2007
Մի՞թե մարդ Աստուած կխաբե
Մայիս 2007թ.


Մի՞թե մարդ Աստուած կխաբե

Երբ դուք և ես վճարենք Տիրոջը ազնիվ, հավատարիմ տասանորդ, Նա կբացի երկնքի պատուհանները:

Ես կցանկանայի քննարկել Տասանորդի Օրենքը: Մաղաքիայի գրքում Տերը հարցնում է.

«Մի՞թե մարդ Աստուած կխաբե, որ դուք ինձ խաբում եք. բայց դուք ասում եք. Ի՞նչ բանում ենք քեզ խաբում. տասանորդումը և ընծայումը:

Անեծքով դուք անիծված եք, որովհետև դուք ինձ խաբում եք բոլոր ազգդ:

Բոլոր տասանորդը տարեք գանձատունը, որ իմ տանը պաշար լինի. և ինձ մեկ փորձեցեք սորանով, ասում է Զորաց Տերը, թե արդյոք չե՞մ բանալ ձեզ համար երկնքի պատուհանները և օրհնություն թափել ձեզ համար` մինչև որ նորա համար տեղ չլինի»:1

Տասանորդն այնքան կարևոր պատվիրան է, որ երբ Տերն Իր Հարությունից հետո հայտնվեց Ամերիկյան մայրցամաքում, Նա կրկնեց այդ նույն խոսքերը:2 Մեր օրերում Տերն ասել է. «Նրանք, ովքեր այդպես տասանորդ են տվել, պետք է վճարեն իրենց ամբողջ շահույթի մեկ տասներորդն ամեն տարի»:3

Ղևտացոց գրքում Տերը երեք տարբեր անգամներ հայտարարում է, որ տասանորդը «սուրբ է Եհովայի համար»:4

Տերն ասել է. «Ստուգեք ինձ հիմա, թե արդյոք ձեր համար չե՞մ բացի երկնքի պատուհանները»:5 Մեզանից շատերն ուղղակի ստուգում են Տիրոջը, բայց կան, որ չեն ստուգում:

Վերցնենք օրինակ տաս խնձոր: Այս բոլոր տաս խնձորներն իրականում Տիրոջն են պատկանում, սակայն Նա խնդրում է մեզ Իրեն վերադարձնել միայն մեկ տասներորդը կամ մեկ խնձոր:

Դուք նվիրաբերում եք այդ խնձորի մի փոքր կծած մա՞ս և պահում եք 90 տոկոսը: Դուք կամենում եք նվիրաբերել մի փոքր մա՞ս:

Դուք ամաչո՞ւմ եք, թե փորձում եք նորոգել և թաքցնել խնձորի կծած մասը, իսկ հետո նվիրել այն Տիրո՞ջը:

Մենք ցանկանում ենք տալ լրիվ և մաքուր նվիրատվություն: Մեզ ուսուցանվել է. «Ահա, Տերը պահանջում է սիրտն ու պատրաստակամ միտքը. և պատրաստակամն ու հնազանդը կճաշակեն Սիոնի հողի բարիքն այս վերջին օրերում»:6

Մի քանի տարի առաջ, ինձ հանձնարարվեց վերակազմավորել Քըրեյ Այդահո Ցիցը: Ինքնաթիռն իջավ Թվին Ֆոլսում և Նախագահ Ռոյ Հյուբերտը, որն այնքան լավ էր ծառայել, դիմավորեց ինձ և տարավ իր տուն: Ճանապարհին ես նրան հարցրեցի. «Ի՞նչ կարող եմ անել ձեր և ձեր Սրբերի համար»:

Նա ասաց. «Օ՜հ, մենք խիստ երաշտ ենք ունեցել այս վերջին մի քանի տարիներին: Ինչևէ, այս տարի այն հատկապես սոսկալի էր, և շատ ագարակատերեր գնացին քաղաք` ուրիշ տեղում աշխատանք գտնելու»:

Ես շատ անհանգստացա մեր հավատարիմ անդամների համար, ովքեր սիրում են Տիրոջը և Եկեղեցին, բայցևայնպես կորցնում էին իրենց ագարակները:

Երիտասարդ եպիսկոպոս Ռ. Սփենս Էլսվորթը կանչվեց ծառայելու որպես ցցի նոր նախագահ: Կիրակի օրվա գերագույն նիստի ժամանակ ինձ դեռևս շատ էր անհանգստացնում երաշտի հետևանքները: Երբ խոսում էի, հուշում ստացա: Ես խնդրեցի նրանց կատարել հետևյալը.

  1. Հավատարմորեն վճարեք ազնիվ տասանորդ` լինեք երիտասարդ, թե ծեր:

  2. Մշտապես խոնարհ աղոթեք` անհատապես և ընտանիքով:

  3. Նվիրվածությամբ ամեն օր ուսումնասիրեք սուրբ գրությունները` անհատապես, թե ընտանիքով:

  4. Գոհությամբ Կիրակին սուրբ պահեք:

  5. Երախտագիտությամբ հաճախակի գնացեք տաճար` գոհաբանություն մատուցելու:

  6. Պատրաստակամորեն աջակցեք և հետևեք նոր ղեկավարներին:

  7. Ամբողջ ցցով ծոմ պահեք և ընդգրկեք վնաս կրած համայնքների բոլոր անդամներին, ովքեր ցանկություն կունենային մասնակցել:

Ցցի համաժողովին հաջորդող երկու օրերի ընթացքում շատ անդամներ հավատով ցանեցին իրենց սերմերը, թեպետ եղանակի տեսությամբ անձրև չէր լինելու:

Չորեքշաբթի, նախագահ Էլսվորթի ղեկավարությամբ ամբողջ ցիցը ծոմ պահեց: Այդ նույն շաբաթ շատ անդամներ, ղեկավարներ և նրանց ամուսինները գնացին Բոիզ Այդահո Տաճար, որտեղ իրենց գոհաբանական աղոթքներն ասեցին: Մինչ` այդ հավատարիմ Սրբերը տաճարում էին, անձրև սկսեց տեղալ ամբողջ տարածքում, թեպետ ըստ եղանակի տեսության հաջորդող մի քանի շաբաթների ընթացքում անձրևներ չպետք է լինեին: Հաջորդ շաբաթ օրը կրկին հորդառատ անձրև եկավ, որը մի քանի օր տևեց: Դա տեղի ունեցավ ապրիլի վերջին: Շատ ձյուն տեղաց սարերում, որը բավականաչափ խոնավություն ապահովեց: Դիտրիխ և Ռիչֆիլդ համայնքների ջրամբարը 30 տոկոսով էր լցված, իսկ մարդկանց ծոմից հետո այն գրեթե լիքն էր: Քըրեյի ջրի պաշարն ավելացավ` 44 տոկոսից հասնելով ավելի քան 100 տոկոսի: Ամբողջ աճի շրջանում, Քըրեյ ցցի անդամներն ավելի մեծ հավատով մի քանի անգամ ևս ծոմ պահեցին, ազնիվ տասանորդ վճարելով և ավելի հաճախ տաճար այցելելով: Տերը լսեց ու պատասխանեց նրանց աղոթքներին: Ցուրտը ուշ եկավ այդ տարի, այնպես որ ֆերմերները կարողացան ցորենի, շաքարի ճակնդեղի, առվույտի, կարտոֆիլի և այլ հատիկեղենի բերք հավաքել: Այդ օրից, և դրանից հետո ամեն տարի, նրանք գոհաբանության աղոթքներ են ասում և «նրա բազում գորովագութ ողորմությունների»7 շնորհիվ Տերը շարունակում է օրհնել նրանց:

Մնացորդաց գրքում Տերն ասում է. «Եթե իմ ժողովուրդը, որը … կոչուած է իմ անունով, խոնարհուին և աղոթք անեն, և իմ երեսը խնդրեն և իրանց չար ճանապարհներիցը ետ դառնան, այն ժամանակ ես կլսեմ երկնքիցը և կներեմ նրանց մեղքը և կբժշկեմ նրանց երկիրը»:8

Լրիվ և ազնիվ տասանորդ վճարելը մեզ տանում է տաճար: Իմ կարծիքով, տասանորդը Նախագահ Հինքլիի մարգարեական առաջնահերթություններից է.

Անցյալ շաբաթ Երիտասարդ Կանանց գերագույն ժողովին, Նախագահ Հինքլին ասաց. «Երբ տասանորդը դրամով է վճարվում, ավելի կարևոր է, որ այն հավատով վճարվի»:9

Մեկ ուրիշ անգամ նա ասել է. «Սա ոչ թե փողի, այլ հավատի հարց է … Ես թախանձագին խնդրում եմ ձեզ … յուրաքանչյուրիդ, հավատացե՛ք Տիրոջ խոսքին այս կարևոր հարցում»:10

Դա պարտավորվածության հարց է: Երկիրը Տիրոջն է պատկանում, ինչպես նաև մեր կյանքը: Նա թույլ է տալիս մեզ ամեն ինչ օգտագործել այս երկրի վրա: Նա միայն մեզանից խնդրում է Իրեն վերադարձնել մեկ տասերորդը: Տասանորդը երախտագիտության նշան է, հնազանդության, գոհաբանության, մեր պատրաստակամության և նվիրվածության նշան: Հոժարակամորեն վճարված տասանորդը զարգացնում է ազնիվ ու մաքուր սիրտ: Տասանորդ վճարելը ավելացնում է Տիրոջ հանդեպ մեր սերը:

Տերն ասել է. «Սա զոհաբերության օր է, և իմ ժողովրդի տասանորդ տալու օր»:11

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, եկեք ցույց տանք մեր հավատը: Եկեք ցույց տանք հնազանդվելու մեր պատրաստակամությունը: Ես խոստանում եմ ձեզ, Հիսուս Քրիստոսի անունով, երբ դուք և ես վճարենք ազնիվ, հավատարիմ տասանորդ Տիրոջը, Տերը կբացի երկնքի պատուհանները:

Ես գիտեմ, որ Երկնային Հայրն ապրում է: Հետևաբար, Նա կօրհնի ձեզ: Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է: Ջոզեֆը տեսավ Երկնային Հորն ու Նրա Որդուն` Հիսուս Քրիստոսին: Սա Նրա Եկեղեցին է: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին Աստծո կենդանի պատգամախոսն է: Նա խնդրում է, որ դուք հաճախ գնաք տաճար: Սա իմ խոնարհ աղոթքն է Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Մաղաքիա Գ.8–10

  2. Տես 3 Նեփի 24.2–12

  3. ՎևՈւ 119.4

  4. Ղևտացոց ԻԷ.30, տես նաև հհ. 32–33:

  5. 3 Նեփի 24.10

  6. ՎևՈւ 64.34

  7. Եթեր 6.12

  8. Բ Մնացորդաց Է.14

  9. «Թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար», Լիահոնա, մայիս 2007, 116:

  10. “Let Us Move This Work Forward,” Ensign, Nov. 1985, 85.

  11. ՎևՈւ 64.23