2007
Այն, ինչ ես գիտեմ
Մայիս 2007թ.


Այն, ինչ ես գիտեմ

Ես ուզում եմ ձեզ բերել իմ վկայությունը այս աշխատանքի հիմնական ճշմարտությունների վերաբերյալ:

Նկար

Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես ուրախ եմ ձեզ հետ խոսելու հնարավորության համար: Ես շնորհակալ եմ ձեզ, ինձ համար հղած ձեր աղոթքների համար: Ես անչափ երախտապարտ եմ ձեզ: Բարձրագույն Իշխանությունում իմ 49 տարիների ընթացքում գերագույն համաժողովներին ես խոսել եմ ավելի քան 200 անգամ: Ես այժմ 97 տարեկան եմ: Քամին փչում է, և ես ինձ զգում եմ ծառի վրայի վերջին տերևի պես:

Իրականում, իմ առողջությունը բավականին լավ է, հակառակ բոլոր ասեկոսեներին: Մասնագետ բժիշկներն ու բուժքույրերը ինձ համար լավ հոգ են տանում: Ձեզանից ոմանք հնարավոր է ինձանից շուտ գնան: Ինչևէ, հաշվի առնելով իմ տարիքը, ես ուզում եմ ձեզ բերել իմ վկայությունը այս աշխատանքի հիմնական ճշմարտությունների վերաբերյալ:

Խոստովանում եմ, որ ես ամեն ինչ չգիտեմ, սակայն որոշ բաներում ես վստահ եմ: Այս առավոտ ես կխոսեմ այն մասին, ինչ գիտեմ:

Երբ Կոնստանտինոս կայսրը դարձի եկավ դեպի Քրիստոնեությունը, նա տեղեկացավ, որ բաժանումներ կան քահանաների մեջ Աստվածության բնույթի հարցում: Դա հաղթահարելու նպատակով, 325թ. Նիկիայում նա հավաքեց այդ օրերին հայտնի աստվածաբաններին: Յուրաքանչյուրին հնարավորություն տրվեց ներկայացնելու իր տեսակետները: Վիճաբանությունն էլ ավելի թեժացավ: Երբ ընդհանուր հայտարարի չհանգեցին, փոխզիջման գնացին: Այն հայտնի դարձավ որպես Նիկիայի համոզմունք, և դրա հիմնական տարրերն անգիր գիտեն Քրիստոնյա հավատացյալների մեծ մասը:

Ես անձնապես չեմ կարողանում հասկանալ այն: Ինձ համար այդ համոզմունքը շփոթեցնող է:

Որքան խորապես եմ ես երախտապարտ, որ մենք այս Եկեղեցում չենք ապավինում Աստվածության բնույթի վերաբերյալ մարդու ստեղծած որևէ սահմանման: Մեր գիտելիքը գալիս է ուղղակիորեն Ջոզեֆ Սմիթի անձնական փորձառությունից, որը լինելով մի պատանի, խոսեց Աստծո` Երկնային Հոր և Նրա Սիրելի Որդու` Հարություն առած Տիրոջ հետ: Նա ծնկի էր եկել Նրանց ներկայությամբ, նա լսեց Նրանց ձայնը, և պատասխանեց: Նրանք առանձին անձնավորություններ էին: Զարմանալի չէր, որ նա ասաց իր մորը, որ ինքն իմացել է, որ նրա եկեղեցին ճշմարիտ չէ: Եվ այսպես, այս Եկեղեցու հիմնական մեծ վարդապետություններից մեկն է մեր հավատը առ Աստված` Երկնային Հայրը: Նա իրական և անհատական մի էակ է: Նա տիեզերքի մեծ Կառավարիչն է, սակայն Նա մեր Հայրն է, և մենք Նրա զավակներն ենք:

Մենք աղոթում ենք Նրան, և այդ աղոթքները հաղորդակցություն են Աստծո և մարդու միջև: Ես վստահ եմ, որ Նա լսում է մեր աղոթքները և պատասխանում է դրանց: Ես չէի կարող ուրանալ դա: Ես անչափ շատ պատասխանված աղոթքներ եմ ունեցել:

Ալման հրահանգեց իր որդի Հելամանին` ասելով. «Խորհուրդ արա Տիրոջ հետ քո բոլոր գործերում, և նա ուղղություն ցույց կտա քեզ բարու համար. այո, երբ դու պառկես գիշերը, պառկիր ի Տերը, որ նա կարողանա հսկել քեզ, քնիդ մեջ. և երբ դու վեր կենաս առավոտյան, թող քո սիրտը լի լինի գոհությամբ առ Աստված. և եթե դու անես այս բաները, դու պիտի բարձրացվես վերջին օրը» (Ալմա 37.37):

Երկրորդ մեծ համոզվածությունը, որ ունեմ, հիմնված է Մարգարե Ջոզեֆի տեսիլքի վրա: Դա այն է, որ Հիսուսն ապրում է: Նա է Կենդանի Քրիստոսը: Նա է Հին Կտակարանի Եհովան և Նոր Կտակարանի Մեսիան: Իր Հոր ղեկավարության ներքո, Նա եղավ աշխարհի Արարիչը: Հովհաննեսի ավետարանը սկսվում է հետևյալ հրաշալի խոսքերով. «Սկզբումն էր Բանը. և Բանն Աստուծոյ մոտ էր և Բանն Աստուած էր:

Նա սկզբում Աստծո մոտ էր:

Ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրան ոչինչ չեղավ, ինչ-որ եղավ» (Հովհաննես Ա.1–3):

Ուշադրություն դարձրեք հատկապես վերջին հատվածի վրա. «Ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրան ոչինչ չեղավ, ինչ-որ եղավ»:

Նա մեծ Արարիչն էր: Նրա մատն էր, որ Սարի վրա պատվիրանները գրեց: Այդ Նա էր, որը թողեց Իր թագավորական պալատները բարձրում և եկավ երկիր` ծնվելով ամենահամեստ պայմաններում: Իր կարճ ծառայության ընթացքում Նա բուժեց հիվանդներին, տեսողություն պարգևեց կույրերին, կենդանացրեց մահացածներին և հանդիմանեց դպիրներին ու Փարիսեցիներին: Նա միակ կատարյալ մարդն էր, որ երբևէ քայլել է այս աշխարհում: Այս ամենը Նրա Հոր ծրագրի մի մասն էր: Գեթսեմանի այգում Նա այնքան մեծ տառապանք կրեց, որ քրտինքը արյունի կաթիլներ էր, երբ Նա աղերսում էր Իր Հորը: Սակայն այս ամենը Նրա քավող մեծ զոհաբերության մի մասն էր: Նրան ամբոխը տարավ Պիղատոսի առաջ` աղաղակելով, որ Նա մահվան դատապարտվի: Նա տանում էր խաչը` Իր մահվան գործիքը: Գողգոթայի վրա Նա տվեց Իր կյանքը` բացականչելով. «Հայր, թողիր դրանց, որովհետև չգիտեն թե ինչ են անում» (Ղուկաս 23.34):

Նրա մարմինը զգուշորեն դրվեց Հովսեփ Արիմաթիացու գերեզմանում: Սակայն երեք օր անց, այդ առաջին Զատկի առավոտյան, գերեզմանը դատարկ էր: Մարիամ Մագդաղենացին խոսեց Նրա հետ, Նա էլ խոսեց Մարիամի հետ: Նա հայտնվեց Իր Առաքյալներին: Նա քայլեց երկու հետևորդների հետ Էմմաուսի ճանապարհին: Եվ, մեզ ասվում է, որ Նրան տեսան մոտ 500 ուրիշներ (տես Ա Կորնթացիս ԺԵ.6):

Նա ասել էր. «Եվ ուրիշ ոչխարներ էլ ունիմ, որ այս գավթիցը չեն, և նրանց էլ պետք է բերեմ. և իմ ձայնին կլսեն. և մի հոտ և մի հովիվ կլինին» (Հովհ. Ժ.16): Հետևաբար, Նա հայտնվեց արևմտյան կիսագնդի Բաունթիֆուլ երկրում հավաքվածներին: Այստեղ Նա ուսուցանեց մարդկանց, ինչպես Նա ուսուցանել էր նրանց Հին աշխարհում: Այս ամենը մանրամասն գրված է Մորմոնի Գրքում, որը հանդիսանում է մեր Տիրոջ աստվածության վերաբերյալ երկրորդ վկայությունը:

Եվ պիտի կրկնեմ, Նա և Նրա Հայրը հայտնվեցին պատանի Ջոզեֆին, Հայրը ներկայացնելով Որդուն, ասաց. «Սա է Իմ Սիրելի Որդին: Լսի՛ր Նրան» (Ջոզեֆ Սմիթ Պատմություն 1.17):

Այժմ, հաջորդ բանը, որում ես վստահ եմ, և որի մասին բերում եմ իմ վկայությունը, դա Տեր Հիսուս Քրիստոսի Քավությունն է: Առանց դրա կյանքն անիմաստ է: Դա մեր գոյության կամարի պորտաքարն է: Դա հաստատում է, որ մենք ապրել ենք նախքան մահկանացու կյանքում ծնվելը: Մահկանացու կյանքը մի քայլ է դեպի հետագա ավելի փառահեղ վիճակ: Մահվան տառապանքն ամոքվում է Հարության խոստումով: Սուրբ Ծնունդ չէր լինի, եթե չլիներ Զատիկ:

Ես կխոսեմ հաջորդ մեծ համոզվածության մասին, որը կապված է Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման հետ: Քահանայության վերականգնում է տեղի ունեցել, կամ Աստծո անունով խոսելու իշխանություն է տրվել մարդուն: Այս քահանայությունն ունի երկու կարգ` ցածրագույն, հայտնի որպես Ահարոնյան, որը վերականգնվել է Հովհաննես Մկրտչի ձեռքերի ներքո: Քահանայության բարձրագույն կարգը` Մելքիսեդեկյանը, վերականգնվել է Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի ձեռքերի ներքո:

Ահարոնյան Քահանայությունը վերականգնելիս, հարություն առած Հովհաննես Մկրտիչն իր ձեռքերը դնելով Ջոզեֆ Սմիթի և Օլիվեր Քաուդերիի գլխին ասել է. «Իմ ընկերակի՛ց ծառաներ, Մեսիայի անունով, ես շնորհում եմ ձեզ Ահարոնի Քահանայությունը, որը կրում է բանալիները՝ հրեշտակների սպասավորության, և ապաշխարության ավետարանի, և ընկղմամբ մկրտության՝ մեղքերի թողության համար» (ՎևՈւ 13.1):

Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը ծեր տարիքում իր խոսքն է հղել Եկեղեցու երիտասարդներին և ասել է. «Ես ցանկանում եմ ձեր մեջ նստի մի փաստ, որ տարբերություն չկա, մարդը Քահանա է, թե Առաքյալ, եթե նա մեծարում է իր կոչումը: Քահանան կրում է հրեշտակների սպասավորման բանալիները: Իմ կյանքում որպես Առաքյալ, Յոթանասունական, կամ Երեց, ես երբեք ավելի շատ պաշտպանված չեմ եղել Տիրոջից, քան երբ Քահանայի պաշտոնն եմ կրել» (in Millennial Star, Oct. 5, 1891, 629):

Մելքիսեդեկյան կամ Բարձրագույն Քահանայությունը իշխանություն է տալիս մարդուն իր ձեռքերը դնել ուրիշների գլխին և օրհնություններ տալ: Նրանք օրհնում են հիվանդներին: Ինչպես Հակոբոսն է հայտարարել Նոր Կտակարանում. «Եթե ձեզանից մեկը հիվանդ է, թող եկեղեցու երեցներին կանչէ, որ նորա վրա աղոթք անեն, նորան յուղով օծեն Տիրոջ անունովը» (Հակոբոս Ե.14):

Իսկ վերջում ես կհիշատակեմ Տիրոջ տան օրհնությունները, որոնք եկել են հին ավետարանի Վերականգնման արդյունքում:

Այս տաճարները, որոնք մենք բազմապատիկ անգամ շատացրել ենք վերջին տարիներին, օրհնություններ են պարգևում, որոնք ուրիշ ոչ մի տեղ չկան: Այն, ինչ կատարվում է այս սուրբ տներում, առնչվում է մարդու հավերժական բնույթին: Այստեղ ամուսինները և կանայք կնքվում են միասին որպես ընտանիքներ ողջ հավերժության համար: Ամուսնությունը այն չէ, ինչ «մինչև մահը կբաժանի»: Այն հավետ է, եթե երկու կողմն էլ արժանի են ապրում այդ օրհնությանը: Այս ամենի մեջ ամենանշանակալին Տիրոջ տանը փոխարինող աշխատանք կատարելու իշխանությունն է: Այստեղ արարողություններ են կատարվում մահացածների համար, ովքեր հնարավորություն չեն ունեցել ստանալ դրանք այս կյանքում:

Ինձ վերջերս պատմեցին մի այրի կնոջ մասին Այդահո Ֆոլսից: 15 տարվա ընթացքում նա փոխանորդ էր եղել` տաճարային օժտում պարգևելով 20,000 հոգու Այդահո Ֆոլս Այդահո Տաճարում: Նա ավարտել էր իր 20,000-րդ օժտումը ուրբաթ օրը և շաբաթ օրը կրկին եկել կատարելու հինգ օժտում ևս: Հաջորդ շաբաթ նա մահացել էր:

Ուղղակի մտածեք, թե ինչ է այդ փոքր կինը արել: Նա կատարել էր այդ փոխարինող օժտումներն այնքան մարդու համար, որքան հավաքված են այս Համաժողովների Կենտրոնում այս առավոտ: Մտածեք, թե ինչպիսի ընդունելության է նա արժանացել մյուս կողմում:

Արդ, իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, սա է իմ վկայությունը, որը ես հանդիսավորությամբ բերում եմ ձեր առաջ:

Աստված օրհնի ձեզ, յուրաքանչյուրիդ, Վերջին Օրերի հավատարիմ Սրբե՛ր: Թող խաղաղություն և սեր լինի ձեր տներում, և հավատքն ու աղոթքն առաջնորդեն ձեզ ձեր բոլոր ձեռնարկումներում, ես խոնարհ աղոթում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

Տպել