Գրքեր և դասեր
Գլուխ 41. Հետմահկանացու հոգևոր աշխարհ


Գլուխ 41

Հետմահկանացու հոգևոր աշխարհ

A mother in a wheelchair is surrounded by three young children.  They are in a cemetery in front of a tombstone.

Կյանք մահից հետո

  • Ի՞նչ է պատահում մեզ հետ մահանալուց հետո:

Երկնային Հայրը ծրագիր է պատրաստել մեր փրկության համար: Որպես այդ ծրագրի մաս, Նա ուղարկեց մեզ Իր ներկայությունից՝ ապրելու երկրի վրա և ստանալու մսից և արյունից մահկանացու մարմիններ: Ի վերջո, մեր մահկանացու մարմինները կմահանան, և մեր հոգիները կգնան հոգևոր աշխարհ: Հոգևոր աշխարհը մի վայր է, որտեղ սպասում, աշխատում, սովորում են, իսկ արդարները հանգստանում են հոգսից և վշտից: Մեր հոգիները կապրեն այնտեղ, մինչև մենք պատրաստ լինենք մեր հարությանը: Այնուհետև մեր մահկանացու մարմինները մեկ անգամ ևս կմիավորվեն մեր հոգիների հետ, և մենք կստանանք փառքի աստիճան, որի համար պատրաստվել ենք (տես այս գրքի գլուխ 46-ը):

Շատ մարդկանց հետաքրքիր է, թե ինչպիսին է հոգևոր աշխարհը: Սուրբ գրությունները և վերջին օրերի մարգարեները մեզ տեղեկություն են տվել հոգևոր աշխարհի մասին:

  • Ի՞նչ սփոփանք եք ստանում ձեր գիտելիքից, որ մահից հետո կյանք կա: Ինչպե՞ս կարող եք օգտագործել հետմահկանացու հոգևոր կյանքի մասին ձեր հասկացողությունը ուրիշներին սփոփելու համար:

Որտե՞ղ է հետմահկանացու հոգևոր աշխարհը:

Վերջին օրերի մարգարեներն ասել են, որ նրանց հոգիները, ովքեր մահացել են, շատ հեռու չեն մեզանից: Նախագահ Էզրա Թաֆթ Բենսոնն ասել է. «Երբեմն այս կյանքի և հանդերձյալ կյանքի միջև վարագույրը շատ է բարականում: Մեր սիրելիները, ովքեր մահացել են, շատ հեռու չեն մեզանից» (in Conference Report, Apr. 1971, 18; or Ensign, June 1971, 33): Նախագահ Բրիգամ Յանգն ուսուցանել է, որ հետմահկանացու հոգևոր աշխարհը երկրի վրա է, մեր շուրջը (տես Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 279):

Ինչպիսի՞ն է մեր հոգիների էությունը:

Հոգևոր էակները նույն մարմնական կազմվածքն ունեն ինչպես մահկանացուները, սակայն հոգևոր մարմինը կատարյալ կազմվածքով է (տես Եթեր Գ.16): Հոգիները իրենց հետ երկրից տանում են արդարակեցության հանդեպ իրենց նվիրվածությունը կամ թշնամությունը (տես Ալմա 34.34): Նրանք ունեն նույն ձգտումներն ու ցանկությունները, որ ունեին երկրի վրա ապրելիս: Բոլոր հոգիները հասուն տարիքի կազմվածքով են: Նրանք հասուն են եղել նախքան մահկանացու մարմին ստանալը, և նրանք հասուն տարիքի կազմվածքով են մահից հետո, նույնիսկ եթե նրանք մահանում են մանուկ կամ երեխա հասակում (տես Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith [1998], 131–32):

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ մեր հոգիները կունենան նույն կեցվածքը հոգևոր աշխարհում, ինչ այժմ ունեն:

Ինչպիսի՞ն են հետմահկանացու հոգևոր աշխարհի պայմանները:

Մորմոնի Գրքում Մարգարե Ալման ուսուցանել է հոգևոր աշխարհում երկու մասերի կամ վիճակների մասին.

«Նրանց հոգիները, ովքեր արդար են, ընդունվում են երջանկության մի վիճակի մեջ, որը կոչվում է դրախտ՝ հանգստության մի վիճակ, խաղաղության մի վիճակ, որտեղ նրանք պիտի հանգստանան բոլոր իրենց տագնապներից և բոլոր մտահոգություններից, և վշտից:

Եվ հետո, պիտի լինի այնպես, որ հոգիներն ամբարիշտների, այո, ովքեր չար են, քանզի, ահա, նրանք չունեն մաս կամ բաժին՝ Տիրոջ Հոգուց, քանզի ահա, նրանք ընտրեցին, ավելի շուտ, չար գործեր, քան՝ բարի. հետևաբար, դևի ոգին մտավ նրանց մեջ, և տիրեց նրանց տանը, և սրանք դուրս պիտի գցվեն դրսի խավարը, այնտեղ պիտի լինի լացն ու կոծը, և ատամների կրճտոցը, և այս, իրենց իսկ անօրինության պատճառով, լինելով տարված գերի՝ դևի կամքով:

Արդ, այս է վիճակն ամբարիշտների հոգիների, այո, խավարում, և ահավոր, զարհուրելի մի վիճակում՝ երկյուղով սպասելով իրենց վրա Աստծո ցասման բոցավառ զայրույթին, այսպիսով նրանք մնում են այս վիճակում, ինչպես և արդարները՝ դրախտում, մինչև իրենց հարության ժամանակը» (Ալմա 40.12–14):

Հոգիները դասակարգվում են ըստ երկրի վրա ապրած իրենց կյանքի մաքրության և Տիրոջ կամքին հնազանդվելու: Արդարները և ամբարիշտները առանձնացված են (տես 1 Նեփի 15.28–30), սակայն հոգիները կարող են առաջադիմել, եթե սովորեն ավետարանի սկզբունքները և ըստ դրանց ապրեն: Դրախտի հոգիները կարող են ուսուցանել բանտի հոգիներին (տես ՎևՈւ 138):

Դրախտ

Ըստ Ալմա մարգարեի, արդար հոգիները հանգստանում են երկրային հոգսից և վշտից: Այնուամենայնիվ, նրանք զբաղված են Տիրոջ աշխատանքը կատարելով: Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը տեսիլքով տեսավ, որ Հիսուս Քրիստոսի խաչումից անմիջապես հետո, Նա այցելեց հոգևոր աշխարհի արդարներին: Նա սուրհանդակներ նշանակեց, նրանց զորություն և իշխանություն տվեց, և հանձնարարեց «տանել ավետարանի լույսը նրանց, ովքեր խավարի մեջ էին, այսինքն՝ բոլոր մարդկային հոգիներին» (ՎևՈւ 138.30):

Եկեղեցին կազմակերպվել է հոգևոր աշխարհում, և քահանայություն կրողները շարունակում են իրենց պարտականություններն այնտեղ (տես ՎևՈւ 138.30): Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆն ուսուցանել է. «Նույն Քահանայությունը գոյություն ունի վարագույրի մյուս կողմում: … Յուրաքանչյուր Առաքյալ, յուրաքանչյուր Յոթանասունական, յուրաքանչյուր Երեց և այլն, որ մահացել է հավատի մեջ, վարագույրի մյուս կողմն անցնելուն պես լծվում է ծառայության գործին» (Deseret News, Jan. 25, 1882, 818):

Ընտանեկան հարաբերությունները նույնպես կարևոր են: Բրիգամ Յանգի խորհրդական՝ Նախագահ Ջեդեդիա Մ. Գրանտը, տեսավ հոգևոր աշխարհը և նկարագրեց Հեբեր Ս. Քիմբալին այնտեղ գոյություն ունեցող կազմակերպությունը. «Նա ասաց, որ իր տեսած մարդիկ կազմակերպված էին ընտանիքներով: … Նա ասաց. «Երբ ես նայեցի ընտանիքներին, որոշ ընտանիքներում պակասություն կար, … քանի որ տեսա ընտանիքներ, որոնց թույլ չէր տրվել գալ և ապրել միասին, որովհետև նրանք չէին պատվել իրենց կոչումներն այստեղ»» (Deseret News, Dec. 10, 1856, 316–17):

Հոգևոր բանտ

Պետրոս Առաքյալը հետմահկանացու հոգևոր աշխարհը ներկայացրել է որպես բանտ՝ որոշ մարդկանց համար (տես Ա Պետրոս Գ.18–20): Հոգևոր բանտում են այն հոգիները, ովքեր դեռևս չեն ստացել Հիսուս Քրիստոսի ավետարանը: Այդ հոգիները ունեն ընտրելու ազատություն և կարող են հրապուրվել բարու և չարի կողմից: Եթե նրանք ընդունում են ավետարանը և տաճարներում արարողություններ են կատարվում նրանց համար, նրանք կարող են հեռանալ հոգևոր բանտից և ապրել դրախտում:

Հոգևոր բանտում են նաև նրանք, ովքեր մերժել են ավետարանը երկրի վրա կամ հոգևոր բանտում այն իրենց քարոզվելուց հետո: Այդ հոգիները տառապում են դժոխք կոչվող վիճակում: Նրանք հեռացել են Հիսուս Քրիստոսի ողորմածությունից, որն ասել է. «Քանզի ահա, ես՝ Աստվածս, տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն, եթե ապաշխարեն. Բայց եթե չապաշխարեն, նրանք պետք է տառապեն, ճիշտ ինչպես ես. Տառապանք, որը ստիպեց ինձ, նույնիսկ Աստծուս, բոլորից մեծագույնիս, ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել՝ թե՛ մարմնով, թե՛ ոգով» (ՎևՈւ 19.16–18): Իրենց մեղքերի համար տառապելուց հետո, Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ նրանց թույլ կտրվի ժառանգել փառքի ամենացածր աստիճանը, որը թելեստիալ արքայությունն է:

  • Հոգևոր աշխարհի պայմանները որքանո՞վ են նման այս կյանքի պայմաններին:

Լրացուցիչ սուրբ գրություններ

  • Ա Պետրոս Դ.6 (ավետարանը քարոզվեց մահացածներին)

  • Մովսես 7.37–39 (հոգիների բանտը պատրաստվել է ամբարիշտների համար)

  • ՎևՈւ 76 (հայտնություն փառքի երեք աստիճանների մասին)

  • Ղուկաս ԺԶ.19–31 (ողորմություն խնդրողի և հարուստի ճակատագիրը հոգևոր բանտում)