«Հիսուսը այցելում է մարդկանց», Մորմոնի Գրքի պատմություններ (2023)
Հիսուսը այցելում է մարդկանց
Օգնում է յուրաքանչյուրին հավատալ Իրեն
Մարդկանցից շատերը չէին կամենում լսել Աստծո մարգարեներին։ Բայց ոմանք հավատացին այն ամենին, ինչ մարգարեները սովորեցրեցին։ Այս հավատացյալները սպասում էին Հիսուս Քրիստոսի մահվան նշաններին։
Երուսաղեմում Հիսուսի մահից հետո նշանները սկսվեցին։ Ամերիկայում երեք ժամ շարունակ փոթորիկներ, երկրաշարժեր և հրդեհներ եղան: Քաղաքներ ավերվեցին, և շատ մարդիկ մահացան։ Հետո երեք օր լիակատար խավար եղավ։
Մութն այնքան թանձր էր, որ ժողովուրդը չէր կարող տեսնել արևը, լուսինը և աստղերը: Նրանք նույնիսկ չէին կարող կրակ կամ մոմ վառել։
Շատ մարդիկ, ովքեր դեռ ողջ էին, շատ տխուր էին ու վախեցած։ Նրանք լաց եղան և ափսոսացին, որ ավելի շուտ չեն ապաշխարել։
Հանկարծ նրանք լսեցին մի ձայն։ Այդ Հիսուսն էր խոսում նրանց հետ։ Նա խոստացավ բուժել բոլոր նրանց, ովքեր ապաշխարեցին։ Հիսուսն ասաց նրանց, որ նա մահացել է և հետ վերադարձել կյանք, որ բոլոր մարդկանց օգնի։ Մարդիկ այնքան զարմացած էին, որ դադարեցին լաց լինել։ Երկրում լռություն էր տիրում շատ ժամեր:
Հիսուսը կրկին խոսեց։ Նա ասաց մարդկանց, որ կօգնի նրանց, եթե նրանք ընտրեն հետևել Իրեն։ Մութն անցավ, և երկիրը դադարեց ցնցվել։ Ժողովուրդը երջանիկ էր և գովերգեց Հիսուսին։
Մոտ մեկ տարի անց շատ մարդիկ եկան տաճար՝ Լիառատ երկրում։ Նրանք խոսեցին Հիսուսի և Նրա մահվան նշանների մասին։ Մինչ նրանք խոսում էին իրար հետ, երկնքից մի մեղմ ձայն լսվեց։ Սկզբում նրանք չէին կարողանում հասկանալ այն։ Հետո նորից լսեցին։
Երբ երրորդ անգամ լսեցին ձայնը, նայեցին դեպի երկինք: Դա Երկնային Հայրն էր, որ խոսում էր։ Նա ժողովրդին ասաց, որ տեսնեն և լսեն Իր Որդուն։ Հետո մարդիկ տեսան մի մարդու, ով ճերմակ պարեգոտ հագին իջնում էր երկնքից։
Այդ մարդը կանգնեց ժողովրդի մեջ և ասաց. «Ես Հիսուս Քրիստոսն եմ»։ Ժողովուրդն ընկավ գետնին։ Հիսուսն ասաց նրանց, որ նա տառապել և մահացել է բոլորի համար։ Նա հրավիրեց ժողովրդին շոշափել Իր ձեռքերի, ոտքերի և կողերի նշանները, որպեսզի նրանք կարողանային իմանալ, որ Նա է աշխարհի Փրկիչը։
Բազմությունը Հիսուսի մոտ գնաց մեկ առ մեկ: Նրանք իրենց սեփական աչքերով տեսան և իրենց իսկ ձեռքերով զգացին նշանները Նրա ձեռքերի, ոտքերի և կողերի մեջ: Նրանք բոլորը գիտեին, որ Նա է այն մեկը, ում մասին մարգարեներն ասում էին, որ գալու է։ Նրանք գիտեին, որ Նա է աշխարհի Փրկիչը։ Ժողովուրդը ընկավ Հիսուսի ոտքերի մոտ և երկրպագեց Նրան։