Գլուխ 47
Վեհացում
Մեր առաջընթացի ծրագիրը
Երբ մենք ապրում էինք մեր Երկնային Հոր հետ, Նա մեզ մեր առաջադիմելու համար մի ծրագիր բացատրեց: Մենք կարող էինք դառնալ Նրա պես վեհացած էակ: Այդ ծրագիրը պահանջում էր, որ մենք բաժանվեինք Նրանից և երկիր գայինք: Այդ բաժանումը անհրաժեշտ էր, որպեսզի ստուգվեր, արդյոք մենք կհնազանդվենք մեր Հոր պատվիրաններին, չնայած որ մենք այլևս Նրա ներկայության մեջ չէինք լինելու: Ըստ այդ ծրագրի, երբ երկրային կյանքն ավարտվեր, մենք պետք է դատվեինք և վարձահատույց լինեինք ըստ մեր հավատի և հնազանդության աստիճանի:
Սուրբ գրություններից մենք սովորում ենք, որ երկնքում կան փառքի երեք թագավորություններ: Պողոս Առաքյալը հիշատակել է, որ նա ճանաչում էր մի մարդու, որը «հափշտակուեցավ մինչև երրորդ երկինքը» (Բ Կորնթացիս ԺԲ.2): Պողոսը անվանել է երկնքի երկու արքայությունները՝ արեգակի (սելեստիալ) և լուսնի (թերեստրիալ) (տես Ա Կորնթացիս ԺԵ.40–42): Սելեստիալը ամենաբարձրն է, իսկ թերեստրիալը՝ երկրորդը: Վերջին օրերի հայտնության միջոցով մենք սովորում ենք, որ երրորդ թագավորությունը թելեստիալ թագավորությունն է (տես ՎևՈւ 76.81): Մենք նաև սովորում ենք, որ կա երեք երկինք կամ աստիճաններ սելեստիալ թագավորության մեջ (տես ՎևՈւ 131.1):
Վեհացում
-
Ի՞նչ է վեհացումը:
Վեհացումը հավերժական կյանքն է՝ այն կյանքը, ուր Աստված է ապրում: Նա ապրում է մեծ փառքի մեջ: Նա կատարյալ է: Նա ունի ողջ գիտելիքն ու իմաստությունը: Նա հոգևոր զավակների Հայրն է: Նա արարիչն է: Մենք կարող ենք մեր Երկնային Հորը նմանվել: Սա է վեհացումը:
Եթե ապացուցում ենք Տիրոջ հանդեպ մեր հավատարմությունը, մենք կապրենք երկնային սելեստիալ թագավորության բարձրագույն աստիճանում: Մենք վեհացած կդառնանք, որպեսզի հավերժական ընտանիքներով ապրենք մեր Երկնային Հոր հետ: Վեհացումը մեծագույն պարգևն է, որ Երկնային Հայրը կարող է տալ Իր զավակներին (տես ՎևՈւ 14.7):
Վեհացման օրհնությունները
-
Նշեք մի քանի օրհնություններ, որոնք կտրվեն նրանց, ովքեր վեհացում կստանան:
Մեր Երկնային Հայրը կատարյալ է, և Նա հպարտանում է այն փաստով, որ Իր զավակները կարող են Իր նման դառնալ: Նրա գործն ու փառքն է՝ «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39):
Նրանք, ովքեր վեհացում են ստանում սելեստիալ արքայությունում Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատով, հատուկ օրհնություններ կստանան: Տերը խոստացել է. «Բոլոր բաները նրանցն են» (ՎևՈւ 76.59): Վեհացած մարդիկ ստանում են հետևյալ օրհնությունները:
-
Նրանք հավերժ կապրեն Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ներկայությամբ (տես ՎևՈւ 76.62):
-
Նրանք կդառնան աստվածներ (տես ՎևՈւ 132.20–23):
-
Նրանք հավերժ կմիավորվեն իրենց արդարակյաց ընտանիքի անդամների հետ և կկարողանան ունենալ հավերժական աճ:
-
Նրանք կստանան լիակատար ուրախություն:
-
Նրանք կունենան այն ամենը, ինչ մեր Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ունեն՝ ողջ զորությունը, փառքը, իշխանությունը և գիտելիքը (տես ՎևՈւ 132.19–20): Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը գրել է. «Հայրը խոստացել է Որդու միջոցով, որ իր ողջ ունեցածը կտրվի նրանց, ովքեր հնազանդ են Իր պատվիրաններին: Նրանք կավելանան գիտելիքով, իմաստությամբ և զորությամբ, գնալով շնորհից շնորհ, մինչև որ կատարյալ օրվա լիությունը կփայլատակի նրանց վրա» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 2:36; շեղագիրը բնագրից):
Վեհացման պահանջները
Վեհացման համար պահանջները այժմ պետք է կատարել (տես Ալմա 34.32–34): Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ասել է. «Որպեսզի վեհացում ձեռք բերենք, մենք պետք է ընդունենք ավետարանը և դրա բոլոր ուխտերը, ստանձնենք Տիրոջ առաջարկած պարտականությունները, քայլենք լույսի և ճշմարտության հասկացողության մեջ, և «ապրենք Աստծո բերանից դուրս եկող ամեն խոսքով» (Doctrines of Salvation, 2:43):
Որպեսզի վեհանանք, մենք նախ պետք է հավատանք Հիսուս Քրիստոսին, իսկ հետո հավատքով համբերենք մինչև մեր կյանքի վերջ: Նրա հանդեպ մեր հավատքը պետք է այնպես լինի, որ մենք ապաշխարենք մեր մեղքերից և հնազանդվենք Նրա պատվիրաններին:
Նա պատվիրում է մեզ բոլորիս ստանալ որոշակի արարողություններ.
-
Մենք պետք է մկրտվենք:
-
Մենք պետք է ձեռնադրվելով հաստատվենք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամ և ստանանք Սուրբ Հոգու պարգևը:
-
Եղբայրները պետք է ստանան Մելքիսեդեկյան Քահանայություն և մեծարեն քահանայության իրենց կոչումները:
-
Մենք պետք է տաճարային օժտում ստանանք:
-
Մենք պետք ամուսնանանք հավերժության համար այս կամ հաջորդ կյանքում:
Բացի անհրաժեշտ արարողությունները ստանալը, Տերը պատվիրում է մեզ բոլորիս, որպեսզի մենք՝
-
Սիրենք Աստծուն և մեր մերձավորին:
-
Պահենք պատվիրանները:
-
Ապաշխարենք մեր կատարած սխալներից:
-
Փնտրենք մեր մահացած ազգականներին և նրանց համար ավետարանի փրկող արարողությունները ստանանք:
-
Որքան հնարավոր է կանոնավոր հաճախենք Եկեղեցու մեր հավաքներին, որպեսզի կարողանանք նորոգել մեր մկրտության ուխտերը՝ հաղորդությունը ճաշակելով:
-
Սիրենք մեր ընտանիքի անդամներին և ամրապնդենք նրանց Տիրոջ ուղու վրա:
-
Ամեն օր ընտանիքով և անհատապես աղոթենք:
-
Ավետարանը մյուսներին ուսուցանենք՝ խոսքով և օրինակով:
-
Ուսումնասիրենք սուրբ գրությունները:
-
Լսենք և հնազանդվենք Տիրոջ մարգարեների ոգեշնչված խոսքերին:
Ի վերջո, մեզանից յուրաքանչյուրը պետք է ստանա Սուրբ Հոգին և սովորի հետևել Նրա առաջնորդությանը մեր անձնական կյանքում:
-
Ինչպե՞ս են արարողություններն ու ուխտերը պատրաստում մեզ վեհացմանը:
-
Ինչպե՞ս է առ Հիսուս Քրիստոս հավատքը օգնում մեզ հնազանդվել պատվիրաններին:
-
Ինչո՞ւ պետք է սովորենք հետևել Սուրբ Հոգու հրահանգներին, որպեսզի վեհացում ստանանք:
Երբ հավատարիմ լինենք և համբերենք մինչև վերջ
-
Ի՞նչ է տեղի ունենում, երբ մենք համբերում ենք մինչև վերջ, լինելով Քրիստոսի հավատարիմ աշակերտները:
Տերն ասել է. «Եթե պահեք իմ պատվիրանները և համբերեք մինչև վերջ, դուք կունենաք հավերժական կյանք, պարգև, որը մեծագույնն է Աստծո բոլոր պարգևներից» (ՎևՈւ 14.7): Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ասել է. «Եթե մենք շարունակենք Աստծով, այսինքն՝ պահենք նրա պատվիրանները, երկրպագենք նրան և ապրենք նրա ճշմարտությունով, այնուհետև կգա ժամանակը, երբ մենք կցողվենք ճշմարտության լիությամբ, որը ավելի ու ավելի կպայծառանա մինչև որ կդառնա կատարյալ օր» (Doctrines of Salvation, 2:36):
Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Երբ բարձրանում եք աստիճանով, դուք պետք է սկսեք ներքևից, և քայլ առ քայլ բարձրանաք, մինչև կհասնեք գագաթին: Նույնը վերաբերում է ավետարանի սկզբունքներին, դուք պետք է սկսեք առաջինից, և առաջ գնաք, մինչև կսովորեք վեհացման բոլոր սկզբունքները: Սակայն հրաշալի կլինի, որ մինչև վարագույրի այն կողմ անցնելը [մահանալը], սովորեիք այդ ամենը: Ամեն ինչ չէ, որ հնարավոր է հասկանալ այս աշխարհում, մեր փրկության և վեհացման մասին սովորելու մեծ աշխատանք կկատարվի նույնիսկ գերեզմանից այն կողմ» (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 268):
Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Ավետարանի առաջին սկզբունքն է՝ հաստատապես իմանալ Աստծո Բնավորությունը: … Նա ինչ-որ ժամանակ մեզ նման մարդ է եղել, …Աստված, մեր բոլորի Հայրը, ապրել է երկրի վրա, ինչպեսև ինքը՝ Հիսուս Քրիստոսը» (Teachings of the Prophet Joseph Smith, sel. Joseph Fielding Smith [1976], 345–46):
Մեր Երկնային Հայրը գիտի մեր փորձությունները, մեր թուլությունները և մեր մեղքերը: Նա կարեկցանք և ողորմածություն ունի մեր հանդեպ: Նա ցանկանում է, որ մենք հաջողություն ունենանք, ինչպես Նա է ունեցել:
Պատկերացրեք այն ուրախությունը, որ մեզանից յուրաքանչյուրը կապրի, երբ վերադառնա մեր Երկնային Հոր մոտ, եթե մենք կարողանանք ասել. «Հայր, ես ապրեցի Քո կամքի համաձայն: Ես հավատարիմ եմ եղել և պահել եմ Քո պատվիրանները: Ես երջանիկ եմ կրկին տուն գալու համար»: Այն ժամանակ Նա մեզ կասի. «Լավ …քիչ բաների վրա հավատարիմ էիր, ես քեզ շատ բաների վրա կդնեմ. մտիր քո տիրոջ ուրախությունը» (Մատթեոս ԻԵ.23):
-
Վերանայեք Մատթեոս ԻԵ.23: Մտածեք, թե ինչպես կզգաք, եթե լսեք Տիրոջը, որը կասի ձեզ այդ խոսքերը:
Լրացուցիչ սուրբ գրություններ
-
ՎևՈւ 132.3–4, 16–26, 37 (վեհացմանը պատկանելը)
-
ՎևՈւ 131.1–4 (հավերժական ամուսնությունը վեհացման բանալի է)
-
ՎևՈւ 76.59–70 (բացատրվում են սելեստիալ փառքի օրհնությունները)
-
ՎևՈւ 84.20–21 (աստվածության զորությունը դրսևորվում է քահանայության արարողությունների միջոցով)