2007
Ապաշխարություն և դարձ
Մայիս 2007թ.


Ապաշխարություն և դարձ

Ապաշխարող հոգին դարձի եկած հոգի է, իսկ դարձի եկած հոգին ապաշխարող հոգի է:

Անցյալ տարի, երբ Երեց Դեյվիդ Ս. Բաքսթերը և ես գնում էինք ցցի համաժողովին, մենք կանգ առանք մի ռեստորանի մոտ: Հետո, երբ վերադառնում էինք մեր մեքենայի մոտ, մեզ մոտեցավ մի կին, որը կանչեց մեզ: Մենք հանկարծակիի եկանք նրա արտաքինից: Նրա հարդարանքը (կամ ավելի ճիշտ դրա բացակայությունը) այնպիսին էր, որ ես քաղաքավարի կկոչեի այն «ծայրահեղ»: Նա հարցրեց, թե արդյո՞ք Եկեղեցու երեցներ ենք: Մենք ասացինք` այո: Գրեթե ամենայն մանրամասնությամբ նա պատմեց մեղքի մեջ թաղված իր ողբերգական կյանքի պատմությունը: Այժմ լինելով ընդամենը 28 տարեկան, նա թշվառ էր: Նա զգում էր անարժան` առանց ապրուստի միջոցների: Մինչ խոսում էր սկսեց երևալ նրա հոգու քաղցրությունը: Արտասվալից աղերսելով, նա հարցրեց, թե իր համար որևէ հույս կա՞, կա՞ որևէ ուղի դուրս գալու իր անհույս վիճակից:

«Այո», - պատասխանեցինք մենք,- «կա հույս»: Հույսը կապված է ապաշխարության հետ: Դու կարող ես փոխվել: Դու կարող ես «գալ դեպի Քրիստոս և կատարելագործվել նրանում»:1 Մենք հորդորեցինք նրան չհետաձգել:2 Նա խոնարհաբար հառաչեց և անկեղծորեն շնորհակալություն հայտնեց:

Երեց Բաքսթերը և ես շարունակելով մեր ճանապարհը խորհում էինք այդ դեպքի մասին: Մենք հիշեցինք խորհուրդը, որը տրվեց մի անհույս հոգու Ահարոնի կողմից, որն ասաց. «Եթե դու ապաշխարես քո բոլոր մեղքերից, և խոնարհվես Աստծո առաջ, և հավատքով կանչես առ նրա անունը: … այդ դեպքում դու կստանաս հույսը, որ դու ցանկանում ես»:3

Այժմ գերագույն համաժողովի այս փակող նիստի ժամանակ ես նույնպես խոսում եմ ապաշխարության մասին: Ես դա անում եմ, որովհետև Տերը պատվիրել է Իր ծառաներին ապաշխարության կանչել բոլոր մարդկանց:4 Վարդապետը վերականգնել է Իր ավետարանը` Իր զավակներին ուրախություն բերելու համար, իսկ ապաշխարությունը այդ ավետարանի անհրաժեշտ մասն է:5

Ապաշխարության վարդապետությունն այնքան հին է, որքան ինքն ավետարանը: Աստվածաշնչյան ուսմունքները սկսած Ծննդոցից6 մինչև Հայտնություն7 սովորեցնում են ապաշխարություն: Հիսուս Քրիստոսի կողմից Իր մահկանացու ծառայության ընթացքում տրված դասերը պարունակում են այս նախազգուշացումները. «Աստծո թագավորությունը մոտեցել է. ապաշխարեցեք, և հավատացեք ավետարանին»,8 և «եթե չապաշխարեք, ամենքդ էլ նմանապես կկորչեք»:9

Մորմոնի Գրքում ապաշխարության վերաբերյալ հիշատակումներն ավելի հաճախակի են:10 Հնադարյան Ամերիկայի ժողովրդին Տերը տվեց այս պատվիրանը. «Կրկին ասում եմ ձեզ` դուք պետք է ապաշխարեք և մկրտվեք իմ անունով և դառնաք ինչպես մի փոքր երեխա, այլապես չեք կարող ոչ մի կերպ ժառանգել Աստծո արքայությունը»:11

Ավետարանի վերականգման հետ մեր Փրկիչը նորից շեշտեց այս վարդապետությունը: Ապաշխարել բառն իր տարբեր ձևերով հայտնվում է Վարդապետություն և Ուխտերի 138 բաժիններից 47-ում:12

Ապաշխարեք մեղքերից

Ի՞նչ է նշանակում ապաշխարել: Մենք կսկսենք բառարանի սահմանումով, որ ապաշխարել նշանակում է «շրջվել մեղքից … զգալ վիշտ և զղջում»:13 Մեղքից ապաշխարելը հեշտ չէ: Բայց մրցանակն արժե գնին: Ապաշխարությունը պետք է արվի ամեն անգամ մեկ քայլ: Խոնարհ աղոթքը կհեշտացնի յուրաքանչյուր հիմնական քայլը: Որպես ներման անհրաժեշտ պայմաններ, նախ պետք է լինի մեղքի ճանաչում, զղջում, ապա խոստովանություն:14 «Այս բանով դուք կարող եք իմանալ, թե արդյոք մարդն ապաշխարում է իր մեղքերից,– ահա նա կխոստովանի և կթողնի դրանք»:15 Խոստովանություն պետք է արվի այն մարդուն, ում վնաս է հասցվել: Խոստովանությունը պետք է լինի անկեղծ և ոչ թե ուղղակի հանցանքի ընդունում, երբ այն ակնհայտ է դարձել: Եթե շատ մարդիկ են վիրավորվել, խոստովանություն պետք է արվի բոլոր վիրավորված կողմերին: Գործողությունները, որոնք կարող են ազդել որևէ մեկի դիրքի վրա Եկեղեցում կամ նրա արտոնությունների իրավունքի վրա, պետք է խոստովանել անմիջապես եպիսկոպոսին, որին Տերը կանչել է որպես Իսրայելի դատավոր:16

Հաջորդ քայլը փոխհատուցումն է` վնասը հատուցելը, եթե հնարավոր է: Այնուհետև պետք է անել քայլեր` հաստատ վճռելով ավելի ճիշտ գործել և մեղքը կրկնելուց հեռու մնալ` ապաշխարել «սրտի ողջ նվիրվածությամբ»:17 Շնորհակալություն Հիսուս Քրիստոսի Քավությամբ վճարված փրկագնի համար: Լրիվ ներում տրվում է այն մեղսագործին, որն ապաշխարում է և մեղքից զերծ մնում:18 Ապաշխարող հոգու համար Եսայիան ասել է. «Եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինեն, ձյունի պես պիտի սպիտականան. եթե նրանք որդան կարմիրի պես լինեն ասրի պես սպիտակ պիտի դառնան»:19

Ապաշխարության վրա Տիրոջ հրամայական շեշտադրումն ակնհայտ է, երբ կարդում ենք Վարդապետություն և Ուխտերի 19-րդ բաժինը. «Ես պատվիրում եմ քեզ` ապաշխարել,- ապաշխարիր, չլինի թե քեզ զարկեմ իմ բերանի գավազանով և իմ ցասումով և իմ բարկությամբ, և քո տառապանքները լինեն դառը,- որքան դառը, դու չգիտես, որքան սուր, դու չգիտես, այո, որքան ծանր` տանելու, դու չգիտես:

Քանզի ահա, ես` Աստվածս տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն, եթե ապաշխարեն.

Բայց, եթե չապաշխարեն, նրանք պետք է տառապեն, ճիշտ ինչպես ես»:20

Չնայած Տերը պահանջում է մեզանից ապաշխարել, մարդկանց մեծ մասը դրա համար ոչ էլ խիստ կարիք է զգում: 21 Նրանք համարում են իրենց նրանց շարքում, ովքեր ձգտում են լավը լինել: Նրանք չունեն չար մտադրություն:22 Մինչդեռ Տերը հստակ է Իր ուղերձում, որ բոլորը պետք է ապաշխարեն, ոչ միայն գործված մեղքերի համար, այլ բացթողումների մեղքի համար նույնպես: Այսպես է ասվում ծնողներին արված Նրա նախազգուշացման մեջ. «Որքան որ ծնողները երեխաներ ունեն Սիոնում, … որոնց չեն ուսուցանում, որպեսզի միչև ութ տարեկանը նրանք հասկանան վարդապետությունն ապաշխարության, հավատքի` առ Քրիստոսը` կենդանի Աստծո Որդին, և մկրտության ու … Սուրբ Հոգու պարգևի [մասին], մեղքը լինի ծնողների գլխին»:23

Ապաշխարել բառի ավելի լայն իմաստը

Ապաշխարության վարդապետությունը շատ ավելի լայն է, քան բառարանի սահմանումը: Երբ Հիսուսն ասաց «ապաշխարեք», Նրա աշակերտները արձանագրեցին այդ պատվիրանը հունարեն լեզվով metanoeo բառով: 24 Այս հզոր բառը մեծ նշանակություն ունի: Այս բառի մեջ meta նախածանցը նշանակում է «փոխվել»:25 Այդ նախածանցը կապված է հունարեն չորս կարևոր բառերի հետ` nous, որը նշանակում է «միտք»,26 gnosis, որը նշանակում է «գիտելիք»,27 pneuma, որը նշանակում է «ոգի»28 և pnoe, որը նշանակում է «շունչ»:29

Այսպիսով, երբ Հիսուսն ասաց «ապաշխարեք», Նա խնդրեց մեզ փոխվել` փոխել մեր միտքը, գիտելիքը և հոգին ու նույնիսկ շունչը: Մի մարգարե բացատրել է, որ այդպիսի փոփոխությունը շնչի մեջ այն է, որ շնչեն երախտապարտ գիտակցությամբ հանդեպ Նրան, որը շնորհում է յուրաքանչյուր շունչը: Բենյամին թագավորն ասել է. «Եթե դուք ծառայեք նրան, ով ստեղծել է ձեզ … և պահպանում է ձեզ օրեցօր, շունչ տալով ձեզ … մի պահից մյուսը, ես ասում եմ,- եթե դուք ծառայեք նրան ձեր հոգու ողջ նվիրվածությամբ, այնուամենայնիվ, դուք կլինեք անպիտան ծառաներ»:30

Այո, Տերը պատվիրել է մեզ ապաշխարել, փոխել մեր ուղիները, գալ դեպի Նա և ավելի նմանվել Նրան: 31 Սա պահանջում է լիակատար փոփոխություն: Ալման այսպես սովորեցրեց իր որդուն. «Սովորիր իմաստություն քո երիտասարդության տարիներին», նա ասաց. «Քո երիտասարդության տարիներին սովորիր պահել Աստծո պատվիրանները … Թող քո բոլոր մտքերն ուղղված լինեն առ Տերը, այո, թող քո սրտի գորովանքը դրված լինի Տիրոջ վրա հավիտյան»:32

Լիովին ապաշխարել նշանակում է լիովին դարձի գալ դեպի Տեր Հիսուս Քրիստոսը և Նրա սուրբ աշխատանքը: Ալման սովորեցրեց այդ գաղափարը, երբ նա տվեց հետևյալ հարցերը. «Ես հարցնում եմ ձեզ, Եկեղեցու իմ եղբայրներ, ծնվե՞լ եք դուք Աստծուց հոգեպես: Ընդունե՞լ եք դուք նրա պատկերը ձեր դեմքին: Զգացե՞լ եք դուք այս հզոր փոփոխությունը ձեր սրտերում»:33 Այս փոփոխությունը գալիս է, երբ մենք «ծնվում ենք վերստին», դարձի գալիս և կենտրոնանում դեպի Աստծո արքայություն տանող մեր ճամփորդության վրա: 34

Ապաշխարության պտուղները

Ապաշխարության պտուղները քաղցր են: Ապաշխարող նորադարձները գտնում են, որ վերականգնված ավետարանի ճշմարտությունները կառավարում են նրանց մտքերը և գործերը, ձևավորում նրանց սովորույթները և կոփում նրանց բնավորությունը: Նրանք ավելի տոկուն են և կարողանում են հրաժարվել ամեն անաստվածությունից: 35 Բացի այդ` անզուսպ ախորժակը,36 կախվածությունը պոռնոգրաֆիայից կամ վնասակար թմրադեղերից, 37 անսանձ կրքերը,38 մարմնական ցանկությունները,39 և անարդար հպարտությունը40 նվազում է` դեպի Տերը լիակատար դարձով և Նրան ծառայելու և Նրա օրինակին հետևելու վճռականությամբ:41 Առաքինությունն է զարդարում նրանց մտքերը և ինքնավստահությունն աճում է:42 Տասանորդին նայում են որպես ուրախ և պաշտպանիչ օրհնություն, ոչ թե որպես պարտականություն կամ զոհաբերություն:43 Ճշմարտությունը դառնում է ավելի գրավիչ և գովասանքի արժանի բաները դառնում են ավելի հետաքրքիր:44

Ապաշխարությունը հոգևոր աճի համար Տիրոջ կարգն է: Բենյամին թագավորը բացատրել է. «Քանզի բնական մարդն Աստծո մի թշնամի է, և եղել է` Ադամի անկումից ի վեր, և կլինի` հավիտյանս հավիտենից, մինչև նա չենթարկվի Սուրբ Հոգու հորդորներին և չհանի իր միջից բնական մարդուն և չդառնա մի սուրբ` Տեր Քրիստոսի քավությամբ, և դառնա ինչպես մի երեխա` ենթարկվող, հեզ, խոնարհ, համբերատար, սիրով լի, հոժար` ենթարկվելու բոլոր բաներին, որոնք Տերը հարմար է տեսնում բերել նրա վրա, ճիշտ ինչպես երեխան է ենթարկվում իր հորը»:45 Եղբայրնե՛ր և քույրե՛ր, դա նշանակում է դարձի գալ: Ապաշխարությունը դարձի գալ է: Ապաշխարող հոգին դարձի եկած հոգի է, իսկ դարձի եկած հոգին ապաշխարող հոգի է:

Ապաշխարություն նրանց համար, ովքեր մահացել են

Յուրաքանչյուր կենդանի անձնավորություն կարող է ապաշխարել: Իսկ նրանք, ովքեր մահացե՞լ են: Նրանք նույնպես հնարավորություններ ունեն ապաշխարելու: Սուրբ գիրքը հայտարարում է, որ «այս տնտեսության հավատարիմ երեցները, հեռանալով մահկանացու կյանքից, շարունակում են իրենց աշխատանքները` քարոզելով ապաշխարության ավետարանը … նրանց մեջ, ովքեր … մեղքի գերության տակ` մահացածների հոգիների մեծ աշխարհում [են]:

Մահացածները, որոնք ապաշխարում են, պիտի փրկագնվեն` Աստծո տան արարողություններին հնազանդվելու միջոցով:

Եվ իրենց օրինազանցությունների պատիժը վճարելուց և մաքուր լվացվելուց հետո, նրանք վարձք պիտի ստանան, համաձայն իրենց գործերի»:46

Մարգարե Ջոզեֆ Սմիթը հետագայում հայտնեց, որ «երկիրը կզարկվի անեծքով, եթե ինչ-որ ձևի մի կապակցող օղակ չլինի հայրերի և զավակների միջև … Առանց նրանց մենք չենք կարող կատարյալ դառնալ. ոչ էլ նրանք կարող են առանց մեզ կատարյալ դառնալ: … [Այս] տնտեսությունը, որն այժմ սկսում է մուտք գործել, որ լրիվ ու ամբողջական ու կատարյալ մի միացում լինի, և տնտեսությունների ու բանալիների ու զորությունների ու փառքերի փոխկապակցում տեղի ունենա»:47

«Հիսուսն ուզում է, որ ես արևի շող լինե՞մ»:48 Այո, և դուք նույնպես: Նա ուզում է նաև, որ մենք կապ դնող դարբիններ լինենք` ստեղծելով սելեստիալ զոդող կապեր, սանձելու ընտանիքների մասնատման անեծքը: 49 Երկիրը ստեղծվել է և տաճարներ են տրվել, որպեսզի ընտանիքները կարողանան հավերժ միասին լինել:50 Եթե ոչ բոլորը, ապա մեզանից շատերը կարող են ապաշխարել և դարձի գալ` կատարելով ավելի շատ տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքներ մեր նախնիների համար: Այսպիսով, մեր ապաշխարությունն անհրաժեշտ է և կարևոր նրանց ապաշխարության համար:

Մեր բոլոր մահացած ազգականներին, մեղքի ճահճի մեջ թաղված 28-ամյա կնոջը և մեզանից յուրաքանչյուրին ես հայտարարում եմ, որ ապաշխարության քաղցր օրհնությունը հնարավոր է: Այն գալիս է դեպի Տերը և Նրա սուրբ աշխատանքը լիովին դարձի գալու միջոցով:

Ես գիտեմ, որ Աստված ապրում է: Հիսուսը Քրիստոսն է: Սա Նրա Եկեղեցին է: Նրա մարգարեն այսօր Նախագահ Գորդոն Բ. Հինքլին է, այս ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Մորոնի 10.32:

  2. Տես Ալմա 13.27, 34.33: Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը նկարագրել է հետաձգումը որպես «այժմ անձնական պարտավորությունները ընդունելու չկամեցողություն» (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 4).

  3. Ալմա 22.16: Մենք նաև հիշում ենք այն մեղսավոր ժողովրդին, որոնք իրենց մտահոգված առաջնորդի` Մորմոնի ղեկավարության ներքո էին, որը գրել է. «Բայց ահա, ես առանց հույսի էի, քանզի ես գիտեի Տիրոջ դատաստանները, որոնք պիտի գային նրանց վրա. քանզի նրանք չէին ապաշխարել իրենց անօրինություններից, այլ պայքարում էին իրենց կյանքի համար, առանց կանչելու առ այն Էակը, որը ստեղծել էր իրենց» (Մորմոն 5.2):

  4. Հատկապես այս վերջին օրերում, տես ՎևՈՒ 18.11–12, 14, 19.21, 34.5–6, 43.20, 133.16–17:

  5. «Մենք հավատում ենք, որ Ավետարանի առաջնային սկզբունքներն ու ծեսերն են. առաջին` հավատք առ Տեր Հիսուս Քրիստոս, երկրորդ` ապաշխարություն, երրորդ` սուզմամբ մկրտություն` մեղքերի թողության համար, չորրորդ` ձեռնադրմամբ Սուրբ Հոգու շնորհում» (Հավատո հանգանակ 1.4): Տես նաև ՎևՈՒ 39.6, 84.27, 138.19:

  6. Տես Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Ծննդոց Դ.8:

  7. Տես Հայտնություն Բ.16:

  8. Մարկոս Ա.15; տես նաև Մատթեոս Դ.17:

  9. Ղուկաս ԺԳ.3:

  10. Ապաշխարել բառը (ուսուցանել ապաշխարության վարդապետությունը) իր տարբեր ձևերով (ապաշխարել, ապաշխարություն, ապաշխարեց, ապաշխարում է և այլն) Աստվածաշնչի Հակոբոս Թագավորի տարբերակում հայտնվում է 72 անգամ, իսկ Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի թարգմանության մեջ 68 անգամ: Մորմոնի Գրքում ապաշխարել բառը իր տարբեր ձևերով հայտնվում է 360 անգամ:

  11. 3 Նեփի 11.38: Մեկ այլ օրինակ է. «Եվ ահա, ես տվել եմ ձեզ օրենքը և իմ Հոր պատվիրանները, որպեսզի դուք հավատաք ինձ, և որպեսզի դուք ապաշխարեք ձեր մեղքերից, և գաք ինձ մոտ կոտրված սրտով և փշրված հոգով» (3 Նեփի 12.19):

  12. Տես ՎևՈւ 1, 3, 5–6, 10–11, 13–16, 18–20, 29, 33–36, 39, 42–45, 49–50, 53–56, 58, 63—64, 66, 68, 75, 84, 90, 93, 98, 104, 107, 109, 117. 124, 133, 136, 138:

  13. Webster’s Ninth New Collegiate Dictionary (1987), “repent,” 999.

  14. Տես Ա Հովհաննես Ա.9; Մոսիա 26.29, ՎևՈՒ 61.2, 64.7:

  15. ՎևՈՒ 58.43: Եթե ոչ մի ուրիշ անձանվորություն չի վիրավորվել, աղոթքով խոստովանություն պետք է արվի Աստծուն: Նա, ով լսում է ծածուկ տեղը կարող է հայտնապես հատուցանել (տես Մատթեոս Զ.4, 6, ԺԸ, 3 Նեփի 13.4, 6,18):

  16. Տես ՎևՈՒ 107.73–74:

  17. 2 Նեփի 31.13; Հակոբ 6.5; Մոսիա 7.33; 3 Նեփի 10.6; 12.24; 18.32:

  18. Տես Մոսիա 4.2–3:

  19. Եսայիա Ա.18:

  20. ՎևՈՒ19.15–17:

  21. Որոշ մարդկանց մտքում ապաշխարել բառը զուգորդվում է տուգանք, տուգանել բառերի հետ, որոնք նշանակում են պատիժ: Եթե նրանք մեղավոր չեն պատժելի մեղքի համար, նրանք կարող է մտածեն, որ կարիք չունեն ապաշխարելու:

  22. Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ասել է. «Գոյություն ունի գերշխող, հավանաբար ենթագիտակցական զգացում, որ Տերը կանխատեսել է ապաշխարությունը միայն նրանց համար, ովքեր սպանություն կամ շնություն են գործում կամ էլ գողություն կամ այլ նողկալի մեղքեր: Դա իհարկե այդպես չէ: Եթե մենք խոնարհ ենք և ցանկանում ենք ապրել ավետարանով, մենք կհասկանանք, որ ապաշխարությունը վերաբերվում է այն ամենին, ինչ մենք անում ենք կյանքում, լինի դա բնույթով հոգևոր թե աշխարհիկ: Ապաշխարությունը յուրաքանչյուր հոգու համար է, որը դեռ կատարելության չի հասել» (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball, 37): Տես նաև Ա Հովհ. Ա.8, Մոսիա 4. 29–30:

  23. ՎևՈՒ 68.25, շեշտադրումն ավելացված է:

  24. Metanoeo, μετανοεω բառն է օգտագործվել հունարեն տեքստում Մատթեոսի Դ.17, Մարկոսի Ա.15, և Ղուկասի ԺԳ.3 հատվածների Տիրոջ խոսքերում: Պետրոսի կողմից օգտագործվել է նույն բառը Գործք Բ.38, Գ.19, և Ը.22 հատվածներում:

  25. Մատթեոսի ԺԷ.2 և Մարկոսի Թ.2 հատվածում այլակերպվեցավ բառը թարգմանվել է metamorphoo բառից, որը նշանակում է «ձևի փոփոխություն»:

  26. Եփեսացիս Դ.23 հատվածում միտք բառը թարգմանվել է հունարեն nous բառից:

  27. Ղուկաս Ա.77, Հռովմայեցիս Բ.20, և Բ Կորնթացիս Զ.6 հատվածներում գիտելիք բառը թարգմանվել է gnos կամ gnosis բառերից: Gnos բառը, երբ նախորդվում է բացասական a- նախդիրով, նշանակում է «գիտելիքի բացակայություն», ինչպես օրինակ agnostic բառում: Գործք ԺԷ.23 հատվածում անծանոթ բառը թարգմանվել է agnostos բառից և առանց ճանաչելու բառերը թարգմանվել է agnoeo բառից:

  28. Մատթեոսի ԺԲ.18 և Հռովմաեյցիս Ը.5 հատվածներում հոգի բառը թարգմանվել է հունարեն pneuma բառից:

  29. Գործք ԺԷ.25 հատվածում շունչ բառը թարգմանվել է հունարեն pnoe բառից:

  30. Մոսիա 2.21:

  31. Տես 3 Նեփի 27.21, 27:

  32. Ալմա 37.35–36:

  33. Ալմա 5.14:

  34. Տես Հովհ. Գ.3, 7, Մոսիա 27.25, Ալմա 5.49, 7.14, Մովսես 6.59:

  35. Տես Մորոնի 10.32:

  36. Տես Գաղատացիս Զ.7–8:

  37. Տես Դատավորաց ԺԳ.7, Ղուկաս Ա.15, ՎևՈՒ 89.5, 7–9:

  38. Տես Մատթեոս Ե.27–28, Ալմա 38.12, 3 Նեփի 12.27–28, ՎևՈՒ 42.23:

  39. Տես Հռովմայեցիս Ը.5–6:

  40. Տես Ալմա 38.11, ՎևՈՒ121.37:

  41. Տես Հովհ ԺԳ.15, Ա Տիմոթեոս Դ.12, Ա Պետրոս Բ.21, 2 Նեփի 31.16, 3 Նեփի 18.16, Մորմոն 7.10:

  42. Տես ՎևՈՒ 121.45:

  43. Տես ՎևՈՒ 85.3:

  44. Տես Փիլիպպեցիս Դ.8, Հավատո հանգանակ 1.13:

  45. Մոսիա 3.19:

  46. ՎևՈՒ 138.57–59, տես նաև հհ. 30–34:

  47. ՎևՈՒ 128.18.

  48. Children’s Songbook, 60.

  49. Տես ՎևՈՒ 27.9, 110.14–15, 128.18, 138.48:

  50. Տես ՎևՈՒ 2.2–3, 132.19, 138.47–48, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.39: