Գրքեր և դասեր
Գլուխ 38. Հավերժական ամուսնություն


Գլուխ 38

Հավերժական ամուսնություն

An African couple on the grounds of the Accra Ghana Temple.  Taken in Ghana, West Africa.

Ամուսնությունը սահմանված է Աստծո կողմից

Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը Աստծո ծրագրի կարևոր մասն է: Տերն ասել է. «Նա, ով արգելում է ամուսնանալը, կարգված չէ Աստծո կողմից, քանզի ամուսնությունն Աստծո կողմից է կարգված մարդու համար» (ՎևՈւ 49.15): Ի սկզբանե, ամուսնությունը եղել է ավետարանի օրենքը: Ամուսնությունները նախատեսված են լինելու ոչ միայն մեր մահկանացու կյանքի համար, այլև՝ հարատև:

Ադամն ու Եվան ամուսնացան Աստծո կողմից, երբ մահ չկար աշխարհում: Նրանք հավերժական ամուսնություն կնքեցին: Նրանք հավերժական ամուսնության մասին ուսուցանեցին իրենց երեխաներին և իրենց երեխաների երեխաներին: Տարիներ անցան, ամբարշտությունը մուտք գործեց մարդկանց սրտերը և այս սուրբ արարողությունը կատարելու իշխանությունը վերցվեց երկրի վրայից: Ավետարանի Վերականգմամբ հավերժական ամուսնությունը վերականգնվեց երկրի վրա:

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը սահմանվել է Աստծո կողմից:

Հավերժական ամուսնությունը կարևոր է վեհացման համար

  • Ո՞րն է ամուսնության Տիրոջ վարդապետությունը, և ինչպե՞ս է այն տարբերվում աշխարհի տեսակետներից:

Աշխարհում շատ մարդիկ ամուսնությունը համարում են սոցիալական սովորույթ՝ իրավական համաձայնագիր համատեղ գոյակցող տղամարդու և կնոջ միջև: Բայց Վերջին Օրերի Սրբերի համար ամուսնությունն ավելին է: Մեր վեհացումը կախված է ամուսնությունից, մյուս սկզբունքների և արարողությունների հետ միասին, ինչպիսիք են՝ հավատքը, ապաշխարությունը, մկրտությունը և Սուրբ Հոգու պարգևը ստանալը: Մենք հավատում ենք, որ ամուսնությունն ամենասուրբ հարաբերությունն է, որ կարող է գոյություն ունենալ տղամարդու և կնոջ միջև: Այս սուրբ հարաբերությունն ազդում է մեր երջանկության վրա այժմ և հավերժություններում:

Երկնային Հայրը մեզ տվել է հավերժական ամուսնության օրենքը, որպեսզի մենք կարողանանք նմանվել Իրեն: Տերն ասել է.

«Սելեստիալ փառքի մեջ կա երեք երկինք կամ աստիճան.

Եվ ամենաբարձրին հասնելու համար մարդ պետք է մտնի քահանայության այս կարգի մեջ [որն է՝ ամուսնության նոր և հավիտենական ուխտը].

Եվ եթե նա չմտնի, չի կարող հասնել դրան» (ՎևՈւ 131.1–3):

Հավերժական ամուսնությունը պետք է կատարվի տաճարում պատշաճ իշխանությամբ

  • Ինչո՞ւ ամուսնությունը պետք է կատարվի տաճարում պատշաճ իշխանությամբ, որպեսզի հավերժական լինի:

Հավերժական ամուսնությունը պետք է կատարվի նրա կողմից, ով կնքման զորությունն է կրում: Տերը խոստացել է. «Եթե մի տղամարդ ամուսնանա մի կնոջ հետ … հավիտենական ուխտով … նրա կողմից, ով օծվել է, … և եթե [նրանք] մնան [Տիրոջ] ուխտի մեջ, … այն … ամբողջությամբ ուժի մեջ կլինի, երբ նրանք աշխարհից դուրս են» (ՎևՈւ 132.19):

Ոչ միայն հավերժական ամուսնությունը պետք է կատարվի քահանայության համապատասխան իշխանությամբ, այլև այն պետք է նաև կատարվի մեր Տիրոջ սուրբ տաճարներից մեկում: Տաճարը միակ վայրն է, որտեղ այս սուրբ արարողությունը կարող է կատարվել:

Տաճարում Վերջին Օրերի Սուրբ զույգերը ծնկի են իջնում սուրբ զոհասեղաններից մեկի առաջ տաճարային օժտում ստացած իրենց ընտանիքների և ընկերների ներկայությամբ: Նրանք իրենց ամուսնական ուխտերն են կապում Աստծո առաջ: Նրանք հայտարարվում են ամուսին և կին ժամանակի և ողջ հավերժության համար: Սա կատարվում է Աստծո սուրբ քահանայությունը կրողի կողմից, որին այս սուրբ արարողությունը կատարելու իշխանություն է տրված: Նա գործում է Տիրոջ ղեկավարության ներքո և զույգին խոստանում է վեհացման օրհնությունները: Նա նրանց ուսուցանում է այն, ինչ պետք է իմանան այդ օրհնությունները ստանալու համար: Նա հիշեցնում է նրանց, որ բոլոր օրհնությունները կախված են Աստծո օրենքների հանդեպ հնազանդությունից:

Եթե մենք ամուսնանում ենք ոչ թե քահանայության զորությամբ տաճարում, այլ մեկ ուրիշ իշխանությամբ, այդ ամուսնությունը լինում է միայն այս կյանքի համար: Մահից հետո, ամուսինները ոչ մի կապ չեն ունենում միմյանց կամ իրենց երեխաների հետ: Հավերժական ամուսնությունը մեզ հնարավորություն է տալիս շարունակել միասին լինել որպես ընտանիքներ, այս կյանքից հետո:

Հավերժական ամուսնության օգուտները

  • Որո՞նք են հավերժական ամուսնության օրհնություններն այս կյանքում և հավերժության մեջ:

Որպես Վերջին Օրերի Սրբեր, մենք ապրում ենք ոչ թե պահի, այլ հավերժության հեռանկարով: Ինչևէ, մենք կարող ենք օրհնություններ ստանալ այս կյանքում որպես հավերժության համար ամուսնացածներ : Այդ օրհնություններից են՝

  1. Մենք գիտենք, որ մեր ամուսնությունը կարող է հարատև լինել: Մահը կարող է մեզ միայն ժամանակավորապես բաժանել: Ոչինչ չի կարող մեզ հավետ բաժանել, բացի մեր իսկ անհնազանդությունից: Այս գիտելիքն օգնում է մեզ ավելի տքնաջան աշխատել՝ երջանիկ, հաջողակ ամուսնություն ունենալու համար:

  2. Մենք գիտենք, որ մեր ընտանեկան հարաբերությունները կարող են հավերժ շարունակվել: Այս գիտելիքը օգնում է մեզ լինել զգույշ՝ մեր երեխաներին ուսուցանելիս: Այն նաև օգնում է մեզ նրանց հետ համբերատար և սիրալիր լինել: Արդյունքում, մենք կունենանք ավելի երջանիկ տուն:

  3. Քանի որ ամուսնացել ենք Աստծո սահմանած ձևով, արժանի մնալու դեպքում մենք Հոգու զեղումները կունենանք մեր ամուսնության վրա:

Հավերժ մենք կարող ենք վայելել օրհնություններ, ինչպիսիք են՝

  1. Մենք կարող ենք ապրել Աստծո սելեստիալ արքայության բարձրագույն աստիճանում:

  2. Մենք կարող ենք վեհացում ստանալ, ինչպես Աստված, և ստանալ լիակատար ուրախություն:

  • Ինչպե՞ս կարող է հավերժության հեռանկարն ազդել ամուսնության և ընտանիքի հանդեպ մեր մոտեցումների վրա:

Մենք պետք է պատրաստվենք հավերժական ամուսնությանը

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք երիտասարդներին պատրաստվել հավերժական ամուսնությանը:

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ուսուցանել է. «Ամուսնությունը, հավանաբար, բոլոր որոշումներից ամենակարևորն է և կրում է ամենահեռուն գնացող հետևանքներ, քանզի դրանով է պայմանավորված ոչ միայն անմիջական երջանկությունը, այլև հավերժական ուրախությունները: Այն ազդում է ոչ միայն դրանում ընդգրկված երկու մարդկանց վրա, այլև նրանց ընտանիքների և հատկապես նրանց երեխաների և թոռների վրա՝ մինչև շատ սերունդներ: Կյանքի և հավերժության համար զուգընկեր ընտրելիս անշուշտ պետք է ամենայն զգուշությամբ պլանավորել և մտածել, աղոթել և ծոմ պահել, վստահ լինելով, որ բոլոր որոշումներից այս մեկը պետք է սխալ չլինի» (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 193):

Հավերժական ամուսնությունը պետք է լինի յուրաքանչյուր Վերջին Օրերի Սրբի նպատակը: Սա վերաբերում է նույնիսկ նրանց, ովքեր արդեն ամուսնացել են քաղաքացիական օրենքով: Հավերժական ամուսնության համար պատրաստվելիս շատ խորհրդածություն և աղոթք է պահանջվում: Միայն Եկեղեցու արդարակյաց անդամներին է թույլատրվում մտնել տաճար (տես ՎևՈւ 97.15–17): Մենք հանկարծակի մի օր չենք որոշում, որ ցանկանում ենք ամուսնանալ տաճարում, ապա այդ նույն օրը գնում տաճար և ամուսնանում: Մենք պետք է նախ որոշ պահանջներ բավարարենք:

Նախքան տաճար գնալը մենք պետք է առնվազն մեկ տարի Եկեղեցու ակտիվ, արժանի անդամներ լինենք: Տղամարդիկ պետք է Մելքիսեդեկյան Քահանայություն կրեն: Մենք պետք է հարցազրույց անցնենք ճյուղի նախագահի կամ եպիսկոպոսի հետ: Եթե նա գտնի, որ մենք արժանի ենք, նա մեզ տաճարային երաշխավորագիր կտա: Եթե արժանի չենք, նա խորհուրդ կտա մեզ և կօգնի նպատակներ դնել տաճար գնալուն արժանի դառնալու համար:

Եթե մենք երաշխավորագիր ենք ստանում մեր եպիսկոպոսից կամ ճյուղի նախագահից, մենք պետք է հարցազրույց անցնենք ցցի նախագահի կամ միսիայի նախագահի հետ: Տաճարային երաշխավորագրի համար անցկացվող հարցազրույցի ժամանակ մեզ հետևյալ հարցերի պես հարցեր են տրվում.

  1. Դուք հավատո՞ւմ եք Աստծուն, Հավերժական Հորը, Նրա Որդուն, Հիսուս Քրիստոսին, և Սուրբ Հոգուն, և վկայություն ունե՞ք նրանց մասին: Դուք ամուր վկայություն ունե՞ք վերականգնված ավետարանի մասին:

  2. Դուք հաստատո՞ւմ եք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահին որպես մարգարե, տեսանող և հայտնող: Դուք ընդունո՞ւմ եք նրան որպես միակ մարդ երկրի վրա, որը լիազորված է գործադրելու քահանայության բոլոր բանալիները:

  3. Դուք ապրո՞ւմ եք մաքրաբարոյության օրենքով:

  4. Դուք լրիվ տասանորդ վճարո՞ղ եք:

  5. Դուք պահո՞ւմ եք Իմաստության Խոսքը:

  6. Դուք ազնի՞վ եք մյուսների հետ ձեր հարաբերություններում:

  7. Դուք ձգտո՞ւմ եք պահել ձեր կապած ուխտերը, հաճախել ձեր հաղորդության և քահանայության ժողովներին, և ավետարանի օրենքներին և պատվիրաններին ներդաշնակ կյանք վարել:

Երբ դիմում եք տաճարային երաշխավորագրի համար, դուք պետք է հիշեք, որ տաճար մտնելը սուրբ արտոնություն է: Դա լ ուրջ քայլ է, որին չի կարելի թեթևամտորեն վերաբերվել:

Մենք պետք է լրջորեն ձգտենք հետևել տաճարում կապած յուրաքանչյուր ուխտին: Տերն ասել է, որ եթե ճշմարիտ և հավատարիմ լինենք, մենք կմտնենք մեր վեհացման մեջ: Մենք կդառնանք մեր Երկնային Հոր պես: (Տես ՎևՈւ 132.19–20:) Տաճարային ամուսնության համար արժե կատարել ցանկացած զոհաբերություն: Դա չափազանց շատ հավերժական օրհնություններ ձեռք բերելու ուղի է:

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի քաջալերենք երիտասարդներին տաճարում ամուսնանալու նպատակ դնել: Ինչպե՞ս կարող ենք մենք դրանում օգնել նրանց:

Լրացուցիչ սուրբ գրություններ