Թող առաքինությունը զարդարի ձեր մտքերն անդադար
Եթե դուք վերահսկեք ձեր կյանքը, ապագան լի է հնարավորություններով և ուրախությամբ:
Իմ սիրելի երիտասարդ աղջիկնե՛ր, ինչպիսի հրաշալի տեսարան է, երբ հավաքված եք այս մեծ դահլիճում: Ձեզ հետ են ձեր մայրերը, տատիկներն ու ուսուցիչները: Բացի այս Համաժողովների Կենտրոնից ձեզ նման հարյուր հազարավոր աղջիկներ են հավաքվել ամբողջ աշխարհում: Նրանք կլսեն մեզ տարբեր լեզուներով: Մեր խոսքը կթարգմանվի իրենց մայրենի լեզվով: Ձեզ հետ խոսելու հնարավորությունը ճնշող պատասխանատվություն է: Բայց դա նաև հրաշալի հնարավորություն է: Ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգին ուղղություն տա ինձ խոսելիս:
Նախորդ ելույթ ունեցողները պերճախոս ներկայացրեցին այս հավաքի թեման: Ես միայն կհիշատակեմ այն: Դա Տիրոջ հայտնած խոսքն է, որը գտնվում է Վարդապետություն և Ուխտերի 121-րդ բաժնում: Այն ասում է.
«Թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար. այն ժամանակ քո վստահությունը կամրապնդվի Աստծո ներկայության մեջ. և քահանայության վարդապետությունը երկնքի ցողի պես կիջնի քո հոգու վրա:
Սուրբ Հոգին կլինի քո հաստատուն ընկերը, և քո գավազանը կլինի արդարության ու ճշմարտության անփոփոխ գավազան. և քո տիրապետությունը կլինի հավիտենական տիրապետություն, և առանց հարկադրանքի կհոսի դեպի քեզ հավիտյանս հավիտենից» (հհ. 45–46):
Կարո՞ղ էր արդյոք ավելի մեծ խոստում լինել, քան Տիրոջ հայտնած այս հիասքանչ խոսքերը: Դա Տիրոջ Խոսքն է, տրված Մարգարե Ջոզեֆ Սմիթին: Այն իր մեջ կրում է հրաշալի խոստում բոլոր նրանց, ովքեր իրենց մտքերն անդադար զարդարում են առաքինությամբ:
Երիտասարդ աղջիկնե՛ր, այժմ դուք գտնվում եք կյանքի շեմին: Դուք այն տարիքում եք, որ արդեն մկրտվել եք: Դուք այնքան երիտասարդ եք, որ ձեր երազած ապագան դեռևս ձեր առջև է: Ձեզանից յուրաքանչյուրը Աստծո զավակն է: Յուրաքանչյուրը Աստվածության արարում է: Դուք իսկապես Ամենազորի դուստրն եք: Ձեր ներուժն անսահման է: Եթե դուք վերահսկեք ձեր կյանքը, ապագան լի է հնարավորություններով և ուրախությամբ: Դուք չեք կարող թույլ տալ, որ վատնեք ձեր տաղանդներն ու ձեր ժամանակը: Մեծ հնարավորություններ են սպասում ձեզ ապագայում:
Այժմ ես ձեզ շատ հասարակ բաղադրատոմս կտամ, որը եթե պահեք, կերաշխավորի ձեր երջանկությունը: Դա չորս կետից բաղկացած ծրագիր է: Այն է` (1) աղոթել, (2) ուսումնասիրել, (3) վճարել ձեր տասանորդը և (4) հաճախել ձեր հավաքներին:
Ինչ վերաբերում է առաջին կետին` անձնական աղոթքին, դուք մեր Երկնային Հոր զավակներն եք: Նա ձեր երկնային ծնողն է: Խոսեք Նրա հետ: Ամեն գիշեր ու առավոտ ծնկի իջեք և Նրան հայտնեք ձեր սրտի երախտագիտությունը: Խոսեք այն օրհնությունների մասին, որոնք ցանկանում եք և որոնց կարիքն ունեք: Երբեք մի մոռացեք, որ այս Եկեղեցին սկսել է իր հոր ագարակի ծառերի պուրակում ասված պատանի Ջոզեֆ Սմիթի խոնարհ աղոթքով: Այդ հրաշալի փորձից, որը մենք կոչում ենք Առաջին Տեսիլք, սկսեց աճել այս մեծ աշխատանքը մինչ օրս, այն հաստատվել է 160 պետություններում, որի անդամների թիվն անցնում է 12 միլիոնից: Դա քարի մասին Դանիելի տեսիլքի մարմնավորումն է, որտեղ քարը պոկվեց սարից առանց ձեռքի և գլորվելով լցրեց ամբողջ աշխարհը (տես Դանիել Բ.44–45):
Ոչ միայն դուք կարող եք անհատապես աղոթել, այլ կարող եք քաջալերել ձեր ծնողներին ընտանիքով աղոթել, եթե նրանք արդեն իսկ չեն անում դա: Աղոթքը կամուրջ է, որով մենք մոտենում ենք մեր Երկնային Հորը: Դրա համար պետք չէ վճարել: Այն պահանջում է միայն հավատք ու ջանքեր: Ոչինչ այնքան պարգևատրող չէ, որքան խոնարհ աղոթքով ծնկի գալը: Այն արտահայտում է սերը Աստվածության հանդեպ, որն ամեն բարի բան տվողն է: Դրան ոչինչ չի կարող փոխարինել: Դա անձնական հաղորդակցում է Աստծո հետ:
Երկրորդ կետը` ուսումնասիրելն է: Ի՞նչ է պարփակված այս տասնմեկ տառից բաղկացած բառում: Դա սուրբ գրություններն ուսումնասիրելն է: Դուք կարող է մի քանի հատվածներ կարդաք Հին Կտակարանից, սակայն այն մեծ դաս կպարունակի: Նոր Կտակարանը ոսկու հանք է: Այն պարունակում է չորս ավետարաններ` Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի, ինչպես նաև Առաքյալների Գործքը և այլ գրվածքներ: Փորձեք կարդալ ավետարաններից մեկը, մի գուցե Հովհաննեսի ավետարանը: Երբ այն կարդաք, վերցրեք Մորմոնի Գիրքը:
Երկու տարի առաջ, ես կոչ արեցի ամբողջ Եկեղեցուն մինչև տարվա վերջ կարդալ Մորմոնի Գիրքը: Ապշեցուցիչ էր, թե որքան մարդիկ ընդունեցին այդ կոչը: Ամեն ոք, ով կարդաց այն, օրհնվեց իր ջանքերի համար: Երբ նրանք խորասուզվեցին մեր Քավիչի մասին այս հավելյալ վկայության մեջ, նրանց սրտերն աշխուժացան և նրանց հոգիները հուզվեցին: Ձեզանից ոմանք բավականին փոքր էին, որպեսզի այն ժամանակ կարդային այդ գիրքը, սակայն այժմ շատ փոքր չեք այն կարդալու համար:
Բացի կրոնական ուսումնասիրությունից, գոյություն ունի դպրոցական կրթություն: Այժմ վճռեք, քանի դեռ երիտասարդ եք, որ կստանաք ձեր կարողության չափով հնարավոր կրթությունը: Մենք ապրում ենք շատ մրցակցային ժամանակներում և այն էլ ավելի մրցակցային կդառնա: Կրթությունը բանալի է, որը կբացի հնարավորության դուռը:
Դուք կարող եք ծրագրել ամուսնանալ, և հույս ունենալ դրա համար, բայց հաստատ չգիտեք, որ դա կլինի: Եվ անգամ եթե ամուսնանում եք, կրթությունը մեծ օգուտ կբերի ձեզ: Մի՛ ձգձգեք, թողնելով, որ օրերն անցնեն և թողնելով ձեր կյանքն առանց բարելավման: Տերը կօրհնի ձեզ, եթե ջանքեր գործադրեք: Ձեր կյանքը կհարստանա և ձեր տեսադաշտը կընդլայնվի, երբ ձեր միտքը բացվի նոր տեսարանների և գիտելիքի համար:
Հաջորդ կետն է` տասանորդ վճարելը: Փառահեղ է Տիրոջ խոստումը նրանց, ովքեր վճարում են իրենց տասանորդը: Ժամանակակից հայտնության մեջ Նա ասում է, որ նրանք «չեն այրվի» (տես ՎևՈւ 64.23):
Նրա մեծ խոստումը գտնվում է Մաղաքիայի խոսքերում. Նա ասել է. «Մի՞թե մարդ Աստուած կխաբե, որ դուք ինձ խաբում եք. բայց դուք ասում եք. Ի՞նչ բանում ենք քեզ խաբում. տասանորդումը և ընծայումը …
Բոլոր տասանորդը տարեք գանձատունը, որ իմ տանը պաշար լինի. և ինձ մեկ փորձեցեք սորանով, ասում է Զորաց Տերը, թե արդյոք չե՞մ բանալ ձեզ համար երկնքի պատուհանները և օրհնություն թափել ձեզ համար` մինչև որ նորա համար տեղ չլինի» (Մաղաքիա Գ.8,10):
Այնուհետև Նա շարունակում է, ասելով շատ հետաքրքիր մի բան: Ապա լսեք.
«Եվ ես պիտի կշտամբեմ ձեզ համար ուտողին, որ նա չապականե ձեզ համար երկնքի արդյունքը, և ձեզ համար անպտուղ չլինի որթը այգումը, ասում է Զորաց Տերը:
Եվ ձեզ պիտի երանեն բոլոր ազգերը, որովհետև դուք պիտի ցանկալի երկիր լինեք» (Մաղաքիա Գ.11–12):
Երբ տասանորդը դրամով է վճարվում, ավելի կարևոր է, որ այն հավատով վճարվի: Ես երբեք չեմ հանդիպել մի անհատի, որն ազնվորեն վճարի իր տասանորդը և դժգոհի այդ հարցում: Փոխարենը, նա իր հավատը դնում է Տիրոջ վրա, և Տերը երբեք չի թողնում նրան:
Երբ ես փոքր տղա էի, ամեն դեկտեմբերին հայրս մեզ բոլորիս տանում էր փողոցի ծայրում ապրող Եպիսկոպոս Դունկանի տուն` տասանորդի կարգավորման հանդիպմանը: Եպիսկոպոսը ծխի շենքում գրասենյակ չուներ, այսպիսով իր գործերը տանն էր անում: Մենք բոլորս նստում էինք նրա հյուրասենյակում, և նա մեզ մեկ առ մեկ կանչում էր ճաշասենյակ: Մեր տասանորդը կարող էր լինել 25 ցենտ կամ 50 ցենտ, սակայն այն լրիվ տասանորդ էր: Նա ստացական էր գրում մեզ համար և այն գրանցում էր ծխի հաշվետվության գրքում: Այդ գումարը կարող էր այնքան քիչ լինել, որ այն գրանցելն ավելին արժեր, քան տասանորդն ինքը: Սակայն դա սովորություն էր ձևավորում, որը շարունակվեց այս բոլոր տարիների ընթացքում: Տասանորդի վճարելու հետ մեկտեղ անթիվ օրհնություններ եկան, ինչպես Տերն էր խոստացել:
Ես ամուսնացա Ճգնաժամի տարիներին, երբ փողը շատ քիչ էր, սակայն մենք վճարում էինք մեր տասանորդը և ինչ-որ կերպ երբեք քաղցած չմնացինք կամ մեզ անհրաժեշտ ինչ-որ բանի կարիք չունեցանք:
Չորրորդ կետը` հաճախեք ձեր ժողովներին, հաղորդության ժողովներին: Ոչինչ չի կարող փոխարինել Տիրոջ ընթրիքի հաղորդությունից ճաշակելուն: Դա հանդիսավոր, սրբազան և հրաշալի բան է, երբ կարողանում ես ճաշակել հացն ու ջուրը` ի հիշատակ մարդկության Փրկչի մարմնի և արյան:
Մարդկության պատմության մեջ չի եղել ավելի արժանահիշատակ իրադարձություն, քան մեր աստվածային Քավչի քավող զոհաբերությունը: Ոչինչ չի կարող համեմատվել դրա հետ: Առանց դրա կյանքն անիմաստ կլիներ: Այն կլիներ աննպատակ ճամփորդություն:
Դրանով մեզ համար երաշխավորվում է հավերժական կյանքը: Մահը վերջը չէ, այլ ավելի շուտ անցում ավելի փառահեղ գոյության:
Այս ամենը խորհրդանշում է հաղորդությունը ճաշակելը: Մեր հավաքների բոլոր մյուս մասերն ավելի քիչ կարևոր են, համեմատած մեր Տիրոջ զոհաբերության խորհրդանիշները ճաշակելու հետ:
Եթե դուք կատարեք այս չորս բաները, ես խոստանում եմ ձեզ, որ ձեր կյանքը կլինի արգասավոր, դուք մեծ երջանկություն կունենաք, վիթխարի նվաճումների կհասնեք և ամեն առումով բավարարված ձեզ կզգաք:
Թող Տերն օրհնի ձեզ, իմ սիրելի երիտասարդ քույրե՛ր, թող Նրա օրհնությունները լինեն ձեզ հետ բոլոր ժամանակներում և բոլոր պայմաններում: Մենք սիրում ենք ձեզ: Մենք աղոթում ենք ձեր համար: Ես խոնարհաբար խնդրում եմ, որ երկինքը ժպտա ձեզ, Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: