Գրքեր և դասեր
Գլուխ 1. Մեր Երկնային Հայրը


Գլուխ 1

Մեր Երկնային Հայրը

Hubble image of the galaxy

Աստված գոյություն ունի

  • Նշեք մի քանի բաներ, որոնք վկայում են Աստծո գոյության մասին:

Մորմոնի Գրքի մարգարե Ալման գրել է. «Բոլոր բաները մատնանշում են՝ կա՛ Աստված. այո, նույնիսկ երկիրը, և բոլոր բաները, որ դրա երեսին են, այո, և դրա շարժումը, այո, և բոլոր մոլորակները, որոնք շարժվում են իրենց կանոնավոր ձևով, վկայում են, որ կա մի Գերագույն Ստեղծող» (Ալմա 30.44): Մենք կարող ենք գիշերը նայել երկնքին և կռահել, թե ինչ ի նկատի ուներ Ալման: Կան միլիոնավոր աստղեր և մոլորակներ՝ բոլորը կատարյալ ձևով համակարգված: Դրանք պատահաբար չեն հայտնվել այնտեղ: Մենք կարող ենք տեսնել Աստծո աշխատանքը երկնքում և երկրի վրա: Բազմաթիվ գեղեցիկ բույսեր, տարբեր տեսակի կենդանիներ, լեռներ, գետեր, անձրև և ձյուն բերող ամպեր՝ այս ամենը վկայում են մեզ, որ Աստված գոյություն ունի:

Մարգարեներն ուսուցանել են մեզ, որ Աստված տիեզերքի Ամենազոր Կառավարիչն է: Աստված ապրում է երկնքում (տես ՎևՈւ 20.17): Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով Նա արարեց երկինքն ու երկիրը և այն ամենը, ինչ գոյություն ունի դրանցում (տես 3 Նեփի 9.15; Մովսես 2.1): Նա արարեց լուսինը, աստղերն ու արևը: Նա կազմավորեց այս աշխարհը, ձևավորեց, շարժման մեջ դրեց այն և կյանք ստեղծեց: Նա օդը և ջուրը լցրեց կենդանի արարածներով: Նա բլուրներն ու տափաստանները լցրեց ամեն տեսակի կենդանիներով: Օր ու գիշեր, ամառ ու ձմեռ, ցանելու և հնձելու ժամանակ տվեց մեզ: Նա ստեղծեց մարդուն Իր կերպարով, որ կառավարիչ լինի Իր ստեղծած մյուս արարածների վրա (տես Ծննդոց Ա.26–27):

Աստված Գերագույն և Բացարձակ Էակ է, որին մենք հավատում և երկրպագում ենք: Նա «տիեզերքի Մեծ ծնողն է», և Նա «նայում է մարդկային ողջ ընտանիքին հայրական հոգածությամբ և ուշադրությամբ» (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 39):

Աստծո էությունը

  • Որո՞նք են Աստծո հատկանիշները:

Քանի որ մենք ստեղծվել ենք Նրա պատկերով (տես Մովսես 2.26; 6.9), մենք գիտենք, որ մեր մարմինը նման է Նրա մարմնին: Նրա հավերժական հոգին բնակվում է մսից և ոսկորներից կազմված նյութեղեն մարմնում (տես ՎևՈւ 130.22): Սակայն Աստծո մարմինը կատարյալ և փառավորված է՝ ամեն պատկերացումից վեր փառքով:

Աստված կատարյալ է: Նա արդարության Աստված է՝ ունենալով սեր, ողորմածություն, գթասրտություն, ճշմարտություն, զորություն, հավատ, գիտելիք և դատողություն: Նա ամենազոր է: Նա ամենագետ է: Նա մեծահոգությամբ լի է:

Ամեն բարի բան գալիս է Աստծուց: Նա ամեն ինչ անում է, որպեսզի օգնի Իր զավակներին Իր նման դառնալ: Նա ասել է. «Քանզի ահա, սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39):

  • Ինչո՞ւ է մեզ համար կարևոր Աստծո էությունը հասկանալը:

Ճանաչենք Աստծուն

  • Ինչպե՞ս կարող ենք մենք ճանաչել Աստծուն:

Աստծուն ճանաչելն այնքան կարևոր է, որ Փրկիչն ասել է. «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած, և նրան որ ուղարկեցիր՝ Հիսուս Քրիստոսին» (Հովհաննես ԺԷ.3):

Առաջին և ամենամեծ պատվիրանն է՝ «Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտովը» (Մատթեոս ԻԲ.37):

Որքան շատ ենք ճանաչում Աստծուն, այնքան շատ ենք սիրում Նրան և պահում Նրա պատվիրանները (տես 1 Հովհաննես Բ.3–5): Նրա պատվիրանները պահելով մենք կարող ենք Նրան նմանվել:

Մենք կճանաչենք Աստծուն, եթե՝

  1. Հավատանք, որ Նա գոյություն ունի և սիրում է մեզ (տես Մոսիա 4.9):

  2. Ուսումնասիրենք սուրբ գրությունները (տես Բ Տիմոթեոս Գ.14–17):

  3. Աղոթենք Նրան (տես Հակոբոս Ա.5):

  4. Լավագույն ձևով հնազանդվենք Նրա բոլոր պատվիրաններին (տես Հովհաննես ԺԴ.21–23):

Այդ ամենն անելով մենք կճանաչենք Աստծուն և, ի վերջո, հավերժական կյանք կունենանք:

  • Մտածեք, ինչպես կարող եք ավելի մոտենալ Աստծուն:

Լրացուցիչ սուրբ գրություններ