Ուղերձ իմ թոռներին
Հուսով եմ, ձեզանից յուրաքանչյուրը կդառնա Աստծո մարդ: Դուք կդառնաք Աստծո մարդ արդար աշխատանքով:
![](https://www.lds.org/bc/content/shared/content/images/gospel-library/magazine/FaustJE_95-99.jpg)
Եղբայրնե՛ր, այս երեկո, ես կուզենայի խոսել ձեզ հետ, ինչպես կխոսեի իմ թոռների հետ: Հուսով եմ, այն ինչ ես կխոսեմ, կվերաբերվի բոլոր երիտասարդ քահանայություն կրողներին` ամենուրեք: Երբ մտածում եմ այս մեծ ժողովքի և այն հազարավորների մասին, ովքեր միացել են մեզ արբանյակով, ես հիշում եմ, որ Աստծո քահանայություն կրելու մեծ օրհնությունն այն է, ինչը վերապահվել է շատ քչերի համար, հաշվի առնելով, որ աշխարհում միլիարդավոր մարդիկ են ապրում: Քահանայություն կրելը յուրահատուկ պատիվ է, իսկ Եկեղեցու 12 տարեկանից բարձր յուրաքանչյուր տղամարդ կամ տղա կարող է ստանալ այն:
Քահանայությունը իշխանություն է, որը տրվում է մարդուն` Աստծո անունով ծառայելու համար: Դա զորություն է, որը ոչ ոք չի կարող ստանալ իր իսկ նախաձեռնությամբ: Ինչպես Պողոսն է ասել. «Ոչ թե մեկն իր անձի համար պատիվը առնում է. այլ նա որ Աստուածանից կանչված է, ինչպես Ահարոնը»:1 Դա իշխանություն է, որը մարդու ստեղծած ամեն իշխանությունից վեր է:
Պիտերը, մի երիտասարդ քահանա, գրել է այն փորձառության մասին, որը նրան սովորեցրել էր, որ քահանայության զորությունը շատ իրական է: Կանադայի Օնտարիոյի իր ծխից մի երիտասարդ նորադարձ հաստատվել էր որպես Ահարոնյան Քահանայության ուսուցիչ, իսկ Պիտերին խնդրել էին աղոթել կարգման ժամանակ: Պիտերը գրում է. «Ես երբեք չէի դրել իմ ձեռքերը ինչ-որ մեկի գլխին նախկինում, և ես զգացի այնքան անհամապատասխան: Սակայն Հոգին հավաստիացրեց ինձ, որ ես լավագույնս կկարողանամ դա անել …
Երիտասարդը, որը պետք է կարգվեր, նստեց աթոռին, և ես կանգնեցի նրա ետևում: [Մեր Երիտասարդ Տղամարդկանց նախագահը] ուղղություն էր տալիս ինձ կարգման աղոթքի ժամանակ, և ես կրկնում էի նրա խոսքերը: Երբ մենք ավարտեցինք կարգումը ասելով. «… և մենք ցանկանում ենք օրհնություն տալ քեզ այժմ … » [Երիտասարդ տղամարդկանց նախագահը] նայեց ինձ և նշան արեց, որ ես պետք է ինքս ասեի օրհնությունը:
Այդ պահին, քահանայությունն ամբողջովին փոխեց իր իմաստն ինձ համար: Այլևս դա տիտղոս չէր, այլ Աստծո անունով գործելու իրական իշխանություն, և ես այդ իշխանությունը տալիս էի մեկ ուրիշին ևս: Ես մի պահ դադար տվեցի և սպասեցի, որպեսզի Հոգին շշնջա, թե ինչ պետք է ասեմ: Դժվար է ինձ համար նկարագրել այն զգացումները, որ ունեի այդ օրը օրհնություն տալիս, սակայն կարող եմ ասել, որ այժմ ավելի ամուր վկայություն ունեմ, որ քահանայության զորությունն իրական է»:2
Երիտասարդ տղանե՛ր, դուք անկասկած սպասում եք ավելի բարձր Մելքիսեդեկյան Քահանայություն ստանալուն: Այս բարձրագույն Քահանայության մասին Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է. «Դա հաստատություն է, որն եղել էր «այս երկրի հիմնադրումից առաջ, կամ նախքան առավոտյան աստղերը երգեցին միասին, կամ Աստծո որդիք ուրախությունից բացականչեցին», և սա բարձրագույն ու ամենասուրբ Քահանայությունն է, ըստ Աստծո Որդու կարգի»:3
Որպես քահանայություն կրողներ մենք Տիրոջ գործակալներն ենք: Տերն իր սուրբ գործակալության մասին խոսել է Եկեղեցու երեցների հետ Կիրթլանդում 1831 թվականին. «Ուստի, քանի որ դուք գործակալներ եք, դուք Տիրոջ հանձնարարության տակ եք. և ինչ էլ որ դուք անեք Տիրոջ կամքի համաձայն, Տիրոջ գործն է»: 4
Նախագահ Հինքլին հաճախ է հիշեցրել մեզ, որ միսիոներական աշխատանքը հիմնականում քահանայական պարտականություն է: Մեծ պատիվ ու պատասխանատվություն է` կանչվել միսիոներական աշխատանքով ծառայելու Տիրոջը: Այս ծառայությունը տևական ուրախություն է պարգևում, թեպետ այն կարող է նաև երբեմն դժվարին ու հուսահատեցնող լինել: Իմ միսիան փոխեց իմ կյանքի ընթացքը: Դա մեծագույն փորձառություններից էր, որ ես երբևէ ունեցել եմ: Միսիայում ծառայելը պատրաստում է մեզ մեր հետագա կյանքի աշխատանքին և մեր հավերժական աշխատանքին:
Հուսով եմ, ձեզանից յուրաքանչյուրը կդառնա Աստծո մարդ: Դուք կդառնաք Աստծո մարդ արդար աշխատանքով: Դուք կպատվեք և կմեծարեք ձեր քահանայությունը, և ինչպես Պողոս Առաքյալն է ասել. «Հետևիր արդարության, աստուածապաշտության, հավատքի, սերի, համբերության, հեզության»:5
Միշտ հեշտ չի լինի հետևել արդարակյաց ծրագրին, հնազանդվել և՛ հասարակության օրենքներին և՛ Տիրոջ օրենքներին: Ի վերջո, կանոններին հետևելը դեռևս լավագույն ճանապարհն է Տիրոջ խոստացած բոլոր բաները ձեռք բերելու համար:
Մենք բոլորս պատասխանատու ենք մեր գործողությունների համար: Իմ փորձը որպես իրավաբան, սովորեցրել է ինձ, որ ովքեր հանցագործ ճանապարհով են գնում, հաճախ են մեղադրում իրենց ծնողին կամ հասարակությանը, երբ ձերբակալվում են: Սակայն նրանք կամովին ընտրում են գործելու «Աստծո էությանը դեմ» և հետևաբար հայտնվում են «երջանկության էությանը հակառակ մի վիճակում»:6 Նրանցից ոմանք անգամ պնդում են. «Սատանան ստիպեց, որ դա անեմ»: Ճշմարտությունն այն է, որ դևը գայթակղում է մեզ, որ չարություն գործենք:7 Սխալն այն է, որ մենք ընտրելու ազատություն ունենք: Սատանան չի կարող մեզ ստիպել անել այն, ինչ մենք չենք ուզում անել:8
Թակարդնե՛ր ու որոգայթնե՛ր կարող են դրվել մեր բոլորի առջև` լինի դա երիտասարդ, հասուն, թե մեծ տարիքում: Ինչ-որ մեկն է ասել. «Երիտասարդ տարիքում մենք վազում ենք դեպի դժվարությունները, իսկ մեծ տարիքում դժվարություններն են վազում դեպի մեզ»:9 Մեր հասարակության ավելացած թողտվության պատճառով մեզանից պահանջվում է ամուր բռնել արդարակեցության երկաթե ձողից, որպեսզի ստանանք Տիրոջ օրհնություններն ու պաշտպանությունը: Մեծ վտանգ կա, երբ կատակում ես սատանայի գայթակղությունների հետ: Մենք պետք է պաշտպանվենք չարի բոլոր տեսակներից մեր կյանքի բոլոր օրերում:
Երիտասարդ տղանե՛ր, դուք բոլորդ, որ քահանայություն եք կրում, պարտավոր եք հարգել կանանց: Երբ ժամադրվում եք Եկեղեցու ձեր սիրելի երիտասարդ աղջկա հետ, դուք պետք է պաշտպանեք նրա ֆիզիկական ապահովությունն ու առաքինությունը: Քահանայությունը, որ կրում եք, ձեզ մեծ պատասխանատվություն է տալիս, որ միշտ պահեք Եկեղեցու բարոյական բարձր չափանիշները: Դուք ավելի լավ գիտեք, որ չպետք է մոտենալ սեռական հրապուրանքի եզրին: Դուք կկորցնեք ձեր մեջ եղած սրբության մի մասը, եթե գնաք այդ եզերքով և չարաշահեք արարման մեծ զորությունները: Ինչպե՞ս կարող է մեզանից որևէ մեկը հուսալ, որ մեծ դեր կունենա ժամանակի կամ հավերժության մեջ, եթե չունի ինքնատիրապետման ուժ: Կյանքի և հավերժության մեծագույն օրհնություններից մեկն է` ամուսնանալ արդարակյաց կնոջ հետ, որը սիրում է Տիրոջը, սիրում է ձեզ և հարգում է քահանայությունը: Ես սա գիտեմ, քանի որ 60 տարուց ավելի ամուսնացած եմ իմ կնոջ` Ռութի հետ:
Ընկերներն ու ծանոթները հարստացնում են կյանքը, սակայն այդ հարաբերությունները կարող են ժամանակավոր լինել: Ոչ ոք ձեզ ավելի շատ չի սիրում կամ մտահոգվում ձեր բարօրության համար, որքան ձեր ծնողները: Դուք հնարավոր է մտածեք, թե ի՞նչ են նրանք ասում, սակայն չեք կարող հարցականի տակ դնել նրանց սերը ձեր հանդեպ և ձեր բարօրության համար մտահոգվելը:
Երիտասարդնե՛ր, ժամանակ կգա, որ պատասխանատվություն կկրեք հոգալու կնոջ և երեխաների համար, որոնք ձեզանից կախված կլինեն: Երբ ամուսնանաք և ընտանիք կազմեք, դուք պատասխանատվություն կկրեք ձեր կնոջ բարօրության համար, իսկ հետագայում նաև ձեր զավակների համար: Ամուսին և հայր լինելը հավերժական մեծ երջանկություն և ուրախություն կարող են պարգևել: Ինչպես Մարգարե Ջոզեֆ Ֆ. Սմիթն է ասել, ընտանեկան կյանքի վրա է, «որ Եկեղեցու կառավարումը հիմնված է և հարատևում է»:10 Որպեսզի վսեմ համալրում լինի տանը, ծնողները պետք է երկուստեք պարտավորություն կրեն ամուսնության համար: Մի առիթով Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյն ասել է. «Երբ մեկը գործը կամ հաճույքը իր տնից վեր է համարում, այդ պահից նրա մոտ հոգու թուլություն է սկսվում»:11
Ձեզանից ոմանք արդեն այս կյանքում հաջողություններ ունեն իրենց նպատակներին հասնելու ուղղությամբ: Մենք հպարտանում ենք ձեզանով: Հայրս մի առիթով ասաց, որ իրեն թվում էր իրավաբանական դպրոցն ավարտելով կարող է հանգստանալ: Նա ասաց, որ իրականում կրթությունն ավարտելը միայն ավելի մեծ դժվարությունների սկիզբն էր: Մենք չենք կարող հանգստանալ, ոչ էլ կարող ենք աշխարհիկ դժվարություններից ազատվել այս կյանքում:
Մենք ապրում ենք մասնագիտացման դարում: Երբ ես տղա էի, շատերն ունեին T մոդելի ֆորդ: Ժամանակակից մեքենաների հետ համեմատած այն բավականին պարզ մեխանիզմ ուներ: Շատերը կարողանում էին իրենց մեքենաներն ինքնուրույն վերանորոգել` տաշելով կափույրը, մխոցի վրայի օղակը փոխելով, տեղադրելով արգելակի նոր օղակապեր և օգտագործելով փափուկ մետաղալար: Մեր օրերում մեքենաներն այնքան բարդ են, որ միջին մարդը շատ քիչ բան գիտի, որպեսզի վերանորոգի այն: Այսօրվա ավտոմեխանիկները համակարգիչներ են օգտագործում, որպեսզի շարժիչի հետ կապված խնդիրները հայտնաբերեն: Ես սա նշում եմ, որպեսզի քաջալերեմ ձեզ, երիտասարդ տղանե՛ր, կրթություն ստանալ ետ չմնալու համար: Տեխնիկական կրթությունը շատ կարևոր է, դա վերաբերում է նաև բարձրագույն կրթությանը: Ցանկացած հմտություն հատուկ ուսումնառություն է պահանջում:
Ես չեմ մտածում, թե ինչ մասնագիտություն կընտրեք այս կյանքում, միայն թե դա լինի պատվավոր գործ: Թե ինչպես կպահեք ձեր ընտանիքը, դա ձեր ընտրությունն է: Արհեստ սովորելով կկարողանաք կատարել ձեր մուծումները, սակայն պետք է ավելի շատ բան անեք անձնապես ներգրավված լինելու համար: Մի՛ տարվեք կյանքի նյութական բաներով, որի արդյունքում կկորցնեք մարդկային հատկանիշները: Հավանաբար, կհիշեք Դիքենսի կերպարին, Ջեյքոբ Մարլիին, որը ողբում էր գործով տարվելու համար, երբ բացականչում էր. «Գո՞րծ, մարդկությունն էր իմ գործը: Նրանց ընդհանուր բարօրությունն էր իմ գործը»:12 Մեզանից յուրաքանչյուրը ինչ-որ դեր պետք է ունենա հասարակության ամրապնդման գործում, հատկապես Աստծո գործը կատարելիս:
Ես սովորել եմ, որ քահանայություն կրողներիս համար հաջողության լավագույն բանաձևն է. «Առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունը փնտրեցեք և այդ ամենը կտրվի ձեզ»:13 Հաջողությունը միանգամից չի գա, քանի որ այն պատրաստվածություն և տքնաջան աշխատանք է պահանջում: Իրականում, դեպի հաջողություն տանող կարճ ճանապարհ չկա:
Մեզանից յուրաքանչյուրը մեր Երկնային Հոր հատուկ արարումն է: Լիովին մեզ նման մեկ ուրիշը չկա: Ոչ ոք նույն պարգևները և տաղանդները չունի, որոնք մեզ են տրվել: Մենք պետք է զարգացնենք այդ տաղանդները և պարգևները, և օգտագործենք դրանք, որպեսզի շեշտենք մեր առանձնահատկությունը: Օրինակ, երբ ես պատանի էի, մեր հարևանությամբ մի հրաշալի երիտասարդ էր ապրում, որը գիտնական չէր, սակայն իր ձեռքով գեղեցիկ կահույք էր պատրաստում: Ես և նա միևնույն օրը զորակոչվեցինք բանակային ծառայության: Նա չէր կարողանում իր անկողինն այնպես հարդարել, որպեսզի ստուգումն անցներ, սակայն կարողանում էր փայտից նրբաճաշակ արվեստի գործեր պատրաստել: Ինչպես Նախագահ Հովարդ Վ. Հանթերն է ասել. «Ոմանք կարծում են, թե տաղանդը, ստեղծարարությունը, բարոյական հաստատակամությունը կամ մեծահոգությունը երիտասարդներին հատուկ չէ: Այդպես չէ»:14
Ձե՛զ երիտասարդ տղանե՛ր, խոստումնալից ապագա է սպասվում: Դուք աշխարհին նախկինում անհայտ գիտելիքից օգտվողներն եք: Այդ գիտելիքը ձեզ թույլ կտա ձեր ավանդը ներդնել ժամանակակից գործարարության, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ բնագավառներում: Դուք հնարավոր է լինեք նրանց շարքում, ովքեր ռազմի դաշտում կպաշտպանեն կյանքի ճանապարհը: Դուք կլինեք նրանց շարքում, ովքեր սփռում են ավետարանի սկզբունքներն աշխարհում և օգնում, որ Եկեղեցին աճի:
Արդ, իմ սիրելի թոռնե՛ր և բոլոր հատուկ երիտասարդ տղանե՛ր, որ լսում եք իմ ձայնը, առա՛ջ գնացեք: Առա՛ջ գնացեք հավատով ու արդարակեցությամբ, հետևելով մեր մարգարե` Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի առաջնորդությանը: Եթե դա անեք, Տերը կամրացնի ու կհզորացնի ձեզ, որպեսզի մեծ նվաճումներ ունենաք: Ես վկայում եմ իմ կյանքում քահանայության ունեցած մեծ ու հիմնավոր ազդեցության մասին: Իմ ողջ կյանքում ես չեմ փորձել թաքցնել, թե ով եմ ես և ինչին եմ հավատում: Ես չեմ կարող հիշել մի դեպք, երբ այն վնասել է իմ կարիերային կամ ես կորցրել եմ արժեքավոր ընկերներ, երբ խոնարհաբար տեղեկացրել եմ, որ ես այս Եկեղեցու անդամն եմ: Ես թողնում եմ իմ վկայությունը և օրհնությունը ձեզ հետ այսօր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: