«Մորոնի մարգարեն», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)
Մորոնի մարգարեն
Ունենալ Հիսուս Քրիստոսի մաքուր սերը
Մորոնին նեփիացի վերջին մարգարեն էր: Նա կռվել էր նեփիացիների և լամանացիների միջև մի մեծ պատերազմում։ Նրա ընտանիքը և բոլոր նրանք, ում նա ճանաչում էր, մահացան պատերազմի ժամանակ։ Մարդիկ այդ երկրում անբարիշտ էին։ Նրանք սպանեցին ցանկացած մարդու, ով հավատում էր Հիսուս Քրիստոսին։ Մորոնին հավատում էր Հիսուսին։ Նա չէր ժխտի, որ Հիսուսը Փրկիչն է։
Մորոնիի հայրը՝ Մորմոնը, մետաղյա թիթեղների վրա գրում էր իրենց ժողովրդի պատմությունը։ Իր մահից առաջ Մորմոնը թիթեղները տվեց Մորոնիին: Մորոնին պետք է թաքնվեր, որպեսզի պաշտպաներ սեփական կյանքն ու թիթեղները:
Մորմոն 6.6, 8.1-5, 13, Մորոնի 1.1-3
Մորոնիի համար կյանքը դժվար էր, բայց նա հավատարիմ մնաց։ Նա գրի առավ այն, ինչ Մորմոնն ուսուցանեց գթության՝ Քրիստոսի մաքուր սիրո մասին: Մորմոնն ասաց, որ մարդիկ պետք է աղոթեն Աստծուն իրենց սրտերի ողջ կորովով, որպեսզի ստանան այս սերը: Նա ասաց, որ Աստված գթություն է տալիս նրանց, ովքեր իսկապես հետևում են Հիսուսին։
Մորոնի 7.32-33, 40-48, 10․20-21, 23
Մորոնին սիրում էր լամանացիներին, չնայած նրանցից ոմանք սպանել էին բոլորին, ում նա ճանաչում էր և ցանկանում էին սպանել իրեն։ Նա շատ բաներ է գրել մետաղյա թիթեղների վրա, որպեսզի ապագայում օգնի լամանացիներին։ Նա հուսաց, որ մի օր նրանք կկարդան այդ հիշատակարանը և կրկին կհավատան Հիսուսին։
Մորմոն 8.1-3, Մորոնի 1.1-4, 10․1
Մորոնին հրավիրեց բոլոր մարդկանց մտածել, ովքեր կարդում են հիշատակարանը, թե որքան սիրով է Աստված հոգ տարել Իր զավակների մասին։ Նա հրավիրեց նրանց աղոթել և հարցնել Աստծուն, թե արդյոք հիշատակարանը ճշմարիտ է։ Նա ասաց, որ եթե նրանք հավատք ունենան Հիսուսի հանդեպ և իսկապես ուզենան իմանալ, Աստված նրանց կհայտնի ճշմարտությունը։ Նրանք կիմանան Սուրբ Հոգու զորությամբ։
Մորմոնի Գրքի նախաբանը, Մորոնի 10․1-5
Մորոնին ավարտեց հիշատակարանը գրելը: Հետո մետաղյա թիթեղները թաղեց հողի մեջ։ Հիսուսը Մորոնիին ասաց, որ թիթեղների վրա գրված պատմությունը մի օր կօրհնի Աստծո զավակների կյանքը ողջ աշխարհում։
Շատ տարիներ անց Աստված ուղարկեց Մորոնիին, որպես հրեշտակ, որպեսզի ցույց տա Ջոզեֆ Սմիթ անունով մի երիտասարդ տղայի, թե որտեղ էին թաղված մետաղյա թիթեղները։ Ջոզեֆը Աստծուց կանչվեց՝ մարգարե լինելու։ Աստված օգնեց Ջոզեֆին թարգմանել թիթեղները, որպեսզի մարդիկ կարողանային կարդալ այն, ինչ գրված էր դրանց վրա։ Հիշատակարանն այժմ կոչվում է Մորմոնի Գիրք: