիրը ընդգրկում է աստվածային հաշտեցում և ներում:

Ինչպե՞ս է աստվածային ներումը հնարավոր դառնում:

Մենք գիտակցում ենք, որ «ամենքը մեղանչեցին և Աստուծոյ փառքիցը պակասուած են» (Հռովմայեցիս Գ.23), սակայն մենք նաև համոզվածությամբ հայտարարում ենք, որ ապաշխարությունն ու ներումը կարող են նույնքան իրական լինել, որքան մեղքը:

Հիսուս Քրիստոսի Քավությունը յուրաքանչյուր անհատի հաշվետու է դարձնում իր կատարած մեղքերի համար: Մենք կհաղթահարենք անհատական մեղքի հետևանքները` հայցելով Քավության օրհնություններն ու օգուտները:

Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյն ասել է. «Հիսուս Քրիստոսի ավետարանի յուրաքանչյուր սկզբունք ու արարողություն նշանակալից և կարևոր է … սակայն մարդկային ընտանիքի փրկության համար պակաս կարևոր չէ ապաշխարության աստվածային և հավերժական գործող սկզբունքը» (Gospel Ideals [1953], 13):

«Քանզի փրկությունն … ոչ մեկին չի գա, բացի դա լինի ապաշխարության և առ Տեր Հիսուս Քրիստոսը հավատքի միջոցով» (Մոսիա 3.12):

Ապաշխարությունն ինքնին չի փրկում մարդուն: Հիսուս Քրիստոսի արյունն է, որ փրկում է մեզ: Մեր վարքի անկեղծ ու իրական փոփոխությամբ չէ միայն, որ մենք փրկվում ենք, այլ «շնորհի միջոցով է, որ մենք փրկվում ենք` այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել» (2 Նեփի 25.23): Ինչևէ, անկեղծ ապաշխարությունն անհրաժեշտ պայման է, որպեսզի Աստծո ներումը գա մեր կյանք: Անկեղծ ապաշխարությունը «մութ գիշերը պայծառ օրի է վերածում» (Spencer W. Kimball, The Miracle of Forgiveness [1969], 362):

Ի՞նչ է իր մեջ ներառում անկեղծ ապաշխարությունը:

Մենք առ Քրիստոս անսասան հավատքի կարիք ունենք, որպեսզի կարողանանք ապաշխարել: Մեր հավատքը պետք է «ճիշտ ներկայացնի Աստծո բնավորությունը, կատարյալ արժանիքներն ու հատկանիշները» (Lectures on Faith [1985], 38): Եթե հավատանք, որ Աստված գիտի բոլոր բաները, սիրող և ողորմած է, մենք կկարողանանք անվարան վստահել Նրան մեր փրկության համար:

Անկեղծ ապաշխարությունը մեզ վերադարձնում է անելու այն, ինչ ճիշտ է: Որպեսզի անկեղծորեն ապաշխարենք, մենք պետք է ընդունենք մեր մեղքերը և զղջանք, կամ զգանք աստվածային տրտմություն, և խոստովանենք այդ մեղքերն Աստծուն: Եթե մեր մեղքերը լուրջ են, մենք պետք է նաև խոստովանենք դրանք մեր լիազորված քահանայության ղեկավարին: Մենք պետք է խնդրենք Աստծուն, որ ների մեզ և անենք այն ամենը, ինչ կարող ենք, որ ուղղենք մեր գործողությունների արդյունքում պատճառված վնասը: Ապաշխարություն նշանակում է մտքի ու սրտի փոփոխություն` մենք դադարում ենք անել այն ամենը, ինչը սխալ է, և սկսում ենք անել այն, ինչ ճիշտ է: Դա նորոգում է Աստծո, մեր և ընդհանրապես կյանքի հանդեպ մեր մոտեցումը:

Որո՞նք են ներման պտուղները:

Անկեղծ ապաշխարությունը օրհնում է մեր կյանքը Քավության օգնությամբ` մենք զգում ենք Աստծո ներումը և Նրա խաղաղությունը, և մեր մեղքն ու ցավը վերցվում է, մենք ավելի առատորեն ենք վայելում Հոգին, և մենք ավելի լավ ենք պատրաստվում ապրելու մեր Երկնային Հոր հետ:

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ուսուցանել է. «Ներման հրաշքը կայանում է նրանում, որ այն խաղաղություն է պարգևում նախկինում մտահոգ, անհանգիստ, շփոթված, գուցե թե տառապող հոգուն … Աստված կսրբի … տառապանքի … ցավի … վախի և մեղքի արցունքները» (The Miracle of Forgiveness, 363, 368):

Հիսուսը խոստացել է. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ … ձեր սիրտը չխռովի և չվախենա» (Հովհ. ԺԴ.27):

Մարգարե Ալման, որն Աստծո ներման շնորհիվ մեղքից դարձել էր դեպի երջանկությունը, հայտարարեց. «Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել» (Ալմա 41.10): Նա ունեցել էր մեղքի ամենասոսկալի ցավերը, սակայն նաև խանդավառությամբ էր խոսել այն երջանկության մասին, որը գալիս է անկեղծ ապաշխարության և ներման շնորհիվ. «Այո, ես ասում եմ ձեզ, … չէր կարող լինել ոչինչ այնպես ուժգին և քաղցր, ինչպիսին իմ ուրախությունն էր» (Ալմա 36.21): Ալման ավարտում է զորավոր և իմաստուն խորհրդով, ուղղված բոլոր նրանց, ովքեր ներում են փնտրում. «Եվ այժմ … ես փափագում եմ, որ դուք այլևս չթողնեք, որ այս բաները խռովեն ձեզ, և թող միայն ձեր մեղքերը խռովեն ձեզ այնպիսի մի խռովքով, որը կբերի ձեզ վար` դեպի ապաշխարություն» (Ալմա 42.29):

Ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ Աստված ներել է մեզ:

Նախագահ Հարոլդ Բ. Լին ասել է. «Երբ դուք ձեր ուժերի սահմանում արել եք ամեն ինչ, որպեսզի հաղթահարեք ձեր սխալները, և ձեր սրտում վճռել եք այլևս երբեք չկրկնել դրանք, ապա խղճի հանգստություն [կզգաք], որով կիմանաք, որ ձեր մեղքերը ներվել են» (in “Law of Chastity Vital, Girls Told,” Church News, Sept. 2, 1972, 7):

Երբ անկեղծորեն ապաշխարում ենք, Քրիստոսը հեռացնում է մեր մեղքերի համար ունեցած մեղավորության ծանրությունը: Մենք կիմանանք, որ ներվել ենք և մաքրվել: Սուրբ Հոգին կհաստատի դա մեզ. Նա է Սրբագործողը: Ներման ուրիշ ոչ մի վկայություն ավելի մեծ չէ:

Տերն ասել է. «Նա, ով ապաշխարում և կատարում է Տիրոջ պատվիրանները, պիտի ներվի» (ՎևՈւ 1.32; շեղագրումն ավելացված է): «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորուածներ, և ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթեոս 11.28): «Հավատարիմ և ջանասեր եղիր … և ես կօղակեմ քեզ իմ սիրո բազուկներով» (ՎևՈւ 6.20):

Եվ նա հայտարարել է. «Ահա, նա, ով ապաշխարել է իր մեղքերից, նույնը ներված է, և ես՝ Տերս, այլևս չեմ հիշում դրանք» (ՎևՈւ 58.42):

Սատանան կփորձի մեզ համոզել, որ մեր մեղքերը չեն ներվում, որովհետև մենք հիշում ենք դրանք: Սատանան ստում է, նա փորձում է աղավաղել մեր տեսադաշտը և հեռացնել մեզ ապաշխարության ու ներման ուղուց: Աստված չի խոստացել, որ մենք չենք հիշի մեր մեղքերը: Հիշելը կօգնի մեզ խուսափել նույն սխալը կրկնելուց: Սակայն, եթե մենք հավատարիմ ու նվիրված մնանք, ժամանակի հետ մեր մեղքերի հիշողությունը կթուլանա: Սա կլինի անհրաժեշտ ապաքինման և սրբագործման գործընթացի մի մասը: Ալման վկայել է, որ երբ նա աղաղակեց Հիսուսին ողորմածության համար, նա դեռևս հիշում էր իր մեղքերը, սակայն իր մեղքերի հիշողությունը այլևս չէր ճնշում ու կեղեքում իրեն, որովհետև նա գիտեր, որ ներվել էր (տես Ալմա 36.17–19):

Մեր պատասխանատվությունն է` խուսափել այն ամենից, ինչը մեզ հին մեղսավոր մտքերին է ետ բերում: Երբ շարունակում ենք ունենալ «կոտրված սիրտ ու փշրված հոգի» (3 Նեփի 12.19), մենք կարող ենք վստահել, որ Աստված այլևս «չի հիշի մեր մեղքերը»:

Ինչպե՞ս է ներելն օգնում մեզ Աստծո ներումը ստանալ:

Հիսուսը մեզ հավերժական ճշմարտություն է սովորեցրել, երբ սովորեցրել է աղոթել. «Ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին … Քանզի, եթե դուք ներեք մարդկանց իրենց զանցանքները, ձեր երկնային Հայրն էլ ձեզ կների. բայց եթե դուք չներեք … ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր զանցանքները» (3 Նեփի 13.14–15):

Ուստի, ներում ստանալու համար ներելը նախապայման է հանդիսանում:

Մեր իսկ բարիքի համար, մենք քաջություն պետք է ունենանք ներելու և ներում խնդրելու: Երբեք հոգին այնքան ազնվացած և արիացած չէ, որքան երբ ներում ենք: Սա վերաբերում է ինքներս մեզ ներելուն ևս:

Մեզանից յուրաքանչյուրը գտնվում է աստվածային պարտավորության ներքո` ներողամտությամբ, ողորմածությամբ ու ներելով հասնել միմյանց: Քրիստոսանման այսպիսի մոտեցման մեծ կարիք կա մեր ընտանիքներում, մեր ամուսնական կյանքում, մեր ծխերում և ցցերում, մեր համայնքներում և մեր երկրներում:

Մենք կստանանք ներման ուրախությունը մեր կյանքում, երբ կամենանք այդ ուրախությունը պատճառել ուրիշներին: Խոսքով ներելը բավական չէ: Մենք պետք է մեր սրտերն ու մտքերն ազատենք կեղեքող զգացումներից ու մտքերից և թույլ տանք լցվել Քրիստոսի լույսով ու սիրով: Արդյունքում Տիրոջ Հոգին կլցնի մեր հոգիները ուրախությամբ, որի հետ կգա նաև խղճի աստվածային հանգստությունը (տես Մոսիա 4.2–3):

Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, իմ սիրելի երիտասարդ ընկերնե՛ր, երբ երկարատև թռիչք իրականացնող ինքնաթիռի հրամանատարն անցնում է ապահով վերադարձի կետը, և դիմակայող քամիները շատ ուժգին են կամ թռիչքի բարձրությունը շատ ցածր է, նա կարող է ստիպված վայրէջք կատարել ոչ թե իր նպատակային, այլ մեկ ուրիշ օդակայանում: Այդպես չի կարող լինել դեպի մեր երկնային տուն ետ տանող մեր կյանքի ճամփորդության ժամանակ: Որ կետում էլ որ դուք գտնվեք կյանքի այս ճամփորդության մեջ, ինչպիսի փորձությունների էլ որ դիմակայեք, միշտ ապահով վերադարձի կետ կա, միշտ հույս կա: Դուք ձեր կյանքի հրամանատարն եք, և Աստված ծրագիր է կազմել` ձեզ ապահով Իր մոտ` ձեր աստվածային նպատակակետին հասցնելու համար:

Հիսուս Քրիստոսի Քավության պարգևը մեզ ապահովում է բոլոր ժամանակներում և բոլոր վայրերում ապաշխարության և ներման օրհնություններով: Այս պարգևի շնորհիվ, մեղքի աղետալի ուղուց ապահով ետ դառնալու հնարավորությունը մատչելի է բոլորիս:

Սրա համար ես երախտապարտ եմ մեր Երկնային Հորը, և այս մասին ես վկայում եմ իմ ողջ սրտով և հոգով, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: