Գլուխ 9
Աստծո մարգարեները
Մարգարեները Աստծո ներկայացուցիչներն են երկրի վրա
-
Ի՞նչ զորություն և պարգևներ ունի մարգարեն:
«Տեր Եհովան ոչ մի բան չի անիլ, եթե չհայտնէ իր խորհուրդները իր ծառաներին՝ մարգարեներին» (Ամովս Գ.7):
Շատ մարդիկ ապրում են խավարում՝ չիմանալով Աստծո կամքը: Նրանք հավատում են, որ երկինքը փակ է, և մարդիկ պետք է միայնակ դիմակայեն աշխարհի աղետներին: Որքա՜ն բախտավոր են Վերջին Օրերի Սրբերը: Մենք գիտենք, որ Աստված հաղորդակցվում է Եկեղեցու հետ Իր մարգարեի միջոցով: Երախտապարտ սրտով աշխարհի Սրբերը երգում են օրհներգը. «Շնորհակալություն Քեզ, Տեր, մարգարեի համար, որ առաջնորդում է մեզ այս վերջին օրերին» (Hymns, no. 19):
Մարգարեն մարդ է կանչված Աստծո կողմից, որ լինի Իր ներկայացուցիչը երկրի վրա: Երբ մարգարեն խոսում է Աստծո համար, կարծես թե Աստված է խոսում (տես ՎևՈւ 1.38): Մարգարեն նաև Քրիստոսի հատուկ վկան է, որը վկայում է Նրա աստվածության մասին և ուսուցանում է Նրա ավետարանը: Մարգարեն ուսուցանում է ճշմարտությունը և մեկնաբանում Աստծո խոսքերը: Նա ոչ արդարակյաց մարդկանց ապաշխարելու կոչ է անում: Նա Տիրոջից հայտնություններ և հրահանգներ է ստանում՝ հօգուտ մեզ: Նա կարող է տեսնել ապագան և կանխատեսել իրադարձություններ, որպեսզի զգուշացնի աշխարհին:
Մարգարեն կարող է հասարակության տարբեր խավերի պատկանել: Նա կարող է լինել երիտասարդ կամ ծեր, կրթված կամ չկրթված: Նա կարող է լինել ագարակատեր, իրավաբան կամ ուսուցիչ: Հնում մարգարեները հագնում էին պարեգոտ և կրում գավազան: Ժամանակակից մարգարեները հագնում են կոստյում և կրում պայուսակ: Ինչո՞վ է այդ դեպքում տարբերվում ճշմարիտ մարգարեն: Ճշմարիտ մարգարեն միշտ ընտրվում է Աստծո կողմից և կանչվում քահանայության պատշաճ իշխանությամբ (տես Հավատո Հանգանակ 1.5):
Վերջին Օրերի Սրբերը հաստատում են Առաջին Նախագահությանը և Տասներկու Առաքյալներին որպես մարգարեներ: Ինչևէ, ասելով «Եկեղեցու մարգարե» մենք ի նկատի ունենք Եկեղեցու Նախագահին, որը բարձրագույն քահանայության Նախագահն է:
Դարեր շարունակ Աստված կանչել է մարգարեներին, որ ղեկավարեն մարդկանց
-
Ինչպե՞ս են անցյալում մարգարեներն առաջնորդել Աստծո զավակներին:
Ադամի օրերից ի վեր երկրի վրա մարգարեներ են եղել: Այդ հրաշալի տղամարդկանց փորձառությունները ոգևորում և ոգեշնչում են մեզ: Հին Կտակարանի մարգարե Մովսեսը իր ժողովրդին դուրս բերեց Եգիպտոսի գերությունից և առաջնորդեց խոստացված երկիր: Նա գրեց Հին Կտակարանի առաջին հինգ գրքերը և արձանագրեց Տաս Պատվիրանները: Մորմոնի Գրքի մարգարե Նեփին, ճամփորդեց Երուսաղեմից Ամերիկաներ Քրիստոսի ծնունդից 600 տարի առաջ: Այդ մեծ առաջնորդն ու գաղութաբնակը շատ կարևոր գրություններ է թողել մեզ Մորմոնի Գրքում: Հովհաննես Մկրտիչն ընտրվել էր պատրաստելու աշխարհը Տեր Հիսուս Քրիստոսի գալստին: Վերջին օրերի մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը վերականգնեց Եկեղեցին: Ջոզեֆ Սմիթը նաև թարգմանեց Մորմոնի Գիրքը, լինելով երիտասարդ տղամարդ:
-
Ի՞նչ եք սովորել մարգարեների կյանքից և ուսմունքներից:
Մենք կենդանի մարգարե ունենք այսօր երկրի վրա
-
Ինչո՞ւ մենք կենդանի մարգարեի կարիք ունենք այսօր:
Մենք այսօր երկրի վրա ապրող մարգարե ունենք: Այդ մարգարեն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահն է: Նա ողջ Եկեղեցու համար հայտնություն ստանալու իրավունք ունի: Նա կրում է «արքայության բանալիները», որը նշանակում է, որ նա իշխանություն ունի ղեկավարելու ողջ Եկեղեցին և Աստծո արքայությունը երկրի վրա, ներառյալ քահանայության արարողությունների սպասավորումը (տես Մատթեոս ԺԶ.19): Ոչ ոք, բացի ընտրված մարգարեից և Նախագահից, չի կարող իմանալ Աստծո կամքը ողջ Եկեղեցու համար: Տերն ասել է. «Միշտ երկրի վրա տվյալ պահին կա միայն մեկը, որին շնորհված է այս զորությունը և այս քահանայության բանալիները» (ՎևՈւ 132.7): Եկեղեցու Նախագահին օգնում են Առաջին Նախագահության իր խորհրդականները և Տասներկուսի Քվորումի անդամները, որոնք նույնպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ են:
Մենք պետք է անենք այն, ինչ մարգարեն ասում է մեզ: Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆն ասել է, որ մարգարեին երբեք թույլ չի տրվի Եկեղեցին տանել սխալ ուղղությամբ.
«Տերը երբեք թույլ չի տա ինձ կամ մեկ ուրիշին, որը հանդիսանում է այս Եկեղեցու Նախագահ, մոլորեցնել ձեզ: Ծրագրում դա չկա: Աստծո մտքում դա չկա: Եթե ես փորձեմ դա անել, Տերն ինձ իմ տեղից կհեռացնի» (Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], 199):
-
Ինչպե՞ս է կենդանի մարգարեն ազդում Եկեղեցու վրա:
Մենք պետք է աջակցենք Տիրոջ Մարգարեին
-
Ի՞նչ կարող ենք մենք անել, որպեսզի հետևենք և աջակցենք մարգարեին:
Շատերը հեշտությամբ են հավատում հին ժամանակներում ապրող մարգարեներին: Բայց ավելի հեշտ է հավատալ և հետևել կենդանի մարգարեին: Մենք բարձրացնում ենք մեր ձեռքը, հաստատելով Եկեղեցու Նախագահին որպես մարգարե, տեսանող և հայտնող:
Ինչպե՞ս կարող ենք աջակցել մարգարեին: Մենք պետք է աղոթենք նրա համար: Նրա բեռը ծանր է, և նա Սրբերի աղոթքներով ամրանալու կարիք ունի:
Մենք պետք է ուսումնասիրենք նրա խոսքերը: Մենք կարող ենք լսել համաժողովի նրա ելույթները: Մենք կարող ենք նաև բաժանորդագրվել Ensign կամ Լիահոնա ամսագրերին, որպեսզի կարողանանք կարդալ նրա համաժողովյան ելույթները և այլ ուղերձները:
Մենք պետք է լիովին հետևենք նրա ոգեշնչված ուսմունքներին: Մենք չպետք է ընտրենք հետևել նրա ոգեշնչված խորհրդի մի մասին և անտեսել այն, ինչը տհաճ է կամ դժվար: Տերը պատվիրել է մեզ հետևել Իր մարգարեի ոգեշնչված ուսուցումներին.
«Դու պիտի ուշք դարձնես նրա [մարգարեի] բոլոր խոսքերին ու պատվիրաններին, որոնք նա կտա քեզ, երբ նա ստանա դրանք՝ ողջ սրբությամբ քայլելով իմ առաջ.
Քանզի նրա խոսքը դուք պետք է ընդունեք, ինչպես որ իմ իսկ բերանից, ողջ համբերությամբ ու հավատքով» (ՎևՈւ 21.4–5):
Տերը երբեք թույլ չի տա Եկեղեցու Նախագահին մեզ մոլորեցնել:
-
Ի՞նչ է վերջերս Եկեղեցու Նախագահը սովորեցրել կամ շեշտել
Մեծ օրհնություններ են գալիս Մարգարեին հնազանդվելու արդյունքում
Եթե հնազանդվենք, Տերը խոստացել է. «Դժոխքի դռները չեն հաղթի ձեզ. այո՛, և Տեր Աստված ձեր առջևից կցրի խավարի զորությունները և այնպես կանի, որ երկինքները կցնցվեն՝ ձեր բարիքի և իր անվան փառքի համար» (ՎևՈւ 21.6): Երբ մենք անում ենք այն, ինչ մարգարեն է հրահանգում, օրհնություններ կթափվեն երկնքից:
Որպեսզի կանգուն լինի, ճշմարիտ Եկեղեցին պետք է «առաքյալների և մարգարեների հիմքի վրա շինված լինի, որի անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է» (Եփեսացիս Բ.20): Մենք օրհնված ենք այս անկայուն աշխարհում, որ ունենք մարգարե, որի միջոցով Տերը հայտնում է Իր կամքը:
-
Ի՞նչ օրհնություններ եք դուք ունեցել, հնազանդվելով մարգարեի խորհրդին:
Լրացուցիչ սուրբ գրություններ
-
Թվոց ԺԲ.6 (Աստված խոսում է մարգարեների միջոցով)
-
Ա Թագավորաց Թ.9 (մարգարեն կոչվում է տեսանող)
-
Ամովս Գ.7 (Աստված Իր գաղտնիքները հայտնում է մարգարեներին)
-
Մոսիա 8.16–18 (տեսանողը կարող է իմանալ անցյալ և գալիք բաների մասին)
-
Ղուկաս Ա.70 (Աստված խոսում է մարգարեների միջոցով)
-
ՎևՈւ 45.10, 15 (Աստված խոսում է այսօր, ինչպես հին օրերում)
-
1 Նեփի 22.2 (Հոգու միջոցով բաները հայտնի են դարձվում մարգարեներին)
-
ՎևՈւ 68.3–5 (երբ Տիրոջ ծառաները խոսում են Սուրբ Հոգուց դրդված, դա Տիրոջ միտքը, կամքը և ձայնն է)
-
ՎևՈւ 107.65–67, 91–92 (Եկեղեցու Նախագահի պարտականությունները)
-
ՎևՈւ 43.1–7 (միայն մարգարեն է լիազորված հայտնություններ ստանալու Եկեղեցու համար)