Գլուխ 16
Հիսուս Քրիստոսի Եկեղեցին հին ժամանակներում
Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն առանձնահատուկ որոշ հատկանիշներ
«Մենք հավատում ենք նույն կազմակերպությանը, որը գոյություն ուներ Նախնական Եկեղեցում՝ իր առաքյալներով, մարգարեներով, հովիվներով, ուսուցիչներով, ավետարանիչներով և այլն (Հավատո Հանգանակ 1.6):
Հիսուսը հաստատեց Իր Եկեղեցին, երբ Նա երկրի վրա էր: Այն կոչվեց Հիսուս Քրիստոսի Եկեղեցի (տես 3 Նեփի 27.8), իսկ անդամները կոչվում էին Սրբեր (տես Եփեսացիս Բ.9–20):
Հայտնություն
Երբ Հիսուսը հաստատեց Իր Եկեղեցին, Նա ինքը սովորեցրեց և ղեկավարեց Եկեղեցու ղեկավարներին: Նա էլ, իր հերթին, հրահանգներ էր ստանում Իր Երկնային Հորից: (Տես Եբրայեցիս Ա.1–2:) Այնպես որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին ղեկավարվում էր ոչ թե մարդկանց, այլ Աստծո կողմից: Հիսուսն ուսուցանում էր Իր հետևորդներին, որ հայտնությունը «վեմ» է, որի վրա Նա կկառուցի Իր Եկեղեցին (տես Մատթեոս ԺԶ.16–18):
Իր Հարությունից հետո, նախքան երկինք համբարձվելը Հիսուսն ասաց Իր Առաքյալներին. «Ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհքի վերջը» (Մատթեոս ԻԸ.20): Իր խոսքին հավատարիմ, Նա շարունակեց առաջնորդել նրանց երկնքից: Նա ուղարկեց Սուրբ Հոգին որպես նրանց համար մխիթարիչ և հայտնիչ (տես Ղուկաս ԺԲ.12; Հովհաննես ԺԴ.26): Նա խոսեց Սավուղի հետ տեսիլքում (տես Գործք Թ.3–6): Նա հայտնեց Պետրոսին, որ ավետարանը պետք է ուսուցանվի ոչ միայն Հրեաներին, այլև ողջ աշխարհին (տես Գործք Ժ): Նա Հովհաննեսին հայտնեց շատ փառահեղ ճշմարտություններ, որոնք գրված են Հայտնության գրքում: Նոր Կտակարանը հիշատակում է շատ այլ ճանապարհներ, որոնց միջոցով Հիսուսը հայտնել է Իր կամքը, որպեսզի ղեկավարի Իր Եկեղեցին և լուսավորի Իր աշակերտներին:
Իշխանություն Աստծուց
Ավետարանի արարողություններն ու սկզբունքները չեն կարող սպասավորվել և ուսուցանվել առանց քահանայության: Հայրն այս իշխանությունը շնորհել էր Հիսուս Քրիստոսին (տես Եբրայեցիս Ե.4–6), որն իր հերթին կարգեց Իր Առաքյալներին և նրանց շնորհեց քահանայության զորությունն ու իշխանությունը (տես Ղուկաս Թ.1–2; Մարկոս Գ.14): Նա հիշեցրեց նրանց. «Ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ընտրեցի ձեզ, և ձեզ դրի» (Հովհաննես ԺԵ.16):
Որպեսզի կարգուկանոն լիներ Իր Եկեղեցում, Հիսուսը մեծ պատասխանատվություն և իշխանություն տվեց Տասներկու Առաքյալներին: Նա Պետրոսին ավագ Առաքյալ նշանակեց և նրան երկրի վրա և երկնքում օրհնություններ կնքելու բանալիները տվեց (տես Մատթեոս ԺԶ.19): Հիսուսը նաև կարգեց այլ պաշտոնյաներ, որոնք հատուկ պարտականություններ պետք է կատարեին: Երկինք Նրա համբարձվելուց հետո, նշանակման և կարգման ձևը շարունակվեց: Ուրիշներն էին կարգվում քահանայությանը նրանց կողմից, ովքեր արդեն ստացել էին այդ իշխանությունը: Հիսուսը Սուրբ Հոգու միջոցով հայտնի էր դարձնում, որ Նա հաստատում էր այդ կարգումները (տես Գործք Ա.24):
Եկեղեցու կազմակերպությունը
Հիսուս Քրիստոսի Եկեղեցին մանրակրկիտ կազմակերպված միավոր էր: Այն համեմատվում էր շենքի հետ, որը «Առաքյալների և մարգարեների հիմքի վրա շինուած. որի անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է» (Եփեսացիս Բ.20):
Հիսուսը քահանայության այլ ղեկավարներ նշանակեց, որոնք պետք է օգնեին Առաքյալներին ծառայության գործում: Նա զույգերով Յոթանասունական կոչվող պաշտոնյաներ ուղարկեց, որպեսզի քարոզեն ավետարանը (տես Ղուկաս Ժ.1): Եկեղեցու այլ պաշտոնյաներն էին՝ ավետարանիչները (հայրապետերը), հովիվները (նախագահող ղեկավարները), քահանայապետերը, երեցները, եպիսկոպոսները, քահանաները, ուսուցիչները և սարկավագները (տես այս գրքի գլուխ 14-ը): Այս բոլոր պաշտոններն անհրաժեշտ էին միսիոներական աշխատանք, արարողություններ կատարելու, Եկեղեցու անդամներին ուսուցանելու և ոգեշնչելու համար: Այդ պաշտոնները օգնել են անդամներին գալ դեպի «հավատքի և Աստծո Որդին ճանաչելու միությանը» (Եփեսացիս Դ.13):
Աստվածաշունչը մեզ ամեն ինչ չի ասում քահանայության կամ Եկեղեցու կազմակերպության և կառավարման մասին: Սակայն, Աստվածաշունչը բավականաչափ ներկայացնում է Եկեղեցու կազմակերպության գեղեցկությունն ու կատարելությունը: Առաքյալներին պատվիրվել էր՝ գնալ ողջ աշխարհը և քարոզել (տես Մատթեոս ԻԸ.19–20): Նրանք չէին կարող մնալ մի որևէ քաղաքում, որպեսզի հսկեին նորադարձներին: Ուստի, քահանայության տեղական ղեկավարներ էին կանչվել և կարգվել, իսկ Առաքյալները նախագահում էին նրանց վրա: Առաքյալները և Եկեղեցու այլ ղեկավարները այցելում էին և նամակներ էին գրում տարբեր ճյուղերին: Այդ պատճառով, մեր Նոր Կտակարանը պարունակում է նամակներ գրված Պողոսի, Պետրոսի, Հակոբոսի, Հովհաննեսի և Հուդայի կողմից, որտեղ խորհուրդ և հրահանգ է տրվում քահանայության տեղի ղեկավարներին:
Նոր Կտակարանը ցույց է տալիս, որ այս Եկեղեցու կազմակերպությունը պետք է շարունակվեր: Օրինակ, Հուդայի մահից հետո մնացին միայն տասնմեկ Առաքյալներ: Շուտով, Հիսուսի երկինք համբարձվելուց հետո, տասնմեկ Առաքյալները հանդիպեցին, որպեսզի Հուդայի տեղը մեկին ընտրեն: Սուրբ Հոգուց հայտնության միջոցով նրանք ընտրեցին Մատաթիային: (Տես Գործք Ա.23–26:) Հիսուսը օրինակ ծառայեց տասներկու Առաքյալների համար, թե ինչպես պետք է կառավարել Եկեղեցին: Պարզ էր, որ այդ կազմակերպությունը պետք է շարունակվեր այնպես, ինչպես Նա էր հաստատել:
Առաջին սկզբունքներն ու արարողությունները
Առաքյալները ուսուցանում էին երկու հիմնական սկզբունքներ. հավատ առ Տեր Հիսուս Քրիստոս և ապաշխարություն: Առ Հիսուս Քրիստոս որպես Աստծո Որդի և իրենց Քավիչ հավատ ունենալուց և իրենց մեղքերից ապաշխարելուց հետո, նորադարձները երկու արարողություն էին ստանում՝ մկրտություն ընկղմվելով և Սուրբ Հոգու պարգևը ձեռնադրվելով (տես Գործք 19.1–6): Դրանք ավետարանի առաջին սկզբունքներն ու արարողություններն էին: Հիսուսն ուսուցանել է. «Եթե մեկը ջրից ու հոգուց չծնուի, նա կարող չէ Աստծու արքայությունը մտնել» (Հովհաննես Գ.5):
Մահացածների համար կատարվող արարողությունները
Հիսուսը յուրաքանչյուրի համար ավետարանը լսելու միջոց է ապահովել՝ լինի երկրի վրա, թե մահից հետո: Իր մահից և Հարությունից հետո Հիսուսը գնաց մահացած մարդկանց հոգիների մոտ: Նա միսիոներական աշխատանք կազմակերպեց նրանց մեջ, ովքեր մահացել էին: Նա արդար սուրհանդակներ նշանակեց և նրանց զորություն տվեց ավետարանը ուսուցանել բոլոր մահացած մարդկանց հոգիներին: Դա նրանց ավետարանն ընդունելու հնարավորություն ընձեռեց: (Տես Ա Պետրոս Գ.18–20; Դ.6; ՎևՈւ 138:) Այն ժամանակ Իր Եկեղեցու անդամները արարողություններ էին կատարում մահացածների համար (տես Ա Կորնթացիս ԺԵ.29): Երկրի վրա պետք է կատարվեն այնպիսի արարողություններ, ինչպիսիք են՝ մկրտությունը և հաստատումը:
Հոգևոր պարգևներ
Եկեղեցու բոլոր հավատարիմ անդամները Հոգու պարգևներ ստանալու իրավունք ունեին: Դրանք տրվում էին նրանց ըստ իրենց անհատական կարիքների, ունակությունների և հանձնարարությունների: Այդպիսի պարգևներից էին հավատքը, ներառյալ բժշկելու և բժշկվելու զորությունը, մարգարեությունը և տեսիլքները: (Հոգու պարգևները ավելի մանրամասն քննարկվում են գլուխ 22-ում:) Հոգևոր պարգևները միշտ գոյություն ունեն Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցում (տես Ա Կորնթացիս ԺԲ.4–11; Մորոնի 10.8–18; ՎևՈւ 46.8–29): Հիսուսն ասաց Իր աշակերտներին, որ այդ նշանները կամ հոգևոր պարգևները միշտ հետևում են նրանց, ովքեր հավատում են (տես Մարկոս ԺԶ.17–18): Նրա աշակերտներից շատերը Սուրբ Հոգու զորությամբ հրաշքներ էին գործում, մարգարեանում կամ տեսիլքներ տեսնում:
-
Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն ինչո՞ւ են անհրաժեշտ այս վեց հատկանիշները:
Հիսուս Քրիստոսի Եկեղեցին Ամերիկաներում
Հարությունից հետո Հիսուսն այցելեց Ամերիկաների ժողովրդին և այնտեղ Իր Եկեղեցին կազմակերպեց նրանց մեջ՝ երեք օր մարդկանց ուսուցանելով և ապա դրանից որոշ ժամանակ անց հաճախ վերադառնալով այնտեղ (տես 3 Նեփի 11–28): Այնուհետև Նա թողեց նրանց և երկինք համբարձվեց: 200 տարուց ավելի նրանք արդար կյանք վարեցին և Աստծո ստեղծած ժողովուրդներից ամենաերջանիկն էին (տես 4 Նեփի 1.16):
Ուրացություն Ճշմարիտ Եկեղեցուց
-
Ի՞նչ է ուրացություն բառը նշանակում:
Պատմության ընթացքում չար մարդիկ փորձել են կործանել Աստծո աշխատանքը: Սա տեղի ունեցավ մինչ Առաքյալները դեռևս կենդանի էին և հսկում էին երիտասարդ, աճող Եկեղեցին: Որոշ անդամներ Հիսուսի ուսուցանած պարզ ճշմարտությունների փոխարեն ուսուցանում էին գաղափարներ հին հեթանոսական կամ Հրեական հավատներից: Ոմանք էլ բացեիցաց ըմբոստացան: Բացի դա, Եկեղեցու անդամները դրսից հալածանքների էին ենթարկվում: Եկեղեցու անդամներին տանջում էին և սպանում իրենց համոզմունքների համար: Մեկ առ մեկ Առաքյալները սպանվեցին կամ այլ կերպ վերցվեցին երկրի վրայից: Թուլության կամ ուրացության պատճառով առաքելական իշխանությունը և քահանայության բանալիները վերցվեցին երկրի վրայից: Կազմակերպությունը, որ Հիսուս Քրիստոսը հիմնել էր, այլևս գոյություն չուներ, և քաոս էր տիրում: Ավելի ու ավելի շատ սխալներ սողոսկեցին Եկեղեցու վարդապետության մեջ, և շուտով Եկեղեցին լիովին քայքայվեց: Այն ժամանակահատվածը, երբ ճշմարիտ Եկեղեցին այլևս գոյություն չուներ երկրի վրա, կոչվեց Մեծ Ուրացություն:
Շուտով հեթանոսական համոզմունքները սկսեցին գերիշխել Քրիստոնյաների մտածելակերպում: Հռոմեական կայսրը ընդունեց այդ կեղծ Քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այդ եկեղեցին մեծապես տարբերվում էր Հիսուսի կազմակերպած եկեղեցուց: Այն ուսուցանում էր, որ Աստված անձև և աներևույթ էակ է:
Այդ մարդիկ դադարեցին ընկալել մարդկանց հանդեպ Աստծո սերը: Նրանք չգիտեին, որ մենք Նրա զավակներն ենք: Նրանք չէին հասկանում կյանքի իմաստը: Շատ արարողություններ փոխվեցին, որովհետև այլևս քահանայություն և հայտնություն չկար երկրի վրա:
Կայսրն էր ընտրում իր ղեկավարներին և երբեմն նրանց կոչում էր այն նույն պաշտոններով, որոնք կրում էին Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցու քահանայության ղեկավարները: Չկային Աստծո զորությամբ օժտված Առաքյալներ կամ քահանայության այլ ղեկավարներ, չկային նաև հոգևոր պարգևներ: Եսայիա մարգարեն կանխատեսել էր այդ վիճակը, մարգարեանալով. «Երկիրը պղծուած է լինելու իր բնակիչների տակին, որովհետև օրենքները զանց են արել, պատվիրանքը՝ փոխել, հավիտենական ուխտը՝ խափանել» (Եսայիա ԻԴ.5): Դա այլևս Հիսուս Քրիստոսի Եկեղեցին չէր, դա մարդկանց եկեղեցին էր: Նույնիսկ անունն էր փոխվել: Ամերիկաներում ևս ուրացություն եղավ (տես 4 Նեփի):
Վերականգնում էր կանխատեսվել
-
Հին և Նոր Կտակարանների ո՞ր մարգարեություններն են կանխատեսել Վերականգնումը:
Աստված կանխատեսել էր Ուրացությունը և պատրաստել էր ավետարանի վերականգնումը: Պետրոս Առաքյալը խոսեց այս մասին Հրեաների հետ. «Նա ուղարկեց առաջուց ձեզ համար քարոզուած Հիսուս Քրիստոսին. Որին երկինքը պետք է ընդունի, մինչև այն ամեն բաների հաստատուելու ժամանակները, որոնց համար խոսեց Աստուած իր բոլոր սուրբ մարգարեների բերանովը հավիտենից հետէ» (Գործք Գ.20–21):
Հովհաննես Հայտնիչը նույնպես կանխատեսել էր այն ժամանակը, երբ ավետարանը կվերականգնվի: Նա ասաց. «Եվ տեսա մի ուրիշ հրեշտակ թռչելիս երկնքի մեջ, որ հավիտենական ավետիք ուներ, որ ավետարաներ երկրի վրա բնակողներին. և ամեն ազգի և ցեղի և լեզուի և ժողովրդի» (Հայտնություն ԺԴ.6):
-
Ինչո՞ւ էր Վերականգնումը անհրաժեշտ:
-
Մտածեք այն օրհնությունների մասին, որոնք ստացել եք երկրի վրա Հիսուս Քրիստոսի Եկեղեցու վերականգնման շնորհիվ:
Լրացուցիչ սուրբ գրություններ
-
Եփեսացիս Բ.19 (անդամները կոչվեցին Սրբեր)
-
Ա Կորնթացիս ԺԲ.12–31 (Եկեղեցին նման է մարմնի)
-
Ղուկաս Ժ.1; Գործք ԺԴ.23; Տիտոս Ա.7; Ա Տիմոթեոս Բ.7 (Եկեղեցու պաշտոնյաների բնորոշումը)
-
Հովհաննես Ը.26–29 (Հայրը սովորեցնում է Հիսուսին)
-
Ղուկաս Թ.1; Հակոբոս Ա.17; Ե.4–15 (հոգևոր պարգևներ)
-
Մոսիա 27.13 (զանցանքի արդյունքում ուրացություն է գալիս)
-
Բ Պետրոս Բ.1; Մատթեոս ԻԴ.9–12; Հովհաննես ԺԶ.1–3; Ամովս 8.11; Բ Թեսաղոնիկեցիս Բ.3–4 (Ուրացություն է կանխատեսվում)
-
Դանիել Բ.44–45; Մատթեոս ԻԴ.14; Գործք Գ.19–21; Միքիա Դ.1; Եսայիա Բ.2–4 (Վերականգնում է կանխատեսվում)